ՀԱՑԻՆ ԵՐԳԸ 16. ՍԱՅԼԵՐԸ


Գյուղի ճամբայեն սայլերը կ'երթան
Հունձքով բեռնաբարձ:
Մայրամուտին մեջ շարժուն բուրգեր են`
Ճաճանչներ հագած:

Թխադեմ տղաներ, դեզերուն վըրա,
Կը խըթանեն մերթ
Մեծղի եզերուն կողը սըրսըփուն,
Կողը լուսաշերտ:

Գոմեշներ, համառ, ետև կարկառած
Իրենց մութ լեզուն`
Կը քանդեն որան` որ կը հեղեղվի
Իրենց նուսերուն:

Ցորեններ ի լյուղ պերճ արյունին մեջ
Իրիկնադեմին`
Նոր պըսակ կ'ըլլան պըսակին վըրա
Անոնց եղջյուրին:

Ճամբան, արտերեն կալերը մինչև,
Կը ծըփա հասկով`
Զոր ուշ մընացած հավեր կը քըրքրեն
Զըվարթ կըտուցով:

Ճամբան խարտյաշ է, կարմիր է ճամբան,
Որուն եզերքին
Արյուն կը ծորե չափազանց հասուն
Փոշոտ մորենին:

Սայլրեը կ'երթան, անդորրության մեջ
Աղաղակելո՜վ…
Կը տանին արև, հըրդեհ կը տանին
Հըսկա դեզերով:

Կը տանին հեղեղն ահա լեռնացած
Քըրտինքի, Հույսի,
Որ լուծեն մինչև անիվներուն վրա
Առատ կը հոսի:

Կ'երգե՜ն տըղաներ, խըթանելով միշտ
Կողը եզերուն…
Ջինջ անհունին մեջ զիրենք կ'օրորե
Ցունցը դեզերուն:

Կ'երգեն ճըպուռին, մանգաղին նըման,
Կ'երգեն հովի պես,
Մինչ հասնին կալերն, ու հոն տարածեն
Հունձքը ծովի պես: