ՍԵՎԻԿ ԱՉԵՐ

Վրդովեցիր խաղաղ կյանքս, սիրական,
Անցուդարձովդ ինձ նայելով մշտական,
Չէի տեսել մեկ հոգեհատ քեզ նման,
Սևիկ աչեր, դու իմ կյանքս մաշեցիր,
Կանգնար դեմս, ստեպ-ստեպ աշեցիր:


Ինչպե'ս մնամ ես առանց քեզ միայնակ,
Դուն ձգել ես սրտիս մեջը վառ կրակ,
Ակնարկելով գաղտնի ամեն ժամանակ,
Սևիկ աչեր...

Անուշ անուշ խոսալովդ, սիրուն կույս,
Մաշված սրտիս նորից տվիր կյանք ու հույս,
Առանց գինո հարբեցուցիր խղճալույս,
Սևիկ աչեր...

Սիրույդ սուր-սուր նետերովը խոցվեցա,
Իբրև ծաղիկ դեռ չըբացված գոցվեցա,
Երբ քեզ տեսա, կրակովդ լեցվեցա,
Սևիկ աչեր...

Սիրույդ լարը պարանոցես տվիր կախ,
Օր ու արև չունեմ, գործս է ա՜խ ու վա՜խ,
Կրկին խոսե, գոնե լինեմ ես ուրախ,
Սևիկ աչեր...