Եկուր

Երբոր օր մը ըզգաս պետքը,
Զըզված` շուրջիդ կյանքեն շինծու,
Երջանկության փախչող հետքը
Անցյալին մեջ փընտըրտելու:
Որովհետև, ո~վ դառնություն,
Ասկից վերջը աչքիդ` ծարիր
Պետք է դընես և անարյուն
Շրթունքներուդ` քիչ մը կարմիր:

Քալած ատենդ երբոր ճամփան,
Նայվածքդ ամենքը չը թովե,
Եվ զարմացած` չը փըսփըսան.
“ Այս աղվոր կինն ո՞վ է”:
Երբոր ներկան` ցուրտ ու ցամաք
Դառնա քեզի կամաց կամաց,
Կսկիծներով լեցվի համակ
Ապագադ ալ` մըռայլամած,
Եվ ուրանա իսկ քեզ, ո~վ իմ,
Կյա՛նքըս, աշխարհը համրորեն,
Ես անցյալն եմ հավատարիմ,
Իմ գրկիս մեջ եկու՛ր նորեն:
<1908>