Լուսանալու դեմ գիշեր մըն է լուռ ու տխուր

Լուսանալու դեմ գիշեր մըն է լուռ ու տխուր.
Մութ մը վճիտ, լեցուն լույսե բիծերով,
Գիշեր հստակ, համեստ իղձի մը պես, ուր
Կը գծագրվի աշխարհ` տարտամ գիծերով:
Այս մութը չէ այրիին քողն, այլ աղվոր
Երևնալու համար հնարված թելը նուրբ.
Ընդնշմարել միայն տըվող շղարշը` որ
Կը ցուցընե դեմքերն ամեն գողտր ու սուրբ:
Ես ավելի կը սիրեմ մութն այս պայծառ
Անգաղտնապահ ցորեկներու լույսերեն.
Ինչպես կնոջ համակրությունն անբարբառ
Բացե ի բաց խոստովանած իր սերեն:
<1899>