ԼՈՒՌ ՑԱՎԵՐ

ԶԱԲՈՒՂՈՆ

Դ

Քարաշեն պատերուն, երկաթե ամրափակ դռներուն ետին կսլքտկան, սպասելե վհատած, կամքի պարտասումի մը մեջ անզգա եւ անտարբեր դառնալով տարիներու անվերջ հոլովումին:

Անակնկալ փրկության մը հույսը, առջի օրերուն ակնկալությունը, շատոնց լքած է զիրենք եւ հիմակ նախասահմանյալ թվականին սպասելով միայն, կծկված կմնան այդ տեղ ժամերո~վ, չորս դիեն բարձրացող պարիսպներուն տակ բուսած հսկա սունկերու նման:

Ամեն հասակները ու ամեն տարիքները կան հոս, այս դիմացկուն քարե արգանդին մեջ որ Թիարան կկոչվի եւ որ այս մարդիկը պիտի վերածնի օր մը, պիտի արտաքսե իր ծոցեն դուրս, համերամ հղացումներովը:

Վերեն , նեղ բացվածքներե լույսը կսպրդի ներս, հաշվված խնայված լույս մը, տկար ու տժգույն բան մը, այն դեմքներուն պես զորս լուսավորելու կու գա:

Զաբուղոն ասոնց մեջն է. իր համբավը կանխած է զինքը բանտի մեջ. մեծ չարագործ մը չէ, բայց մեծ ճարպիկ մըն է. հսկողության տակ է շարունակ այս բանտարկյալը, որ ոտքը երկաթներ ունի ամուր ու կռնակը հաստ պարիսպներ:

Յոթը տարի պիտի մնա այսպես, երիտասարդ էր հոս եկած ատեն ու ծերացած դուրս պիտի ելլե. իր նշանածին կծորհի ամեն ատեն, այն մեկհատիկ բարեկամության որուն աներկբա կհվատա դեռ. ո՞ւր է. ի՞նչ կ'ընե արդյոք. ու հակառակ ամեն զգուշության, փախչելու ջանքեր կ'ընե. անգամ մը երեսուն կանգուն բարձրությամբ պատե մը կ'անցնի, բայց դուրսի բակին մեջ կբռնվի. ուրիշ անգամ մը բանտին երդիքին վրա ելլելու կհաջողի. երկու գիշեր կ'անցընե հոն. կտեսնեն ու կբռնեն ղինքը նորեն:

Այն ատեն ամեն խստությունները ի գործ կդնեն ամեն վայրկյան փախչելու հետամուտ այս մարդուն դեմ. բանտին կարգապահական պատիժները կտեղան իր գլխուն. բան մը չի կասեցներ զինզքը. դուրս պիտի ելլե Վասիլիկը գտնելու համար. իրավ որ ուրիշ պատճառ մը չունի փախչելու:

Ու գիշեր մը կհաջողի վերջապես. խոհանոցին ծխնելույզին մեջեն վեր կ'ելլե նախ ու հետո հիանալի ճարտարությամբ մը այդ ցից բարձրութենեն վար կ'իջնե, այս անգամ բանտին շրջափակեն դուրս:

Երեք տարվան մեջ այս վեցերորդ փորձը կհաջողի ահա, ու շիտակ, անխոհեմությամբ թերեւս, մեր գեղը կդառնա նորեն. կասկած մը չանցնիր այս հնարամիտ մարդուն մտքեն. տարակույս մը չի գար թունավորելու իր սիրույն մաքրությունը: Իր ձերբակալությո՞ւնը. ձախող դիպված մը միայն. առջի օրերուն պես գիտե որ սպասող մը կա իրեն ամեն անակնկալ ժամուն. ըւ վայելած ազատության գինը՝ այս բերկրանքով կբազմապատկվի, կմեծնա, իր սրտեն դուրս պոռթկալու չափ:

Վասիլիկին թովիչ ակնարկը պիտի գտնե նորեն. անոր գոռոզ մազերուն պատկերը դեռ չտեսած, աչքին առջեւեն կ'անցնի, եւ ուրածության սարսուռ մը կցնցե իր հեք մարմինը:

Մեղմիվ կմոտենա անոր տունին. պատուհանին ռջեւ խոսակցության ձայն մը կկեցնե զինքը. ո՞վ է ներսը. մտիկ կ'ընե, չի հավտար իր լսածին. ներս կմտնե անձայն, առաանց իր ներկայությանը կասկածը տալու, ու չի հավտար իր տեսածին. ժամ մը ամբողջ նկյուն մը կծկված կսպասե, չկրնալով ցրված միտքը ամփոփել. հետո տակավ ինքզինքը կգտնե, կխորհի ու ձեռքը ակամա կ'երթա պզտիկ դանակի մը կոթին զոր մեջքի գոտիին անցուցած է. մատները կշոյեն զենքը. առջի հեղն է որ արյուն թափելու հարկը կտեսնե որոշ ու հստակ. ինքը որ ամեն բանե կրնա փախչիլ, այս վրեժխնրության գաղափարեն չի կրնար զատվիլ ահա: Ո՞վ է այդ ապուշ էակը, որ իր թողած պակասը լեցնելու եկած է այստեղ. սա նստող տղո՞ւն համար Վասիլիկ մոռցած է զինքը: Մեկ նայվածքով կչափե, կգնահատե այս ոսոխը ու շատ վար կգտնե իրմե:

Եվ իր սիրտը լեցնող արհամարհանքին առջեւ վրեժի գաղափարը կթուլնա. ձեռքը կքաշե դանակին բունեն զոր իր պրկված մատները կիսովին դուրս քաշած էին մեջքի գոտիեն. ո՛չ, չեն արժեր ասոնք իր զայրույթը, ու կանացուկ դուրս կ'ելլե կրկին: Բոլոր գիշերը կքալե թափառական, փողոցներուն մեջ. ո՞ւր պիտի երթա այսպես. տուն չունի, ծանոթ չունի: Կխորհի որ այդքան ծանրագնի թեռք անցուցած ազատությունը բանի մը չի ծառայեր եւ ուսերուն վրա կծանրանա:

Արշալույսին հետ՝ վարանոտ քայլերով ետ կդառնա, իր բանտին նորեն, որուն դրան առջեւ կգտնեն զինքը առտուն ու ներս կ'առնեն:

<1893>