ՁԱԽՈՐԴ ՕՐԵՐ

Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան,
Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան,
Դառն ցավերը մարդու վերա չեն մընա երկար,
Որպես հաճախորդ` շարվե-շարան կուգան ու կերթան: (2)

Փորձանք, հալածանք և նեղություն ազգերի գըլխից,
Ինչպես ճանապարհի քարավան` կուգան ու կերթան,
Աշխարհը բուրաստան է հատուկ, մարդիկը` ծաղիկ,
Որքան մանուշակ, վարդ, բալասան կուգան ու կերթան: (2)

Ոչ ուժեղը թող պարծենա, ոչ տկարը տխրի,
Փոփոխակի անցքեր զանազան կուգան ու կերթան,
Արևը առանց վախենալու ցայտում է լույսը,
Ամպերը դեպի աղոթարան կուգան ու կերթան: (2)

Երկիրը ուսյալ զավակին է փայփայում մոր պես,
Անկիրթ ցեղերը թափառական` կուգան ու կերթան,
Աշխարհը հյուրանոց է, Ջիվան, մարդիկը` հյուր են,
Այսպես է կանոնը բնական` կուգան ու կերթան: (2)