ԼՈՒՌ ՑԱՎԵՐ

ԶԱԲՈՒՂՈՆ

Գ

 

Սկիզբները Վասիլիկ երջանիկ եղավ այսպես: Բախտին չէ՞ր նմաներ քիչ մը այս անտեսանելի սիրահարը որ աշխարհքը կկողոպտեր զինքը հափրացնելու համար ամեն ճոխություններով:

Օր մը սակայն այս ամենը ծաղրելի թվեցան իրեն աչքին: Իր գաղտագողի ու թաքուն երջանկությունը բան մը կկորսցներ այսպես ծածուկ մնալով եւ չկրնալով ուրիշներուն ցուցվիլ: Երեւակայեցեք մեծագի ադամանդ մը, որ հավիտյան տւփի մը մեջ փակված մնալու դատապարտված ըլլա ու չկրնաք օր մը կուրծքերնուդ վրա դնելով դիմացիննիդ շլացնել:

Իր բոլոր վայելքները, իր բոլոր ունեցածը այս գոցված ադամանդին տպավորությունը կթողեին: Ինքը մանավանդ, ցուցամոլ էակ, չէր կրնա գոհանալ կյանքի այն ներքին ու լռին ներդաշնակությամբը որ ահա իր ձեռքին տակն էր եւ որ դուրսը արձագանք չէր ձգեր. մարդիկ կան որ դերասաններ են աշխարհքիս վրա. իրենց սեփական կյանք ու գոյություն չունին եւ ուրիշներուն համար կ'ապրին միայն. հանդիսատեսներ պետք է ասոնցպեսներուն, ու կյանքը հրապույր չունի, եթե զիրենք դիտողներ պակսին. դերասաններ՝ որ հանձն չեն կրնար առնել թափուր սրահի մը առջեւ ներկայացում տալու:

Այսպես էր Վասիլիկ. իր մեկուսացումը՝ լքում կնշանակեր. ոչ ոք իր երեսը կնայեր փողոց ելած ատեն. գեղին բոլոր երիտասարդները իր հրապույրներեն կդողային: Հիմա պչրանքի արվեստը կփորձեր անոնց դեմ, թույլ ու երերուն քալվածք մը առած էր, որ նուրբ մարմինին ամեն խաղերը կմատներ, եւ այսպես ցանկության տաք հով մը կտարածեր շուրջը ու ճձի նայվածք մը՝ որուն դիպողը կկախարդվեր:

Օր մը տղուն մեկը կպվեցավ անոր ու հետը ամուսնանալ առաջարկեց. այն վայրկյանին գողի սերը անտանելի լուծ մը դարձավ իրեն: Ալ չկրցավ սպասել անոր, գիշերները լուսցնել, ժամադրություններուն գտնվիլ, սա պարտեզին մեջ, կամ ան լերան վրա. ամեն առթիվ գանգատեցավ, բողոքեց ու լացավ. մյուսը կզարմանար. ինչո՞ւ այս արցունքը, չէ՞ մի որ առաջվան պես կսիրեին իրար. ի՞նչ փույթ մնացածը. Զաբւղոն իր առնձնացած կյանքովը, միամիտ մարդու հատուկ անծալք գաղափարները կպարզեր:

-Ի՞նչ պիտի ըլլա ասոր վերջը,- կհարցներ աղջիկը:

Ասոր վե՞րջը. Զաբուղոն երբեք չէր խորհած ատոր. ընդհակառակը կփափագեր որ վերջը չգա:

Այն ատեն հուսահատած՝ հոժարությամբ բաժանում ձեռք բերելե այս նշանտուքեն, որ օրհնված պսակե ավելլի ամուր ու հաստատ կ'երեւար, դիվային խորհուրդ մը անցավ մտքեն. գիշեր մը ոստիկանները կանչեց ու ձերբակալել տվավ Զաբուղոնը: