ԲԼԻՑ

Վառվող սիգարի պես հոգին կարճանում է եւ-


բլից պատերազմներ ու բլից դաշինքներ,
բլից կայսրություններ ու բլից գաղութներ,
բլից կրոններ ու բլից աստվածներ,
բլից անմահություններ ու բլից անգոյություն,
բլից հայրենիքներ ու բլից գալակտիկաներ,
բլից իրականություններ ու բլից առասպելներ,
բլից ռեակտորներ ու բլից առագաստներ,
բլից առավոտներ ու բլից խավարումներ,
բլից քնքշանքներ ու բլից լլկումներ,
բլից ոճիրներ ու բլից ատելություններ,
բլից երազներ ու բլից մղձավանջներ,-
եւ համբույրդ տաք՝ հավերժության սառը շուրթ ու պարանոցին,
եւ հապաղումը ձեռքերիդ՝ սիրո խաչի վրա,
ոտքերիդ դողը՝ ունայնի շքամուտքին-
կարճ փեշերով աղջիկն է նվագում փութկոտ
աստղերից կախված երկար իր ճոճքում: