ՔՈ ԽՈՆԱՐՀ ՋՐԿԻՐՆ ԵՄ ԵՂԵԼ

Քո խոնարհ ջրկիրն եմ եղել,
Եղել եմ՝ և տերդ։
Ինչքան որ ուժերս ներել,
Ներել եմ մեղքերդ։:

Թե ինձ էլ լքել եմ մեն-մեկ,
Չեմ լքել պատկերդ,
Երեսով չեմ տվել երբեք
Ուշացած պարտքերդ։:

Երգել ես, լցվել եմ երգով,
Իզուր է հերքելդ,
Եվ թաքուն այրվել եմ, երբ որ
Այրվել են վերքերդ։:

Տվել եմ քեզ բախտս անխառ,
Արևս, երկինքս
Եվ ինչքս, որ մինչև անգամ
Չունեի ես ինքս։:

Տվել եմ,– չեմ առել ոչինչ,
Շնորհ էր շիկնելդ,
Եվ ոչինչ հարկավոր չէր ինձ,
Հերիք էր լինելդ։:

Ինձ համար հերիք էր արդեն
Ժպտալդ ու լալդ,
Երբ գալդ պարգև էր մի մեծ,
Ուր մնաց մնալդ։:

Եվ դարձյալ առնելիք չունեմ,
Բայց շատ է տալիքս,
Ներիր ինձ, ներիր ինձ, եթե
Չների տարիքս։:

Քո խոնարհ ջրկիրն եմ եդել,
Եղել եմ և տերդ,
Ինչքան որ ուժերս ներել,
Ներել եմ մեղքերդ.