Oվկիանոսները ելնում են ափից

Oվկիանոսները ելնում են ափից
Եվ պատառոտում իրենց անխնա...
Խելագարվել է կյանքը տագնապից,
Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա:
Խաղաղ օրերը գնում են ձեռից,
Ի՞նչ է լինելու, մարդ ի՞նչ իմանա:
Խելագարվել է աշխարհն իմ խելքից ,
Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա
Խելագարվել են ցորեն ու բողբոջ,
Խուտուտ տաս՝ քարի ուշքը կգնա,
Խելագարվել է տիեզերքն ամբողջ,
Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա:
Խելագարվել է տիեզերքն ամբողջ,
Աչքերը չռել իմ հոգու վրա...
Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց ,
Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա:
Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց,
Խելագարվածներ մոտիկ ու հեռու:
Բայց կյանքս անցավ......
Եվ հազար ափսոս,
Որ հնար չունեմ խելագարվելու:

 
Ի՞նչ արած մարդ եմ

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք էլի, ես մի քիչ բարդ եմ.
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն.
Ինչքան չլինի՝ դեռ մի քիչ մարդ եմ:
Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ:
Մերթ ոտից-գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ:
Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երսից այսպես հանդարտ եմ:
Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ դեռ անավարտ եմ...
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է
Հասկացեք էլի, ի՞նչ արած ,մարդ եմ: