ԽՂՃՄՏԱՆՔԻ ՁԱՅՆԵՐ

ՓՈՍՏԱԼ

Ա

Հաճի Տյուրիկը, սպասուհիների միջնորդը, տասնհինգ օր աշխատելեն վերջ միայն հաջողեցավ ձեռք ձգել կեսարացի Ղազար էֆենտիի կնոջ, Սուրբիկ հանըմին, Քատըգյուղի ամենեն հարուստ տիկիններեն մեկուն, ուզած սպասուհին:

Հաճին, պարտիզակցի մը, ինքն ալ սպասուհի, ստնտու, լվացարար, խոհարար կին եղած էր ատենով, պարագային համեմատ: Ծառայության ամեն աստիճաններն անցեր էր մեկիկ մեկիկ, Պոլսո հայ տուներուն, անոնց կարծեցյալ պարկեշտություններուն մեջեն հանելով իր հիմիկվան անկախ դիրքը:

Այդ տուներուն բոլորին մեջ, Հաճի Տյուրիկ, որ ան ատեն դեռ Երուսաղեմ գացած չըլլալուն համար՝ հաճի չէր, իբրեւ ճշմարիտ ու կատարյալ աղախին, աղաներեն մինչեւ սպասավորները ճանչցեր էր մոտեն, եբոր մեծ ու պզտիկ, գրեթե առանց բացառության, քիչ շատ զինքը սղմեր սղմըտկեր էին, հոս հոն, սենյակներուն մեջ, հանըմները տունը չեղած միջոցին, սանդուխին գլուխը, դուռներուն ետին, երբեմն խոհանոցներուն անկյունները: Շատ մը տուներուն մեջ իր տիրուհիներուն նախանձը շարժելու չափ ընդունելություն գտած էր առանց գանգատելու:

Շատ բան տեսած էր իր անձին վրա եւ ավելի շատ իրեն շուրջը, իր բարակի հետաքրքիր քիթովը, հոտվտալով ամեն ապականությունները եւ սուր ականջովը՝ դռներուն ետեւեն ունկնդրելով կամացուկ մը ըսված խոսքերուն:

Եփուն կնիկ մըն էր արդեն, եբոր առած պախշիշներեն եւ ամսականեն ավելցուցած ստակովը Երուսաղեմ գնաց, ով գիտե ուխտի՞ թե մեղքերուն թողություն ուզելու համար: Վերադարձին՝ Հաճի Տյուրիկ, սպասավորությունը թողուց, ինք իր գլխուն գործի սկսավ, ծանոթ տուներու համար կին ծառաներ գտնելու ձեռք զարկավ, թելալ կնիկ եղավ: Իսկույն հաջողեցավ այս գործին մեջ. պատրաստաբան ու զվարճախոս կին էր. էֆենտիներուն՝ վրան բաց կատակներ կ' ըներ. հանըմներուն օրվան գայթակղությունները կը բերեր: Ամենքը գոհ էին իրմե. ամեն բանի հարմար սպասուհի ինքը միայն ճարել գիտեր: Իր տեղավորած ծառաները տարիներով կկենային գտնված տեղերնին: Մեծ տուները, հարուստի տուները, իրեն կդիմեին. անոնք, որ իր հաճախորդներն էին՝ իր անունովը կը' պարծենային:

-Մեր թելալը Հաճի Տյուրիկն է:

-Մերն ալ:

Հաճին Շփիկըլին կամ Պյուռկյուին բան մը կ'ըլլար հայ հանըմներուն համար:

Ասոր համար էր անշուշտ, որ Սուրբիկ հանըմ իրեն լուր ղրկեց եբոր իր տանը մեջ, հին օրվան Մարիամին քով, նոր սպասուհի մը ավելցնելու որոշում տվավ ու անոր ճշտեց այն հատկությունները, որ նոր գալիք աղախինեն կպահանջվեին:

- Ըռնտիկ մեկը ըլլալու է ամեն բանե առաջ. հո՛գ չէ թե որ սկիզբը ձեռքեն գործ չգա. հոս շուտով խզմեթը կսովրի. տղուս՝ Օննիկին սենյակը պիտի շտկե, զգեստները մաքրե. սա ալ ըսեմ, որ աղջիկ զավակ չեմ ուզեր տանս մեջ:

Եվ վախնալով, որ գալիք սպասուհին Օննիկին սենյակը շտկելու, զգեստները մաքրելու սահմանելովը՝ պետք եղածեն ավելի բացահայտ կերպով իր դիտավորությունը հասկցուցած կ' ըլլա, իսկույն ավելացուց.

-Աչքը երեսը բաց մեկը չեմ ուզեր հա՛, հաճի՛. դուն իմ ուզածը հասկցար, թե որ զիս գոհ ընես, ուզած թելլալչեքդ եվելոքը կուտամ:

- Հասկցա, օղուլ:

Միջնորդը քչեն շատ հասկցող կին էր. անմիջապես չորս դին ինկավ, հարցուց, փնտրեց, բայց գտնվածները Սուրբիկ հանըմին ուզած պայմանները լիովին չէին միացներ իրար վրա: Գեղեցիկ աղախիններ չէին պակսեր իր ձեռքին տակ, բայց ասոնց աչքերն ալ, երեսն ալ պետք եղածեն ավելի բացված էին ու Սուրբիկ հանըմին ծեր էրիկը՝ Ղազար աղան գլխե հանելու չափ սատանա էին: Հանըմին ուզածը միամիտ աղջիկ մըն էր եւ ասիկա Պոլսո մեջ դյուրին չեղավ գտնել:

Այն ատեն Հաճի Տյուրիկ հատուկ ճամփորդություն ըրավ. Իզմիտ, Պաղչեճիկ, Արսլանպեկ, Ատաբազար: Վերջապես պըտտեցավ բոլոր այն գեղ տեղվանքը, որոնք սպասուհիներու արտածումը կ'ընեն. եւ ահա մեծ հոգնություններե վերջը, չորեքշաբթի օր մը ցորեկին, հաղթական մուտքով մը, Սուրբիկ հանըմին ներկայացուց իր գեղեն բերած սպասուհին, հազիվ տասնութը տարեկան կին մը, զոր նույն օրն իսկ միասին առեր բերեր էր Պաղչեճիկեն:

Սուրբիկ հանըմ գլխեն մինչեւ ոտքը զննեց նորեկը, որ դրան մոտ բարեւ բռնած կեցած էր. իր հագած պասմաե տձեւ շրջազգեստին հակառակ՝ իրոք խիստ շնորհալի գտավ զայն, քանի որ շուտով ամսականին վրա հարմարեցավ միջնորդին հետ. յոթը մեճիտ ամիսը եւ տարին երկու ձեռք նոր լաթ, բացի իր մեկդի նետածներեն զորս իր հոժարության համեմատ պիտի նվիրեր, եթե գոհ մնար անոր խզմեթեն: Եվ անմիջապես սկսելու համար կոկիկ ու մաքուր շրջազգեստ մը հագցուց անոր, ճերմակ գոգնոց մը կապեց, գլխեն յազման հանեց եւ մազերը շտկել տվավ. այս համառոտ արդուզարդով աղախինը իր գեղեցկության բոլոր շքեղությանը մեջ երեւաց: Մեջքը բարակ չէր, բայց հասակին բարձրությունը եւ բարձերուն հարստությունը վայելած էր: Ձվաձեւ, իր գեղացի ըլլալուն հակառակ դեռ ճերմկոտիկ դեմքին վրա սեւ խոշոր աչքերը սովորաբար թարթիչներուն շուքին մեջ կպահվեին ու երբեմն միայն ընքվիներուն աղեղին տակ կխրոխտային: Բերանը՝ իր զմայլելի գիծերովը ու երկու դիի անկյունեն իբրեւ թե հատկապես վեր առնված, անդիմադրելի պչրանք մըն էր ինքնին, եւ մոռցնել կուտար պռկունքին անարյունությունը:

Ոչ ոք կիներուն չափ գեղեցկության ճաշակը ու հասկացողությունը ունի. գեղեցկությունը այն միակ ճշմարտություն է, զոր կինը չի կրնար ուրանալ, նույնիսկ երբ իր թշնամիին վրա կգտնվի. շատ հեղ լսած եմ արամբի կնոջ մը վրա պատմված չարախոսություններու, բամբասանքին, իրավ կամ սուտ ամեն կերպ աղտեղությանց ամենեն տաք վայրկյանին՝ սա հայտարարությունը, որուն խորին անկեղծությունը կզարմացնե զքեզ եւ պատմողին արդարասեր մեկը ըլլալուն համոզում գոյացնել կուտա:

- Ասոնք բոլորը իրավ են, բայց շուն կնիկը աղվոր է:

Սուրբիկ հանըմ հավնեցավ ուրեմն իր սպասուհիին. ապսպրեց, որ վրան գլուխը մաքուր պահե, աշխատությունը սահմանեց, վարքի բարքի խրատներ տվավ:

Հետո, իմանալով, որ հորմե, մորմե որբ ու նոր ամուսնացած էր Տիգրանուհին, Սուրբիկ հանըմ, որ Հիվանդանոցի խնամակալուհի էր ու իր ամուսնին պես սրբասեր ու աստվածավախ կնոջ համբավը կվայելեր, իր սովորական մեծախոսություններեն քիչ մը ջարդեց.

- Ես ծառաներս զավկիս պես կնայիմ. ուրիշ տուներու մեջ անոնց հորի ջուր կխմցնեն, դուն աղեկ գիտես, հաճի՛. ես աղբյուրի ջուր կու տամ անոնց. խոհանոցին մեջ երբոր կերակուրները չօգտեն ձեզի, ինծի անպատճառ իմաց տուր. խոհարարը ծառաները զրկելու կ'ելլա, ատանկ բան չեմ սիրեր ես. սա ալ ըսեմ, որ կերակուրդ ուտելուդ պես խոհանոցին մեջ կենալու չես. էրիկմարդ ծառաներուն հետ պետք չէ որ խոսքի բռնվիս. հասկցա՞ր, աղջիկս. հիմա գնա՛, թող Մաիրամը գործդ ցուցնե քեզի:

Մեղր ու կաթ կվազեր բերնեն. Տիգրանուհին կատարյալ երանթյան մեջ զգաց ինքզինքը: