ԲԱՆՎՈՐՈՒՀԻՆ

Պատուհանիս տակեն, ամեն առավոտ,
ՈՒրվականի պես կ'անցնիս.
Եվ կուսագեղ գըլուխիդ վրա կ'արտասվե
Տերևաթափ վարդենիս:

Լուռ թաղին մեջ կը լըսեմ քայլդ, ու զարթնող
Շունն` որ վըրադ կը հաչե՜.
Կամ կը լըսեմ քընիս մեջեն ձայնն հազիդ`
Որ ծոցդ աղվոր` կը տանջե:

Եվ կը խորհիմ թե քընատ ես և նոթի.
Իրանդ հովեն կը դողա.
Եվ կը նըստի գանգուրներուդ վըրա, քո'ւյր,
Եղյամն իբրև շափյուղա:

Կամ մուճակներդ են պատըռտած, փողոցին
Ջուրն անոնց մեջ կը ճողպա.
Կամ ետևեդ շըվայտորեն կը սուլե
Սըրիկա մը անոպա:

Եվ կը խորհիմ թե, տան մեջ, մայրդ է հիվանդ.
Ցամքած է ձեթն ալ ճրագին.
ՈՒ դուն կ'երթաս գործատան մեջ աշխատիլ
Լույսին համար ու կյանքին:

Ես կը խորհի՜մ - և խենթի պես կը բաղձամ
Վար իջնել, քո'ւյր դալկադեմ,
Քո'վըդ իջնել, համբուրել ձեռքըդ նիհար,
Եվ հըծծել. - "Քեզ կը սիրեմ:" -

Կը սիրեմ վիշտդ` որ իմ վիշտս է գերագույն,
Կը սիրեմ կուրծքըդ քանդված`
Որուն մեջ դեռ կը համառի Սերդ երգել
Արտույտի պես սըրարբած:

Կը սիրեմ քու անոթությունդ ու ծարավդ,
Եվ ոսկորներդ ուժասպառ.
Ես կը սիրեմ կույս աղիքներըդ ցամքած,
Մազերուդ սուգն` ուսեդ վար:

Եվ ես կ'ուզեմ ամփոփել քեզ սըրտի՜ս վրա
Տատրակի պես տարագիր,
Տալ ուժըս քեզ, մըրցանակներըս փառքի,
Եվ ազգանունս անբասիր.

Կուրծքըս վահան ընել կուրծքիդ նըշավակ,
Եվ քողն ըլլալ պատիվիդ,
Կրանիդե բազուկիս տակ պաշտպանել
Սեռըդ ու գեղըդ անժըպիտ:

Կ'ուզեմ քեզ տալ ինչ որ պայքարն ինձ տըվավ,
Ինչ որ խլեցի մարտերով.
Քեզ պըսակել արյունիս գույնն ունեցող
Հաղթանակիս վարդերով:

Միայն թե դուն չըլլաս տըժգույն ու քաղցած,
Արևուն տակ չըհազաս.
Մորըդ վերև չըմարի ճրագն, ու, ո'վ քույր,
Դուն գործատուն ա'լ չերթաս: