ԳԵՎՈՐԳ ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻՆ

Գ

ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ

Տխուր կղզին և նրա բնակիչները հետզհետե իրանց ազդեցությունն արին հոգվով ու մարմնով վիրավոր արքայի վրա: Նրա դրությունն այժմ ավելի էր վատթարացել: Թունավոր նետից հառաջացած վերքը օրըստօրե քայքայում էր նրա երկաթե առողջությունը: Թեպետ թագուհին խնամում էր նրան ամենաքնքուշ հոգատարությամբ և վիրաբույժը կրկնապատկում էր յուր ջանքերը, այսուամենայնիվ, արդյունքը հուսահատական էր: Թագավորը հետզհետե նիհարում և դալկանում էր. նրա ամուր կազմվածքը կորցնում էր յուր զորությունը, ինչպես հինավուրց կաղնին, որի արմատները կրծում են որդերը... Նա օրըստօրե դառնում էր ավելի լռակյաց, փախչում էր ամեն ընկերությունից և հանգիստ էր գտնում միայնության մեջ:

Սակայն բժիշկը, թագուհու համաձայնությամբ, խորհուրդ տվավ արքային շտապել, տնօրինել յուր վերջին կամքը պետական գործերի նկատմամբ և պատրաստվել` հրաժեշտ տալ աշխարհին, որովհետև յուր հիվանդությունը սուր կերպարանք էր առնում:

Բժշկի այդ խորհուրդը մի խորամանկություն էր: Նա գիտեր, որ արքայի վերքը վերջ ի վերջո պիտի մահացներ նրան, բայց գիտեր և այն, որ այդ վախճանը դեռ հեռու էր: Եվ որպեսզի ավելի ևս հեռացներ նրան, նա աշխատում էր հանել թագավորին շրջապատող միայնությունից և տխրությունից: Նրան հարկավոր էր ապրել ուրախ ընկերակցության մեջ կամ զբաղվել պետական գործերով, որպեսզի սովորական վշտերն ու մտատանջությունները չմաշեին նրա մարմինը և այդպիսով չարագացնեին վերքից առաջացող քայքայման ընթացքը:

Բայց որովհետև թագավորը հակառակ ցանկության էր և չէր կամենում Սևանից ելնել, ուստի բժիշկը այդ հնարը մտածեց, որպեսզի գոնե ուրիշների օգնությամբ կարողանա նպատակին հասնել:

Եվ այդ հաջողեց նրան: Թագավորն ուրախությամբ լսեց վիրաբույժի խորհուրդը և գրեց Աբաս եղբորը մեզ հայտնի նամակը:

Եվ ահա՛ մի գեղեցիկ օր Գեղամա ծովակի ափը ծածկվեցավ զորքերի բազմությամբ: Թագավորը, որ դղյակի պատուհանից նայում էր ծովափին, զարմացավ` տեսնելով ափ իջնող գնդերը: Սկզբում նա կարծեց, թե եկողը Բեշիրն է, որ վերադարձել է յուր պարտության վրեժը իրանից առնելու, ուստի երկյուղի նման մի բան նրա սիրտը խռովեց: Բայց երբ նկատեց յուր արքայական դրոշակը, որ լայն բացված ծածանում էր ծովափի վրա, նրա անհանգստությունը փոխվեց ուրախության:

“Այդ Մարզպետունին է, իմ քաջ և հավատարիմ իշխանը...”, — շշնջաց նա և դուրս ելավ սենյակից` դեպի դիտարանը գնալու:

Նրան հանդիպեց թագուհին, որ պահապան հրեշտակի նման հսկում էր արքայի վրա: Տեսնելով վերջինիս ուրախադեմ` տիկինը զարմացավ: Որքա՛ն ժամանակ էր, որ թագավորի դեմքը չէր զվարթացել և շրթունքները չէին ծիծաղել. այժմ ի՞նչ էր պատահել: Միգուցե հիվանդության մի չարագուշակ փոփոխություն էր այդ կամ թե հոգեկան տկարության ապացույց:

Այդ մտքերը վայրկենապես ծագեցին տիկնոջ գլխում, բայց և իսկույն անհետացան, երբ թագավորը հայտնեց նրան Գևորգ իշխանի գալուստը:

Ոչինչ այնպես չէր կարող ուրախացնել տարագիր թագուհուն ինչպես այդ անձի անակնկալ հայտնվիլը: Թագուհին, որ սովոր էր աղմկալից կյանքի, արդեն հոգնել էր երկար մենակությունից և, մանավանդ, ընկճվել արքայի հիվանդությամբ: Այժմ նա պտրում էր մի մտերիմ բարեկամ, որին կարենար յուր ցավերը պատմել: Եվ ահա՛ այդ բարեկամը գալիս էր: Բացի այդ, նա գիտեր, որ Մարզպետունին կյանքով ու եռանդով լի մարդ է և կարող է հույս ու կենդանություն ներշնչել արքային. ուստի սաստիկ ուրախացավ այդ նորությունն իմանալով: Նրանք երկուսը միասին դիմեցին դեպի դիտարանը, ավելի մոտից ծովափի շարժումը դիտելու:

Եվ ահա հանդիպակաց ափը շրջապատեցին լաստեր ու նավակներ, որոնց մասին իշխանը հոգացել էր կանխավ: Նրանց մեջ լցվեցան մի քանի հարյուր հոգի, և փոքրիկ տորմիղն սկսավ սուրալ խաղաղ ալիքների վրա:

Հառաջընթաց մակույկի մեջ նստած էին Գևորգ իշխանը և արքաեղբայրը` իրանց հետևորդներով: Նույն մակույկի վրա ծածանում էր արքայական դրոշը: Մարզպետունին ուրախ էր, որ դարձնում էր նրան հաղթական փառքով. որովհետև հիշում էր, թե որպիսի՜ անստույգ վիճակի մեջ ստացավ այն արքայից: Նա հրճվում էր մանավանդ, որ դրոշի հետ միասին վերադարձնում էր թագավորին յուր հարազատ եղբորը, որից նա վաղուց հեռացած էր գժտությամբ և որի աջակցությունը պիտի ապահովեր այժմ յուր նոր ձեռնարկությանց հաջողությունը:

Բայց Աբասն ուրիշ մտածությամբ էր զբաղված: Նա այժմ գալիս էր յուր եղբոր ու թագավորի մոտ և հիշում էր հեռավոր անցյալը, որի հետ կապված էին սրտառուչ հիշատակներ: Նա հիշում էր յուր մանկությունը, որ անցուցել էր Երազգավորսի արքունիքում, խաղերի և զվարճությանց մեջ, բայց միշտ անբաժան յուր Աշոտ ու Մուշեղ եղբայրներից: Հիշում էր յուր պատանեկությունը, որի միջոցին սովորում էր հայրենիքը պաշտպանելու կամ թշնամին վանելու դժվարին արհեստը և իրան դասակից էին լինում միշտ նույն եղբայրները. հիշում էր յուր երիտասարդությունը, որի ժամանակ արդեն Աշոտ թագաժառանգը շահատակում էր պատերազմների մեջ, և ինքն ու Մուշեղն աջակցում էին նրան, չկամենալով երբեք բաժանվել եղբորից և ուխտելով նրան մշտական զինակցություն: Բայց և այդտեղ նա մտաբերեց Նիգ գավառի պատերազմը` դավաճան Գագիկ Արծրունու դեմ, որի ժամանակ իրանք կռվում էին առյուծի պես, բայց և այնպես հաղթվեցան, որովհետև Աշոտի գունդը կազմող սևորդիները փախուստ տվին ճակատից, որով և պատճառ դարձան իրանց պարտության և քաջ Մուշեղի գերվելուն ու մահվան: Մի վայրկյան հին զայրույթը բռնկեց Աբասի սրտում, նա հիշեց Աշոտի թուլությունը, սևորդյաց օրիորդի հետ ունեցած սիրո պատմությունը, որ պատճառ դարձավ իրանց անդրանիկ անհաջողության... և նա զղջաց, որ գալիս է այդ եղբոր հետ հաշտվելու:

Բայց հենց որ դեմքը դարձուց և տեսավ Մարզպետունուն, որ նայում էր յուր վրա իբրև մարմնացյալ եռանդ, իբրև աննկուն հայրենասիրություն, որ ամեն քեն ու ոխ ստորադրում էր միայն հայրենիքի շահուն, նա ամաչեց և զայրույթն իջավ:

Նրա աչքի առաջ արձանացավ այժմ ապաբախտ հոր դիակը, խաչի վրա հանած. նրա ականջներին զարկեց այդ դիակը ծաղրող մահմեդականների աղմուկը. նա հիշեց բռնավոր Յուսուփին, նրա անգթությունները և միևնույն ժամանակ մտաբերեց այն քաջին, որ ինչպես երկնային սրտմտություն իջավ Ուտիքից դեպի Ոստան, ցիրուցան արավ հագարացիներին, ջարդեց նրանց հրոսախմբերը, տարագրեց գազան Յուսուփին և յուր հոր նահատակության վրեժը տասնապատիկ առավելությամբ առավ արաբացիներից: Դա յուր եղբայր Աշոտն էր. այն աննման հերոսը, որի երևույթը միայն սարսուռ էր ազդում թշնամիներին և որին ինքն ուխտեց հավատարմություն և մշտական աջակցություն: Եվ այդ պատճառով հաջողությունները հաջորդում էին միմյանց, որովհետև եղբայրական սերն ու միությունը առաջնորդում էին զորքին և նրա դրոշն ու սուրը հաղթական կացուցանում ամեն տեղ: Բայց հենց որ այդ սերը սառեցավ, միությունը քայքայվեց, դժբախտություններն էլ իրանց դռները բացին... այժմ հին առյուծը փակվել էր վանդակի մեջ. թշնամիների սարսափը ծածկվել էր ճգնարանում...

Եթե թագավորը հանցավոր էր այդ բանում, միթե ինքը Աբասը անպարտ էր բոլորովին... ինչպե՞ս պիտի տեսներ այժմ եղբորը յուր նվաստության մեջ, այն հաղթող ու հերոս Աշոտին` աբեղաների խուցերում...

Վերջին մտքերն այնպես հուզեցին արքաեղբորը, որ նրա աչքերը արտասուքով լցվեցան:

“Ես այնպես ջերմագին կսեղմեմ նրան կրծքիս, որ յուր վշտերն իսկույն մոռանա...”, — շշնջաց ինքն իրան Աբասը և աչքերը սրբեց:

Երբ նավակները հասան կղզու ափին, արքայի պահանորդները կանգնած էին այդտեղ: Նրանք եկել էին իշխանին դիմավորելու: Բայց տեսնելով նրա հետ և արքաեղբորը, որ սիրալիր կերպով ողջունեց իրանց, իսկույն ցնծության աղաղակ բարձին և “կեցցեներով” օդը թնդացրին: Ապա առաջնորդեցին նորեկներին դեպի վերին տունը, ուր ապրում էր թագավորը:

Վերջինս, որ չէր սպասում Աբասին, տեսնելով նրան Մարզպետունու հետ` սաստիկ ուրախացավ: Նա մոռացավ իսկույն թե՛ յուր աստիճանը և թե՛ եղբորից կրած դառնությունները: Նա հիշեց միայն, որ Աբասը յուր եղբայրն է, միակ հարազատն աշխարհում, ուստի չսպասեց, որ նա հասներ դղյակին, նա ինքը փութաց կրտսեր եղբորը դիմավորելու: Բլրակի կանաչ զառիվայրի վրա նրանք հանդիպեցին իրար. — “սիրելի եղբայր”, “սիրեցյալ թագավոր” բացականչությունները խեղդվեցան նրանց ջերմ գրկախառնության և համբույրների մեջ:

Իշխանը և բոլոր հետևորդները բլրի վրա արձանացած` դիտում էին հարազատների սրտաշարժ հանդիպումը: Այդ լուռ տեսարանն այն աստիճան հուզիչ էր, որ ներկա եղողներից շատերն արտասվեցին: Նրանցից ամեն մինն զգում էր, թե երկիրը որքա՛ն շատ է տուժել դրանց գժտությունից և միևնույն ժամանակ չափում էր, թե որքա՜ն շահ կարող է ստանալ նա այդ քաղցր հաշտությունից:

Թագավորը, որ արդեն տկար էր, սաստիկ հուզումից ավելի թուլացավ, նա հազիվ ողջունեց մյուս հետևորդներին: Բայց աջը դեպի Մարզպետունին ուղղելով սեղմեց նրա ձեռը և ասաց...

— Այնքան շատ եմ պարտական քեզ, իշխա՛ն, որ կուզենայի ապրել միայն քո երախտյաց փոխարենը հատուցանելու համար:

— Ապրի՛ր քո գահի և հայրենիքի համար, տեր, Մարզպետունի իշխանը քո նվաստ ծառան է. նա յուր պարտքից ավելի դեռ ոչինչ չէ արել, — պատասխանեց իշխանը համեստաբար:

Այնուհետև նրանք բարձրացան դեպի դղյակը, ուր թագուհին սիրով ընդունեց յուր տագրին և նրա հետ միասին` իշխան Մարզպետունուն:

Արքայական կացարանը յուր տխրությունից մերկացավ, և հանապազօրյա հառաչանքներին հաջորդեցին խնդություն, հրճվանք և հաճոյական զրույցներ:

Շուտով կղզին հասան նաև մյուս զորքերը և Սևանը կյանքով ու կենդանությամբ լցրին: Եվ որովհետև իշխանը հրամայել էր նրանց հաշտության տոն կատարել, ուստի աբեղաների խուցերը դադարեցին շուտով ճգնարան լինելուց, հոգևոր հայրերը հսկումները մոռացան, և Սյունյաց հինավուրց ամրոցը տոնական կերպարանք առավ:

Ուրախության օրերն անցնելուց հետ` թագավորը հրավիրեց յուր մոտ Աբաս եղբորը և թագուհու ու Մարզպետունի իշխանի ներկայությամբ ասաց նրան.

— Վաղուց կամենում էի հաշտության ձեռք պարզել քեզ իբրև իմ եղբորն ու ժառանգին, որովհետև տեսնում էի, թե որքա՛ն շատ է տուժում երկիրը մեր գժտության պատճառով: Բայց անդրանկական իրավունքը և արքայական ինքնասիրությունը թույլ չտվին ինձ խոնարհիլ կրտսեր եղբոր առաջ... Այո՛, կամենում էի, որ դու դիմեիր ինձ. սպասում էի, որ դու հաշտության առաջին խոսքն արտասանեիր: Որքա՛ն իրավունք ունեի ես, չգիտեմ, բայց այդ իմ ցանկությունն էր... Երբ մարդ փափագ ունի ապրելու, նա սիրով փարում է այդ ունայն զգացմունքներին... Եվ սակայն իմ ակնկալությունն անցավ ապարդյուն, դու չմոտեցար ինձ, և ես խոր վիշտ զգացի այդքան անողոք սիրտ ունենալուդ համար...

Հազիվ անցավ մի տարի, բախտը ինձանից յուր երեսը դարձուց, և ապրելու տենչը մեռավ իմ սրտում... Բայց թողնենք այդ պատմությունը, նա արդեն հայտնի է քեզ: Այո՛, երբ վիրաբույժս ինձ հայտնեց, թե շուտով պիտի մեռնիմ, փառք տվի աստծուն, որ քեզ հետ հաշտվելու պատեհ առիթը ներկայացավ: Շնորհակալ եմ, սիրելի Աբաս, դու իմ վերջին խնդիրը հարգեցիր և բերիր ինձ հարազատ եղբոր համբույրը, որ թանկագինն է ամեն համբույրներից, որ երջանկություն է բերում աշխարհին, որ անիրավ զոհեր չէ պահանջում, որ սրբում է թշվառի արտասուքը և վտշահար սրտերը մխիթարում... Ավա՛ղ, ինչո՞ւ մարդիկ չեն գնահատում կամ շատ ուշ են ճանաչում նրան... Իսկ ես, ահա՛, դրա փոխարեն տալիս եմ քեզ այսօրվանից իմ թագն ու գահը, որ ավանդ ստացա մեր հորից, տալիս եմ քեզ այն իբրև իմ և թագուհու միակ ժառանգին... Վայելիր այն աստուծո, ազգի և մեր օրհնությամբ:

Թագավորը վերջին խոսքերն արտասանելով` նայեց թագուհուն մի կարեկցական հայացքով և ապա նորեն Աբասին դառնալով շարունակեց.

— Սակայն, սիրեցյալ եղբայր, իմ թագը կրելուց և գահին բազմելուց առաջ ընդունիր ինձանից նաև մի ուրիշ, թանկագին ավանդ, երդվի՛ր պահել ու խնամել նրան ամենաքնքուշ հոգատարությամբ. — այդ մեծագին ավանդը իմ թագուհի-ամուսինը և քո քույրն է, որ շատ վշտեր կրեց աշխարհում և որի բախտը կարող եմ հանձնել միայն քեզ, աշխարհի մեջ ունեցած իմ միակ հարազատին...

Թագուհին, որ լուռ ու տխուր լսում էր արքային, հանկարծ հեկեկաց, և արտասուքն աղբյուրի պես սկսավ հոսել նրա աչքերից:

— Մի՛ լար սիրեցյալ Սահանույշ, ո՛չ ոք աշխարհում չէ ապրում հավիտյան, — ասաց թագավորը խանդաղատելով:

— Մի՛ հոգար ուրեմն և իմ մասին... — պատասխանեց թագուհին` արտասուքից խեղդվող ձայնով:

— Ինչո՞ւ համար են այս տխուր զրույցները, տե՛ր արքա, — բացականչեց Աբասը տեղից վեր կենալով. — մի՞թե արքայական գահը կարող է ավելի սիրելի լինել ինձ, քան իմ պարտավորությունը, և թագն ու գայիսոնը կարո՞ղ են փոխարինել ինձ այն կորուստը, որ պիտի կրեմ իմ հարազատի մահվամբ... Օ՛ն ուրեմն մի՛ վշտացնիր իմ սիրտը, որ լի է սիրով դեպի քեզ և ցանկությամբ` տեսնել իմ թագավորը նորեն յուր փառաց բարձրության վրա: Աստված թո՛ղ երկարե քո կյանքի օրերը, և ես կլինեմ քո գահի ծառան. այդ է իմ միակ տենչը, այդ կլինի և իմ պարտավորությունը...

— Հավատում եմ քո սրտի անկեղծության և կարի վշտանում, որ այսքան ուշ սկսա վայելել քո սիրո քաղցրությունը, բայց իմ օրերը հաշված են, սիրելի Աբաս, ես պիտի հեռանամ աշխարհից... Աստված թող օրհնե և պահպանե քեզ, որպեսզի մխիթարես քո ժողովուրդը, որ այնքան շատ վշտացավ իմ թագավորության օրով:

— Քո թագավորության օրով էլ նա կմխիթարվի, — պատասխանեց Աբասը աշխուժով. — դու մեզ հետ միասին կհեռանաս այստեղից, կմտնես շուտով քո աթոռանիստը, կբազմես նորեն քո գահի վրա, և մենք կաշխատենք փառքով այդ գահը շրջապատել...

— Փառքո՞վ... վաղուց եմ ես այդ փառքի աղբյուրները ցամաքացրել, — ընդհատեց թագավորը վշտալի ձայնով:

— Ո՛չ, տեր արքա, այդ աղբյուրները չեն ցամաքել, այլ նվազել են, և այն` ոչ թե քո, այլ իմ հանցանքով, ուստի ինձ է մնում այդ հանցանքը քավել:

— Դու միայն մի պարտք ունիս կատարելու, այն է` քո արժանավոր թագավորությամբ մոռացնել տալ հայ ժողովրդին Աշոտ Երկաթի անունը:

— Այդ անունն այսուհետե. ավելի պիտի փառավորվի, — հարեց Աբասը վճռական ձայնով:

— Իսկ ինձ շատ օր չէ մնում ապրելու, — նկատեց թագավորը:

— Ընդհակառակը, տարիներ են մնում, — խոսեց Մարզպետունին խորհրդավոր ժպտալով:

— Իսկ դու իմ վերքը տեսե՞լ ես, — հարցրեց թագավորը:

— Ես լսել եմ քո վիրաբույժին, որի տված տեղեկությունները կարի մխիթարական են:

— Ի՞նչ կնշանակե այդ, — հարցրեց թագավորը զարմանալով:

Մարզպետունին ներողություն խնդրեց վիրաբույժի համար, որ հասարակաց օգուտն ի նկատի ունենալով` սխալ տեղեկություն է տվել արքային յուր հիվանդության նկատմամբ և հայտնեց, որ իսկապես ոչ մի վտանգ չէ սպառնում յուր կյանքին և թե շուտով կապաքինվի ինքը, եթե հաճի ելնել Սևանից և վերադառնալ Ոստան:

Թագավորը երկար ժամանակ համառում էր յուր որոշման մեջ, որ էր ապրել և մեռնել Սևանում, բայց Աբասի ու Մարզպետունու թախանձանքը և զորավոր խոսքերը, որ շատ երկար շարունակվեցին, վերջ ի վերջո համոզեցին նրան վերադառնալ յուր աթոռանիստը` Երազգավորս:

Եվ որպեսզի արքայի վերադարձը լիներ փառավոր ու հանդիսավոր, արքաեղբայրն ու իշխանը հրաման ուղարկեցին Ոստանում գտնվող իրանց զորքերին շտապել Սևան: Նույնպիսի առաջարկությամբ դիմեցին նրանք Սյունյաց Սմբատ իշխանին:

Վերջինս ժողովեց իսկույն յուր ազատ գնդերը և մտավ Գեղարքունիք` ամիսներից ի վեր այդտեղ հյուր եղող արքային յուր մեծարանքը մատուցանելու:

Վահրամ սեպուհը նույնպես վերցրեց Գեղա լեռներում գտնվող յուր բանակը և Գոռ իշխանի հետ միասին շտապեց Սևան: Նույն տեղը հասավ և Աբաս արքաեղբոր մնացորդ զորքը: Այդպիսով միացյալ բանակի զորաց թիվը հասավ մի քանի հազարի:

Թագավորն այս պատրաստությունները տեսնելով` սկսավ ուրախանալ և մխիթարվիլ, և այդ լավ ազդեցություն արավ նրա հիվանդության վրա: Իսկ թագուհին չգիտեր, թե ի՞նչ բառերով արտահայտեր յուր շնորհակալիքն ու երախտագիտությունը յուր տագերն ու Մարզպետունուն, որոնք կարծես նոր կյանք էին ներշնչում թե՛ իրան և թե՛ արքային:

Մի քանի օրից հետո թագավորը թագուհու, արքաեղբոր և իշխանների հետ միասին հրաժեշտ տվավ Սևանի հյուրընկալ միաբանությանը և միացյալ բանակի ուղեկցությամբ ճանապարհվեց դեպի յուր աթոռանիստ գավառը` Շիրակ:

Մի շաբաթ էր, ինչ Երազգավորսը կերպարանափոխվել էր. նրա լուռ փողոցները լցվել էին աղմուկով, անցուդարձը մեծացել էր և հրապարակներում տիրում էր ժխոր:

Արքայական պալատը, որ մինչև այդ անբնակ էր, նորեն կենդանացել, հանդիսավոր կերպարանք էր առել, նրա հոյակապ դահլիճները զարդարվել էին գորգերով, թավշով ու կերպասով, կամարները պճնվել ծաղիկներով և սյունաշարերը ծածկվել գույնզգույն դրոշակապերով: Այդտեղ այժմ տիրում էր անսովոր շարժում, և դատարկ դստիկոնները լցվել էին բնակիչներով: Իշխան Մարզպետունու կարգադրությամբ օր առաջ հասել էին Երազգավորս Գառնո դղյակում ապրող տիկնայքն ու իշխանուհիները: Մարիամ և Գոհար տիկնանց հետ միասին եկել էր նաև Շահանդուխտ օրիորդը, հանձնելով յուր պաշտոնը Մուշեղ բերդակալին: Երազգավորսի արքունիքում եռում էր այժմ կյանքը, ամենքը պատրաստվում էին թագավորին ու թագուհուն դիմավորելու:

Երբ նշանակված օրը հասավ, աթոռանիստ քաղաքի բնակիչներն ընդառաջ գնացին արքային մի քանի փարսախ ճանապարհ, նրանց առաջնորդում էին ազատանիները: Իսկ պալատական տիկնանց և իշխանուհիների խումբը, որոնց գլուխ անցած էր արքաեղբոր ամուսին Գուրգենդուխտ տիկինը, սպասում էր արքային սուրբ Փրկչի տաճարում:

Վերջապես թագուհու, արքաեղբոր և հետնորդ իշխանների հետ միասին մուտք գործեց թագավորը յուր աթոռանիստ քաղաքը, որից բացակա էր ամբողջ մի տարի: Նրա մուտքն այնքան փառավոր և բազմամարդ էր, որ նմանում էր հաղթական մի դարձի: Բացի հազարավոր զորքերը, որոնց մեծ մասը մնացել էր քաղաքից դուրս, եկել, խռնվել էին Երազգավորս լայնածավալ Շիրակա բնակիչները, որով և անցուդարձը փողոցներում արգելել: Ամենքը կարծես կարոտել էին թագավորին և շտապել ժամ առաջ այդ կարոտը լցնելու: Եվ ամեն տեղ, ուր որ անցավ արքան, ժողովուրդը դիմավորեց նրան ցնծության աղաղակներով: Այդ ամենը տեսավ թագավորը, հուզվեց և արտասվեց: Նա հիշեց յուր անցյալը, համեմատեց ժողովրդի այս և այն ժամանակվա ոգևորությունը և գտավ նրանց համանման, բայց ինքը, ավա՜ղ, այլևս հին դյուցազնը չէր. յուր հոգեկան աշխարհքը զուրկ էր կենդանությունից, ոգևորությունները չէին ջերմացնում յուր սիրտը:

Բայց որպեսզի չհուսահատեցնե յուր շրջապատողներին և մանավանդ Աբաս եղբորն ու Մարզպետունի իշխանին, որոնց անձնվիրությունը գնահատում էր ըստ արժանվույն, նա աշխատեց զսպել իրան և երևալ ամենքին ուրախ և զվարթերես:

Բացի այդ, նա որոշեց, մինչև անգամ, խորհուրդ տալ Մարզպետունուն` օգուտ քաղել ժողովրդի այդ ոգևորությունից` ծառայեցնելով նրանց եռանդը առավել շահյակ մի ձեռնարկության, այն է` Դվինի գրավման, որի մասին ինքը իշխանն, աշխատել էր երկար, բայց որի հաջողության արգելք էր դրել Աշոտ բռնավորը` յուր մատնությամբ:

Երբ ժողովուրդն ու ազատանին արքայի գալստյան առթիվ ստեղծած տոնախմբություններն ավարտեցին, թագավորը հրավիրեց յուր մոտ Աբասին ու Մարզպետունուն և հայտնեց նրանց յուր խորհուրդը:

— Քանի այսքան զորքի միասին ունինք խմբած և Սյունյաց իշխանը յուր գնդերով գտնվում է մեզ մոտ, պատրաստվեցեք հարձակվել Դվինի վրա: Ձեր այս ուժին հագարացիք դիմադրել չեն կարող, և դուք մայրաքաղաքը կխլեք նրանցից, — ասաց թագավորը:

— Ինչպե՞ս, դու այդ կթույլատրե՞ս մեզ... — կես զարմացած և կես ուրախացած հարցրեց Մարզպետունին:

— Մի՞թե ես պարզ չխոսեցի... ո՛չ միայն թույլատրում, այլև խորհուրդ եմ տալիս, չպետք է բնավ հապաղել:

— Այդ իմ փափագն է, տեր արքա, — հարեց Մարզպետունին. — երբ Սևանում կաթողիկոսի փախուստը լսեցի և իմացա ստուգիվ, որ “բռնավորի” թելադրությամբ է խույս տվել նա, կամեցա աղաչել քեզ` ուղղել ճանապարհդ դեպի Դվին: Մենք կարող էինք հանկարծակիի բերել հագարացիներին և մայրաքաղաքը գրավելով` վիշտ պատճառել սպարապետին: Բայց Շիրակում սպասում էին մեզ, չկամեցա փորձության ենթարկել մեր բախտը և ժողովրդյան ուրախությունը: Իսկ այժմ քանի որ այդ հրամանը տալիս է մեզ արքան, երկու օրից արդեն բանակը կարող ենք շարժել դեպի Ոստան: Մնում է միայն ստանալ արքաեղբոր և Սյունյաց իշխանի հաճությունը:

— Ես պատրաստ եմ իմ զորքերով, — ասաց Աբասը վճռաբար:

— Խոսեցեք ուրեմն Սմբատ իշխանի հետ և արդյունքը հայտնեցեք ինձ, — հրամայեց թագավորը:

Նույն ավուր երեկոյան` արքաեղբոր ապարանքում խորհրդի ժողովվեցան Մարզպետունի իշխանը, Սյունյաց տերը, Վահրամ սեպուհը և Գոռ իշխանիկը: Արքաեղբայրը հայտնեց ամենքին թագավորի ցանկությունը և առաջարկեց նրանց հայտնել իրանց կարծիքը առաջադրյալ խնդրի մասին:

Մարզպետունի իշխանի տված մի քանի բացատրություններից հետ` ամենքը միաբերան ցանկություն հայտնեցին հետևել արքայի խորհրդին և օգուտ քաղել հանգամանքների հաջողությունից:

Սմբատ իշխանը, որ երդվել էր վրեժխնդիր լինել ոստիկանին նրա երդմնազանցության համար, հավատաց, թե աստված ինքն է ներշնչել արքային այդ ցանկությունը: Նրան ուրախացնում էր, մանավանդ, այն միտքը, թե շուտով պիտի ազատե բանտից իշխան եղբայրներին և թափե կաթողիկոսարանը մահմեդականների ձեռքից: Այս պատճառով հանձն առավ յուր ռազմական բոլոր ուժը համախմբել Դվնո շուրջը:

Շուտով մյուս իշխաններն էլ սկսան կարգավորել իրանց զորքը և պատրաստել նրան մոտալուտ հարձակման:

Երազգավորսի շուրջը գտնվող դաշտավայրերի վրա, ուր Տիգրիսի վտակը խառնվում է Ախուրյանի հետ, զարկած էին դաշնակից իշխանների զորաց վրանները: Մի քանի օր էր, ինչ այդտեղ սկսվել էր տագնապալից շարժում, մարդիկ կարծես կրակի մեջ էին: Զորագնդերի մի մասն ընդհարման վարժություններ էր անում, մի մասը հարձակման փորձեր էր կատարում, ոմանք մրցախաղերով էին պարապած, իսկ ոմանք պարսպահար գործիներ կամ պաշարման համար պիտանի նյութեր էին պատրաստում: Այդ ամենի վրա հսկում էին թե՛ իրանք` իշխանները և թե՛, մանավանդ, Վահրամ սեպուհը և Գոռ իշխանիկը: Վերջինս եթե փափագում էր օրվա գեթ մի ժամը անցնել յուր հարսնացուի հետ, որ այդ միջոցին գտնվում էր արքունիքում, այդ էլ չէր կարողանում, որովհետև ռազմական պատրաստությունները խլում էին նրա բոլոր ժամերը: Հազիվ գիշերվա մեջ հանգչում էր նա մի փոքր և վաղ առավոտվանից նորեն գործի սկսում:

Բայց արի պատանին ոչ միայն չէր տրտնջում, այլև ժպիտը չէր հեռացնում երեսից: Իսկ Վահրամ սեպուհը նրան ոգևորելու համար ասում էր.

— Շուտով, սիրելիս, Դվինը կառնենք, հաղթական տոներ կկատարենք և մայր տաճարի մեջ քո պսակը կօրհնենք:

Մինչդեռ Երազգավորսում այս պատրաստություններով էին զբաղված, տեղի ունեցավ մի անակնկալ դեպք, որ սառեցրեց զորքի և զորապետների եռանդը:

Այդ հետևյալն էր:

Արքայի Շիրակ գավառը մտնելու օրից արդեն լուր էր հասել ոստիկանին, թե թագավորը մեծ զորքով վերադառնում է յուր Ոստանը: Նսըրը, որ վաղուց ծանոթ էր Աշոտ Երկաթի քաջության և գիտեր, թե նա քանի՛ անգամ է ընկած տեղից բարձրացել, նորից զորացել և յուր իշխանության վնասներ է հասուցել, սաստիկ վախեցավ, երբ նրա վերադարձը լսեց: Նրա երկյուղը զորացրին մանավանդ արքայի գնացքին հետևող յուր այն լրտեսները, որոնք եկան և պատմեցին նրան այդ մեծադղորդ վերադարձի մանրամասնությունները, հայտնեցին զորքերի թիվը, նկարագրեցին նրանց սպառնական ընթացքը, ժողովրդական ոգևորությունը, արքայի ընդունելության փառահեղությունը և այլն:

Արդեն Աբասի հաշտությունը թագավորի հետ այնպիսի մի դեպք էր, որից ոստիկանը պիտի վախենար, որովհետև այդ երկու քաջերի միությանն արաբացիք դիմադրել չէին կարող: Բայց երբ նա իմացավ, որ Սյունյաց Սմբատ իշխանը ևս միացել է նրանց հետ յուր զորքերով, էլ սրտի բոլոր քաջությունը կորցրեց:

“Այո, միությունը ուղղված է իմ դեմ, — մտածեց նա ինքն իրան. — թագավորն ուզում է հալածել ինձ այստեղից, նա չէ գոհացել իմ զորքերը ջարդելով և աշխատում է ուրեմն ամիրապետի իշխանությունը վերացնել այս երկրից: Իսկ Սմբատ իշխանը միացել է նրա հետ, որպեսզի վրեժ լուծե այն անարգանաց համար, որ ես հասուցի նրան` իր երդման դրժելով և յուր եղբայրները զնդանում պահելով...”:

Այս մտածությամբ ընկճված` նա հրավիրեց յուր մոտ Բեշիր զորապետին և Դվնո դենպետին և խորհուրդ արավ նրանց հետ, թե ինչպե՞ս կարող է սպառնացող վտանգը հեռացնել իրանից:

Բեշիրը հայտնեց, որ քաղաքում գտնվող արաբական զորքը հազիվ կարող է տասնօրյա պաշարման դիմադրել, ըստ որում համբարանոցներում պաշարը նվազած է և շուտով այն հայթայթել չեն կարող: Միակ փրկությունը Դամասկոս սուրհանդակ ուղարկելը և ամիրապետից օգնական զորք խնդրելն է, բայց այդ միջոցը երկար կտևի և հայերը մինչև այն կարող են Դվինը պաշարել:

— Ինչպե՞ս կլինի, եթե մենք ինքներս հաշտություն առաջարկենք նրանց և թագավորի բարեկամությունը խնդրենք, — հարցրեց ոստիկանը:

— Մեր կրոնն իրավունք է տալիս քեզ խոնարհել և կեղծավորել անհավատին, եթե բռնությամբ չես կարող հաղթել նրան, — ասաց դենպետը.-միայն պիտի գիտենաս, որ մի անգամ խոնարհելուդ համար` տասն անգամ պիտի խոնարհեցնես, երբ հանգամանքները նորեն հաջողին քեզ:

— Այո՛, ինձ միայն մի անգամ է անհրաժեշտ խոնարհիլ այդ թագավորին, որպեսզի նրա շուրջը խմբված զորքերը հեռացնեմ,-պատասխանեց ոստիկանը, — իսկ այնուհետև, գիտեմ, նոր երկպառակություն կծագի, իշխանները կրկին կելնեն միմյանց դեմ. “երկու հայի գլուխ մի կաթսայում չի եփվիլ”, այդ հո հին առած է. և ահա՛, երբ այդ առածը կճշտվի, այն ժամանակ նորեն մենք մեր սուրը կհանենք:

— Այո՛, այդպես լավ է. այդ է միակ խոհական միջոցը, — ասաց Բեշիրը, և դենպետը համաձայնվեցավ նրա հետ:

Եվ ահա՛ մի գեղեցիկ օր, երբ դաշնակից իշխանները վերջին զորահանդեսն էին կատարում և թագավորը յուր նժույգը հեծած և ոստանիկ թիկնապահներով շրջապատած ներկայանում էր հանդեսին, որպեսզի անձամբ ոգևորե և քաջալերե զորքերին, ահա՛ հանդիպակաց դաշտի վրա երևաց հեծյալների մի խումբ, որ արշավասույր դիմում էր դեպի հայոց բանակը: Երբ նա բավական մոտեցավ, Մարզպետունի իշխանը նկատեց արաբական դրոշը և հրամայեց Գոռին ընդառաջել յուր գնդով և տեղեկանալ, թե ովքե՞ր են և ինչո՞ւ են գալիս:

Որքան մեծ եղավ երիտասարդի զարմանքը, երբ նա հեծելախմբին մոտենալով` տեսավ նրա հետ Սյունյաց Բաբգեն իշխանին պատվավոր զրահավորության մեջ և ոստիկանի ավագանիներով շրջապատված: Մինչդեռ նա անակնկալ հանդիպումով շփոթված պատրաստվում էր յուր զարմանքը արտահայտելու, իշխանը դիմեց դեպի նրան և փարելով երիտասարդին` համբուրվեցավ նրա հետ:

— Ի՞նչ դեպք և ի՞նչ հողմ հաջողեցին քո դարձը, տեր... — բացականչեց Գոռը ուրախանալով:

Իշխանը մի քանի խոսքով հայտնեց նրան յուր առաքելության նպատակը, և ապա երկուսը միասին, իրանց հետևորդներով, դիմեցին դեպի բանակը:

Սյունյաց Սմբատ իշխանը հեռվից ճանաչեց եղբորը և առաջ վազելով փարեց նրան ջերմագին: Հարազատների հանդիպումն այնքան սրտաշարժ էր և ուշագրավ, որ ստիպեց ոստիկանի պատգամավորներին սպասել միառժամանակ բանակից դուրս, մինչև որ եղբայրական սիրո հուզումն անցներ և սրտերը հանգստանային: Ապա Բաբգեն իշխանը միանալով նրանց հետ` ներկայացավ թագավորին, որ ընդունեց պատգամավորներին բացօթյա և բոլոր յուր իշխանների ներկայությամբ:

— Ամիրապետի ոստիկանը, Նսըր ամիրան, շնորհավորում է մեր բերանով քո արքայական վերադարձը դեպի շահնշահիդ աթոռանիստը, — առաջ գալով խոսեց արքայի հետ պատգամավորության առաջնորդը. — ընդսմին, ցանկանալով մշտական բարեկամություն հաստատել հզոր շահնշահի հետ, ամիրան խնդրում է մոռանալ ամեն գժտություն, որ տեղի է ունեցել մեր մեջ, ամեն քեն ու ոխ, որ առաջացել է ցավալի ընդհարումներից և դնել միմյանց հետ խաղաղության ուխտ` թե՛ ամիրապետի և թե՛ ձեր ժողովրդի շահուն համար: Եվ ահա՛ յուր բարի դիտավորությունն ապացուցանելու համար ոստիկանը հանել է բանտից Սիսանյան իշխաններին, որոնցից մինը յուր ազատ կամքով առաջնորդեց մեզ մինչև այստեղ, իսկ մյուսը, այն է` Սահակ իշխանը, պատվով ապրում է Դվնո մեջ, հայոց թագավորների կառուցած ապարանքում: Այս ամենից հետո` ամիրան ուղարկում է շահնշահին արժանավայել ընծաներ, որոնց և խնդրում է ընդունել` իբր իսկական հավաստիք դեպի հայոց ազգն ու թագավորը ունեցած յուր անկեղծ բարեկամության:

Այս ասելով առաջնորդը նշան արավ և ընծայակիրները մատուցին արքային իրանց բերած ընծաները:

Թագավորը, թեպետ դժգոհ այս անակնկալ պատգամավորությունից, այսուամենայնիվ, ի պատիվ Բաբգեն իշխանի` սիրով ընդունեց նրանց, շնորհակալություն արավ ոստիկանի բարի դիտավորության և ղրկած ընծաների համար, ապա հրավիրելով պատգամավորներին քաղաք, խոստացավ նրանց` պատասխանել ամիրայի առաջարկության մի քանի օրից հետ:

Բայց այս նորությունն անախորժ տպավորություն արավ ինչպես իշխանների, նույնպես և զորքի վրա: Ամենքն արդեն պատրաստված էին Դվին հարձակվելու, զորքերին, մանավանդ, վառել բորբոքել էին Աբասը մի կողմից, Մարզպետունին մյուս կողմից: Իսկ Գոռ իշխանիկը ժամեր էր համարում Դվնո դաշտն իջնելու համար: Նա մտածել էր անձամբ մուտ գործել քաղաքի ներքնուղին, որի գաղտնի ելքը ծանոթ էր իրան և յուր ձեռքով տնկել հաղթության դրոշը Դվնո միջնաբերդի վրա: Դրանից ավելի լավ հաղթության առիթ չէր կարող նա երազել. իսկ այդ հաղթության մրցանակը պիտի լիներ այն օրիորդի համբույրը, որ սպասում էր իրան Երազգավորսի արքունիքում:

Այսուամենայնիվ խորամանկ հագարացու պատգամավորությունը ի դերև էր հանում քաջերի հույսը: Շատերը նրանցից ցանկանում էին, որ թագավորը մերժե ոստիկանի առաջարկությունը և խաղաղությունը ձեռք բերե ոչ թե արաբացոց հետ բարեկամանալով, այլ նրանց յուր երկրից ընդմիշտ արտաքսելով:

Այս առթիվ, ահա՛, խորհուրդ կայացավ թագավորի մոտ: Բոլորն սկզբում հարձակման կողմն էին: Բայց երբ Բաբգեն իշխանը հայտնեց, թե Նսըրը առանձին հասկացրել է իրան, որ յուր Սահակ եղբորը — թեկուզ ազատած, այսուամենայնիվ, պահում էր Դվնում իբրև պատանդ և եթե թագավորը մերժելու լինի յուր առաջարկությունը և մոտենա Դվնին` զորքով յուր քաղաքը պաշարելու, առաջին օրն իսկ նա կախել պիտի տա իշխանին պարսպի աշտարակի վրա, ամենքը մնացին շվարած:

— Եղբորս կյանքը վտանգի չենթարկելու համար, գոնե, պիտի ընդունենք ոստիկանի առաջարկությունը, — խոսեց իսկույն Սմբատ իշխանը, վախենալով, կարծես, մի՞գուցե ուրիշները հակառակ կարծիք հայտնեն:

— Դու շտապեցիր, սիրելի իշխան, — նկատեց թագավորը ժպտալով. — որքան էլ մեր զորքի և իշխանների պահանջը` Դվին հարձակվելու նկատմամբ իրավացի է, այսուամենայնիվ ես ավելորդ մի զինվոր չեմ զոհիլ այնպիսի ժամանակ, երբ թշնամու բարեկամությունը հնարավոր է ձեռք բերել խաղաղությամբ: Թեպետ մեր ուժը գերազանց, թեպետ հանգամանքները նպաստավոր, այսուամենայնիվ մենք չենք կարող Դվինը գրավել, առանց գոնե մի քանի հարյուր զինվոր զոհելու. իսկ այդ զոհերը մենք պիտի խնայենք, քանի որ առանց այն էլ բավական շատ ենք զոհել... Սկզբում, ճշմարիտ է, անհաճո տպավորություն արավ ինձ վրա ոստիկանի պատգամը, բայց այդ այն պատճառով, որ ես էլ վարակված էի ձեր ոգևորությամբ: Իսկ հետո սկսա լրջությամբ կշռել և եկա այն համոզման, թե ավելի լավ է Դվնո տիրապետ թողնել ամիրապետի ոստիկանին, քան թե նրան հալածելու համար զոհել մի քանի հարյուր հոգի: Արդ, եթե հասարակ զինվորների նկատմամբ այս մտածմունքն է մեզ առաջնորդում, որքա՞ն ևս առավել զգուշությամբ պիտի հոգանք քո եղբոր և իմ հարազատի համար, որ սիրելին է թե՛ մեր արքունյաց և թե՛ համայն սյունեցոց և որի կյանքն այս րոպեիս գտնվում է գազան հագարացու ձեռքին: Այս պատճառով, ահա, ես որոշում եմ ընդունել ոստիկանի առաջարկությունը և բարեկամության դաշն կռել նրա հետ: Այնուհետև, եթե մեզ ազատ ժամանակ կմնա, կզբաղվենք մեր երկրի ներքին շինությամբ, մինչև որ մի օր բախտը կհաջողե Սահակ իշխանին ևս ոստիկանի ձեռից փրկելու:

Թագավորի որոշումը սիրով ընդունեցին ամենքը, իսկ Սյունյաց իշխանները սրտագին շնորհակալություն արին նրան` իրանց եղբոր նկատմամբ ունեցած խնամոց համար:

Ներկա եղողների մեջ դժգոհ էր միայն Գոռ իշխանիկը, որովհետև արքայի որոշումը խլում էր նրանից այն փառքը, որ նա հույս ուներ ձեռք բերել Դվնո առման ժամանակ:

Այդ բանը նկատեց թագավորը և ժպտալով դարձավ յուր խորհրդականներին.

— Ձեզանից ո՞վ կարող է առաջարկել ինձ մի միջոց, որով կարողանանք փոխարինել Գոռ իշխանի այն կորուստը, որ նա կրում է այս հաշտությամբ:

— Ես, տե՛ր արքա, — բացականչեց Վահրամ սեպուհը:

— Խոսի՛ր, սեպուհ, ես շնորհապարտ կմնամ քեզ, — ասաց թագավորը շարունակ ժպտալով:

— Մի քանի ամիս առաջ, տե՛ր արքա, մենք Գառնիում օրհնեցինք Գոռ իշխանի և քո հոգեդուստր օրիորդ Շահանդուխտի նշանադրությունը: Մենք պայման դրինք` այն ժամանակ պսակել նրանց, հենց որ հագարացիք հեռանան մեր երկրից և խաղաղությունը տիրե: Այդ պայմանը, ահա՛, լրումն առավ այսօր, թեպետ հագարացիք դեռ չեն հեռացել Հայաստանից, բայց միևնույն է, նրանց ուժն արդեն խորտակված է, քանի որ իրանք են հաշտություն խնդրում մեզանից. ուրեմն հասել է պսակի ժամը: Հրամայի՛ր մեզ հարսանյաց տոնախմբություններն սկսել և դրանով մեր իշխանի կորուստը կփոխարինվի:

— Կեցցե՛ս, սեպուհ, ավելի իմաստուն առաջարկություն անկարելի էր անել, — բացականչեց թագավորը. — վաղուց մեր արքունիքը կարոտ էր ուրախության: Թո՛ղ ուրեմն վաղվանից ամեն ինչ պատրաստվի: Սյունյաց օրիորդի հարսանյաց, ի դեպ, կմասնակցեն օրիորդի հորեղբայրները և Սյունյաց քաջերը:

Մարզպետունի իշխանը վեր կացավ տեղից և շնորհակալություն արավ արքային յուր այդ ուրախարար հրամանի համար, իսկ Գոռը, որ ամոթխածությունից շառագունել էր բոլորովին, ծնկան եկավ և թագավորի ձեռքը ջերմությամբ համբուրեց:

Հետևյալ առավոտ հաշտության դաշնագիրը գրվեցավ, որ թագավորը կնքելով հանձնեց ոստիկանի պատգամավորներին, տալով նրանց նաև զանազան ընծաներ Դվնո ոստիկանին տանելու համար:

Իսկ մի քանի օրից, Ամենափրկիչի հոյակապ տաճարում, որ կառուցել էր Սմբատ թագավորը, մեծ հանդեսով ու շուքով կատարվեց Գոռ իշխանի և Շահանդուխտ օրիորդի ամուսնության պսակը: Այդ հանդեսին ներկա էին թագավորը, թագուհին, բոլոր արքայազունները և համայն իշխանապետական դասակարգը: Գառնո ամրոցում արած խոստման համաձայն` նորապսակների խաչը բռնեց Վահրամ սեպուհը, որ այդ օրը յուր հանդիսական զեն ու զարդի մեջ նմանում էր մի հոյակապ դյուցազնի:

Ինչ վերաբերում է Գոռ իշխանին և Շահանդուխտ օրիորդին, նրանք արդեն բոլոր համախմբված քաջերի և գեղեցկուհիների անզուգական պսակն էին կազմում:

Մի քանի օր շարունակ տևեցին հարսանյաց տոնախմբությունները: Բոլոր Շիրակը, համարյա, մասնակցեց արքունյաց ուրախության, իսկ զորքերը նրանով ա՛յն աստիճան զբաղվեցան, որ մոռացան, մինչև անգամ, Դվնո առման արգելք եղող ոստիկանի պատգամավորներին:

Դ

925 թվականը վերջացավ և սակայն Հայոց երկիրը, շնորհիվ տեղի ունեցած հաշտությանց, վայելում էր դեռ կատարյալ անդորրություն:

Այս պատճառով դաշնակից իշխանները իրանց զորքերով հեռացել էին Երազգավորսից, Մարզպետունի իշխանը միայն չէր կարողանում վերադառնալ յուր ամրոցը` Գառնի, ուր վաղուց արդեն գտնվում էր Գոռը` նորապսակ հարսի և իշխանուհի մոր հետ:

Արքայի հարցին` թե “ինչո՞ւ իշխանը չէ կամենում հանգստանալ”, վերջինս պատասխանեց.

— Իմ հանգստության ժամը չէ հասել տակավին:

— Ի՞նչ կնշանակե այդ, — հարցրեց թագավորը:

— Ես դեռ պարտք ունիմ կատարելու, — ավելացրեց իշխանը:

— Դու քո պարտքերը հատուցել ես արդեն, — նկատեց թագավորը. — ահա՛ լրանում է երկրորդ տարին, ինչ դու շարունակ հոգսերի մեջ ես: Դու ազատեցիր ինձ ապստամբների հետապնդությունից, դու չարչարվեցար իշխանների միության համար, բանակ կազմեցիր` գրեթե չեղած տեղից, հաղթանակ տարար թշնամիների վրա. հագարացոց հրոսախմբերը ցրվեցիր, վերջապես Աբասին ինձ հետ հաշտեցրիր և Դվնո ոստիկանին ահաբեկելով, ստիպեցիր նրան բարեկամություն խնդրել մեզանից, ուրիշ էլ ի՞նչ պարտք է մնում քեզ կատարելու:

— Ամենից գլխավորը, տե՛ր:

— Այսինքն:

— Երդմանս պարտքը:

— Ի՞նչ երդման, — հարցրեց թագավորը զարմանալով:

— Այն, որ երդվեցի Գառնիում, ս. Մաշտոցի գերեզմանի վրա, իմ ուխտի զինվորներին և Գառնո ժողովրդյան առաջ:

— Այսինքն:

— Չվերադառնալ ընտանյացս գիրկը, չմտնել իմ հարկի տակ, մինչև, որ վերջին հագարացին չհալածեմ հայրենի սահմաններից:

Թագավորը նոր հիշեց այդ պատմությունը, որ արել էր նրան իշխանը Սևանում և տարակուսելով հարցրեց.

— Ինչո՞ւ, ուրեմն, թույլ տվիր ինձ հաշտվել ոստիկանի հետ, քանի որ այդպիսի ուխտ ունեիր արած:

— Մտածեցի, թե ավելի լավ է տարագիր մնամ իմ տանից, քան թե մեր բանակը վտանգի ենթարկեմ:

— Դու առաջ արդեն մտադիր էիր Դվնո վրա հարձակվելու, — նկատեց թագավորը. — մի՞թե այն ժամանակ զերծ պիտի մնար զորքը վտանգից:

— Այն ժամանակ հույս ունեի իմ հավատարիմների վրա, որոնք կաթողիկոսի հետ միասին Դվին պիտի մտնեին: Բայց հետո այդ հույսը ոչնչացավ, որովհետև “բռնավորը” մեր գաղտնիքը մատնեց:

Թագավորը լռեց և ընկավ մտածության մեջ: Նա ճանաչում էր իշխանին, գիտեր, որ որչափ քաջ և աննկուն էր նա թշնամիների առաջ, նույնչափ և փափկասիրտ ու խանդակաթ էր դեպի յուր ընտանիքը: Այդ պատճառով վշտացավ, որ իշխանը հեռու է գտնվում Գառնիից յուր երդման պատճառով և այդ` այնպիսի մի ժամանակ, երբ նրա միամոր որդի Գոռը նորապսակ հարսի և իշխանուհի մոր հետ վայելում է այնտեղ ընտանեկան կյանքի քաղցրությունները: Նա գիտեր, զգում էր, թե որչա՛փ սրտագին կփափագեր իշխանը մասնակցել յուր որդվո ուրախության` սեփական հարկի տակ: Չէ՞ որ յուրաքանչյուր ծնող տենչանոք սպասում է այն օրին, երբ պիտի տեսնե որդուն արժանավոր ամուսնությամբ բախտավոր... Եվ ահա՛ իշխանի համար հասել էր ցանկալի օրը, բայց բախտի անողոք որոշմամբ նա չէր կարողնում այժմ վերադառնալ յուր տունը, տեսնել որդուն երջանիկ և նրա երջանկությունը կրկնապատկել յուր հայրական գգվանքներով:

Այս մտքերը հուզեցին թագավորին: Նա պատրաստ էր ամեն անձնվիրության, միայն թե ազատեր սիրելի իշխանին երդման կապանքներից: Այդպիսով, գոնե, կփոխարիներ մի փոքր նրա երախտիքը: Բայց ի՞նչ կարող էր անել: Միակ հնարը ոստիկանի հետ դրած ուխտին դրժելն էր, որ, սակայն, իբրև քրիստոնյա թագավոր նա չէր կարող անել:

Բայց նա սիրով ընդունեց իշխանի մի առաջարկությունը, որի նպատակն էր օրինական ճանապարհով ստիպել ոստիկանին` կատարել իրենց մի պահանջը և կամ պատերազմել իրանց հետ:

— Նսըրի բարեկամությունը մերժելու մենք առիթ չունինք, բայց մեր հափշտակած գույքը ետ պահանջելու իրավունք միշտ ունինք, — ասաց իշխանը թագավորին: — Կաթողիկոսարանի գրավումը ոչ միայն հափշտակություն, այլև սրբապղծություն է, որի նմանը չեն կատարել ո՛չ պարսից մարզպանները և ո՛չ Նսըրից առաջ եղող ոստիկանները: Եթե այդ անարգանաց վրեժը մենք չլուծեցինք, գոնե պիտի պահանջենք, որ եկեղեցուց հափշտակածը վերադարձնեն եկեղեցուն: Այս պատճառով ահա՛ ես կամենում եմ գնալ Վասպուրական և համոզել կաթողիկոսին, որ նա նորեն վերադառնա այստեղ և իբրև եկեղեցվո գլուխ` պահանջե եկեղեցվո սեփականությունը: Վեհափառն այժմ չի վախենալ նրանից, որովհետև մենք արդեն հաջողության մեջ ենք: Եթե ոստիկանը նրա պահանջը կատարե, վերջինս կրկին կմտնե յուր աթոռանիստը, իսկ եթե ոչ, այն ժամանակ մենք սրով ձեռք կբերենք այն` ինչ որ մեզ է պատկանում: Որովհետև ոչ մի պատվասեր ազգ բարեկամության դաշն չի կռիլ մի դրացու հետ, որ բռնաբարում է յուր սրբազան իրավունքները:

Թագավորն իրավացի գտավ իշխանի խոսքերը և հաճություն հայտնեց նրա մտադրության: Եվ որովհետև վերջինս միտք ուներ նաև դաշնակցել Գագիկ Արծրունու հետ, որպեսզի պատերազմի դեպքում նա ևս միանա Արարատյան իշխանապետության, ուստի հետկար խնդրեց թագավորից, որպեսզի իբրև լիազոր ներկայանա Գագիկին: Թագավորը տվավ նրան ինքնագիր նամակ:

Մի քանի օրից հետ Մարզպետունի իշխանը յուր թիկնապահներով ելավ Շիրակից և ուղղվեցավ դեպի Վասպուրական:

Բայց դեռ չէր հասել Արծրունյաց ոստանին, երբ լուր հասավ նրան, թե Հովհաննես կաթողիկոսը վախճանվել է Զորո-վանքում:

Իշխանը սաստիկ վշտացավ այդ գույժն առնելով, որովհետև կաթողիկոսի մահվամբ մի քանի չարիքներ միասին էին առաջանում: Առաջին` խանգարվում էր յուր մտադրությունը, որ էր Դվնո առումը և հագարացոց հալածումը: Երկրորդ` կաթողիկոսարանն ու եկեղեցական կալվածները մնում էին Նսըրի իշխանության ներքո, որով բազմաթիվ վանքեր ու միաբանություններ ենթարկվում էին կարոտության: Երրորդ` ինքը իշխանը զրկվում էր երդումից ազատվելու և յուր ընտանյաց գիրկը վերադառնալու հնարավորությունից, և չորրորդ` կաթողիկոսական գահը մնում էր Վասպուրականում և այդ առթիվ պիտի հառաջանային զանազան գժտություններ ու պառակտումներ և շարունակվեին, ո՛վ գիտե, քանի՛-քանի՛ տարիներ և ստեղծեին անշուշտ հակաթոռ կաթողիկոսություններ, որով և կազմալուծեին եկեղեցական իշխանապետությունը, որ առանց այն էլ հեռի էր նախանձելի վիճակ ունենալուց:

Այսուամենայնիվ իշխանն շտապեց Զորո-վանքը` ներկա լինելու կաթողիկոսի թաղման:

Վասպուրականի բազմաթիվ ժողովրդյան հետ միասին խռնված էին այստեղ նաև նրա վանքերի հոգևոր հայրերը և գլխավոր եպիսկոպոսները: Այդտեղ էր նաև Գագիկ թագավորը յուր մեծամեծ իշխաններով և պալատական տիկնանցով: Մարզպետունի իշխանը ներկայացավ Զորո-վանքում իբրև Արարատյան իշխանապետության ներկայացուցիչ, և Գագիկ թագավորն ընդունեց նրան արժանավայել մեծարանքով:

Երբ կաթողիկոսի մարմինն ամփոփեցին վանքի դամբարանում, Գագիկ թագավորը հրավիրեց Մարզպետունուն յուր արքայական ոստանը` Վան:

Այստեղ իշխանը մնաց մի քանի ժամանակ և ապրելով թագավորի արքունիքում` յուր իմաստության և ազնվական հատկությանց շնորհիվ սիրելի դարձավ ոչ միայն թագավորին, այլև նրա բոլոր իշխաններին ու պալատական տիկնանց: Այս առավելության արդյունքը եղավ այն, որ Գագիկ թագավորն ընդունեց Աշոտ արքայի ինքնագիր նամակով առաջարկած բարեկամությունը և միության ուխտ հաստատեց նրա հետ, գրելով այդ առթիվ դաշնագիր և վավերացնելով այն յուր ստորագրությամբ ու կնիքով:

Այդ միջոցներում ահա՛ հոգևոր միաբանությունների մեջ սկսավ արծարծվիլ նոր կաթողիկոս ընտրելու խնդիրը և մի քանի նշանավոր վարդապետանոցներ Մարզպետունու գուշակած երկպառակության դրոշը պարզեցին:

Հայաստանի հյուսիսային նահանգներում հոգևորականությունը ցանկանում էր, որ կաթողիկոսն ընտրվի իրանց եպիսկոպոսներից և բազմե անպատճառ Ոստանում, իբրև կաթողիկոսի մշտական վեհավայրում, մինչդեռ հարավային նահանգներում ցանկանում էին, որ նա լինի Վասպուրականի վանականներից և բազմե Զորո-վանքում, ըստ որում կաթողիկոսը վախճանվել էր այդտեղ:

Հոգևոր միաբանությանց արծարծած խնդիրը գրավեց նաև կուսակից իշխաններին և երկպառակությունը հետզհետե ընդհանրացավ: Փոքր իշխաններին միացան մեծերը, իսկ այս վերջիններին` նախարարական տները:

Մարզպետունի իշխանը յուր փորձառու իմաստությամբ զգաց, որ այդ շփոթը կարող է վնասել յուր նոր ստեղծած միությանը և, հետևապես, արգելք լինել ապագա ձեռնարկությանց, որովհետև տեսնում էր, թե հյուսիսային նահանգների դեմ բողոքող ձայներին միանում էր նաև Գագիկ արքայի Տունը: Նա իսկույն մի նամակով դիմեց Աշոտ թագավորին և ծանուցանելով նրան գալիք վտանգները, խնդրեց այս հարցի մեջ համակերպիլ վասպուրականցիներին, որպեսզի դրանով Գագիկի ինքնասիրությունը շոյվի:

Այսպիսով Արծրունյաց Տունը ավելի սերտ կկապվեր Բագրատունյաց հետ, իսկ այդ բարեկամությունն օգուտներ կբերեր ապագայում թե՛ գահին և թե՛ հայ”րենիքին:

Այսպիսի մի նամակ էլ նա գրեց արքաեղբորը, խնդրելով նրան` հորդորել թագավորին յուր խնդիրը չանտեսել:

Եվ ահա անմիջապես նա ստացավ պատասխան, որով թագավորն ու արքաեղբայրը իրավունք էին տալիս նրան տնօրինել այդ խնդիրը ըստ յուր ցանկության:

Իշխանն այդ ժամանակ ներկայացավ Գագիկ թագավորին և հարցրեց նրան, թե ո՞ւմ կկամենար ընտրել կաթողիկոս և ո՞ւր կցանկանար բազմած տեսնել նրան:

Գագիկ թագավորը պատասխանեց, թե յուր ընտրելին Վասպուրականի մեջ հայտնի Ստեփաննոս եպիսկոպոսն է. իսկ կաթողիկոսարանը նա ցանկանում է տեսնել Աղթամարա կղզում, ուր ինքը կառուցել է հոյակապ եկեղեցի և հզոր դղյակ և ուր որ շուտով արքունիքը պիտի տեղափոխե:

Իշխանը հայտնեց, թե Աշոտ թագավորը և Աբաս գահաժառանգը հրամայել են իրան, իբր Արարատյան իշխանապետության լիազորին` հարգել այդ խնդրում Գագիկ թագավորի կամքը: Հետևապես թող հաճի արքան ընտրել հայրապետական գահի ժառանգ նրան, որին ինքը կցանկանա և այդ ընտրության համար կտան իրանց հաճությունը հյուսիսային նահանգների նախաթոռ վարդապետարանները:

Գագիկ արքային մեծ հաճույք պատճառեց այդ լուրը:

— Աշոտ թագավորը և Աբաս թագաժառանգը երախտապարտ կացուցին ինձ այդ գեղեցիկ շնորհով, — բացականչեց նա ուրախությամբ.— այսուհետև Արծրունյաց տունը թող անբաժան զինակից լինի Բագրատունի թագավորաց և նրանց թշնամիները` թշնամի հռչակվին նաև մեր գահին:

Մի քանի ժամանակից հետ` Արծրունյաց Ոստանում խմբված համագումար ժողովում կաթողիկոս ընտրվեցավ Ստեփաննոս եպիսկոպոսը և այդ ընտրության, ինչպես խոստացել էր Մարզպետունին, իրանց հաճությունը տվին Աշոտ թագավորը և հյուսիսային նահանգների վարդապետանոցները:

Գագիկ թագավորը մեծ փառքով տարավ նորընտիր կաթողիկոսին Աղթամարա կղզին և օծել տալով նրան յուր նորակառույց ս. Խաչի տաճարում, բազմեցրեց այդտեղ իբրև հայոց ընդհանրական կաթողիկոս: Իսկ յուր շնորհակալիքը Աշոտ արքային հայտնելու համար ուղարկեց նրան թանկագին ընծաներ և նույնպիսի նվերներով էլ պատվեց Մարզպետունի իշխանին:

Բայց վերջինս ուրախ էր ոչ թե այդ սին ընծաներով, այլ այն բարեկամությամբ, որ ձեռք բերավ Վասպուրականում և որ ապագա հաջողությանց համար պիտի ծառայեր իբրև հիմնաքար:

Ինչ վերաբերում է կաթողիկոսական խնդրին, իշխանը նրան այն նշանակությունը չէր տալիս, ինչ որ տալիս էր Գագիկ Արծրունին: Վերջինս կաթողիկոսական աթոռը Աղթամարում ունենալը մեծ փառք էր համարում յուր համար, և մինչև անգամ մի առավելություն Արարատյան իշխանապետության նկատմամբ, մինչդեռ Մարզպետունին ավելի գին էր տալիս Արծրունյաց Տան նիզակակցության, հաստատ հավատացած լինելով, որ Վասպուրական իշխանների մի քանի գումարտակները ավելի շահ կարող են բերել գահին, քան թե Ոստանում նստող կաթողիկոսը, մանավանդ որ յուր ժամանակի ընտրելիների մեջ չէր նշմարում նա մինը, որ ժառանգ համարվեր Գևորգ կամ Մաշտոց արժանավոր հայրապետներին, այլ ամենքն էլ Հովհաննես կաթողիկոսի թուլության հաջորդներն էին:

Այդ հայացքն ունեին այս խնդրի վրա նաև Աշոտ թագավորն ու արքաեղբայրը: Այդ պատճառով և լիաբերան շնորհակալություն մատուցին Մարզպետունուն, որ նա իմաստնաբար խորհելով` փոքրը զոհել էր` մեծագույնը ձեռք բերելու համար:

Մարզպետունի իշխանը վերադարձավ Երազգավորս` գոհ յուր առաքելությամբ: Նա թեպետ անկարող եղավ վերադարձնել Հովհաննես կաթողիկոսին, բայց դրա փոխարեն բերավ յուր հետ Գագիկ թագավորի բարեկամության դաշնագիրը, որ առավել մեծագնի էր, քան հայրապետի վերադարձը:

Իշխանը հանգիստ առավ արքունիքում և սկսավ խորհել նոր ծրագրերի մասին, ըստ որում հանգամանքները փոխվել էին արդեն, և նա պարտավոր էր հարմարվել նրանց: Սկզբում նա մտածում էր տիրել մայրաքաղաքին գաղտնի ճանապարհով կամ ներքին դավադրությամբ, որպեսզի յուր զորքերը կորուստ չունենային: Բայց այժմ, երբ Գագիկը միաբանել էր արքայի հետ, էլ երկյուղ կրելու տեղիք չէր մնում: Հայերը կարող էին գրավել Դվինը նույնիսկ հարձակումով, եթե խաղաղ պաշարումը երկարաձգվեր: Եվ ահա իշխանը մտածում էր օգտվել ձմեռային ամիսներից և հարկ եղած պատրաստությունները տեսնել, որպեսզի գարունը բացվելուն պես առաջ վարեր զորքը:

Բայց անողոք բախտը խանգարում էր նրան: Հազիվ նա մի քանի գործեր կարգադրեց և հավատարիմներին հրահանգներ տվավ, ահա՛ գույժ հասավ Ուտիքից թե Ցլիկ-Ամրամը Գուգարաց և Տաշրաց իշխանների հետ միանալով` հյուսիսային այդ երեք նահանգները հանձնում է ափխազաց Բեր թագավորին:

(Այդ ժամանակ արդեն վախճանվել էր վերջինի հայր Գուրգենը, որ միևնույն ժամանակ Աբաս արքաեղբոր աներն էր և որի տեղ Ափխազիայում իշխում էր Բերը):

Այս լուրն ընդհանրապես ծանր տպավորություն արավ արքունիքում, բայց ամենից ավելի վշտացրեց արքային և իշխան Մարզպետունուն:

Երբ վերջինս մտավ թագավորի մոտ` Ամրամի այս նոր դավաճանության պատճառի մասին նրա կարծիքն իմանալու, արքային գտավ տխուր և տկար: Այսուամենայնիվ նա սիրով ընդունեց նրան և հետն սկսավ մտերմաբար խոսակցել:

— Այդ դավաճանությունը նոր չէ. դա հնի շարունակությունն է, — ասաց թագավորը: — Այդ սեպուհը, ինչպես մի անգամ էլ ասացի քեզ, ոչ թե ազգի, այլ ի՛մ թշնամին է: Հետևապես նրա այս չարությունն էլ ուղղված է իմ անձի դեմ: Նա լուռ էր մինչև այսօր, որովհետև ես փախուստ էի տվել յուր երեսից և ապրում էի Սևանում անփառունակ վիճակի մեջ: Իմ այդ դժբախտությունը գոհություն էր պատճառում նրան, և վրեժխնդրության կրակը հանգել էր նրա սրտում: Բայց այժմ, որովհետև դարձա իմ աթոռը, և քո շնորհիվ մեր գործերը մի քիչ հաջողեցան, ուստի հին ոխն ու վրեժը նորեն նրան գրգռեցին, և նա այդ ազգադավ չարությունը հղացավ: Այդ մարդը կարծում է, թե Աշոտ թագավորը բախտավոր է արդեն, թե ինձ համար երջանկության նոր արև է ծագել և այդ պատճառով մեր նահանգները հանձնում է Բերին, մեր հինավուրց թշնամուն, որպեսզի իմ սիրտը նոր վշտերով դառնացնե... Բայց եթե գիտենար, որ այս սիրտը վիրապատ ու մահամերձ է արդեն, գուցե, իբրև մարդ, խղճահարվեր... դադարեր չարիքներ գործելուց...

— Ես կամենում եմ թողնել այս տեղի գործը կամ հանձնել այն մեծ իշխան Աբասին և դիմել Ուտիք, գուցե կարողանամ վտանգի առաջն առնել, քանի ափխազաց թագավորը չէ եկել յուր կապուտը գրավելու, — ասաց Գևորգ իշխանը:

— Գնալ Ուտի՞ք... Այո՛, այդ կարևոր էր... բայց դու շատ հոգնեցար. Հայոց աշխարհը ուրիշ Մարզպետունի չունի, դու պետք է խնայես քեզ:

— Մարզպետունիները աննշան մարդիկ կլինեին, եթե անգործ նստեին: Հրամայիր ինձ, արքա, վաղն ևեթ ճանապարհվել, գուցե կարողանամ դեռ պիտանի լինել գործին, — հարեց իշխանը:

Թագավորը մի քանի վայրկյան մտածեց և ապա նայեց Մարզպետունու աչքերին: Նա, կարծես, կամենում էր մի նոր բան ասել, բայց քաշվում էր:

— Մի՞թե որևէ միտք արգելում է քեզ` տալ ինձ այդ հրամանը, — հարցրեց իշխանը թագավորին:

— Ո՛չ. դու կարող ես գնալ, և գուցե այս անգամ ազդես նրա վրա... բայց որտե՞ղ հույս ունիս պատահել Ամրամին:

— Ամբողջ Ուտիքը կարող եմ շրջել:

— Ո՛չ, ավելի լավ է գնալ ուղղակի Տավուշ... գուցե նա դեռ այնտեղ լինի:

— Տավո՞ւշ... շատ բարի, ես ամենից առաջ կմտնեմ Գուգարք:

— Ուրեմն կարող ես մի քանի օրից ճանապարհվել:

— Կճանապարհվեմ նույնիսկ վաղը, այստեղ ինձ ոչինչ չի ուշացնում:

— Վա՞ղը... այդպես շո՞ւտ:

— Այո՛. որքան շուտ, այնքան լավ:

Թագավորի սիրտը, կարծես, տեղահան եղավ, մի ուրախ անհանգստություն, որից սակայն անբաժան էր վշտերի զգացումը, նրա սիրտը պաշարեց: Եվ նա մոռացավ իսկույն հյուսիսային նահանգները, մոռացավ Բերին, Ցլիկ Ամրամին... Նրա միտքը սլացավ դեպի Տավուշ, թափանցեց նրա դղյակի ներքին խորշերը և այդտեղ որոնում էր թշվառ բանտարկյալին, այն գեղանի իշխանուհուն, որի հրավառ աչքերը դժբախտ սեր վառեցին յուր սրտում և որ պատճառ դարձավ մի շարք չարիքների... Որքա՛ն ժամանակ էր, որ նա չէր տեսել նրան, որքա՛ն ժամանակ էր, որ լուր չուներ նրանից: Արդյոք մեռա՞վ, թե՞ ապրում է դեռ. սիրո՞ւմ է իրան, թե՞ անիծում... ոչինչ չգիտեր:

Մի անգամ միայն, երբ եգերացոց զորքով մտավ նա Գուգարք, լսեց որ Ամրամը փակել է յուր կնոջը դղյակի զնդանում և պահում է նրան ինչպես մահապարտի... Այնուհետև այլևս ուրիշ լուր չառավ: Իսկ այժմ, ահա՛, երբ Գևորգ իշխանը գնում է Տավուշ, հարկավ մի տեղեկություն կբերե Ասպրամ տիկնոջից... Եվ ինչպե՜ս կցանկանար պատվեր տալ նրան այդ մասին... հրամայել... ո՛չ, խնդրել, աղաչել, որ նա մտնե այն խուցը, այն խավարչտին բանտը, ուր փակված է թշվառ սիրո զոհը. խոսե նրա հետ, հայտնե, որ հայոց թագավոր Աշոտ Երկաթը դեռ հիշում, դեռ սիրում է նրան... որ նա չարաչար տանջվում է տիկնոջ տխուր վիճակը հիշելով. նրա դալկահար դեմքը, նրա լացող աչքերը երևակայելով...

Բայց մի՞թե կարելի էր այդպես պատվեր տալ Մարզպետունուն. այն առաքինի հերոսին, որ աշխարհի մեջ միայն երւկու սրբություն էր ճանաչում — հայրենիք և ընտանիք, և որ միայն այդ սրբարանների առաջ էր խոնարհվում:

Այդ իհարկե գիտեր թագավորը, ուստի և նրան ոչինչ չպատվիրեց: Նա գոհ եղավ միայն այն մտածությամբ, թե իշխանը տիկնոջ մասին կլսե անշուշտ Տավուշում մի նորություն և կբերե այն իրան:

Հետևյալ օրը, ինչպես որ որոշված էր, իշխանը յուր թիկնապահներով ելավ Երազգավորսից և ուղղվեց դեպի Գուգարք:

Ե

ՀԻՆ ՎՇՏԵՐԻ ՎԱԽՃԱՆԸ

Չնայելով որ ձյունը պատել էր արդեն Գուգարաց լեռները և ճանապարհները փակել, այսուամենայնիվ Տավուշի բերդում հեռավոր ճանապարհորդության պատրաստություն էին տեսնում: Իշխանական դղյակում բազմաթիվ ծառաներ զբաղված էին իրեղեններ դարսելով, բեռներ կապելով կամ պաշար պատրաստելով: Հպատակ գյուղացիները ներս ու դուրս էին անում դղյակի բակը` քաշելով իրանց ետևից գրաստների շարքեր: Նրանցից ոմանք բեռներ էին բարձում և ոմանք դատարկ վերադառնում, նայելով թե որքա՛ն ուժեղ կամ առողջ էին լինում բերած գրաստները: Այս բոլոր աշխատությանց հսկում էին այր մարդիկ, և ամբողջ դղյակում չէր երևում ոչ մի կին: Նույնիսկ հագուստներն ու շորեղենը դարսում էհն ծառաներ, չնայելով որ դա աղախինների գործ էր: Կարծես մի հարվածող խարազան հալածել էր այդ դղյակից բոլոր այն արարածներին, որոնք կին անունն էին կրում:

Աշտարակազարդ դղյակի վերին դահլիճներից մինում, ուր ընդարձակ ծխնելույզի մեջ վառվում էր մեծ կրակ, անցուդարձ էր անում Ամրամ սեպուհը: Նրա դեմքը տխուր, ճակատը կնճռած և հայացքի մեջ կրակը հանգած էր: Հարուստ մորուքը, որ իջնում էր մինչև գոտին, ծածկվել էր արդեն սպիտակ ալիքներով և կազմում էր հակապատկերը յուր հագուստին, որ կարված էր միայն սևերից: Նրա մեջքը չէր գրկում այլևս արծաթե կամար և ոչ էլ գոտին կրում էր ոսկեպատ սուր: Յուր ձեռքի զարդը մի սև համրիդ էր, որի հատիկները նա շարունակ քաշում էր և համր քայլերով հետ ու առաջ ընթանում:

Հանկարծ նա կանգ առավ դահլճի նեղ և գունավոր ապակիներ ագուցած պատուհանի առաջ և սկսավ ուշադիր նայել դեպի Տավուշի ձորակը, որի լանջերով սրընթաց բարձրանում էր հեծյալների մի խումբ: Որքան էլ որ սեպուհը լարեց յուր տեսողությունը, այնուամենայնիվ չկարողացավ ճանաչել խմբի առաջնորդին, որ հասարակ մարդ չէր երևում, բայց հետևորդների հագուստից գուշակեց, որ Ոստանի կողմից էին եկողները:

Երբ հեծյալները հասան բերդի դռանը, նա ճանաչեց իսկույն Մարզպետունի իշխանին և դուրս գալով քարաշեն պատշգամբը` հրաման արավ իսկույն բանալ բերդի դռները:

“Ինչո՞ւ համար է նա գալիս այստեղ. ի՞նչ ունի այժմ ինձ հետ...”, — մտածեց ինքն իրան սեպուհը և չկարողանալով պատճառը գուշակել, ներս մտավ դահլիճը:

Գևորգ իշխանն իջնելով ձիուց` տեսավ դղյակի բակում տեղի ունեցող շարժումն ու պատրաստությունները և ինքն իրան շշնջաց.

“Մենք ուշացանք, նա արդեն հեռանում է...”:

Բարձրանալով դղյակի վերին դստիկոնները, իշխանն ամեն տեղ տեսավ ամայություն.-գորգերն ու զարդերը հավաքած, բազմոցները քակած, կանթեղներն իջեցրած, միով բանիվ` դղյակը բարեզարդությունից մերկացրած էր:

“Ինչո՞ւ այսպես շուտ, այս ձմեռ ժամանակ...”,-մտածեց ինքն իրան իշխանը և սակայն յուր հարցին պատասխան գտնել չկարողացավ:

Երբ մտավ սեպուհի մոտ, վերջինս նստած էր կրակարանի առաջ և քաշում էր յուր համրիչը:

— Դու այստե՞ղ, Մարզպետունի իշխան,-բացականչեց սեպուհը և դիմեց դեպի նրան մի բռնազբոսիկ ժպիտով, որ սակայն չէր մեղմում յուր դեմքի տխրությունը:

— Ինչպես տեսնում ես, տե՛ր սեպուհ, ես այստեղ եմ, եկա քո դղյակը հյուր, բայց դու երևի հենց դրա համար էլ մերկացրել ես նրան բարեզարդությունից:

— Աստված մերկացրեց, սիրելի իշխան: Նա՛ խլեց իմ դղյակի թանկագին զարդը...-պատասխանեց սեպուհը դողացող ձայնով և սեղմելով իշխանի ձեռքը, տարավ և բազմեցրեց նրան կրակարանի առաջ: -Նստի՛ր այստեղ, տաքացիր, ցուրտն անշուշտ նեղացրած կլինի քեզ. մեր Տավուշի ձորն առատ է բուքերով... — շարունակեց իշխանը և երկաթե ունելիքը վերցնելով սկսավ կրակը խառնել:

— Այո՛, ձեր լեռները մի փոքր սեղմեցին մեզ. այծենակաճները հազիվ էին մեզ սառելուց պահպանում:

— Ինչո՞ւ այս ձյուն-ձմռան հիշեցիր ինձ, տեր Մարզպետունի, — հարցրեց սեպուհը, չկարողանալով կարծես համբերել, որ հյուրասիրության համար սահմանված ժամերն անցնեն:

— Իսկ դո՞ւ ինչու ես այս ձյուն-ձմռան մեջ հեռանում քո երկրից.-հարցրեց իշխանը մեղմով ժպտալով:

— Ես իմ երկիրը հանձնեցի ափխազաց թագավորին և փոխարենն ստացա Ճորոխի ափերը... գնում եմ իմ նոր կալվածը ժառանգելու, — պատասխանեց սեպուհը առանց ակնածության:

— Այդ ես գիտեի..: Բայց ինչո՞ւ անպատճառ այս ձյուն-ձմռան մեջ:

— Մի օր ավելի մնալը մահ է ինձ համար... Այս դղյակի սենյակներում ապրում են այժմ դժոխային ճիվաղներ, որոնք օր ու գիշեր անհանգիստ են անում ինձ. ես փախչում, հեռանում եմ նրանցից...

— Դժոխային ճիվաղնե՞ր... ի՞նչ կնշանակե այդ, — հարցրեց Մարզպետունին, տարակուսական մի հայացք ձգելով սեպուհի վրա:

— Այո՛, ճիվաղներ... դու պատահե՞լ ես, տեսե՞լ ես նրանց:

— Ե՞ս... Ո՛չ... — պատասխանեց իշխանը և նրան այնպես թվաց, թե սեպուհը խելագարված է:

— Բախտավոր մարդ ես ուրեմն, ում որ ճիվաղները չեն չարչարում, նա անպայման բախտավոր է... Այո՛, ես էլ մի օր այդպիսին էի, բայց իմ բախտը քո թագավորը կործանեց...

— Տե՛ր,սեպուհ...

— Հա՛, ի՞նչ է անում այն թշվառականը, ապրում է, այնպես չէ՛. հանդեսնե՞ր է կատարում արքունյաց մեջ... մայրաքաղաքն առնելու վրա է մտածում... և չէ հիշում յուր չարագործությունը...

— Տե՛ր սեպուհ, ես քաղցած եմ, հրամայի՛ր նախ կերակրել ինձ, — ընդհատեց իշխանը դիտմամբ, կամենալով արգելել սեպուհի զայրույթը:

Վերջինս մի վայրկյան մնաց լուռ և ապա իշխանին դառնալով` ասաց.

— Ների՛ր ինձ, տե՛ր Մարզպետունի, ես գրգռվեցա. այդպես չպետք է անեի, Այո՛, բայց... ինչ ասեմ, հիվանդ եմ, սիրտս ու հոգիս ծածկված են վերքերով իմաստությունն այլևս չի կառավարում իմ զգացումները...

Այս ասելով` նա ծափ զարկեց, և դռնապանը ներս մտավ:

— Ասա՛ թող ճաշ բերեն մեզ, — հրամայեց սեպուհը:

Ծառաներն իսկույն ջուր բերին, որով իշխանները լվացվեցան և ապա պաշտեցին ճաշը, որ կազմված էր մի քանի համադամ խորտիկներից:

Սեպուհը ճաշից հետ զբաղեցրեց հյուրին աննշան զրույցներով, որպեսզի առիթ չունենա նորեն գրգռվելու և իշխանի խաղաղ տրամադրությունը խանգարելու:

Բայց հետևյալ առավոտ նա խնդրեց Մարզպետունուն` հայտնել յուր առաքելության նպատակը, ըստ որում ինքը երկար չպիտի մնար Տավուշում:

— Ոստանում լուր առանք, թե դու միացել ես Գուգարաց և Տայոց իշխանների հետ, — խոսիլ սկսավ իշխանը, — և պայման դրել` հանձնել ափխազաց թագավորին Տայք, Գուգարք և Ուտի նահանգները: Այդ լուրն անախորժ տպավորություն արավ արքունիքում, իսկ ինձ ուղղակի սարսափեցրեց: Ես եկա խանգարելու այդ ազգավաճառ գործը:

— Դու ուշացել ես, — նկատեց սեպուհը սառնությամբ:

— Ինչպե՞ս թե ուշացել եմ:

— Այնպես: Մենք արդեն մեր գործն ավարտեցինք:

— Ինչպե՞ս թե ավարտեցիք:

— Հիշածդ նահանգները հաստատուն դաշնագրերով հանձնեցինք Բեր թագավորին, իսկ դրանց փոխարեն ստացանք նրանից զանազան կալվածներ Ափխազիայում:

— Ո՞ր իրավունքով արիք դուք այդ բանը:

— Այն իրավունքով, որ մեզ տրված էր հայոց թագավորից:

— Նա ձեզ սոսկ վերակացուներ էր կարգել այդ նահանգների վրա:

— Բայց հետո մենք ապստամբեցանք, տիրեցինք այդ նահանգներին և տիրապետ թագավորը չկարողացավ խլել այն մեզանից:

— Այսուամենայնիվ, այդ նահանգները ձեր ժառանգական ստացվածները չէին, դուք հափշտակեցիք այն տիրանենգությամբ:

— Այո՛, ես չեմ ուրանում, հափշտակեցինք: Չլիներ Ցլիկ-Ամրամը, Գուգարքն ու Տայքը չէին բաժանվիլ հայոց թագավորից: Ես ինքս ստեղծեցի այդ բաժանումը, պատմությունը հայտնի է քեզ. հայտնի է նաև այն պատճառը, որ ստիպեց ինձ այդ անելու:

— Այո՛, հայտնի է. բայց չէ՞ որ դու արդեն քո վրեժը լուծեցիր, զրկեցիր թագավորին յուր ստացվածներից, ստիպեցիր նրան փախուստ տալ քո երեսից, թաքչել Սևանում երկար ամիսներ և ի վերջո` կռվի բռնվել Բեշիրի հետ և մահացու վերք ստանալ յուր կողերում. մի վերք, որ վաղ թե ուշ գերեզման պիտի տանե նրան: Էլ ուրիշ ի՞նչ ես պահանջում նրանից, ինչո՞ւ քո մի զրկանքի պատճառով հարյուրն ես կամենում փոխարինել: Եվ վերջապես ի՞նչ հանցանք ունի այդ նահանգների հայ ժողովուրդը, ինչո՞ւ մատնում ես նրանց օտար գազանին:

— Տե՛ր Մարզպետունի, երբ դու խոսում ես, ինձ թվում է թե հանցավոր եմ ես: Բայց երբ սկսում եմ անցյալը մտաբերել կամ ներկան քննել, այն ժամանակ արածներս շատ չնչին են երևում ինձ: Աշոտ թագավորը, այո՛, պատճառեց ինձ անփոխարինելի զրկանք, անդառնալի կորուստ: Նա հափշտակեց իմ անզուգական գանձը, իմ աննման հարստությունը... Ինձ թվում էր, թե վրեժխնդրությունս չի հագենալ, եթե Արարատի ահավոր ժայռերը նրա գլխին չկուտակեմ... Բայց իմ ապստամբությունն ու Ուտիքը գրավելը և ապա յուր փախուստը և Սևանում թաքչիլը բավական հանգցրին վրեժխնդրությանս բոցը: Ես սկսել էի արդեն հաշտվել իմ դժբախտության հետ: “Թշնամուս կործանեցի, այժմ թող մոռանամ նրան”, մտածում էի ինքս ինձ և պիտի մոռանայի... Ոչ, արդեն մոռացել էի... Բայց ի՞նչ ասեմ, չեմ կարողանում հիշել, սարսափում եմ...

— Ի՞նչ, մի ուրիշ արգե՞լք պատահեց:

— Օ՛հ, իշխան, եթե կարողանայի այլևս չխոսել...

— Բայց ուրիշ ի՞նչ պատահեց:

— Ուրիշ ի՞նչ, ոչինչ... ոչինչ չպատահեց...

Վերջին խոսքերն արտասանելիս սեպուհի գույնը թռավ, նա հեռացրեց Մարզպետունուց յուր հայացքը, որի մեջ այդ վայրկենին հրդեհվում էր մի հնոց:

— Բայց ի՞նչ պատահեց, ասա՛, — թախանձեց իշխանը:

— Ի՞նչ պատահեց... Երկինքը կործանվեց, հասկանո՞ւմ ես, երկինքը, բայց չէ, այդ դու չես հասկանալ... Դժոխքը յուր բոլոր արհավիրներով փոխադրվեց երկրի վրա ինձ նման թշվառականին տանջելու, չարչարելու, իմ սիրտն ու հոգին կեղեքելու համար...

— Հավատա՛ ինձ, տեր սեպուհ, չեմ կարողանում քեզ հասկանալ, — ասաց իշխանը երկյուղագին:

— Չե՞ս հասկանում... Ուրեմն ավելի մեկին խոսեմ... Տանջվիմ դարձյալ մի քանի վայրկյան, հիշեմ զարհուրելի պատմությունը...-Այս ասելով սեպուհն ուղղվեցավ բազմոցի վրա և թիկունքը հենարանին տալով` քաշեց համարիչը մի քանի անգամ, ապա շարունակեց. — զարմանալի գաղտնիքն իմանալուց հետ մի դժոխային կատաղություն եկավ վրաս, հրամայեցի շղթաներ զարկել իմ թշվառ ամուսնու ոտքերին և ձգել նրան այս դղյակի խավարչտին բանտը... Օ՛, ինչո՞ւ աստված միայն գազաններին է տվել պատառող ժանիքներ, միթե մարդ արարածը չի՞ գերազանցում նրանց յուր անգթությամբ... Այո՛, փակել տվի նրան զնդանի մեջ. հրամայեցի չայցելել նրան, լուր չհաղորդել և ոչ իսկ լուր առնել իրանից... Այլ միայն տալ ավուր պարենը, որպեսզի ապրե խավարի մեջ և տանջվի այդտեղ յուր հանցանքի համար: Այնուհետև ես հեռացա Տավուշից և սկսա իմ ապստամբության գործը տնօրինել, որի սկիզբն ու վախճանը հայտնի է քեզ արդեն: Երբ նորեն վերադարձա Տավուշ` հրամայեցի հանել զնդանից թշվառ ամուսնուս: Եվ նա շղթայակապ, դողդողալով եկավ և կանգնեց իմ առաջ... Օ՛, ինչո՞ւ այն վայրկենին իմ աչքերը չկուրացան, ինչպե՛ս կարողացա ես տեսնել նրան այն դրության մեջ և տակավին համառիլ... Նրա գիրուկ մարմինը նիհարել, զվարթ դեմքը դալկացել և վառվռուն աչքերը մարել էին... Նա նայեց ինձ վրա, կամեցավ խոսել, բայց ես արգելեցի նրան... Ինչո՞ւ արդյոք աստուծո ձեռը այդ րոպեին ինձ չհարվածեց. գուցե նա կամենում էր բողոքել, գուցե կամենում էր արդարանալ իմ առաջ և կամ բերել ապացույցներ, որոնք յուր անմեղությունը պիտի հաստատեին... Բայց ես անգութս ամեն բան մերժեցի: Նայեցի նրան գազանային աչքերով և գուժեցի յուր սիրահար թագավորի ամոթահար պարտությունն ու անարգ փախուստը: Այնուհետև միակ շնորհը, որ ես կարողացա անել նրան, այն էր, որ հրամայեցի հանել երկաթե շղթաները և առանց կապանքի փակել նրան վերին դստիկոններից մինում:

Վերջին խոսքերի վրա Ամրամը խոր հառաչեց և գլուխը ձեռքերի մեջ առնելով` մնաց լուռ: Թվում էր, թե նա չի կարողանում այլևս սկսածը շարունակել, ուստի իշխանը խնդրեց նրան լռել` եթե մի ծանր վիշտ արգելում էր իրան խոսել:

— Ընդհակառակը, վիշտն ստիպում է ինձ խոսել, — շարունակեց սեպուհը` գլուխը վեր անելով: — Որքա՞ն ժամանակ է, որ ես չեմ խոսել, որքա՞ն ժամանակ է, որ այս սրահները միայն իմ տխուր հառաչանքներն էին լսում, միայն իմ դառն արտասուքները տեսնում... Օ՛, ծանր, դժվարին, կարի անտանելի մի դրություն է այս. եւ սակայն նա վիճակված է մեզ, թշվառ մահկանացուներիս... Բայց ինձ թվում է, թե վշտերն առհասարակ կմեղմանային, նրանք չէին տանջիլ մեզ անողորմաբար, եթե մեզ շրշապատողները, մեր պատկերներն ու հոգին կրող մարդիկ կարողանային մի վայրկյան մեր սիրտը քննել և նրան կեղեքող վշտերը տեսնել... Ասա՛ այժմ ինձ, տեր Մարզպետունի, ինչպե՞ս կվարվեիր, եթե իմ վիճակում գտնվեիր:

— Ի՞նչ վիճակում, օրինակ:

— Եթե հանկարծ իմանայիր, որ սիրածդ անձը դավաճանել է քեզ:

— Ես ոչ մի մարդու կատարյալ չեմ համարում, ամեն մինը մեզանից ունի յուր թերությունը, այդ պատճառով էլ ես ներողամիտ եմ լինում միշտ դեպի ասեն մարդ, որ հանցանք է գործում իմ դեմ:

— Բայց մի՞թե չկա հանցանք, որին անկարելի լիներ ներել, որի համար մարդկանց սյունից կախեին, կրակում այրեին, ջրահեղձ անեին...

— Ինչպե՞ս չէ, կա:

— Ո՞րն է այ՛դ, ասա՛... Ասա՛, իշխան, կամենում եմ լս՛ել...

— Հայրենիքի դեմ արած դավաճանությունը:

— Միայն ա՞յդ:

— Միայն այդ հանցանքն է, որին չէ կարելի ներել:

— Իսկ եթե դավաճաներ քեզ քո սիրած... Բայց ի՞նչ եմ խոսում, մի՞թե կարող ես դու ինձ հասկանալ... Ահա ինչո՞ւ համար էի ասում, թե մեր վշտերը կմեղմանային` եթե ընկեր մարդիկ կարողանային նրանց էությունն ըմբռնել:

— Խոսի՛ր, տեր սեպուհ, ես կարող եմ հասկանալ:

— Կարո՞ղ ես... Դե ասա՛, ի՞նչ կանեիր, եթե հանկարծ իմանայիր, ներիր համարձակությանս, թե Գոհար իշխանուհին դավաճանել է քեզ... Մի՛ դատիր քո այժմյան սրտով, դարձիր դեպի քո անցյալը, երիտասարդացի՛ր, հիշիր այն խանդն ու կրակը, որ վառել, բորբոքել է քո սիրտը...

— Չգիտեմ, այդ վիշտն անծանոթ է եղել ինձ:

— Անծանո՞թ է եղել... Օ՛, որքա՜ն ուրեմն երջանիկ ես դու. և ահա՛ այդ է պատճառը, որ Մարզպետունյաց տերը մաքուր խղճով, խաղաղ սրտով յուր տան շինության և հայրենյաց փառքի համար է աշխատել, մեծ հայրենասերի հռչակ է ստացել, իսկ Ցլիկ Ամրամը, որի սիրտը պակաս չէ բաբախել հայրենյաց սիրո համար, դարձել է մի մատնիչ, դավաճան... Այո՛, եթե մի ժամ, մի վայրկյան դու կարողանայիր ըմբռնել այդ վշտի էությունը, այն ժամանակ կհասկանայիր, թե ինչո՞ւ ես նրան աշտարակում փակեցի... նրան, իմ Ասպրամին, որին սիրում էի այնպես, ինչպես որ չէին կարող սիրել տասն անգամ տասը սրտեր միասին...

Այո՛, փակեցի նրան աշտարակում, բայց եթե գիտենայիր, թե որքա՛ն տանջվում էի ես` տեսնելով նրան զուրկ արևի ջերմությունից, սիրո խնամքներից, մենմենակ յուր վշտերի հետ... Քանի՛-քանի՛ անգամ կամեցա գնալ, մտնել այն մենարանը, ուր հեծում էր թշվառ կինը, բանալ նրան նորեն իմ գիրկը, սեղմել իմ կրծքին և ասել. “Ասպրամ, ներում եմ քեզ...”: Բայց, ի՞նչ մեղքս թաքցնեմ, այն միտքը, թե գուցե նա ավելի երջանիկ է համարում իրան յուր սիրո համար տանջվելով, քան թե կհամարեր նորեն իմ գիրկը դառնալով, ոտքերս կասեցրին... Եվ այսպես ամիսներ անցան: Ներքին հպարտությունս թույլ չէր տալիս ինձ մոտենալ հանցավորին և ասել նրան լեզվով այն, ինչ որ վաղուց ասել էի սրտով:

Բայց հոգիս հետզհետե ավելի էր խռովվում: Լինում էին վայրկյաններ, երբ տխրությունը ծանրանում էր վրաս, անձուկը խեղդում էր ինձ և ես լուռ, անխոս, առանց հառաչել իսկ կարենալու, սկսում էի դառնապես արտասվել...

Մի անգամ դիպվածով տեսա, որ կերակուր տանող աղախինը վերադառնում էր աշտարակից` բերելով յուր հետ կերակրի խանը բոլորովին անձեռնամուխ: Իմ հարցին, թե “Ինչո՛ւ չէ կերել տիկինը”, աղախինը պատասխանեց, թե “Չհաճեցավ ուտել և հրամայեց այլևս կերակուր չտանել իրան”: Այս տարօրինակ պատվերը կասկածի մեջ ձգեց ինձ և սկսա իմ խղճից տանջվել չարաչար: Նորեն հին մտքերը պաշարեցին ինձ. նորեն որոշեցի գնալ նրա մոտ, հանել թշվառին աշտարակից, վերադարձնել իրան յուր տիկնությունը... Եվ սակայն հակառակ մտքեր էլ ունեցա, ուստի և երկար մնացի իմ խցում: Անցան շատ ժամեր: Դղյակի եկեղեցու ժամհարը, որ դռների ետևից “ալելուիա” հնչելով և կոչնակը զարկելով հրավիրում էր մարդկանց աղոթելու, սթափեցրեց ինձ թմրություն՛ից: “Ինչո՞ւ համար եմ ուշանում, ազատենք վերջապես թշվառին”, մտածեցի ինքս ինձ և վեր թռա տեղից: Բայց... Օ՛, ի՜նչ վայրկյան էր այն, ինչո՞ւ շանթահար չեղա ես...

— Ի՞նչ պատահեցավ, — հարցրեց իշխանը վախենալով:

— Ի՜նչ պատահեցավ... Ահա թե ինչ, շտապ-շտապ դիմեցի դեպի աշտարակը, հրամայեցի պահապանին երկաթապատ դուռը բանալ, ներս մտա և ի՞նչ տեսա, աստված իմ... Իմ կինը, իմ սիրած Ասպրամը կախված առաստաղից...

— Կախվա՞ծ... — բացականչեց իշխանը սարսափելով:

— Այո՛, կախված... Նա հանել էր երկաթե կանթեղը և նրա պարանը յուր փողն անցուցել... Թեթև մարմինը տակավին ճոճում էր օդի մեջ... Այդ տեսարանը զարհուրեցրեց ինձ, երկինքը կարծես փլավ իմ գլխին, և դժոխոց ոգիները պատեցին իմ շուրջը իրանց արհավիրներով... Մի վայրկյան միայն տեսա ես զարհուրելի պատկերը, մռնչեցի ինչպես անապատի առյուծը, որ գոռում է հսկայի հարվածն առնելուց, իմ ձայնը որոտաց դղյակի կամարներում, մարդիկ իրար անցան, իսկ ես հափշտակեցի նրան, սեղմեցի կրծքիս և խելագարի նման դուրս փախա աշտարակից... Մի վայրկյան ինձ այնպես թվաց, թե նա կենդանի է. թե շուտով պիտի խոսե իմ ականջին, թե յուր լուսալիր աչքերը պիտի բանա... Ավա՛ղ, այդ միայն ցնորք էր. Ասպրամը մեռել էր անհարիր, նրա սիրուն դեմքը կապտել, գեղանի աչքերը հանգել, շրթունքները փակվել և սիրտը դադարել էր տրոփելուց, ես այդ տեսա, զգացի, ձեռքերով շոշափեցի և նորեն անշնչացած մարմինը գրկելով սկսա դառնապես նրա մահը ողբալ: Ի՞նչ պատահեց ինձ այնուհետև, չգիտեմ, մի քանի օր շարունակ ես խելազուրկ էի... Վերջին վայրկենին միայն, երբ զոհի դագաղը իջեցնում էին գերեզման, նորեն իմ սիրտը փղձկաց, նորեն արտասվաց աղբյուրները բացվեցան, և ես սկսա իմ կորուստը ողբալ:

Այս խոսքերի վրա սեպուհը խոր հառաչեց և գլուխը կախելով լռեց մի րոպե:

Իշխանը, որ քաջ ըմբռնում էր նրա վշտի ծանրությունը, կամեցավ մխիթարական խոսքեր ասել նրան, բայց դրանք հակառակ ազդեցություն արին Ամրամի վրա:

— Մի՛ խոսիր ինձ մխիթարությունից, տեր Մարզպետունի, — բացականչեց նա կարծես վրդովված. — դու չես կարող մխիթարել այն մարդուն, որ կորուսել է յուր կյանքից ավելի թանկագին գանձը, որի հոգին մեռել, սիրտն ընդարմացել է և որ ապրում է միայն տանջվելու համար... Կամենո՞ւմ ես ինձ մխիթարել, ցույց տուր, թե ո՞ր ճանապարհով կարող եմ ես ավելի լավ վրեժխնդիր լինել իմ թշնամուն և քո թագավորին... Այո՛, միայն վրեժխնդրությունը, անողոք, կործանիչ վրեժխնդրությունը կարող է ինձ մխիթարել... Իմ սիրտը կուրախանա, հոգիս կհրճվի, երբ տեսնեմ Աշոտին իմ ձեռքով պատրաստած դժոխքի մեջ տանջվելիս... Դու կարծեմ ասացիր, թե նա մեռնում է, բայց աստված մի՛ արասցե, ես չեմ կամենում, որ նա մեռեի: Մի՞թե հավիտենականության մեջ կարո՞ղ են այնպիսի տանջանքներ տալ նրան, որպիսին ես եմ ցանկանում: Չէ՛, թո՛ղ նա ապրի, մինչև որ Ցլիկ-Ամրամը յուր դժոխքը պատրաստե...

— Տե՛ր սեպուհ, դու գրգռվում ես... Բայց թո՛ւյլ տուր հարցնել: Չէ՛ որ մի ժամ առաջ ասացիր, թե թագավորի փախուստից հետ հաշտվել էիր քո դժբախտության հետ, արդ, ինչո՞ւ նորեն բորբոքում ես ատելությունդ:

— Ասացի, այո՛, հաշտվել էի իմ դժբախտության հետ. բայց չէ՞ որ այդ հաշտության հաջորդեց մի ուրիշ, առավել սոսկալի դժբախտություն, չէ՞ որ թշվառ ամուսինս կախվեցավ...

— Եվ ուրեմն դրա՞ համար մեր հայրենի նահանգները հանձնեցիր Բերին:

— Այո՛, դրա համար: Ես չէի կարող ապրել այլևս Տավուշում, այս դղյակն ինձ համար դարձել է դժոխք: Սրա սրահներում ճիվաղներ են ապրում, սրա ամեն մի անկյունը հիշեցնում է ինձ Ասպրամին, իսկ այն մենարանից, ուր թշվառ կինը կախվեցավ, դիվական ձայներ են հնչում իմ ականջին... Օ՛, սոսկալի մի վայր է այս. այդ է ահա՛ պատճառը, որ ես փախչում եմ այստեղից:

— Տեր սեպուհ, դու կարող էիր հեռանալ Տավուշից, ի՞նչ հարկ կար Բերին հանձնել քո նահանգը:

— Որպեսզի ինձանից հետ Աշոտը չտիրեր նրան:

— Եվ մի՞թե կարծում ես, թե Բերը կկարողանա ժառանգել այս երկիրը:

— Եթե չի կարողանալ, գոնե կպատերազմե Աշոտի հետ, կխանգարե նրա հանգստությունը, կավերե նրա երկիրը... Իսկ ինձ այդ է հարկավոր:

Իշխանը տեսնելով որ միայն կիրքն է խոսում սեպուհի մեջ և որ ինքը խրատներով չպիտի կարողանա նրա ապստամբ սիրտը նվաճել, զղջաց, որ եկել է Տավուշ, ուստի և դադարեց նոր հարցեր ու դիտողություններ անելուց:

Մի երկու օրից հետ Ցլիկ-Ամրամը յուր ստացվածներով ու հավատարիմներով հեռացավ Տավուշից, թողնելով յուր տիրած կալվածները ափխազաց թագավորին, որի հավատարմատարները հասել էին արդեն Տավուշ:

Հեռացավ նաև Մարզպետունի իշխանը: Բայց նա չգնաց Ոստան, այլ դիմեց Գուգարաց և Տայոց իշխաններին, որպեսզի կարողանա հետ կանգնեցնել նրանց Բեր թագավորին տված խոստումներից:

Բայց նախքան Տավուշից հեռանալը` իշխանն արքային գրեց մի նամակ, որի մեջ բացատրեց սեպուհի նոր դավաճանության պատճառը: Եվ նկարագրելով հարվածի այն ծանրությունը, որ ճնշում էր ապաբախտ սեպուհին, արդարացրեց մինչև անգամ նրան, առարկելով, թե ամենքին չէ տված անձնականը ընդհանուրին զոհելու քաջությունը, և թե սեպուհը հայ և հայրենասեր լինելուց առաջ` մարդ էր, մսից ու արյունից կազմված, հետևապես չէր կարող տանել բարեկամի կողմից իրան հասած անխիղճ զրկանքը...

Իշխանը սեպուհի խոսածների և մանավանդ նրա տխուր հրաժեշտի ազդեցության տակ լինելով` յուր նամակը գրեց այնպիսի ոգով, որով ուղղակի դատապարտում էր արքային, նա չկարողացավ գուշակել, թե այդ գրությունը ծանր ազդեցություն կանե հիվանդ թագավորի վրա, որ առանց այն էլ բավական շատ էր տանջվել ճակատագրի հարվածներից:

Սակայն մի երկու օրից, երբ սուրհանդակը հեռացել և, գուցե, արդեն Շիրակ էր մտել, նա մտաբերեց այն նամակը, հիշեց յուր գրածները և սաստիկ զղջացավ: Բայց արդեն ուշ էր. նամակն այլևս անկարելի էր վերադարձնել:

Մարզպետունին յուր նամակում խնդրել էր թագավորին` ուղարկել շուտով Ուտիք Վահրամ սեպուհին մի քանի զորավոր գնդերով, որպեսզի մինչև ափխազցիների գալը` իրանք գրավեին Ուտյաց, Գուգարաց և Տայոց աշխարհները:

Չանցավ մի տասն օր և ահա՛ սեպուհը յուր Արարատյան գնդերով մտավ Ուտիք և առանց Մարզպետունու հրահանգներին սպասելու, առաջ վարեց յուր զորքերը և այդ նահանգի բոլոր ամրությունները գրավեց, հալածելով ամեն տեղից ափխազաց հավատարմատարներին: Եվ որովհետև ժողովուրդը հակառակ էր օտարին հնազանդելու և նրան հարկ տալու անխորհուրդ մտքին, ուստի և ամեն տեղ արքայական զորքերին աջակցեց: Նույն հաջողություններն ունեցավ Վահրամը նաև Գուգարքում:

Ապա խոտորելով դեպի արևմտյան հարավ` նա մտավ Տայոց աշխարհը, ուր հանդիպեց Գևորգ Մարզպետունուն: Վերջինս հայտնեց նրան, թե Գուգարաց և Տայոց վերակացու իշխաններն իրանց հավատարիմներով հեռացել են արդեն Ափխազիա և թե Տայոց ամրությունները, իբրև ավելի մոտ այդ երկրին, բռնված են արդեն ափխազաց զորքերով:

Բայց որովհետև ձմռան օրեր էին և Տայոց երկիրը գրավելու համար պետք է նրանք կռվեին շատ բերդերի հետ, իսկ այդ առիթով հարկավոր կլիներ թե՛ նոր զորք բերել Ոստանից և թե՛ ձմեռվա խստության դեմ գործել, այդ պատճառով իշխանն ու Վահրամը խորհուրդ արին բանակ դնել Փանասկերտի մոտերքը, համանուն ձորում, որ Գուգարաց ու Տայոց սահմանն էր, և սպասել այդտեղ մինչև գարնան օրերը կբացվեին:

Եվ որովհետև Դվնո առումն ու հագարացոց հալածելը մահու և կյանքի խնդիր էր դարձած Մարզպետունու համար, ուստի նա չէր կամենում հյուսիսային նահանգները թողնել մի ուրիշ թշնամու ձեռքը, ըստ որում վերջինս կարող էր ամեն ժամանակ հարձակվել ներքին գավառների վրա և խանգարել իրանց այնպիսի մի ժամանակ, երբ իրանք զբաղված կլինեին հագարացիների հետ կռվելով: Այդ պատճառով, ահա՛, որքան էլ Տայոց աշխարհի ձմեռը սաստիկ և այդտեղ բանակելը դժվարին, այսուամենայնիվ նա որոշեց չհեռանալ այդ նահանգից, մինչև որ այն ամբողջապես օտարի ձեռքից չազատե:

Այս նպատակն ունենալով աչքի առաջ, իշխանն անգործ չնստեց նաև ձմեռվան ամիսներում: Նա գաղտնի բանակցություններ սկսավ երկրի փոքրիկ իշխանների հետ և ամեն միջոց գործ դրավ նրանց բարեկամությունը վաստակելու: Եվ որովհետև դրանք դեռ հավատարիմ էին գահին, ուստի սիրով ընդունեցին այն ամեն առաջարկությունները, որ արավ իշխանը` ափխազցիների դեմ գործելու նկատմամբ:

Վերջապես գարունը հասավ, օրերը ջերմացան և հալոցի սկսվելով` ճանապարհները մաքրվեցան: Մարզպետունի իշխանը, յուր նիզակակցի հետ միասին, զորքերի գլուխ անցնելով` դիմեց ամենից առաջ Փանասկերտի վրա: Ամրոցի վերակացուն, համաձայն իշխանի հետ դրած պայմանին, բերդն ու ավանը հանձնեց նրա ձեռը:

Իշխանը վերակացուին հաստատեց նորեն յուր պաշտոնի մեջ և թողնելով նրա մոտ պահակների մի խումբ` ինքը յուր բանակով հառաջացավ դեպի Ուտիք, ուր գտնվում էին ափխազաց զորքերը:

Եվ որովհետև Ուտիքում անխուսափելի էր հակառակորդների ընդհարումը, ուստի իշխանը կանխավ սուրհանդակ ղրկեց թագավորին, խնդրելով նրան` օգնական զորք հասցնել իրան Արարատյան Բասենի վրայով: Մարզպետունին հաշվում էր, որ եթե նոր գնդերը Բասենից մտնեին Տայք, ինքը նրանց կհանդիպեր Ճորոխի ակունքների մոտ, որտեղից և միասին կառաջանային դեպի Ուտիք:

Բայց հազիվ նա յուր սուրհանդակը ճամփեց և ահա՛ Ոստանից հասավ մի բանբեր, որ Աբաս մեծ իշխանի կողմից հանձնեց իրան մի նամակ:

Կարդալով արքաեղբոր գրությունը, իշխանն այլայլվեց: Աբասը հայտնում էր, որ թագավորն անհուսալի հիվանդ է, ուստի խնդրում էր իրան` շտապել դեպի Ոստան:

— Մի չար ոգի հալածում է մեզ. — ասաց իշխանը յուր նիզակակցին: — Դու մնա՛ այստեղ քո գնդերով և պահպանի՛ր գրաված նահանգների սահմանը, մինչև որ ես երթամ Ոստան` տեսնելու թե ուրիշ ի՞նչ չարիքների դեմ պիտի պատրաստվենք մաքառելու:

— Գնա՛, — ասաց սեպուհը. — ես հետ կնահանջեմ դեպի Փանասկերտ` բանակը հարձակումից ապահովելու համար: Բայց հենց որ կարիք զգաս իմ օգնության, սուրհանդակ ղրկիր ինձ իսկույն, և ես անմիջապես կիջնեմ դեպի Շիրակ:

Մարզպետունին շնորհակալ եղավ սեպուհին յուր պատրաստակամության համար և հրաժեշտ տալով նրան` մի վաշտ թիկնապահների ուղեկցությամբ իջավ դեպի Բասեն և այնտեղից Շիրակ:

Երբ Մարզպետունին մտավ Երազգավորս, թագավորն արդեն մերձիմահ էր: Այսուամենայնիվ նա ուրախացավ հավատարիմ իշխանի գալուստը լսելով:

— Կանչեցեք նրան այստեղ, — հրամայեց թագավորը, և իշխանն իսկույն ներկայացավ:

— Միակ ցանկությունս էր` տեսնել քեզ վերջին անգամ, — ասաց թագավորը յուր դողդոջուն ձեռքը պարզելով դեպի նրան. — արի, մոտեցի՛ր ինձ, իշխան, և ասա, որ ներում ես ինձ:

— Ո՞ր հանցանքիդ համար, տեր, — բացականչեց իշխանը և հուզված ծնկան եկավ արքայի ձեռքը համբուրելու:

— Հանցանքներս շատ են, նրանց թվել չեմ կարող... այսքանը միայն կասեմ, որ կրածդ նեղությանց պատճառը ես եմ... Ների՛ր ինձ. Ների՛ր քո թագավորին...

— Տեր արքա, մենք մաքառում ենք արտաքին չարիքների դեմ, նրանք հասնում են մեզ հեռվից...

— Ո՛չ. այդ չարիքների հեղինակն էլ ես եմ... Տավուշից գրած քո նամակը ճշմարտության մի քարոզ էր... Շնորհակալ եմ. նա ազատության դուռ բացավ ինձ համար... Եթե իմանաս, թե որչա՞փ ուրախ եմ կեղեքող տանջանքներից ազատվելու համար...

Իշխանը հասկացավ արքայի ակնարկության խորհուրդը և թեպետ համոզված, որ նա ուրախ է մեռնելու համար, այսուամենայնիվ սրտի խորքից վշտացավ, որ յուր նամակն է տագնապն շտապեցրել:

— Դո՛ւ պիտի ներես ինձ, տեր, — խոսեց իշխանը վշտագին. — ես իմ անզգույշ քայլով վտանգել եմ քո քաջառողջությունը:

— Բնա՛վ, իմ գահին արած քո մեծամեծ ծառայությանց պսակն է կազմում այդ քայլը, որը դու “անզգույշ” ես անվանում... Աշոտ Երկաթը հանցավոր Հովնան է. հայրենիքի ծովը նրա պատճառով է ալեկոծվում... Մարզպետունու ջանքերը չեն կարող խաղաղեցնել նրան, քանի հանցավորը գտնվում է փրկության նավի վրա... Հանեցեք, ձգեցեք ինձ ծովը, և նավը յուր նավազներով վտանգից կազատվի...

Թագավորը մի վայրկյան լռեց և ապա աչքերը բանալով նայեց յուր շուրջը: Նա տեսավ սնարի մոտ` վշտահար թագուհուն և նրա հանդեպ` Աբաս եղբորը:

— Ահա՛ ես հեռանում եմ, — շարունակեց նա ավելի նվազ ձայնով. — շուտով պիտի խորասուզվիմ անհայտության ծովի մեջ... ձեզ է մնում կյանքը յուր չարիքներով և հրապույրներով... աշխատեցեք վայելել նրան իմաստնաբար և չնմանիլ ինձ, չվատնել այն անօգուտ... Քեզ եմ թողնում իմ գահը, սիրեցյալ Աբաս, քե՛զ եմ թողնում և հայրենիքը ցավերով ծանրաբեռնված...: Ժառանգիր առաջինը և խնամող եղիր վերջնույն... Դու բախտավոր ես ընտանյաց մեջ, բախտավոր կլինիս և թագավորությանդ մեջ... զի ով օրինավոր հայր է որդվոց, նա կլինի և օրինավոր հայր յուր հպատակաց... Իսկ քեզ, իմ ապաբախտ թագուհի, թողնում եմ միայն վիշտ, հեծություն և դառն հիշատակներ... Կցանկանայի, որ մոռանայիր ինձ. չհիշեիր իմ անունն ու գործերը... բայց ավա՛ղ, այդ անհնարին է քեզ... գոնե չանիծեի՜ր ինձ, չանիծեիր քո թշվառ ամուսնուն ու թագավորին... զի գեհենում կրկնապատիկ պիտի տանջվիմ, եթե քո անեծքը հասնե հավիտենականի աթոռին...

Մի երկու օրից թագավորը վախճանվեց: Արքայի բժիշկը հաստատում էր, թե նա մեռավ յուր հին վերքի ցավից: Այդպես էլ հավատում էր ժողովուրդը: Բայց արքունիքում պնդում էին, թե նրա վախճանն արագացրեց Ասպրամ իշխանուհու ինքնասպանությունը: Թշվառ թագավորը չէր կարողացել տանել խղճի անողոք խայթերը, մեռած զոհի ոգին և կենդանի թագուհու արտասուքը հալածում էին նրան անվերջ, և ահա՛ նա որոշեց մեռնել... Բայց ոչ ոք չիմացավ, թե ո՞ր հրեշտակի ձեռքը մահ բերավ նրան...

Զ

ՀԻՆ ԹՇՆԱՄԻՆ ԵՎ ՆՈՐ ԹԱԳԱՎՈՐԸ

Արքայի մահվան լուրը արագությամբ տարածվեց ամեն տեղ: Հայոց իշխաններն ու նախարարազունները, յուրաքանչյուրը յուր պահանորդ գնդով, փութացին Երազգավորս` ներկա լինելու թագավորի հուղարկավորության:

Այստեղ էին Բագարանի տեր Աշոտ բռնավորը, Վասպուրականի արքայորդին` Աշոտ-Դերենիկը, Տուրուբերանի իշխանը, Աղձնյաց տերը, Մոկաց նահապետը, Սյունյաց իշխանները, Աղվանից սեպուհը, Գարդմանա տեր Դավիթը և ուրիշ շատ մանր իշխաններ ու կողմնապետներ: Ներկա չէր միայն Վահրամ սեպուհը, որովհետև նա հսկում էր հյուսիսային նահանգներին:

Վասպուրականի արքայորդու հետ միասին եկել էր նաև Թեոդորոս կաթողիկոսը (այդ ժամանակ Ստեփաննոսը վախճանած լինելով` նրա տեղ Աղթամարում նստում էր վերջինս):

Թագավորի մարմինը, որ պետք է ամփոփեին Բագրատունյաց պայազատների քնարանում, այն է` Բագարանում, դուրս բերին Երազգավորսից հանդիսավոր շքեղությամբ: Արքայական դագաղը, որ շինված էր անփուտ փայտից, զարդարել էին ոսկով ու արծաթով: Նա դրված էր ոսկեզօծ պատգարակի վրա, որ կրում էին վեց սպիտակ ջորիներ: Դիակիրը ծածկված էր ոսկեճամուկ դիպակներով և ոսկեթել վառերով, որոնք արևի առաջ փայլում էին ինչպես մի ոսկեղեն զանգված: Դագաղի առաջից գնում էր կաթողիկոսը` շրջապատված գահերեց եպիսկոպոսներով, վարդապետներով և երգեցիկ քահանաների ու դպրաց խմբերով: Դագաղին հետևում էին` արքաեղբայր Աբասը, նստած սևասքող նժույգի վրա և շրջապատված դրանիկներով, ապա Սահականույշ թագուհին և Գուրգենդուխտ տիկինը, նստած սգազարդ պատգարակի մեջ և շրջապատված պալատական տիկնանց ու իշխանուհիների խմբով: Սրանց հետևում էին Աշոտ բռնավորը, Աշոտ-Դերենիկը և մյուս իշխանները` ավագության կարգով: Ապա լացող գուսանների խումբը և շեփորավոր երաժիշտները:

Դրանցից հետո բերում էին արքայական ոսկեսար նժույգները` ծածկված սգավոր շղարշներով: Ամենից վերջը գալիս էին արքայական զորախմբերը, որոնք էին` Արարատյան, Դրանիկ և Սեպուհ կոչված գնդերը, Բասենյան վաշտը, Ոստանիկների խումբը, Ազատաց գումարտակը, Վանանդացոց հեծելազորը և ուրիշ ազատախումբ վաշտեր, որոնց բոլորին գլուխ էին անցած Մարզպետունի Գևորգ իշխանը և յուր որդին` Գոռը: Աբասն այն պաշտոնը հանձնել էր նրանց իբրև պետության միակ հավատարիմներին, ըստ որում արքայի մահվան ժամանակ ավելի կարիք կար զորքը զգուշաբար կառավարելու:

Զորքին հետևում էր ժողովրդյան ահագին բազմություն, որ և գնալով ստվարանում էր, որովհետև ճանապարհի վրա գտնվող ավաններից ու գյուղերից հետզհետե ելնում և միանում էին նրանց ուրիշ շատ խմբեր: Այսպիսով հուղարկավորության թափորը հասավ Բագարան` մի քանի հազար հոգուց կազմված բազմության ուղեկցությամբ:

Արքայի մարմինն ամփոփեցին Տապանատան ս. Կաթողիկե կոչված եկեղեցում, ուր նրանից առաջ ամփոփված էին յուր նահատակ հայր Սմբատը և նահատակ եղբայր Մուշեղը:

Թագավորի գերեզմանի վրա մեծ կոծ արավ թագուհին` յուր հետևորդ տիկնանց և գուսանական խմբի մասնակցությամբ: Սրտագին լացին նրա վրա նաև Աբաս եղբայրը և մյուս արքայազունք:

Բայց ամենից ավելի դառնապես արտասվեց Գևորգ Մարզպետունին, որ մանկությունից ի վեր նրա մտերիմն էր եղած, ապրել ու գործել էր միասին, մանկության օրերում` իբրև խաղընկեր, պատանեկության միջոցին` իբրև մարզակից, երիտասարդ ժամանակ` իբրև համհարզ և հոր գահը ժառանգելուց հետ` իբրև միակ հավատարիմ զինակից: Երկար տարիներ նա աջակցել էր նրան, պատերազմել էր նրա հետ միասին, հաղթել և հաղթվել միասին, մասնակցել նրա ուրախության ու տխրության, ծիծաղել և լացել նրա հետ... Նա հիշում էր այդ վայրկենին բոլոր անցյալը. Աշոտ Երկաթի բազմահոգ ու ալեծուփ թագավորությունը... Հիշում էր այն օրերը, երբ ինքը հիանում, հափշտակվում էր նրա դյուցազնական քաջագործություններով, հիշում էր նրա ձայնի որոտը` պատերազմի դաշտում, նրա խիզախ հարձակումները թշնամիների վրա, նրա սրի հարվածները` հակառակորդի դեմ... Հիշում էր, թե ինչպե՞ս ժպտում էր նրա բախտը, թե ինչպե՞ս ինքը հրճվում էր յուր սրտում, գուշակելով, թե աստված նրան է վիճակել հայրենիքի փրկիչ լինելու, օտարի նախատինքը բառնալու և հայրենական գահի նախկին փառքը վերադարձնելու գերագույն կոչումը... Բայց ավա՛ղ, խառնվածքի մի թուլություն նրա դյուցազնական մեծությունը թունավորեց... սիրո փանաքի որդը հսկայական հրաշակերտը տապալեց... Այժմ նա անշնչացած պառկած է սառ հողի տակ. նրա սիրտն այլևս չի զգում ոչինչ, սերն ու արտասուքը չեն շարժում նրան... Եվ սակայն նա յուր հետ գերեզման տարավ մեծամեծ հույսեր, ակնկալություններ... Լայնատարած մի աշխարհ, բազմամարդ մի ընտանիք, որի անդամները միլիոններ են կազմում, զրկվեցան նրա շնորհիվ բազմազան բարիքներից, նրանք այժմ գտնվում են անապահով դրության, ծանր ճգնաժամի մեջ. նրան սպառնում են թե՛ թշնամիները և թե՛ փառամոլ հարազատները, բայց այս ամենն ուրիշ կերպ կլիներ, եթե միակ մարդը, որի ձեռքն էր հանձնված հայրենիքի բախտը, չնմաներ մյուս մահկանացուներին, չխոնարհեր թունավոր զգացմունքների առաջ և կամ զոհեր նրանց առավել մեծագույն, առավել սրբազան մի զգացման — հայրենասիրության:

Այս մտածություններն էին պաշարել իշխանին այն տխուր ժամին, երբ արքայի մարմինն իջեցրին գերեզման և ծածկեցին հողով, և այս մտածություններն էին, որոնք և դառնապես արտասվել տվին նրան:

Բայց հենց այդ միջոցին մի ուրիշ սիրտ ուրիշ զգացմունքներով էր տոգորված, արքայի վախճանը նրան ուրիշ մտքեր էր թելադրում, այն հողը, որ ծածկեց մեռնող թագավորին, նա կարծում էր, թե նոր կյանք ու նոր փառք պիտի ծնե յուր համար... և դա Աշոտ բռնավորն էր, որի սրտում դեռ չէր մարել միահեծան տեր լինելու տենչը բոլոր Հայաստանին թագավորելու փափագը... Տեսնելով ա՛յն աշխարհախումբ բազմությունը, որ լցվել էր Բագարանի ներսն ու դուրսը, նա հարմար միջոց համարեց նախ` զորքին ու ժողովրդին յուր կարողությունն ու առատաձեռնությունը ցույց տալու և դրանով նրանց սիրտը գրավելու, և երկրորդ` սգո օրերն անցնելուց ետ` յուր գահակալական հարցը հրապարակ հանելու, որովհետև հանգամանքները շատ նպաստավոր էին, այսինքն` զորքը հեռու էր աթոռանիստ քաղաքից, իսկ թագաժառանգն ու իշխանները գտնվում էին Բագարանում: Այդպիսով, առանց դժվարության, նա կարող էր թե՛ արքունիքն ու նրա գանձերը գրավել և թե՛ Աբասին և նրա իշխաններին ձերբակալել:

Այս նպատակով ահա՛ նա մի քանի օր շարունակ առատապես հյուրասիրեց ոչ միայն արքայազն ու իշխանազն հյուրերին, այլև արքայական զորքերին և բոլոր այն աշխարհախումբ բազմությանը, որ հեռավոր թե՛ մոտակա տեղերից ժողովվել, լցվել էր Բագարան: Բացի այդ նա մեծաքանակ ողորմություն բաշխեց կարոտյալներին, իբր թե հանգուցյալ թագավորի հոգվո փրկության համար: Այս ամենը, արդարև, փոխեցին ժողովրդի ու զորքի կարծիքը “բռնավորի” նկատմամբ, իսկ իշխաններից մի քանիսը, մինչև անգամ, հիացան նրա մեծանձնության վրա:

Տեսնելով այդ հաջողությունը, “բռնավորը” սիրտ արավ “գլխավոր նպատակին” վերաբերյալ մյուս պատրաստությունները տեսնելու: — Ամենից առաջ նա մարդ ուղարկեց Նսըրի մոտ և հայտնելով նրան յուր դիտավորությունը, խնդրեց օգնել իրան` եթե հարկը պահանջե: Նսըրը, որովհետև հենց այդպիսի առիթ էր որոնում յուր հին վրեժը լուծելու համար, սիրով ընդունեց “բռնավորի” խնդիրը:

Այնուհետև վերջինս հրաման արավ Երասխաձորում գտնվող յուր զորքին տակավ առ տակավ առաջանալ դեպի Երազգավորս, առանց սակայն կասկածի առիթ տալու հետաքրքիր հետամուտներին:

Ապա նա մտածեց Աբասին ու նրա հավատարիմներին ձերբակալելու: Բայց որպեսզի այդ անելուց հետ պետական զորքը հնազանդի իրան, նա մեծ գումար տվավ յուր մտերիմների ձեռքը, որպեսզի նրանք զորքի գլխավորներին կաշառեն:

Այս ամենը կարգադրելուց ետ` նա սկսավ խոսիլ չեզոք իշխանների հետ և նրանց կարծիքն իմանալ ապագա թագավորի վերաբերմամբ: “Բռնավորը” հույս ուներ գտնել նրանց մեջ դժգոհներ, որոնք սիրով կմիանային յուր հետ, և գործը դրանով կհեշտանար: Բայց նա հիասթափվեցավ, երբ իշխանները միաբերան մատնացույց արին Աբասի վրա:

— Միակ օրինական թագավորը նա է, և ժողովուրդը նրան է սպասում, — ասացին նրանք և փափագ հայտնեցին օր առաջ տեսնել իշխանաց իշխանին յուր եղբոր գահի վրա:

Կաթողիկոսը մինչև անգամ խորհուրդ տվավ նրանց` շտապել, թագավոր պսակել Աբասին, քանի դեռ թշնամիներից վտանգ չէր հասել գահին:

Այս ամենն, իհարկե, անհաճո տպավորություն արին “բռնավորի” վրա. բայց յուր դժգոհությունը ծածկեց, մինչև որ իշխանների մեծ մասը հեռացավ Բագարանից:

Սգո առաջին օրերն անցնելուց ետ` այդտեղ մնացել էին միայն թագուհին յուր պալատական տիկնանցով, Աբասը` յուր դրանիկներով, Գարդմանա տեր Դավիթը և Մարզպետունի իշխանը` Գոռ որդու հետ միասին:

Վերջինս, սակայն, գտնվում էր քաղաքից դուրս, որովհետև հսկում էր զորքերի վրա, որոնք բանակած էին Ախուրյանի մոտ:

Բայց Գևորգ իշխանի համար ծանր էին անցնում օրերը, որովհետև կատարելու շատ գործեր ուներ, ուստի անհամբերությամբ սպասում էր այն օրին, երբ Աբասը սգահան լինելով` կվերադառնար Երազգավորս և եղբոր գահը ժառանգելու մասին հարկ եղածը կկարգադրեր: Մարզպետունին մտածում էր կաթողիկոսի նման, այսինքն, թե քանի թշնամիները խռովություններ չեն հարուցել, պետք էր շտապել թագավոր պսակել Աբասին, որովհետև գահի թափուր ժամանակ ամեն մի դավաճան հրապարակ է հանում յուր հին հաշիվները և հեշտությամբ կուսակիցներ որսալով` խռովում է երկրի խաղաղությունը: Այս մասին, իհարկե, նա խոսել էր արդեն հավատարիմ իշխանների հետ և կարևոր դեպքում ձեռնտվություն պիտի ստանար նրանցից:

Բայց որքա՞ն մեծ եղավ նրա զարմանքն ու երկյուղը, երբ Սյունյաց Սմբատ իշխանը լուր ուղարկեց իրան, թե Բագարանից ելնելուց հետ` նա հանդիպել էր Աշոտ բռնավորի մի քանի վաշտերին, որոնք Երասխաձորից առաջանում էին դեպի Երազգավորս: Իշխանն ավելացնում էր, թե ինքը վտանգավոր մի նպատակ է նշմարում զորքերի այս շարժման մեջ և հետևապես խորհուրդ է տալիս Մարզպետունուն` զգուշության միջոցներ ձեռք առնել գալիք վտանգների առաջն առնելու համար:

Իշխանն այդ լուրն առավ բանակում, նա տակավին վարանման մեջ էր, երբ յուր հավատարիմ Եզնիկը մոտենալով հայտնեց մի ուրիշ նորություն:

— Երկու օր է,-ասաց նա, — ինչ մի քանի բագարանցիք ձրի պաշար են բաժանում մեր զորքին, ասելով, թե Բագարանի շրջանում գտնվող ամեն հայ զինվոր կարող է ձրիաբար օգտվել սպարապետի համբարանոցից: Բացի դրանից` նրանք շարունակ սպարապետի գովեստն են անում, ասելով, թե նա առատ թոշակ է տալիս զորքին և թե նրա տասնապետները ավելի հարուստ են մեր հարյուրապետներից:

Այս ամենը լսելով իշխանն այլայլվեցավ: Նա կանչեց իսկույն Գոռին և հայտնելով նրան այս նորությունները, ասաց.

— Բոլոր նշաններից երևում է, որ “բռնավորը” պատրաստվում է յուր հին խաղը խաղալու: Ես չէի կարծում, թե նա այնքան ստոր կլինի, որ կօգտվի նույնիսկ սգո օրերից: Այժմ ես գնում եմ քաղաք և պիտի ստիպեմ թագուհուն և արքաեղբորը թողնել իսկույն Բագարանը, որքան էլ որ դա ընդդեմ լինի ընդունված սովորության: Թո՛ղ նրանք իրանց սուգը պահեն արքունիքում: Իսկ դու զգույշ կաց և ուշադրությամբ հսկիր թե՛ մեր զորքերին և թե՛ քաղաքի ելումուտքին: Ինձ թվում է, թե անախորժ դեպքերի պիտի հանդիպենք:

Այս ասելով իշխանը յուր նժույգը հեծավ և սրարշավ դեպի “բռնավորի” ապարանքը դիմեց:

Եզնիկը հետևեց նրան:

Մարզպետունին հասավ ապարանքին հենց այն ժամանակ, երբ “բռնավորն” ու Աբասը պատրաստվում էին բարձրանալ դեպի միջնաբերդը, իբր թե Աշոտի նորակառույց դղյակը դիտելու: Ապարանքի առաջ կանգնած էր մի պահակախումբ, որ սպասում էր յուր իշխանապետի հրամանին:

— Ո՞ւր եք դիմում, տե՛ր, — հարցրեց իշխանը արքաեղբորը, նայելով նրա վրա խորհրդավոր հայացքով:

— Հորեղբայրս կամենում է իմ թախիծը փարատել, նա առաջարկեց ինձ բարձրանալ միջնաբերդ` յուր նորակառույց դղյակը դիտելու, — պատասխանեց Աբասը միամտաբար:

— Դու էլ, եթե կամենում ես, ընկերացիր մեզ, — հարեց “բռնավորը” քաղցրությամբ. — շատ պիտի ուրախանամ, եթե Մարզպետունի իշխանը հավանե իմ ճարտարապետական ճաշակին:

— Դու մոռացել ես, տեր, բայց ես տեսել եմ քո ձեռակերտը` դեռ այն ժամանակ, երբ Հովհաննես կաթողիկոսը ապաստանած էր նրան, — պատասխանեց իշխանը սառնությամբ...

— Հոգ չէ, ընկերացի՛ր մեզ. եղանակը ջերմ է և հաճելի, — պնդեց Աշոտը:

— Մեծափառ տեր, քո դղյակը գեղեցիկ է և ամուր, իշխանաց-իշխանն անշուշտ կհավանե նրան, բայց ցանկալի էր, որ մենք դժգոհություն չպատճառենք թագուհուն, — առարկեց իշխանը:

— Ի՞նչ կնշանակե այդ, — հարցրեց Աբասը զարմացած:

— Մենք տակավին սգո մեջ ենք և մեր թախիծն անցնելու վրա չպիտի մտածենք. — պատասխանեց Մարզպետունին:

— Կենդանիները մեռելների հետ չեն թաղվում, Գևորգ իշխան, — նկատեց “բռնավորը” կեղծավորաբար ժպտալով:

— Այդ ճիշտ է. բայց մեռյալներին այդքան էլ շուտ չեն մոռանում:

— Տե՛ր Մարզպետունի, քեզ չի հասնիլ հրահանգել քո իշխանապետին, նա քո թագավորն է այժմ, — խստությամբ նկատեց “բռնավորը”:

— Այո՛, իմ թագավորն է. կեցցե՛ Աբաս հայոց թագավորը, — բացականչեց իշխանը` սաղավարտը հանելով և խոժոռ աչքերով սպարապետի վրա նայելով:

— Ի՞նչ կնշանակե այս ամենը, — տարակուսած հարցրեց Աբասը` զգալով, որ երկու հակաճառողներին հայտնի է արդեն մի գաղտնիք, որը սակայն անգիտանում է ինքը:

— Տեր, դո՞ւ ցանկություն հայտնեցիր դղյակը բարձրանալու, — հարցրեց իշխանը Աբասին, առանց նրա հարցին պատասխանելու:

— Ո՛չ, հորեղբայրս առաջարկեց, և ես շնորհակալ եմ նրա հոգածության համար:

— Ես առաջարկեցի, այո՛, իսկ դու, Մարզպետունի իշխան, ինչո՞ւ ավելորդ բացականչություններ ես անում իմ արքայական մեծության առաջ. — գոչեց “բռնավորը”` աչքերը զայրացած իշխանի վրա սևեռելով:

Վերջինս չպատասխանեց նրան, այլ դառնալով Աբասին` մեղմությամբ ասաց.

— Տեր իմ, քո ծառան աղաչում է, որ դղյակը բարձրանալու փոխարեն բարեհաճիս իջնել բանակը, եթե կարիք ես զգում թախիծդ փարատելու. Ախուրյանի ափերը ավելի զվարճալի են այժմ, և արևն այնտեղ ավելի է ջերմացնում:

Աբասը դեռ չէր պատասխանել, երբ “բռնավորը” գոչեց:

— Ինչո՞ւ իմ հարցին չես պատասխանում, Մարզպետունի իշխան:

— Քո հարցին պատասխանելուց առաջ` ինքս պիտի նոր հարց տամ քեզ. ասացե՛ք, ինչո՞ւ Երասխաձորի քո զորագունդը հառաջանում է դեպի Երազգավորս...

— Իմ զորագո՞ւնդը... — այլայլած ու շփոթված հարցրեց Աշոտը:

— Երասխաձորից դեպի Երազգավո՞րս... Այդ ի՞նչ է նշանակում, — վրդովված հարցրեց Աբասը:

— Այո՛, մինչդեռ մենք ապահով նստած ենք այստեղ, մեր հյուրընկալը մտածում է մեզ հանկարծակիի բերելու... — հարեց իշխանը:

— Դու ստում ես... — բացականչեց “բռնավորը”:

— Ստում է քո “արքայական մեծությունը”, — զայրացած պատասխանեց Մարզպետունին, առանց այլևս համբերել կարողանալու:

— Դու հանդգնում ես մինչև այդտե՞ղ, — գոռաց “բռնավորը” և ապա զորականին դառնալով` հրամայեց. — կալանավորեցե՛ք իսկույն այս թշվառականին:

Զինվորներից մի քանիսը առաջ անցան:

— Մի՞թե ստեղծվել է այն մարդը, որ պիտի համարձակվի Մարզպետունուն կալանավորել նրա մեռնելուց առաջ... — որոտաց իշխանը և սուրը հանելով` հրավեր կարդաց զորականին: -Օ՛ն, ուրեմն, փորձեցեք ձեր ուժը, բագարանցի քաջեր...

Եզնիկն այս տեսնելով` թռավ ձիու վրա և դեպի բանակը սլացավ: Բայց հառաջացող զինվորները տեղերնին մեխվեցան:

— Այս ի՞նչ է նշանակում, մեծափառ տեր. մի՞թե Բագրատունյաց պայազատը կարող է այս աստիճան նվաստանալ... — վրդովված խոսեց Աբասը:

— Ի՞նչ, նվաստանա՞լ ասացիր... և այն իմ պահակների՞ առաջ... — բացականչեց “բռնավորը”:

— Դու ոտնակոխ ես անում հյուրասիրության սրբազան օրենքը, դու անարգում ես հանգուցյալ թագավորի հիշատակը, ուրիշ ի՞նչ անուն կարող եմ տալ այդ վարմունքին:

— Դու ուրեմն կրկնո՞ւմ ես հայհոյանքդ:

— Ավելին կարող եմ ասել, դու մի դավաճան ես... — զայրացած պատասխանեց Աբասը և ապա դառնալով Մարզպետունուն` հրամայեց.— իշխա՛ն, խնդրի՛ր իմ կողմից թագուհուն պատրաստվել իսկույն, մենք այսօրևեթ պիտի հեռանանք այստեղից:

— Ոչ ոք չպիտի հեռանա, — կտրուկ ձայնով գոչեց “բռնավորը”:

— Հեռանալը մեր կամքից է կախված, — նկատեց Աբասը:

— Իսկ թողնելը իմ կամքից, — պատասխանեց Աշոտը:

— Թողնե՞լը... Ի՞նչ, դու ուրեմն կալանավորում ես մեզ, — բացականչեց Աբասը զայրույթից դողալով:

— Ոչ, ես կամենում եմ ավելի երկար հյուրասիրել ձեզ, — պատասխանեց “բռնավորը” հեգնորեն ժպտալով:

— Ա՞յդ նպատակով էիր ուրեմն ինձ քո դղյակն առաջնորդում, այնտե՞ղ էիր կամենում ինձ բանտարկել, — հարցրեց Աբասը զայրագին:

— Այո՛... եթե հաճելի է քեզ հավատալ քո կասկածին:

— Այդ ոչ թե կասկած, այլ ճշմարտություն է. Մարզպետունի իշխանն ավելի շուտ գուշակեց քո դիտավորությունը:

— Եթե այդպես է, թո՛ղ ուրեմն մարմնանա այդ ճշմարտությունը... Ո՛չ ոք այլևս իրավունք չունի ելնել այս ապարանքից... Պահակապետ, կատարի՛ր քո պարտքը... — Այս ասելով նա նշան արավ պահակախմբի գլխավորին և ինքը շուռ եկավ ներս մտնելու համար:

— “Սավո՛ւղ, Սավո՛ւղ, խիստ է քեզ ընդդեմ խթանի աքացել...”, — գոչեց Աբասը և սուրը մերկացնելով “բռնավորի” առաջն առավ. — ո՞ւր ես գնում, կանգնի՛ր, երկրորդի՛ր հրամանդ...-որոտաց նա ահավոր ձայնով. — Բագրատունյաց գահի պայազատին իրավունք չունիս անարգելու, կանգնի՛ր և ասա՛ ինձ` ո՞վ ես դու:

— Ես հայոց թագավորն եմ, իսկ դու իմ հպատակը, — պատասխանեց “բռնավորը” և նորեն դառնալով պահակներին` գոչեց. — ի՞նչ եք կանգնել, թշվառականներ:

— Եվ իրավ, ի՞նչ եք կանգնել, — բացականչեց Մարզպետունին և սուրը քաշելով դիմեց առաջացող պահակների վրա:

Վերջինները շրջապատեցին իշխանին և կամենում էին սուրը խլել նրանից: Այս տեսնելով` Աբասը հարձակվեց նրանց վրա:

— Օ՛ն ուրեմն, կատարենք մեր պարտքը, — գոչեց նա և սկսավ սրի հարվածներով դիմադիր վահանները ջախջախել:

Ընդհարման աղմուկն ամբողջ ապրանքը բռնեց, այս ու այն կողմից դուրս վազեցին արքաեղբոր թիկնապահները և, տեսնելով նրան վտանգի մեջ, հարձակվեցին դավադիրների վրա: Սկսվեցավ կանոնավոր կռիվ:

Բարեբախտաբար ընդհարումը հեռու էր կանանոցից և “բռնավորը” փակել էր տվել այդ կողմի անցքերը, այնպես որ թագուհուն ու իշխանուհիներին չէր սարսափեցնիլ այդ կողմի շշուկը: Բայց դավադիրների խումբը հետզհետե ստվարանում էր, նրանց հարձակումը ծանր կերպարանք էր առնում. փոքր մի ևս և պիտի ընկճեին նրանք արքաեղբորն ու Մարզպետունուն: Բայց, ահա՛, հենց այն վայրկենին, որ մի քանի զորեղ ձեռքեր պրկեցին Գևորգ իշխանի բազուկը և կամենում էին սուրը հանել նրա ձեռքից, գալարափողերը որոտացին ապարանքի առաջ և Գոռը սուսերամերկ ընկավ դավադիրների վրա:

— Դժոխքի որդիք, ի՞նչ եք անում, — գոչեց նա զայրագին և սկսավ հարվածել հոր հակառակորդներին:

Երիտասարդ իշխանին հետևեցին յուր թիկնապահները, հետո` Դրանիկների խումբը, վերջը` Վանանդացիք: Չանցավ մի քանի վայրկյան և ապարանքի ընդարձակ բակը լցվեցավ զորքերով, որոնք սրեր շողացնելով և նիզակներ ճոճելով սպառնում էին քանդել, կործանել` ինչ որ մի անգամ կդիմադրեր իրանց:

Փոքր ժամանակից հետ հասան ուրիշ զորախմբեր, որոնք “բռնավորի” ապարանքը ամեն կողմից պատեցին:

Դավադիր պահակները մի ակնարկում փախել, չքացել էին: Ընդհարման տեղում մնացել էին միայն մի քանի դիակներ, որոնց արքայական զորքը տրորեց յուր ոտքերի տակ:

Ինչ վերաբերում է “բռնավորին”, նա անհայտացել էր հենց գալարափողի ձայնը առնելուն պես:

Արքաեղբայրն ու Մարզպետունին, ազատվելով վերահաս վտանգից, փութացին իսկույն կանանոցը` թագուհուն ու պալատական տիկնանց հանգստացնելու, որովհետև դավադրության երևան գալը գուժել էր նրանց փողերի ձայնը:

— Հեռանանք այստեղից, հեռանանք շուտով, — ասաց թագուհին. — ես չեմ կամենում ապագա չարիքների պատճառով անիծել այն քաղաքը, որին ավանդ եմ տված իմ սիրելին...

— Կհեռանանք հենց այսօր, — պատասխանեց Աբասը. — միայն թե ժամանակ տուր ինձ ձերբակալել դավաճանին, որովհետև օձը միշտ պիտի խայթե, քանի մականը չէ ջախջախել նրա գլուխը...

— Թո՛ղ դրան, սիրելի Աբաս, աստված ինքը կպատժե չարին, եթե արժանի է նա պատժի... Աշոտը դավաճանեց յուր հյուրերին, բայց հյուրերը թո՛ղ ապերախտ չլինեն դեպի հյուրընկալը:

— Ասացե՛ք` դեպի դավաճանը, — բացականչեց Մարզպետունին:

— Անվանեցեք, ինչպես կամենում եք, բայց թողե՛ք նրան և հեռացե՛ք, — կրկնեց թագուհին:

Նույնը թախանձեցին և Գուրգենդուխտ տիկինը, Գոհար ու Շահանդուխտ իշխանուհիները և մյուս պալատական տիկնայք:

Դրանիկները, ընդհակառակն, պահանջում էին կալանավորել “բռնավորին”:

Բայց Աբասն ապագա խռովություններից խույս տալու համար զիջավ թագուհու առաջարկության:

Նույն ավուր երեկոյան արքաեղբայրը` յուր դրանիկներով, թագուհին` յուր տիկնանցով և Մարզպետունի իշխանը` պետական զորքերով ելան դավադիրների քաղաքից և ուղղվեցան դեպի Երազգավորս:

Գարդմանա տեր Դավիթ սեպուհն ուղեկցեց յուր թագուհի քրոջը մինչև արքունիքը:

Աշոտ բռնավորի այն զորախմբերը, որոնք նրա հրամանով դիմել էին Երազգավորս` քաղաքն ու արքունիքը գրավելու, լուր առնելով “բռնավորից”, թե յուր մտադրությունը չէ հաջողած և թե Աբասն ու Մարզպետունին իրանց զորքերով վերադառնում են Երազգավորս, ձգեցին իսկույն քաղաքը և խույս տվին դեպի Շիրակաշատ, որպեսզի շրջան անելով` վերադառնան Բագարան. առանց արքայական զորաց հետ ընդհարումն ունենալու:

Բայց որքա՛ն մեծ եղավ Բագարանից դարձողների զարմանքը, երբ նրանք Հռոմոսի վտակի մոտ հանդիպեցին արաբական հեծելազոր մի գնդի, որ նույնպես վերադառնում էր Երազգավորսից:

Հեծելազորը հեռվից նկատելով հայոց բանակը, աշխատեց խույս տալ նրանից, բայց Մարզպետունու հրամանով վրա հասան նրա հառաջապահ գնդերը և շրջան կազմելով` փակեցին իրանց մեջ արաբացիներին:

Վերջիններս, տեսնելով իրանց սակավությունը և հակառակորդի առավելությունը, ընդհարվելու փորձ անգամ չարին:

Աբասի հարցին, թե ովքե՞ր են իրանք և ի՞նչ ունին յուր սահմաններում, զորքի պետը պատասխանեց.

— Նսըր ամիրայի հրամանով մենք գնացել էինք Երազգավորս` Բագարանի թագավորի զորաց օգնության, բայց որովհետև նրանք ձեր գալուստը լսելով փախան, ուստի մենք ևս ահա՛ վերադառնում ենք Դվին:

Աբասը սաստիկ զայրացավ և քիչ էր մնում, որ հրաման արձակեր` սուր քաշել ամենքին: Բայց Մարզպետունին հանգստացրեց նրան ասելով.

— Աստված հաջողում է մեզ, տե՛ր, ոստիկանի հետ գրած դաշինքը մենք չէինք կարող ոտնակոխ անել` առանց ամիրապետի ցասումը գրգռելու: Բայց ահա՛ Նսըրն ինքն է առաջինը դրժում յուր երդման: Այժմ ուրեմն մենք ազատ ենք Դվնո վրա հարձակվելու, և ամիրապետն ինքը կարդարացնե այս վրեժխնդրությունը:

Աբասը բանավոր գտավ իշխանի առարկությունը և հրամայեց խլել բոլոր հագարացիներից զենքերն ու ձիերը և իրանց հետիոտն արձակել Դվին:

— Գնա՛ և ասա՛ ոստիկանին, թե շուտով մենք կգանք յուր հաշիվը քննելու... — ասաց նա արաբացի գլխավորին և հեռացավ:

Հայոց զորքերը զինաթափ արին հագարացիներին, խլեցին արաբական նժույգները և արձակեցին նրանց:

Հասնելով Երազգավորս` Մարզպետունու առաջին գործն եղավ` սուրհանդակ ուղարկել Վասպուրական և հիշեցնել Գագիկ թագավորին հանգուցյալ արքայի հետ դրած բարեկամության դաշինքը և խնդրել նրան` վերցնել կաթողիկոսին և գալ Երազգավորս Աբասին թագավոր պսակելու:

Գագիկը պատճառ բերելով յուր ծերությունը` խնդրեց Աբասին իրան իջնել Վասպուրական և Արծրունյաց հին ոստանում թագավոր պսակվել:

“Քանի որ արտաքին ու ներքին թշնամիները այդքան մոտ են ձեզ, ասում էր նա յուր նամակում, նրանք կարող են մեզ խանգարել նույնիսկ թագադրության ժամին: Ուստի ես բարվոք եմ համարում այդ սրբազան հանդեսը կատարել Վանում, ուր ես կհրավիրեմ բոլոր իշխաններին և ուր հայոց թագավորը կարող է վայելել ապահով հանգիստ, որչափ ժամանակ և ինքը կկամենա”:

Աբասն ու Մարզպետունին շահավոր գտան այս առաջարկությունը և իսկույն էլ իրանց համաձայնությունը հայտնեցին Գագիկին:

Այն ժամանակ վերջինս սուրհանդակներ ղրկեց Հայաստանի նահանգներն ու գավառները և հրավիրեց հայոց բոլոր իշխաններին ու նախարարներին փութալ յուր ոստանը` Վան, և թագավոր պսակել Աբասին Բագրատունյաց գահի վրա:

Եվ որովհետև “բռնավորի” դավադրության լուրը հասել էր ամեն տեղ և գրգռել ամենքին, ուստի իշխանները, առանց ժամանակ կորցնելու, շտապեցին Վան` հայոց գահի պայազատին իրանց բարեկամության ու հարգանաց հավաստիքը մատուցանելու:

_________

928 թվականի գարունն էր: Բզնունյաց ծովի ափերը ծածկվել էին կանաչով: Սիփանն ու Վարագը, Արտոսն ու Գրգուռը` թեպետ դեռ ձյունապատ` բայց արդեն հալոցի առուներ էին հոսում դեպի հինավուրց ծովակը: Դաշտային կյանքը եռում էր ամեն տեղ և այգեստանները պճնվել էին փայլուն կանաչությամբ:

Բայց ամենից ավելի ակնապարար պատկեր էր ներկայացնում ծովի արևելյան ափը, ուր բարձր դիրքի վրա, իբրև պերճապաճույճ թագուհի, բազմած էր Շամիրամա գեղեցիկ դաստակերտը: Նրա հյուսիսային կողմից բարձրանում էր երկայնանիստ մի քարաբլուր, որ արևելքից դեպի արևմուտք ձգվելով և անշեղ ու միապաղաղ դեպի վեր բարձրանալով` ներկայացնում էր բնության մի գեղեցիկ հրաշակերտ, որին սակայն մարդկային ձեռքը դարձրել էր հզոր և ահարկու: Նրա քարեղեն սրտի մեջ ծածկված էին բազմաթիվ գաղտնարաններ` փորված անհիշատակ ժամանակներից, որոնք ծառայում էին քաղաքը տիրապետողի բազմազան պետքերին, ոմանք իբրև գանձարան, ոմանք իբրև զնդան և ոմանք իբրև փրկության ապաստարան: Տիտանական այդ զանգվածի վրա ամբառնում էր Վանա անմատչելի բերդը, որ հյուսիսային ու արևմտյան կողմերից պատած էր մի քանի կարգ պարիսպներով ու մարտկոցներով, իսկ մյուս երկու կողմերից ապահովված միապաղաղ ժայռերի բնական պատնեշներով: Բերդի հարավային կողմից ընկած էր քաղաքը, որ աջ ու ձախ տարածվելով` գրավում էր քարաբլրի ստորոտը բազմաթիվ շինություններով, նրանց մեջ աչքի էին ընկնում հոյակապ ապարանքներ, սյունաշար սարավույթներ և վիմարդյան եկեղեցիներ ու մատուռներ: Այդ ամենի վրա յուր ընդարձակությամբ ու հոյակապությամբ իշխում էր Գագիկ թագավորի արքունիքը, որ զարդարված էր կամարակապ պատշգամբներով, սյունազարդ սարավույթներով և ոսկեզօծ ու դրվագազարդ դահլիճներով: Քաղաքի փողոցները հովանավորում էին սաղարթախիտ ծառեր, որոնց ոռոգում էին սրբատաշ քարերի միջով հոսող բազմապտույտ առուներ: Այդ բոլորի շուրջը պատում էր հզոր կրկնապարիսպը լայնադիր աշտարակներով, իսկ դրանց ամենևին փակում էր ընդարձակ խրամ:

Բայց բնության գեղեցկագույն հարստությունը վիճակված էր քաղաքի արևելյան մասին, որտեղից սկսված տարածվում է ընդարձակ ծառաստան, որ կազմված էր զվարճալի պարտեզներից ու այգիներից և ոռոգվում էր քաղցրահամ աղբյուրներով ու առուներով:

Եվ ահա՛ գարնանային գեղազվարճ օրերին Արծրունյաց այս հոյակապ ոստանն էին ժողովվում հայոց տոհմական իշխանները, նախարարները և սեպուհները` իրանց ազնվազարմ ընտանիքներով և պահանորդական խմբերով: Այստեղ եկավ և կաթողիկոսը Աղթամարի գահերեց միաբանների հետ: Ամենից վերջը հասավ Աբասը` յուր դրանիկներով ու ազատանիներով, Գուրգենդուխտ տիկինը` յուր իշխանուհիներով ու նաժիշտներով և Մարզպետունի իշխանը` Արարատյան թագավորության զորախմբերով:

Աշոտ-Դերենիկը դիմավորեց Աբասին Արծրունյաց տոհմի պայազատների և Վասպուրականի իշխանների հետ և ողջունելով նրան Տոսպա սահմանի վրա, մեծ պատվով ու փառքով առաջնորդեց դեպի Վան յուր հոր` Գագկա արքայանիստը:

Քաղաքի դռների մոտ դիմավորեց գահաժառանգին ինքը` Գագիկ թագավորը: Նրա հետ էին թե՛ արքունի իշխանները և թե՛ հրավիրյալ նախարարներն ու ազատանիները, որոնք եւ փառահեղ հանդեսով ուղեկցեցին նրան մինչև Գագկա հոյակապ արքունիքը:

Թեպետ բոլոր քաղաքը զարդարված էր արդեն գույնզգույն դրոշներով և պատշգամբներն ու սարավույթները պճնված շղարշներով, երփներանգ պաստառներով և սյունական գորգերով, բայց արքունյաց զարդարանքը շլացնում էր ամեն աչք:

Նրա սյունաշարերը պճնված էին դալարով և գույնզգույն ծաղիկներով, կամարներն ու բարավորները` սքողված ծիրանիով և ոսկեթել վառերով: Դահլիճների հատակը ծածկված էր գորգերով, թավշով ու կերպասով, իսկ կարասիների վրա, որոնց մեծ մասը շինված էր փղոսկրից ու սատափից, փայլում էին առատորեն արծաթ և ոսկի: Միով բանիվ ամեն տեղ երևում էր հարստություն և արքայական պերճություն:

Վասպուրականի թագավորը, որ սիրահար էր շքեղության, դրա հետ միասին ուներ անհուն փառասիրություն: Եթե մի կողմից նա շքեղազարդել էր արքունիքը ի պատիվ Արարատյան վեհապետի, մյուս կողմից էլ այդ արել էր յուր վեհազնյա հյուրերի, իշխանների և իշխանուհիների առաջ պարծենալու համար:

Եվ շատերի աչքը, արդարև նա շլացրեց, բայց այդ շատերի թվում չէին ո՛չ Մարզպետունին և ո՛չ Սյունյաց հարազատները, որոնք գիտեին, թե ի՞նչ գնով է Գագիկն այդ ամենը ձեռք բերել, ինչ գնով է նա թագավոր ճաշակվել և որքա՜ն չարիք, որքա՞ն թշվառություններ է պատճառել ազգին, մինչև որ արքայի կոչումն է ստացել:

Սակայն հանգամանքներն ստիպել էին այժմ դրանց` դիմել հինավուրց մատնչի օգնության և նրա ոստանում թագավոր պսակել Աբասին:

Երբ այդ մասին դիտողություն արավ Սյունյաց իշխանը, Մարզպետունին պատասխանեց:

— Ընտրեցինք չարիքներից փոքրագույնը...

Մի քանի օրից հետ Թեոդորոս կաթողիկոսը Վանա ս. Հովհաննես կոչված հոյակապ տաճարի մեջ Գագիկ թագավորի, նրա պալատականների և բոլոր հրավիրյալ իշխանների և իշխանուհիների ներկայությամբ թագավոր պսակեց Աբասին, և թագուհի` Գուրգենդուխտ տիկնոջը:

Այդպիսով Հայաստանի նախագահ իշխանապետ կամ արքայից-արքա հռչակվեցավ Աբասը և նրա թագավորությունը սրտագին ողջունեցին ինչպես Գագիկ Արծրունին, նույնպես և հայոց բոլոր իշխանները, երդվելով նրան հավատարմություն և անխախտ բարեկամություն:

Աբաս թագավորը մեծամեծ ընծաներով պատվեց թագադրության ներկա եղող իշխաններին: Բայց ամենից արժանավոր պարգևը տվավ Գևորգ Մարզպետունուն, կարգելով նրան յուր բոլոր զորքերի վրա հրամանատար սպարապետ, և տալով նրան իրավունք` վայելել այդ պատիվը որդվոց որդի:

Է

ԴՎՆՈ ԱՌՈՒՄԸ

Գագիկ Արծրունին մի քանի շաբաթ շարունակ հյուր պահեց յուր մոտ Աբաս թագավորին և ի պատիվ նրա, նաև հրավիրյալ իշխաններին: Այդ բոլոր ժամանակ նա նրանց զբաղեցնում էր հաճոյական զբոսանքներով: Մի օր շրջեցնում էր յուր անառիկ բերդում և ցույց տալիս նրանց նրա հրաշալիքները, բնության ու մարդկանց և մանավանդ, յուր ձեռքով կերտված ամրությունները, ահավոր մարտկոցները, վիմափոր անձավները` իրանց գաղտնի ճանապարհներով, քարակոփ մատուռները և ջրալից ավազանները: Ցույց էր տալիս այդ լեռնակարկառ բարձրության առաջ բացվող գեղազվարճ տեսարանները, որոնց վրա նայում էին նրանք` բազմելով քարաբլրի ծովահայաց կողերում ամֆիթեատրաձև փորված նստարանների վրա: Այդտեղից երևում էր քաղաքը յուր բազմազան շինություններով, ծովակը` յուր գեղածուփ ալիքներով և ապառաժուտ կղզիներով. երևում էին ծովափնյա այգիներ ու դարաստաններ, կանաչազարդ դաշտեր ու բլուրներ և կապուտակ լեռների ձյունագագաթ գոտիներ, որոնք Բզնունյաց ծովակը պատում էին չորս կողմից` Սիփանը հյուսիսից, Արտոսը հարավից, Վարագը արևելքից և Գրգուռն ու Ընձաքիսարը արևմուտքից:

Մի ուրիշ օր նա զբոսեցնում էր նրանց Վանա գեղազվարճ այգեստաններում, որոնք քաղաքի արևելյան կողմից սկսած տարածվում էին դեպի ծովակի հարավակողմը մի քանի ժամվա ճանապարհ, ամփոփելով իրանց մեջ փոքրիկ ավաններ, շեներ ու գյուղեր և իշխանական ամառանոցներ: Ամեն մի ուշադրության արժանի վայրում, կարկաչահոս աղբյուրների մոտ և հովանավոր ծառերի տակ` նա պատրաստում էր հյուրերի համար զվարճալի խրախություններ, համեմված ճոխ հացկերույթներով և գուսանական երգերով ու կայթերով, որոնցով մանավանդ հարուստ էր յուր արքունիքը:

Հաճախ նա առաջնորդում էր հյուրերին դեպի արքայական որսարանները, որոնք գտնվում էին Վարագա ապառաժուտ լանջերում, կամ ծովի հարավակողմը գտնվող անտառներում, ուր և էրեների առատ որսորդությամբ զվարճացնում էր նրանց:

Երբեմն էլ նա պտտեցնում էր նրանց Վասպուրականի այն վանքերը, որոնք հռչակավոր էին իրանց դպրությամբ կամ միաբանական կարգավորությամբ, ցույց տալու համար յուր երկրի մտավոր ու կրոնական զարգացման հառաջադիմությունը:

Վերջապես նա յուր արքայական նավակներով զբոսեցնում էր հյուրերին նաև Վանա ծովի վրա` այցելելով նրանց հետ միասին ծովափնյա ամրաստանները և ծովի մեջ գտնվող Լիմ, Կտուց, Առտեր և մանավանդ գեղադիր ու քարեշեն Աղթամար կղզիները: Վերջինի մեջ այդ ժամանակ նստում էր հայոց ընդհանրական կաթողիկոսը: Այդտեղ Գագիկ թագավորը կառուցել էր հրաշակերտ եկեղեցի, հոյակապ արքունիք, անառիկ բերդ ու դղյակ, ուր և անցնում էր ամառային ամիսները: Այդ բոլորը նա ցույց էր տալիս յուր բարձրաստիճան հյուրերին, բացատրում էր նրանց յուր ճարտարապետական գաղտնիքները և հրճվում էր նրանց գովությունները լսելով:

Բայց այս բոլոր զբոսանքների ժամանակ Աբաս արքայի ուշադրությունը գրավում էին միայն Գագիկ Արծրունու ռազմական ամրությունները: Նա գտնում էր, որ դրանց շնորհիվ է նրա երկիրն ազատ մնացել թշնամու ավերումներից, չնայելով որ այդտեղ բազմիցս արշավել էին թե՛ Յուսուփ ոստիկանը և թե՛ նրա տեղապահները: Թեպետ Վասպուրականը բնությունից արդեն օժտված էր գեղեցիկ ամրություններով, այնպես որ, ոչ միայն Գագիկ Արծրունու նման բազմափորձ զինվորականը, այլևս նրանից ավելի տկար մի իշխանապետ կարող էր այդ ամրությանց ապավինելով` ապահովել երկիրը թշնամու հարձակումներից, բայց և այնպես, Գագիկ Արծրունին բնության տվածների վրա ավելացրել էր նաև յուր ստեղծագործությունները: Վասպուրականի ամեն մի կիրճը, քարաբլուրն ու լեռնալանջը, վանքն ու մենաստանը նա դարձրել էր պաշտպանության վայր, ժողովրդյան ապաստանարան. իսկ բերդերն ու ամրոցները շինել էր անմատչելի: Եվ ահա՛ այս պատճառով Վասպուրականի ժողովուրդը ավելի բարեվիճակ, վանքերն ավելի շեն, միաբանությունները բարեկարգ էին, քան թե Արարատյան երկրում: Եվ Աբասն ինքն իրան մտածում, ծրագիրներ էր կազմում, որ յուր երկիրը դառնալուն պես` ամեն ջանք դնե յուր թագավորությունը նույն ձևով բարեկարգելու:

Սակայն Գևորգ Մարզպետունին բոլորովին այլ գործով էր զբաղված: Նախ` նա մտածում էր Արարատյան ու հարավային իշխանապետությանց մեջ ստեղծած միությունն հաստատուն կապերով ամրապնդելու և երկրորդ` համոզել բոլոր միացած իշխաններին` հավաքական ուժով Դվնո վրա արշավելու, որպեսզի մայրաքաղաքը գրավելով` մի անգամ ընդմիշտ օտար տիրապետության անհարազատ ազդեցությունը երկրի վրայից հեռացնե:

Այս նպատակով, ահա՛, նա շարունակ խոսում, հորդորում էր մերթ Աղձնյաց ու Մոկաց տերերին, մերթ Սյունյաց իշխաններին և հաճախ` Գագիկ Արծրունուն կամ արքայորդի Աշոտ-Դերենիկին: Նա հարյուրերորդ անգամ կրկնում, ապացուցանում էր այդ ձեռնարկության անհրաժեշտությունը և նրանից գալիք օգուտների մեծությունը թե՛ Հայաստանի ժողովրդի և թե՛ նույնիսկ իրանց` իշխանապետների համար:

Եվ նա այնքան աշխատեց, որ բոլորին համոզեց հինավուրց մայրաքաղաքը պաշարմամբ գրավելու որոշումն անել:

_________

Ոստիկանը նույնպես անհոգ չէր այդ ժամանակ: Նա գիտեր, որ Աբասը թագավոր է պսակվել Վասպուրականում և որ հայոց իշխանները մեծ մասամբ նրա հետ են: Եվ որովհետև ինքը անխոհեմություն էր արել Աշոտ բռնավորի դավադրության աջակցելու, և այդպիսով յուր երդման դրժելով` քակել էր Աբասի հետ ունեցած բարեկամության կապը, պարզ է, որ վերջինս, թագավոր պսակվելուց հետ, վրեժխնդիր պիտի լիներ, մանավանդ որ նա այդ մասին սպառնացել էր իրան: Հետևապես ոստիկանն էլ յուր կողմից էր պատրաստվում:

Ամենից առաջ նա միացավ Աշոտ բռնավորի հետ և խոստումն առավ նրանից` օգնել իրան յուր զորքերով` եթե Աբասը հարձակվելու լինի յուր դեմ: Ապա զորքեր խնդրեց ամիրապետից` առարկելով, թե Հայաստանի արաբական կալվածները վտանգի մեջ են, հետևապես անհրաժեշտ է այդ վտանգի դեմ զինվելու: Բայց ամիրապետն զբաղված լինելով յուր երկրի ուրիշ կողմերում ծագած խռովություններով` անուշադիր թողեց Նսըրի խնդիրը: Այն ժամանակ վերջինս միացավ Միջագետքի և Կորդվաց կողմերում ինքնագլուխ իշխող ամիրաների հետ և, օգնական զորք առնելով նրանցից, սկսավ Դվինն ու նրա շրջականերն ամրացնել:

Ամենից առաջ նա ընտիր պահակախմբերով և. առատ պաշարով ապահովեց Դվնո և Արտաշատու բերդերը (որոնք միմյանց մոտ լինելով` ունեին միմյանց հետ և գաղտնի հաղորդակցության ճանապարհներ), որպեսզի վտանգի դեպքում ինքը ապաստանե դրանցից մեկին: Ապա յուր զորքերը բաժանելով մի քանի ստվար մասերի, նրանցից մինին հանձնեց քաղաքի ներքին պարիսպների և աշտարակների պահպանությունը, երկրորդին` արտաքին մարտկոցների հսկողությունը, երրորդին քաղաքի խրամը ջրով լցնելու և շարժական կամուրջները կառավարելու գործը, չորրորդին` Արտաշատու Տափերական կոչված նշանավոր և մեծատարած կամրջի պաշտպանությունը, որի վրայով թշնամին պիտի հառաջանար դեպի Դվին: Բացի այդ նա յուր ունեցած հեծելազորը չորս հառաջապահ գնդերի բաժանելով` ուղարկեց նրանց Դվնո նշանավոր ճանապարհները բռնելու: Դրանցից մինը Խլաթա ուղին էր, որ սկսվում էր քաղաքի արևմտյան հարավից. երկրորդը` Նախիջևանի պողոտան հարավ-արևելքից. երրորդը` Բերդկանց ճանապարհը արևելյան կողմից. չորրորդը` Կողբափորի ուղին, որ ձգվում էր հյուսիսից: Ինչ վերաբերում է Կարնո ճանապարհին, որ քաղաքի արևմտյան կողմն էր ընկնում, այդտեղ ոստիկանը պահապաններ չկարգեց, որովհետև այդտեղից նա սպասում էր յուր դաշնակից Աշոտի զորքերին, մինչդեռ մյուս կողմերից, նրա կարծիքով, պիտի հառաջանար թշնամին, այսինքն` Խլաթա կամ Նախիջևանի ճանապարհով Աբասը, Բերդկանց ճանապարհով` սյունեցիք, իսկ Կողբափորի կողմից` Վահրամ սեպուհը, որ տակավին գտնվում էր Գուգարքում:

Չնայելով այս պատրաստությանց, ոստիկանը, սակայն, հույս ուներ դեռ ազատ մնալ հայոց վրեժխնդրությունից, որովհետև ծանոթ էր նրանց խաղաղասեր բնության և հավատում էր, թե` կարող է նորեն գրավել թագավորի սիրտը և նորոգել նրա հետ յուր բարեկամությունը:

Այս պատճառով նա ընծաներով մարդիկ ուղարկեց Վասպուրական` Աբաս արքայի գահակալությունն ու թագադրությունը շնորհավորելու և նրա հետ հաշտության նոր դաշն կռելու:

— Ասացեք ամիրային, թե հայոց թագավորը Դվնո մեջ կընդունե նրա շնորհավորությունները... — պատվիրեց Աբասը արաբացի դեսպաններին և հետ դարձրեց նրանց իրանց ընծաներով:

Այսքանն արդեն բավական էր, որ ոստիկանը հասկանար, թե թագավորն այլևս չի կամենում խաբվել և յուր ուխտադրուժ վարմունքը ներել: Այս պատճառով երբ դեսպանները հասան Դվին և թագավորի պատվերը հայտնեցին, Նսըրը հրամայեց զորքին կռվի պատրաստվել:

Բայց Աբաս թագավորի բանակը, որ կազմված էր միայն Արարատյան գնդերից և Արծրունյաց զորքերից, ծանրությամբ էր հառաջանում: Որովհետև, համաձայն կանխավ արած որոշման, Մոկաց տերն ու Աղնձյաց նահապետը իրանց զորքերով պիտի միանային արքայի հետ Շարուրի դաշտում. Սյունյաց իշխանները պիտի մտնեին Մազազ և Գառնո ու Գեղա զորքերի հետ միասին իջնեին Ուրծաձոր: Իսկ Վահրամ սեպուհը, որ ապահովված էր արդեն ափխազների կողմից (որովհետև ամբողջ Գուգարքը զինել էր արդեն նրանց դեմ), յուր զորքերն առնելով պիտի իջներ Շիրակ և Երազգավորսի շրջանում եղած գնդերի հետ միանալով` դիմեր Դվնո դաշտը: Ուրեմն, մինչև որ այդ իշխանները կհասնեին որոշյալ տեղերը, թագավորի զորքը չպիտի շտապեր, որովհետև դաշնակից իշխանները նպատակ ունեին միահամուռ կերպով պաշարել Դվինը և եթե կարելի էր, գրավել նրան հարձակումով:

Բայց այստեղ արդեն արաբացիք տենդային պատրաստությանց մեջ էին. քաղաքի պարիսպների մոտ ժողովում էին ռազմական մթերքներ, դարանները լցնում էին դյուրավառ նյութերով, խրամատների համար պատրաստում էին խցաններ, մարտկոցները զինում էին երկաթյա կարթերով ու ջախջախող գործիքներով, բուրգերի մեջ հավաքում էին որձաքարի բեկորներ, որով պետք է փիլիկվաններն ու սանդուղքները ջարդեին` միով բանիվ առավոտվանից մինչ երեկո մարդիկ զբաղված էին մահառիթ աշխատությամբ և հույս ունեին, որ դրանով մեծ կոտորած պիտի անեն պաշարողների մեջ:

Ներքին պատրաստություններն ավարտելուց ետ` ոստիկանը հրամայեց խրամը ջրով լցնել: Եվ ահա արաբացի զինվորները հարյուրավոր բահերով դիմեցին դեպի Արտաշատու ջրանցքը, որպեսզի թումբերը բանալով` ջուրը դարձնեն դեպի Դվին:

Այդ ջրանցքը շինվել էր Քրիստոսից մոտ 200 տարի առաջ Արտաշիաս կուսակալի օրով և կարթագենացոց հռչակավոր զորավար Աննիբալի ծրագրով: Երբ վերջինս հայրենիքից տարագիր` դեգերում էր Հայաստանի մեջ, Արտաշիասն ասպնջականեց նրան սիրով և օգուտ քաղելով բազմափորձ զորավարի ներկայությունից, նրա խորհրդով հիմնեց Արտաշատ քաղաքն ու բերդը Երասխ գետի վրա: Եվ որովհետև տեղը, ուր հիմնված էր քաղաքը, երեք կողմից պատած էր Երասխ և Մեծամոր գետերով, ուստի չորրորդ կողմը ջրափակ անելու համար փորեցին այդ ջրանցքը, որով քաղաքը դառնում էր թշնամուն անմատչելի:

Բայց որովհետև հռչակավոր Արտաշատը վաղուց արդեն դադարել էր շահաստան լինելուց, և նրա փառաց ու ճոխության ժառանգորդ այժմ Դվինն էր հանդիսանում, ուստի նրա հինավուրց ջրանցքն էլ Դվնո խրամը պիտի ողողեր: Արտաշատի անշքանալուց ետ` հայոց թագավորները` սկսած Խոսրով Բ.— ից, որ Դվինը շինեց և յուր աթոռն այդտեղ փոխադրեց, մինչև Բագրատունյաց պայազատները, իրանց հոգն ու խնամքը Դվինի նվիրեցին և ռազմական ամրություններով հարստացրին նրան: Ուստի այդ ժամանակից հիշյալ ջրանցքն էլ ծառայում էր Դվնին:

Բայց օրերն անցնում էին և Աբաս արքայի զորքերը դեռ չէին երևում: Մինչև անգամ Նախիջևանի ճանապարհը պահող հեծելազորը շարունակ լուրեր էր ղրկում Դվին, թե Աբասը դեռ բանակած է Շարուրում: Այս պատճառով արաբացիք սկսան մի առժամանակ անհոգության տալ իրանց և կերուխումով զվարճանալ: Մինչև անգամ ջրանցքի վրա աշխատողները ծանրությամբ էին շարժվում և մի քանի օրվա մեջ հազիվ էին փլել թումբերի մի մասը:

Սակայն Աբաս թագավորի զորքը, որին միացել էին արդեն աղձնեցիք և մոկացիք, վաղուց հեռացել էր Շարուրից և այն` գիշերանց:

Նրա բանակատեղում մնում էին միայն դատարկ վրաններ` մի քանի վաշտ պահապաններով, որոնք պաշտոն ունեին` խաբել Նախիջևանի ճանապարհը պահող արաբացիներին, ցույց տալով նրանց, թե հայոց զորքը դեռ բանակած է այնտեղ: -Այդ զորքը, սակայն, զանազան մասերի բաժանված, անծանոթ ճանապարհներով դիմում էր Դվին:

Արդեն ամեն կողմից մոտենում էին դաշնակիցները միմյանց, երբ լուր հասավ Մարզպետունուն, թե արաբացիք սկսել են ջրանցքի թումբերը փլել` Դվնո խրամը լցնելու համար: Սպարապետ իշխանը, որ միտք ուներ դեռևս հանգիստ տալ զորքին Ուրծաձորում, սաստիկ այլայլվեցավ, որովհետև խրամի լցվելով ահագին դժվարություններ պիտի առաջանային իրանց համար, նախ` զորքն անկարող պիտի լիներ մոտենալ քաղաքի ջրապատ պարսպին կամ դռներին, հետևապես մտադրված հարձակումը չպիտի հաջողեր, երկրորդ` մեծ աշխատություն և երկար ժամանակ պիտի գործ դնեին ջրանցքի բերանը փակելու և ջրալից խրամը, գոնե մի քանի տեղ, խիճով լցնելու, որպեսզի այդ տեղերով զորքը կարողանար մոտենար պարսպին, երրորդ` այդ գործերը կատարելու համար աշխատող հայերից շատերը նետահար պիտի լինեին թշնամուց, որովհետև պարսպի վրա եղողները թույլ չէին տալ ոչ ոքին` պարսպի տակ գործելու:

Այս ամենն աչքի առաջ ունենալով` սպարապետը հայտնեց թագավորին, թե անհրաժեշտ է մի քանի գնդերով դիմել անմիջապես Արտաշատու կողմը և ջրանցքի բացումն արգելել: Մարզպետունու առաջարկությունը բանավոր գտան նաև դաշնակից իշխանները:

Ուստի թագավորի ընտրությամբ այդ գործի համար նշանակվեցան Վանանդացոց ու Սյունյաց գնդերը, որոնց պիտի առաջնորդեր Բաբգեն իշխանը, իբրև քաջածանոթ Արտաշատու շրջականերին:

Երեկո էր, երբ Բաբգեն իշխանը յուր զորքերով մտավ Ազատ գետի հովիտը և սկսավ առաջանալ դեպի Դվին: Որովհետև ճանապարհը, որով առաջանում էին նրանք, անցնում էր Խոսրովակերտ անտառի միջով, որ Ազատի հովտից սկսած տարածվում էր մինչև Գեղա ստորոտը, այդ պատճառով զորքերի ընթացքը աննկատելի մնաց արաբացի պահանորդներին, որոնք խմբերով թափառում էին Դվնո դաշտում:

Մութը կոխելու վրա հայերը Մեծամորն անցան և նրա ուղղությամբ սկսան առաջանալ դեպի Աոտաշատ: Չնայելով որ զորքերը հոգնած էին, այսուամենայնիվ իշխանը չէր կամենում հանգիստ տալ նրանց, որովհետև ամեն մի կորցրած ժամը կարող էր մի վտանգ առաջ բերել իրանց համար: Բայց Արտաշատից մի քանի փարսախ հեռու նա ստիպված էր կանգ առնել` մինչև որ ջրանցքը դիտելու համար ղրկված յուր լրտեսները կվերադառնային: Նա կամեցել էր նախ տեղեկանալ, թե ի՞նչ դրության մեջ է գտնվում գործը և ապա զորքերն առաջ վարել:

Ըստ որում, եթե ջրանցքը բացված լիներ և խրամը ջրով լցված, էլ իրանց Արտաշատ գնալը միտք չէր ունենալ: Այդ քայլը, ընդհակառակը, կարող էր վնաս բերել, նախ` յուր փոքրաթիվ գնդերը վտանգելով և երկրորդ` թշնամուն թագավորի գալը հայտնելով:

Բայց լրտեսները վերադարձան և հայտնեցին, թե մնացել է միայն մի քանի քայլ տարածություն, որպեսզի ջրանցքի արգելքը բացվի, և թե այդ էլ արաբացիք շուտով կպնդեն, որովհետև գործի վրա աշխատում են հարյուրավոր ձեռքեր:

— Օ՛ն ուրեմն, հառա՛ջ, էլ սպասելու ժամանակ չէ, — գոչեց Բաբգեն իշխանը և առաջ անցավ: Զորքը սրընթաց հետևեց նրան:

Եվ արդարև, ջրանցքի առաջը բանալու համար մնացել էր միայն մի քանի քայլ: Գործավոր զորքի գլխին կանգնած էր Բեշիր զորապետը և շտապեցնում էր նրանց, որպեսզի հենց նույն գիշեր ջուրը դարձնե դեպի խրամը: Չնայելով որ մութը կոխել էր, այսուամենայնիվ, զորապետը չէր հեռանում այդտեղից: Արաբական նժույգի վրա նստած` նա դիմում էր մերթ այս մերթ այն կողմը` գործավորներին շտապեցնելու համար: Ըստ երևույթին նա չէր կամենում հեռանալ այդտեղից, մինչև որ յուր աչքով չտեսներ ջրանցքի բացումը:

Եվ ահա՛ հանկարծ Արտաշատու կողմից որոտընդոստ աղաղակներով արաբացոց վրա թափվեցան հայոց զորքերը և սրերով ու նիզակներով սկսան անխնա և աջ ու ձախ հարվածել: Հարձակումն այնքա՛ն անակնկալ և թափն այնքա՛ն զորավոր էր, որ արաբացիներից ոչ ոք չհամարձակվեց դիմադրել: Նրանք շփոթված ու սարսափահար ձգեցին բահերն ու գործիքները և սկսան փախուստ տալ դեպի Դվնո և Արտաշատու կողմերը: Չնայելով որ Բեշիրը սուրը հանեց և գոռալով խրախույս կարդաց զորականին, բայց նրան լսող չեղավ: Մի քանի տասնյակ հոգի, որոնք բահերով ու վաղակավորներով խիզախեցին հայերի դեմ, տեղն ու տեղը ջարդվեցան: Այս տեսնելով Բեշիրը, ինքն էլ ձգեց ճակատը և ձին մտրակելով փախավ դեպի Դվին: Հայերն աղաղակելով ընկան փախչողների ետևից և հալածեցին նրանց մինչև քաղաքի սահմանը, և ապա դառնալով` գրավեցին ջրանցքը և կանգ առան այդտեղ:

Բայց Բեշիրը խույս էր տվել ոչ թե փախչելու, այլ Դվնից նոր զորք բերելու մտքով: Սակայն ոստիկանը, որ ավելի շրջահայաց ու հեռատես էր, թույլ չտվավ նրան զորք հանել քաղաքից:

— Քանի որ չգիտենք, թե ի՞նչ ուժով են հայերը հասել այստեղ, կամ թե ի՞նչ կետերում են համախմբված նրանք և մութն արգելում է մեզ ճիշտ տեղեկություններ առնել այդ մասին, ավելի լավ է ուրեմն զորքը վտանգի չենթարկել, առավոտը մենք ամեն ինչ կտեսնենք աստուծո լույսով և ըստ այնմ հարկ եղածը կփութանք տնօրինել, — ասաց Նսըրը Բեշիրին, և վերջինս բանավոր գտավ այդ խորհուրդը:

Եվ որքա՞ն մեծ եղավ արաբացոց զարմանքը, երբ առավոտը վեր կենալով տեսան, թե Արտաշատու ջրանցքը գրավող վորքը կազմված է ընդամենը մի քանի վաշտերից: Ամոթի հետ միասին մի կատաղի զայրույթ եղավ Բեշիրի վրա, երբ նա համոզվեց, թե ինքը արաբական քաջերի առաջնորդ լինելով հանդերձ, փախել է մի քանի վաշտերի առաջից:

— Հենց այս վայրկենին կջարդեմ բոլորին, թո՛ղ ոչ մի զորական չազատվի իմ սրից, — գոռաց զորապետը և արաբական կատաղիներից մի քանի գունդ առնելով` պատրաստվում էր դուրս գալ Դվնո պարիսպներից:

Ոստիկանը, որ այդ ժամանակ կանգնած էր յուր ապարանքի մինարեթի վրա և դիտում էր Դվնո շրջապատը, տեսնելու համար թե էլ ուրիշ որտե՞ղ կան հայ զորախմբեր, նկատեց, որ քաղաքի արևմտյան կողմից, այն է` Կարնո ճանապարհով, ուր ինքը պահակախումբ չէր կարգել, առաջանում է ստվար հեծելախումբ.

— Ահա գալիս են և մեր դաշնակից Աշոտի զորքերը, — ձայնեց նա դեպի Բեշիրը, որ դեռ կանգնած էր ապարանքի առաջ և հրահանգներ էր տալիս զորքին:

— Առանց նրանց էլ մենք գործը կավարտենք, — հոխորտաց զորապետը և յուր հրոսախումբը կարգավորելով, դուրս եկավ Դվնո պարիսպներից:

Բաբգեն իշխանի դրությունը խիստ ծանր էր: Նա յուր հետ ուներ ընդամենը հինգ հարյուրի չափ զորք: Եվ թեպետ դրանք հայոց ամենաընտիր քաջերիցն էին, այսուամենայնիվ չէին կարող երկար դիմադրել, եթե նրանց շրջապատեր ավելի մեծ բազմություն: Բացի այդ, նրանք գտնվում էին Արտաշատու և Դվնո մեջտեղը, բաց դաշտի վրա և չունեին ո՛չ պատսպարվելու տեղ, ո՛չ էլ ժամանակ` պատնեշ շինելու: Արաբացիք կարող էին շրջապատել նրանց և տեղնուտեղը կոտորել: Միակ փրկությունը ձգել հեռանալն էր: Բայց այդ էլ չէին կամենում անել, որովհետև այն ժամանակ ջրանցքը կմնար արաբացոց ձեռքը, և նրանք մի կես ժամում թումբի մնացորդը փլելով` ջուրը կդարձնեին դեպի խրամը, որով և կոչնչանային թե՛ տարած հաղթությունը և թե՛ ապագա հաջողության հույսերը:

Աբաս թագավորը ղրկելով իշխանին այստեղ, ապահովացրել էր նրան` թե ինքը հետևյալ առավոտ, յուր բոլոր զորքերով, կգտնվի Դվնո առջև: Բայց արևն ահա ծագում էր և, սակայն, արքայական բանակը չէր երևում ոչ մի տեղ, նույնիսկ հառաջապահ գնդեր չէին նշմարվում... Բաբգեն իշխանի հետամուտները, որոնք Արտաշատու բլուրներից դիտել էին ամեն կողմ, եկան և պատմեցին, թե միայն Կարնո ճանապարհի վրա տեսան մի հեծելախումբ, որ շտապով հառաջանում էր դեպի Դվին, իսկ մնացյալ տեղերում արաբացի պահակներից զատ ոչինչ չնշմարեցին:

— Կարնո ճանապարհով կարող է միայն դավաճանի զորքը գալ, — ասաց Բաբգենը. — մեր փրկությունը պետք է սպասել Դվնո դաշտից:

— Մեկ էլ` երկնքից, — նկատեց համհարզներից մինը:

— Եթե աստված հաճի... — հարեց իշխանը և լռեց:

Բայց հենց այդ ժամանակ բացվեցան Դվնո հարավային դռները, և արաբացոց զորքը գալարափողերը հնչեցնելով, սկսավ դուրս խուժել և դիմել դեպի Արտաշատու ջրանցքը:

Բաբգեն իշխանն արդեն կարգավորել էր յուր փոքրաթիվ զորքը, կանգնեցնելով նրանց եռանկյունաձև և հրաման տալով, որ հարձակման դեպքում աշխատեն միջամուխ լինել հարձակվողների մեջ և երկու մասի բաժանելով նրանց` այնպես սկսեն իրանց բախումը: Այդ եղանակն այն առավելությունն ուներ, որ կթուլացներ հարձակման թափը և հրոսախմբի ստվարությունն արգելք չէր լինիլ ազատ զինաշարժության:

Իշխանը հենց որ լսեց փողի ձայնը, աշտանակեց իսկույն յուր նժույգը և սուրը մերկացնելով` ձայն տվավ դեպի զորքերը.

— Սիրելի՛ քաջեր, մենք սակավաթիվ ենք, և թշնամին զորավոր: Բայց մեր դատն արդար է, իսկ նրանցն անիրավ: Աստված օգնում է արդարին և յուր բազուկը հզորագույն է ամենից: Դիմավորեցեք թշնամուն աներկյուղ և առանց դիմադարձության, աստված պիտի օգնե ձեզ երկրորդ անգամ նրան խորտակելու, իսկ ում որ մեզանից մահ կվիճակվի, նա թող մխիթարվի, որ մեռնում է հայրենիքի և այն խաչի համար, որ ահա՛ Դվնո բարձունքից նայում է մեզ վրա:

Այս ասելով իշխանը սաղավարտը հանեց և դեմքը դեպի ս. Գրիգորի գմբեթը դարձնելով` — “Դո՛ւ մեզ օգնիր, ո՛վ սուրբ կաթողիկե, մեր կռիվն ու մահը քո և որդվոց ազատության համար է. թող թշնամին չպարծենա, թե կիսալուսինը հաղթեց սուրբ խաչին...”:

Այս ասելով նա սուրը շողացրեց և “օ՛ն, հառաջ...” գոռալով դիմեց դեպի թշնամին:

Սյունյաց և վանանդացոց քաջերը որոտընդոստ աղաղակով հետևեցին նրան:

Նույնպիսի ոգևորությամբ և գոռյուն-գոչյունով դիմում էին հայերի դեմ արաբացիները:

Վերջապես նրանք հասան, և քաջերը գոռալով ընկան միմյանց վրա: Սրերն սկսան շողալ, նիզակները ճոճել և աջ ու ձախ կատաղի հարվածներ տեղալ: Հարձակումն այնպես սաստիկ և բախումը զորավոր էր, որ երկու կողմից էլ կարգերն իսկույն խանգարվեցան: Վանանդացիք բաժանվեցան սյունեցիներից, իսկ այս վերջիններն` իրարից, նույնպես էլ արաբացիք չկարողացան իրանց միությունը պահպանել: Հայերի մի մասը ետ մղեց նրանց աջ թևը, իսկ սրանք դրա փոխարեն ճնշեցին նրանց ձախը: Այդպիսով խմբերը ճապաղելով` կռիվը բորբոքեցին մի քանի կետերի վրա: Այս հանգամանքը ձեռնտու էր հայերին, որովհետև շարժվելու ազատություն ունենալով` ավելի հաջողությամբ կկռվեին: Բայց ոստիկանը, որ յուր մինարեթից դիտում էր կռվի ընթացքը, տեսնելով հայերի զորեղ ընդդիմությունը, նոր զորքեր ղրկեց յուրայիններին օգնության: Այդ պատճառով հայերը նոր հարձակման հանդիպելով, հետզհետե տկարացան: Նրանց յուրաքանչյուր խմբակին շրջապատել էր մի ահավար գունդ: Վայրկյանը հուսահատական էր. Բաբգեն իշխանը, որ կռվում էր կատաղաբար, նոր հարձակման առաջ ետ կասեց մի վայրկյան, ապա հայացքը Դվնո կաթողիկեին ուղղելով` սրտառուչ ձայնով բացականչեց. “Մի՞թե դու, ով լուսավորչի խաչ, պիտի հանդուրժես մեր կոտորածին և հաղթություն տաս գարշ հագարացուն, որ ծաղրում է քո սրբությունը... Ցույց տուր, ով քառաթև, որ իզուր չենք մենք ապավինել քեզ, և որ հզորագույն է այն բազուկը, որ քո թևին գամվեցավ...”:

Այս ասելով նա սուսերամերկ խոյացավ դեպի հարձակվող զորքերը և աննման հերոսությամբ սկսավ պաշտպանել յուր մարտիկների տկարացող կողմը: Բայց ո՛չ իշխանի և ո՛չ նրա զորքի հերոսական ջանքերը չկարողացան հաղթել արաբացոց գնդերին, որոնք հետզհետե ստվարանում էին: Ընդհակառակը, մի քանի կետերի վրա հայերն սկսան վերջնականապես ընկճվել, նրանք հոժարությամբ փախուստ կտային, թե չվախենային իսպառ ջնջվելուց, այս պատճառով կռվում էին հուսահատ կատաղությամբ: Փոքր մի ևս, և արաբացիք հաղթության փողը պետք է հնչեին... Բայց ահա՛ հենց այդ վայրկենին լսվեցավ հանկարծ հայախումբ զորքերի որոտագին աղաղակը և Վահրամ սեպուհը, ինչպես շանթառաք մի հարված` ահավոր սուրը ձեռին ընկավ արաբացոց վրա: Նրան հետևում էին գուգարացիք, բասենցիք և Շիրակավանի քաջերը: Ինչպես հանկարծահաս մի փոթորիկ կամ գարնանազայր մի հեղեղ թափվեցան նրանք արաբացիների վրա և սկսան անխնա կոտորել, ջարդել, ջախջախել` ոմանց սրախողխող անելով, ոմանց նիզակահար սատակելով և շատերին նժույգների ոտքի տակ տալով:

Բաբգեն իշխանը զարմացավ: Որտեղի՞ց բուսավ արդյոք սեպուհը: Որտե՞ղ էին թաքնված նրա զորքերը, չէր կարողանում գուշակել:

Բայց Դվնո արևմտյան ճանապարհով եկող հեծելազորը, որ խրախուսել էր ոստիկանին և, ընդհակառակը, երկյուղ ազդել Բաբգենին, հենց Վահրամ սեպուհի զորախումբն էր եղած: Վերջինս արքայի հրամանով շտապել էր իշխանին օգնության, ըստ որում բուն բանակը փոքր-ինչ պիտի ուշանար: Սեպուհը հագարացոց պահակներից խույս տալու և Արտաշատի ջրանցքին անարգել հասնելու համար շրջան էր արել Դվնո դաշտի բարձրից և Խոսրովու անտառը անցնելով` մտել Կարնո կոչված ճանապարհը:

Սեպուհի և նրա գնդերի հարձակումը փոխեց իսկույն կռվի կերպարանքը: Հագարացիք հանկարծակի եկան, իսկ սյունեցիք ու վանանդացիք նոր ոգի առնելով` սկսան ավելի կատաղաբար հարձակվել հակառակորդների վրա: Նորեն կռիվը բորբոքվեց. նորեն խմբերն ընդհարվեցան: Հազարավոր սրեր շողում էին ու հարվածում, նիզակները` ճոճում ու շամփրում, սաղավարտներ ճեղքում, զրահներ պատառում, վահաններ ջախջախում... Հաղթողների աղաղակը, ընկնողների վայունը, զենքերի շաչյունը թնդացնում էին օդն ու դաշտը...

Սակայն հաղթության աստղը թեքվում էր հայոց կողմը, արաբացիք նորեկների հարձակումից շվարելով և մանավանդ թե սաստիկ հարված առնելով` մի քանի կետերում սկսան նահանջել: Բեշիրն այդ տեսնելով` հրամայեց իսկույն նահանջի փող հնչեցնել, որպեսզի մնացորդ զորքն ազատե կոտորածից: Բայց արաբացիք փողի ձայնն առնելուն պես` փոխանակ քայլ առ քայլ հետ նահանջելու, սկսան միահամուռ փախուստ տալ դեպի Դվին:

Հայերն ընկան փախչողների ետևից և սկսան չարաչար կոտորել նրանց: Շուտով Դվնո դռները բացվեցան և ներս առան փախչող զորականը:

Սեպուհն այդ տեսնելով` հանդուգն միտք հղացավ, այն է` հրամայել յուր զորքերին` ներս խուժել քաղաքը փախչողների ետևից:

Բայց Բաբգեն իշխանը, որ ավելի հեռատես էր, արգելեց նրան այդ քայլն անել, առարկելով, թե քաղաքում կարող է վտանգ հասնել զորքին:

Նրանք բավականացան տարած հաղթությամբ և զորքը ժողովելով վերադարձան դեպի ջրանցքի հովիտը:

Երեկոյան դեմ, երբ կռիվն արդեն ավարտած, հաղթությունը տարած, իսկ հագարացիք Դվնո մեջ փակված էին, հասավ թագավորը` Գևորգ սպարապետի, դաշնակից իշխանների և արքայական համախումբ բանակի հետ:

Վերջինս, սպարապետի կարգադրությամբ, շրջապատեց քաղաքը բոլոր մատչելի կողմերից:

Տեսնելով Դվնո խրամը տակավին չոր և լսելով տեղի ունեցած կռվի և տարած հաղթության համար` թագավորն ուրախացավ և ի նշան յուր գոհության` գրկեց ու համբուրեց Բաբգեն իշխանին և Վահրամ սեպուհին: Ապա հրամայեց փառավոր հրավառությամբ ամբողջ բանակը լուսավորել այդ գիշեր:

Կարճ ժամանակվա ընթացքում Դվնո հինավուրց անտառից դուրս հանվեցան հարյուրավոր մայրեր ու կաղամախներ և տապարներով ջախջախվելով` դերբուկաձև դիզվեցան թե՛ բանակի մեջ և թե՛ քաղաքի շուրջը, պարիսպների և աշտարակների հանդեպ:

Երբ մութը կոխեց և ահագին խարույկները վառվեցան, Դվինը, կարծես, դյութական կերպարանք առավ: Հարյուրավոր կրակների բոցը բարձրանում, ծառանում էր դեպի երկինք և շրջապատն ամբողջապես բոսոր գունով լուսավորում: Մայրաքաղաքի պարիսպներն ու մարտկոցները պատած էին կրակով և հեռվից նայողը կարծում էր, թե քաղաքն ամբողջապես գտնվում է հրդեհի մեջ: Նրա բարձրադիր ապարանքները` իրանց սյունազարդ սարավույթներով, գմբեթազարդ եկեղեցիները` փայլուն խաչերով և արաբական մզկիթի ու ոստիկանական տան ուղղաձիգ մինարեթները` ոսկյա կիսալուսիններով` փայլում էին գիշերային խավարի մեջ մերթ պայծառ լուսով և մերթ քրքմագույն և տալիս քաղաքին մի տեսակ տխուր և խորհրդավոր կերպարանք:

Իսկ Դվնո բարձունքներից նայողի առաջ ուրիշ պատկեր էր բացվում: Արքայական բանակը, որ պատած էր քաղաքը ամեն կողմից և որ ցերեկվա լուսով իսկ ահավոր էր երևում, գիշերվա մութին ավելի երկյուղ և սարսափ էր ազդում: Խարույկների բոցածավալ լույսը կարծես թե կրկնապատկում, եռապատկում էր զորախմբերի թիվը, բազմաթիվ կրակների շուրջը կայթող և հաղթական երգերով օդը թնդացնող զորականի աղմուկը խռովում, անհանգստացնում էր պաշարյալ մահմեդականների սիրտը:

Դվնո հայերը, ընդհակառակը, գաղտնի հրճվանքի մեջ էին, թեպետ և չէին համարձակվում երևան հանել իրանց ուրախությունը: Այն միտքը, թե շուտով մահմեդականի բռնապետությունը պիտի վերջանա, թե գոռոզ հագարացին պիտի խոնարհի վերջապես արքայի հաղթական դրոշակի առաջ, նրանց սիրտը լցնում էր անսահման բերկրությամբ: Եվ ամենքի շրթունքները մրմնջում էին աղոթքներ, մանուկ և ծեր, կին թե տղամարդ աղաչում էին աստծուն, որ այս վերջին անգամ էլ փառավորե յուր անունը` հաղթություն տալով հայոց խաչին և Լուսավորչա հավատին...

Բայց ոստիկանը, որ յուր ապարանքի մինարեթից դիտում էր այդ մեծատարած խարույկները և տեսնում հայ զորքերի խաղերն ու պարը և լսում նրանց որոտաձայն երգելը, որոնք շարունակվում էին մինչև ուշ գիշեր, կատաղությունից, կարծես, ուզում էր խելագարվել: Նա մտաբերում էր միմյանց ետևից իրան հասած անհաջողությունները, և այդ բոլորը վերագրում յուր զորապետի ու պաշտոնյաների անհոգության և անմտության, ուստի և հայհոյում ու անիծում նրանց:

“Չէ՞ որ կարող էին գեթ մի օր առաջ ջրանցքը բանալ և քաղաքի խրամը ողողել... խոսում էր ինքն իրան ոստիկանը, բայց չարին, անհոգության տվին իրանց և պատճառ դարձան թե՛ քաղաքի գլխավոր պաշտպանությունը ոչնչացնելուն և թե՛ զորքերի կոտորածին... Իսկ իմ պահակ հեծելախմբե՞րը. ո՞ւր մնացին նրանք, ինչո՞ւ մինչև այժմ պահպանության չորս կետերից գեթ մի զինվոր չհասավ, որ թշնամու գալուստն ինձ հայտնե”...

Բայց ոստիկանն իզուր էր տրտնջում վերջին կետի նկատմամբ: Որովհետև ոչ թե յուր պահակ հեծյալների անուշադրությունն էր պատճառը` որ ինքը ժամանակին չէր իմացել յուր հակառակորդի մոտենալը, այլ հայոց սպարապետի բազմափորձ զգուշությունը, որովհետև, նա զորքերն առաջ էր վարել այնպիսի ճանապարհներով և այնքա՞ն միմյանցից անշատ խմբերով, որ հագարացի պահանորդները չէին կարող նրանց նշմարել: Նույնիսկ Շարուրում բանակած զորքի վրանները այն ժամանակ միայն սկսեցին քակել հայ պահակները, երբ բուն բանակն իջնում էր արդեն Դվնո դաշտը:

Վերջապես ոստիկանը կանչեց յուր մոտ Բեշիրին և սկսավ խորհուրդ անել նրա հետ:

— Այս հայերը, ըստ երևույթին, պաշարել են մեզ այնպիսի զորությամբ, որին դիմադրել չպիտի կարողանանք, եթե նրանք հաճախ հարձակվին մեզ վրա, — ասաց նա զորապետին,-ինձ թվում է, թե մի հնար միայն կա ընդհարումն արգելելու և Աբասին մեզ հետ հաշտվել ստիպելու:

— Ո՞րն է այդ, — հարցրեց Բեշիրը, որի գոռոզությունն ընկճվել էր արդեն կրած պարտության պատճառով:

— Այն, որ հայտնենք հայոց թագավորին, թե կկախենք աշտարակից մեզ մոտ պատանդ եղող յուր հորաքեռ որդուն` Սյունյաց Սահակ իշխանին, եթե նա մեր առաջարկած հաշտությունը չի ընդունիլ և յուր զորքերը չի հեռացնիլ Դվինից:

— Աբասը եթե ցանկացող լիներ հաշտության, քո դեսպաններին ու ընծաները հետ չէր դարձնիլ Վասպուրականից:

— Ուրե՞մն...

— Կմերժե քո առաջարկությունը:

— Այն ժամանակ ես էլ կկախեմ այդ իշխանին, թո՛ղ այնուհետև նրա Սմբատ ու Բաբգեն եղբայրները խիզախեն մեր դեմ և Դվինն առնելուց առաջ` իրանց եղբոր դիակը գրկեն:

— Իսկ եթե, հանկարծ, Դվինն առնե՞ն:

— Թո՛ղ առնեն, եթե կարող են. ճակատագրից չպիտի փախչենք, ես, գոնե, այդ սպանությամբ խստագին կխոցոտեմ նրա հարազատների սիրտը:

— Բայց, տեր իմ, այդ որոշումը կարի վտանգավոր է, — նկատեց Բեշիրը. — այս հայերը բնավ խստասիրտ չեն. նրանք երբ գրավում են մի քաղաք, մեզ նման չեն կոտորում նրա բնակիչներին: Այդպես էլ եթե Դվինը գրավեն, վնաս չեն հասցնիլ մեր անձին կամ նույնիսկ մեր զորքերին, եթե միայն քո ցասումը գործադրած չլինիս դու. բայց եթե Սահակ իշխանին սպանես, այն ժամանակ մենք ամենքս անխնա կջնջվենք: Դու չես ճանաչում սյունեցիներին. բայց ես հաճախ ընդհարվել եմ նրանց հետ և ծանոթ եմ այդ ցեղի անսանձ կատաղությանը: Նրանք չեն կարող տանել այն անարգանաց, որ դու կհասցնես նրանց իրանց իշխանին սպանելով:

Ոստիկանի վրա տպավորություն արին զորապետի խոսքերը և նա գլուխը կախելով ընկավ մտածության մեջ:

— Ի՞նչ անենք, ուրեմն, — հարցրեց նա վերջապես` մտախոհ աչքերը զորապետին ուղղելով և յուր նոսր, աղեբեկ մորուքը հուշիկ շոյելով:

— Պիտի պաշտպանվենք որքան կարող ենք և պաշտպանվենք մեր բոլոր զորությամբ, — վճռական ձայնով պատասխանեց Բեշիրը:

Այս որոշման գալով` ոստիկանն ու զորապետը բաժանվեցան իրարից:

Բայց հայոց բանակում խորհուրդ չկար այդ գիշեր: Թագավորն ու իշխանները ապահով էին, որ ամեն կողմից շղթայած են Դվինը, մնում էր սպասել առավոտյան լուսին, որպեսզի հարկ եղած հետազոտություններն անելով, ըստ այնմ որոշեին, թե արդյոք հարձակմա՞մբ թե պաշարումով պիտի գրավեն քաղաքը:

Բայց կեսգիշերվա մեջ պահակ զինվորները լուր տվին սպարապետին, թե Նախիջևանի ճանապարհով ստվար հեծելազոր է առաջանում դեպի հայոց բանակը: Դրանք ոչ այլ ոք էին, եթե ոչ ոստիկանի կողմից Դվնո այդ սահմանում կարգված պահանորդները, որոնք վերջապես հայոց Շարուրից հեռանալն իմանալով` շտապում էին թե՛ նրանց ճանապարհը փակելու (հուսալով մի որևէ տեղ հանդիպել նրանց) և թե՛ ոստիկանին տեղեկություն տալու:

Սպարապետն ընդունելով, թե դրանք իրանց ետևից շրջապատելու և Դվնո կողմից լինելիք հարձակման նպաստելու մտքով են գալիս, պատվիրեց իսկույն Վահրամ սեպուհին դիմավորել նրանց յուր հեծելախմբով: Վերջինիս միացան նաև Մոկաց քաջերը:

Վեդիի ներքին հովիտներից մեկում սեպուհը հանդիպեց արաբացի հեծյալներին և հրամայեց նրանց զինաթափ լինել:

Արաբացիք, որ մթան պատճառով հայոց բազմությունը չափել չկարողացան, պատասխանի փոխարեն` հարձակվել սկսան:

Այն ժամանակ սեպուհի հզոր ձայնը որոտաց և հայոց քաջերը մեծադղորդ աղաղակով ընկան թշնամու վրա:

Տեղի ունեցավ կատաղի ընդհարումն: Բայց նա երկար չտևեց: Արաբացիք իսկույն զգացին, թե որքա՛ն բազմաթիվ են իրանց դեմ սուր շարժող բազուկները, ուստի մի փոքր ընդդիմությունից ետ, որ, սակայն, տասնյակ զինվորներ արժեց իրանց, զինադուլ խնդրեցին:

Վահրամ սեպուհը հրամայեց կոտորածը դադարեցնել և արաբացի հեծյալներին զինաթափ անելով և ձիանը խլելով` իրանց գերի վարել բանակը:

Եվ որովհետև հետևյալ օրը նրանք տեղեկություններ տվին սպարապետին այն պահակախմբերի մասին, որոնք գտնվում էին Խլաթա, Բերդկանց և Կողբափորի ճանապարհներում, ուստի Մարզպետունի իշխանը` հրաման առնելով արքայից, մի քանի ստվար զորախմբեր ուղարկեց այդ կողմերը արաբացի հեծյալներին հալածելու համար, որպեսզի քաղաքի հետ ունեցած ընդհարման դեպքում նրանք ետևից հասնելով չխանգարեն իրանց: Հայոց զորախմբերը, որոնք դիմեցին հիշյալ ճանապարհները` Վահրամ սեպուհի, Սմբատ իշխանի և Մոկաց տիրոջ առաջնորդությամբ, պատահելով հագարացի պահակախմբերին, հարձակվեցան նրանց վրա և քիչ կամ շատ կոտորած անելուց հետ` նրանց մի մասը հալածեցին դեպի Ատրպատականի կամ Կորդվաց կողմերը և մյուսը գերելով` բանակը բերին:

Աշոտ բռնավորը, որ խոստացել էր յուր զորքերով օգնել ոստիկանին լսելով Աբաս թագավորի` յուր դաշնակիցների հետ միասին Դվին հասնելը, այլև նրա զորքերի տարած քանի մի հաղթությունները, ոչ միայն հետ կացավ Նսըրին օգնելուց, այլև յուր զորքերը Բագարան ժողովելով` ինքը ևս ամրացավ այդտեղ:

Իսկ Աբաս թագավորը Դվնո հաղորդակցություններն ամեն կողմից կտրելուց հետ` խորհրդի հրավիրեց յուր իշխաններին` որոշելու համար, թե ի՞նչ եղանակով սկսեն հարձակումը:

Գևորգ սպարապետը, որ թանկ էր գնահատում հայ զորականի կյանքը, խորհուրդ տվավ թագավորին` ամենից առաջ Նսըրին առաջարկել քաղաքը հանձնել իրանց առանց պատերազմի:

— Եթե նա կհոժարվի, բարի, եթե ոչ, այն ժամանակ մենք մեր հարձակումը կսկսենք, — ասաց սպարապետը:

— Այո՛, եթե նա իմանա, թե ինքը զուրկ է ամեն ձեռնտվությունից, գուցե չվստահանա գրգռել մեր զայրույթը և այդ հանգամանքը հավասարապես շահ կբերե թե՛ մեզ և թե՛ իրան, — ավելացրեց Սմբատ իշխանը:

Արքային հաճո թվեցավ այս առաջարկությունը, և դաշնակից իշխանները ևս համակերպեցան նրա հետ:

Նույնիսկ այդ օրը Աղձնյաց նահապետը մի քանի ազատանիների ընկերակցությամբ դիմեց Դվին` ոստիկանի հետ խոսելու:

Նսըր ամիրան պատվով ընդունեց նրան յուր ապարանքի շքեղ դահլիճներից մինում և հաճություն հայտնեց լսել հայոց թագավորի պատգամը:

— Աբաս արքան հրամայեց ինձ ասել մեծափայլ ամիրային, — խոսել սկսավ նահապետը, — թե Դվինը Հայոց աշխարհի մայրաքաղաքն է, թե նրան հիմնել և տիրել են հայոց թագավորները, և թե վերջին տարիներում իսկ նա պատկանել է հայոց իշխանապետության: Ամիրապետի ոստիկանները կարող էին նստել այդտեղ` իբրև երկրի շահաստանում և գանձել ամիրապետի հասույթները: Բայց նրանք իրավունք չունեին նրան գրավելու և նրա միջոցով էլ երկրի ազատության վրա բռնանալու, ըստ որում այդ երկրի կառավարը հայոց թագավորն է, իսկ ժողովրդի ազատության տերը` ինքը ժողովուրդը: Յուսուփը և նրա նախորդները անիրավ հափշտակությանց հետ միասին` հաճախ բռնացել են նաև Դվնո վրա: Բայց այդ պատահել է այն ժամանակ, երբ հայոց իշխանները անջատվել են իրանց թագավորից և կամ վատաբար դավաճանել են նրան: Իսկ այժմ որովհետև հայ իշխանները միացած են ինձ հետ, և իմ զորքերը հավատարիմ են ինձ, ուստի ես զորավոր եմ և հենց այդ պատճառով էլ թույլ չեմ տալ, որ Յուսուփի հաջորդը գնա նրա շավղով կամ թե բռնանա իմ ժողովրդի վրա: Չհիշելով անգամ այն, որ Նսըր ամիրան բարեկամության ուխտ է դրել հանգուցյալ արքայի հետ և վերջը դրժելով յուր ուխտին` աջակցել է հայոց գահի դեմ լարած դավաճանության... չհիշելով այն` որ նա անիրավաբար հափշտակել է հայոց կաթողիկոսարանը և կաթողիկոսի աթոռը տարագրել Ոստանից, որի համար ես իբրև իմ եկեղեցվո պաշտպան, պարտավոր էի արժանավոր հատուցումն անել նրան, այսուամենայնիվ, չկամենալով արյունահեղության պատճառ դառնալ, ես առաջարկում եմ Ոստիկանին խաղաղությամբ հանձնել ինձ իմ քաղաքը, որից հետ և ես կթույլատրեմ իրան ազատ ապրել յուր ապարանքում: Հակառակ դեպքում, եթե ես Դվինը գրավեցի ուժով, այն ժամանակ թո՛ղ ոստիկանը իմանա, որ առաջին օրն իսկ բնաջինջ կանեմ թե՛ յուր զորախմբերը և թե Դվնո բոլոր ամիրաներին, որոնք կալվածներ ունին Ոստանում և ապարանքներ` Դվնո հրապարակների վրա... Բացի այս, ես չեմ խնայիլ նույնիսկ իրան` ոստիկանին: Եվ այս ամենն անելով հանդերձ` ես թշնամացած չեմ լինիլ ամիրապետին, այլ պատժած միայն նրա գործակալին, որ անխոհեմությամբ խռովում է իմ երկիրը...

Ոստիկանը, որ սկզբում խաղաղ սրտով ականջում էր պատգամավոր իշխանին, վերջին խոսքերը լսելուն պես վեր թռավ տեղից և հուզված բացականչեց.

— Քո այդ նոր թագավորն ավելի հանդուգն է, քան յուր նախորդը... Ասա՛ նրան, որ ես չեմ ընդունում հաշտության ո՛չ մի պայման և որ ես իրավունքով տիրում եմ այն քաղաքին, որ երկու հարյուր տարի սրանից առաջ գրավել է արաբական սուրը: Թո՛ղ հառաջ վարե նա յուր զորքերը և ուժով գրավե այս քաղաքը, եթե կարող է: Բայց միևնույն ժամանակ թո՛ղ չմոռանա, որ նա կռվում է արաբացոց երկնափառ ամիրապետի և ոչ թե նրա ոստիկանի հետ...

Պատգամավոր իշխանը վերադարձավ յուր հետևորդների հետ և հայտնեց արքային Նսըրի պատասխանը:

— Լավ ուրեմն, մենք մեր պարտքը կկատարենք և ցույց կտանք այդ հագարացուն, որ ամիրապետի անունով տրված սպառնալիքները չեն կարող ո՛չ մեզ վախեցնել և ոչ էլ մեր իրավունքները շղթայել, — ասաց թագավորը և ապա հրամայեց սպարապետին հարձակման պատրաստությունները տեսնել:

Երազգավորսից հետզհետե բերում էին պաշարման վերաբերյալ գործիներ և պարսպահար մեքենաներ, որպիսիք էին` խոյեր, բաղիստներ, բաբաններ, հրացան, պարսեր և երկաթե զանազանակերպ սանդուղքներ, բարձած բազմալուծ սայլերի վրա: Այդ ամենը պատրաստել էր տվել Մարզպետունի իշխանը դեռևս արքայի` Վասպուրականում եղած ժամանակ: Նրա հրամանակատարները, որոնք ռազմական մեքենագործության հմուտ վարպետներ էին և որոնք այդ բոլորը պատրաստել էին կատարյալ եղանակով, այժմ էլ բանակում զբաղված էին նույնպիսի աշխատությամբ: Նրանք կառուցանում էին փայտե շարժական աշտարակներ կամ եռահարկ մարտկոցներ, որոնց պետք է մոտեցնեին քաղաքի պարիսպներին` նրանց քանդելու կամ այդ մարտկոցներից քաղաքը զորք մտցնելու համար:

Բայց որովհետև մեքենաները պարսպին մոտեցնելն արգելում էր լայն ու խոր խրամը, որին մի քանի տեղ լցնելու համար դեռ կարիք կար ժամանակի, ուստի, թագավորը հրամայեց առաջին հարձակումն առանց մեքենաների սկսել:

Այդպես էլ արին: Եվ որպեսզի պաշարյալների զորությունը ցրեն, հայերը հարձակվեցան քաղաքի ամեն կողմերից: Այնպես որ հագարացիք, բոլոր շրջապատի հետ կռվելու համար, ստիպված էին մարտկոցների պաշտպանությունը կիսով չափ նվազեցնել:

Հայերը, որ հայտնի էին իբրև ընտիր նետաձիգներ` սկսան իրանց տարափը նախ ասպարափակ շարքերի ետևից տեղալ, ապա հետզհետե պարիսպներին մոտենալով սկսան վանել դիմադիր հագարացիներին: Վերջիններս, սակայն, հզորապես կռվում էին այն խմբերի հետ, որոնք կամենում էին սանդուղքներ մոտեցնել պարիսպին: Բացի կարթավոր երկաթյա ձողերից, որոնք մահ էին սպառնում սանդղքավոր զորականին, նրանց նետերն էլ քիչ չէին նեղում հարձակվող հայերին:

Այդպիսի մի զորեղ դիմամարտ բռնկել էր Դվնո ավագ դռան առաջ, ուր մի քանի մարտկոցներ պաշտպանում էին թե՛ երկաթյա դուռը և թե՛ կրկնապարիսպը: Այդ մարտկոցները գրավելուց ետ հեշտ էր առաջին պարիսպը փլել, որով քաղաքի պաշտպանությունը կարի կթուլանար: Այդ պատճառով քաջերի մի հզոր խումբ գործում էր այստեղ:

Բայց մարտկոցների բարձրից տեղացած տարափը և նամանավանդ դյուրավառ նյութերի հրահոսանը թույլ չէին տալիս հայերին սանդուղքներ մոտեցնել: Այդ պատճառով հարձակվողներին օգնության հասան հրձիգ գնդերը: Նրանք գլխներին վահաններ բռնած և խռվի ու խոտի խրձիկներ գրկած` արագ-արագ անցան խրամի վրայից և պարիսպներին մոտենալով կրակեցին խուրձերը մարտկոցների առաջ: Դրանց հետևեցին փայտակիրները, որոնք մի քանի վայրկենում ահագին քանակությամբ փայտ ու խռիվ դիզելով կրակված խուրձերի վրա, մեծ հրդեհ բորբոքեցին թե՛ պարիսպների տակ և թե՛ մարտկոցների առաջ:

Բոցածավալ կրակի ջերմությունն ու ծուխը վանեցին մարտկոցների վրայից արաբացի զինվորներին: Այն ժամանակ հրդեհից ազատ անջրպետներում հայերն անմիջապես սանդուղքներ դրին և սկսան բարձրանալ պատնեշների վրա և այդտեղից էլ մտնել մարտկոցները:

Արաբացիք այդ տեսնելով` սաստկապես հարձակվեցան խիզախողների դեմ. բայց վերջիններին շարունակ հետևում էին ուրիշ խմբեր: Չնայելով որ կրակի ջերմությունն ու ծուխը խեղդում էր մարդկանց, այսուամենայնիվ մարտկոցների վրա տեղի ունեցավ կատաղի ընդհարում: Հայերն ու արաբացիք կռվում էին ինչպես վագրերի ոհմակներ, մի կողմից հանդուգն հարձակումը, մյուս կողմից հուսահատ ընդդիմությունը` կռիվը դարձրել էին զարհուրելի, սրեր էին, որ հարվածում էին, նիզակներ` որ շամփրում էին, վահաններ` որ ջախջախվում էին և դիակներ` որոնք աշնան տերևների պես մարտկոցների բարձունքից թափթփում էին աջ ու ձախ: Եվ սակայն քաջերը քաջերի պատահելով` երկու կողմերն էլ մնում էին անպարտելի:

Բայց որովհետև ընդհարման կետերում արաբացիք հետզհետե նվազում էին և հայերը, ընդհակառակը, բազմանում, այդ պատճառով առաջինները վերջ ի վերջո նահանջեցին: Հայերը տիրեցին հառաջապահ մարտկոցներին և անցան կրկնապարիսպը: Այդտեղ խռնվող հայերի և անջրպետը պաշտպանող արաբացիների մեջ դարձյալ փոթորկեց ընդհարումն: Երկու կողմից էլ կոտորած եղավ, բայց որովհետև հագարացիք նոր օգնություն չստացան, ուստի այստեղ էլ նրանք պարտություն կրեցին: Հայերը գրավեցին կրկնապարիսպի տարածությունը և սկսան քանդել նրա պատվարները և հետզհետե լցնել խրամի մեջ:

Այս անսպաս հաջողությունը, որ ուրախություն պատճառեց թե՛ թագավորին և թե՛ դաշնակիցներին, ստիպեց նաև Մարզպետունուն գոհ լինել տարած հաղթությամբ և զորքի ուժը խնայելու համար` հարձակումը դադարեցնել:

Զորքի մեծ մասը վերադարձավ բանակ, իսկ մյուսը դեռ աշխատում էր կրկնապարսպի վրա: Երեկոյան դեմ բավական մեծ տարածություն նրանք փլել, հատակել էին և դրա հետ միասին խրամը լցրել, այնպես որ հետևյալ օրը հայերը կարող էին մոտեցնել ներքնապարիսպին ոչ միայն մեքենաները, այլև փայտակերտ մարտկոցները:

Բայց որովհետև հայերի ունեցած կորուստն էլ աննշան չէր, ուստի արքայի հրամանով երկրորդ հարձակումը մի քանի օր ուշացրին: Այդ բոլոր ժամանակ փայտահարները զբաղված էին Դվնո անտառում ծառեր կտրելով, խռիվ պատրաստելով, որոնց մի մասը բերում լցնում էին խրամի մեջ, որպեսզի, որքան կարելի էր, մեծ տարածություն ծածկեն ու հատակեն, իսկ մյուսը դիզում էին պարիսպների առաջ, որպեսզի ժամանակին հրդեհեն նրան:

Մի քանի օր անցնելուց ետ` թագավորն ու իշխանները որոշեցին երկրորդ հարձակումն սկսել: Դրա համար վաղ առավոտվանից սկսան առաջ վարել պարսպահար մեքենաները: Խոյերն ու էշ կոչվածները, որոնցով զբաղվում էին ավելի քիչ մարդիկ և որոնցով միայն խրամատներ պիտի բացվեր, մոտեցնում էին պարիսպներին: Ծանրաշարժ բաբանները, որոնց սպասավորում էին հարյուրավոր հոգիք և որոնցով ահագին ռումբեր էին նետում պատվարները փլցնելու համար, կանգնեցնում էին աշտարակների առաջ: Թեթև բաղիստրները, որոնք խոյերի ու բաբանների նման պատսպարաններ չունեին, և որոնցով երկարաբուն նետեր կամ սվիններ պիտի արձակեին, շարում էին պարիսպներից բավական հեռու, որպեսզի պարիսպից տեղացող նետերը չհասնեին նրանց: Իսկ փայտակերտ մարտկոցները, որոնց թիվը շատ չէր, բայց որոնք իրանց հզոր կազմությամբ ամենաապահով պատնեշներն էին պաշարողների համար, կանգնեցնում էին բուրգերի հանդեպ, որտեղից կարող էին կամուրջներ ձգել դեպի այդ բուրգերը, զորքեր փոխադրել նրանց վրա և կամ ներքին հարկում հարմարեցրած խոյերով բուրգերը խրամատել: Այդ մարտկոցներն առաջանում էին ճռնչալով ու դանդաղելով, թեթևներն անիվների վրա, իսկ ծանրաշարժները գլանների օգնությամբ:

Այդ պատրաստությունները, որոնք մի քանի օր տևեցին, հաճախ խանգարում էին պաշարյալները` մերթ հախուռն նետաձգությամբ և մերթ պարսատիկներից քար ու կրակ տեղալով: Թեպետ այդ բոլորից հայ զորականը չէր վնասվում, որովհետև գործում էր զգուշությամբ և շարունակ պաշտպանվելով, այսուամենայնիվ գործը դանդաղում էր բավական:

Յուրաքանչյուր երեկո սպարապետի հրամանով զորքերը մոտենում էին պարիսպներին, որպեսզի գիշերվա պահուն արաբացիք վնաս չհասցնեին մեքենական պատրաստությանը: Նրանք այդ կարող էին անել պարիսպներից իջնելով և դյուրավառ նյութերով մեքենաները կրակելով:

Երբ ամեն ինչ պատրաստվեցավ, թագավորը հրամայեց զորքերն առաջ վարել:

Մայիսյան առավոտ էր. մինն այն օրերից, որ զվարճալի է կացուցանում Դվնո շրջակայքը, քանի չէ ծագել արևը, բայց որ շուտով այրում ու մրկում է նրա դաշտը, երբ արևը կանգնում է երկնակամարի վրա:

Հայոց զորքերը նոր էին սկսում ելնել բանակից, և դաշնակից իշխանները նոր սկսել էին քննել իրանց հարձակման դիրքերը, երբ լուր հասավ Մարզպետունուն, թե Արտաշատի մեջ խլրտումն է սկսվել և զորքերը միջնաբերդից իջնում են դեպի քաղաք: Այդ նշան էր, թե արաբացիք պատրաստվում են դաշտն իջնելու:

Դվնո հրամանատարները որոշումն էին արել անսպաս հարձակվել հայերի վրա և այն` երկու կողմից, այն է` Դվնո և Արտաշատու: Դվնեցիք առջևից պիտի հարձակվեին, իսկ արտաշատցիք` ետևից: Այս կարգադրությունը մեծ հաջողություն կունենար, որովհետև հարձակման համար ընտրել էին ամենահաջող միջոց, այսինքն` այն վայրկյանը, երբ հայերը կսկսեին բանակատեղը ձգել և պատնեշներից ելնելով դիմել դեպի Դվին: Այդ ժամանակ նրանք հույս չունենալով հանդիպել որևէ հարձակման ավելի անհոգ և անպատրաստ կլինեին. ըստ որում կռիվը դեռ պիտի սկսեին մի օր հետո:

Սակայն այս ամենը գուշակեց սպարապետը և հրաման արավ զորքին` բանակից ելնել կատարյալ պատրաստությամբ: Բացի այդ, նա կարգադրեց, որ Մոկաց իշխանն ու Վահրամ սեպուհը իրանց գնդերով վերջինը ելնեն բանակից և հետևապես զգուշանան, որ Արտաշատու կողմը որևէ խլրտումն տեսած ժամանակ` իսկույն իրանցից անջատվեն եւ հարձակվեն նրանց վրա: Մյուս հառաջապահ գնդերը` ամենայն ապահովությամբ կարող էին շրջափակել իրանց մեջ արաբացիներին, եթե նրանք հանդգնեին ելնել Դվինից:

Սեպուհն ուրախությամբ լսեց այդ կարգադրությունը և նորեն հղացավ մի հանդուգն միտք, այն է` Արտաշատից ելնողներին աստուծո օգնությամբ վանելուց հետ, թափանցել, մուտք գործել քաղաքը: Եվ որքա՜ն մեծ եղավ նրա ուրախությունը, երբ Մոկաց իշխանը, որ յուր պես աներկյուղ` բայց իրանից ավելի ձեռներեց մի մարդ էր, համաձայնվեցավ նրա հետ: Հենց այս պատճառով սեպուհին ընկերացավ նաև Գոռ իշխանը յուր քաջարի գնդով:

Եվ իրավ, հազիվ հայերը բանակատեղը թողեցին, և վերջապահ գնդերը պատնեշներից հեռացան, ահա՛ Արտաշատու լայնաբերան դռներից դուրս խուժեցին արաբացիք և վայրենի աղաղակով հայերի ետևից ընկան:

Հայոց վերջապահ գնդերը, որոնց առաջնորդում էին Գոռը, Վահրամ սեպուհը և Մոկաց իշխանը, և որոնք րոպե առ րոպե սպասում էին Արտաշատու կողմից լինելիք այդ հարձակման, ետ դարձան իսկույն և որոտագին աղաղակով դիմեցին արաբացոց վրա:

Վերջինները, որոնք չէին սպասում հայերի կողմից որևէ դիմագրավում, կարծես հանկարծակիի եկան, որովհետև տեսան, որ իրանց գաղտնիքը նախատեսնված է նրանցից: Այսուամենայնիվ շարունակեցին իրանց ընթացքը, մինչև որ միմյանց հանդիպելով սկսան ընդհարվել:

Հայերը երեք կողմից շրջապատեցին արաբացիներին, որովհետև թվով գերազանցում էին և սկսան նրանց հետ զորեղ դիմամարտ:

Անցավ կես ժամ. կոտորածը շարունակվում էր: Արաբացիք կռվում էին քաջությամբ. բայց միևնույն ժամանակ շարունակ նայում էին դեպի Դվին, հուսալով, թե ահա՛ կբացվեն շուտով նրա դռները, և՛ ոստիկանի զորքը դուրս կխուժե այդտեղից հայերին շփոթելու և իրանց աջակցելու համար: Բայց ժամանակն անցնում էր. հայերը շարունակում էին իրանց ջարդը և սակայն Դվնո կողմից օգնություն չէր հասնում:

Պատճառը հետևյալն էր: Ոստիկանն ու Բեշիրը, տեսնելով թե հայոց զորքերի մի մասը արագությամբ շուռ եկավ ու ընկավ արտաշատցոց վրա, իսկ մյուս մասն անշարժ սպասում է Դվնից ելնողներին, զգացին, որ նրանք գուշակել են արդեն իրանց դիտավորությունը, ուստի վտանգավոր համարեցին քաղաքի դռները բանալ և զորք հանել այդտեղից:

Իսկ Արտաշատու կողմը կռվողները տեսնելով, թե դվնեցիք իրանց խոստումը չեն կատարում, բավական երկար դիմադրելուց և բազմաթիվ զոհեր տալուց հետ, դիմադարձ եղան և սկսան դեպի քաղաքը փախչել:

Հայոց առաջնորդները հրամայեցին զորքերին խառնվել արաբացոց հետ և միջամուխ լինել քաղաքը: Եվ որովհետև առաջին օրինակը Գոռն ու սեպուհը տվին, ուստի զորքն աներկյուղ խառնվեցավ թշնամու հետ: Հագարացիք, որոնք իրանց գլուխները կորցրած` անձերնին փրկելու վրա էին մտածում, չկարողացան արգելք լինել ներս խուժող հայերին: Եվ երբ բերդապահը փախչողներին ներս առած կարծելով` հրամայեց քաղաքի դռները գոցել, սարսափելով տեսավ, որ երկաթապատ փեղկերը ջախջախվել են արդեն հայերի ձեռքով և թե նրանցից շատերը նոր կոտորած են սկսել քաղաքի մեջ:

Հուսահատությունը տիրեց հագարացիներին, մանավանդ, երբ դեպի վեր նայելով տեսան, թե միջնաբերդի վրա ծածանում է արդեն հայոց հաղթական դրոշակը: Ուրեմն փրկության վերջին ապավենն էլ գրավված էր: Այդտեղ բարձրացել էր Գոռը յուր քաջերով: Որովհետև, հարձակվող հագարացոց թիվը բազմացնելու պատճառով միջնաբերդի զորքերը ևս միացել էին նրանց հետ, ուստի բերդը մնացել էր անպաշտպան: Գոռն այդտեղի սակավաթիվ պահակները ջարդելով` գրավել էր բերդը և յուր գնդի դրոշը ցցել հինավուրց դղյակի ճակատին:

Արաբացիք իրանց կատարյալ պարտությունը տեսնելով` զինադուլ խնդրեցին: Եվ որովհետև հայերը նույնպես հոգնել էին, ուստի անմիջապես կռիվը դադարեցրին և զինաթափ անելով արաբացիներին, քաղաքն ու բերդն առան իրանց հսկողության տակ:

Հաղթության լուրը հասավ հայոց բանակը և ուրախությամբ լցրեց ամենքին, որովհետև Արտաշատու գրավումով ոչնչանում էր այն միակ ամրությունը, որ Դվինից զատ` կարող էր վտանգ սպառնալ հայոց հաջողությանը:

Հետևյալ առավոտ արքայական բանակը մոտեցավ Դվնո պարիսպներին և Գևորգ սպարապետի, Վահրամ սեպուհի և Սյունյաց, Մոկաց և Աղձնյաց իշխանների առաջնորդությամբ սկսավ յուր երկրորդ և հզորագույն հարձակումը:

Արևը դեռ նոր էր Գեղա բարձունքը ոսկեզօծում, և սակայն կռիվն սկսված էր արդեն:

Նետաձիգ գնդերը իրանց նետերի տարափն էին տեղում, բաղիստրավորները սվիններ էին արձակում, պարսատիկներից կրակ էին ցրվում, բաբանները ահավոր ռումբեր էին նետում, իսկ խոյերն ու էշերը փորում խրամատում էին պարիսպները: Ինչ վերաբերում է շարժական աշտարակներին, նրանք մարտնչում էին բուրգերի ու մարտկոցների հետ` մի տեղ վանելով պահակախմբերը, մյուս տեղ շարժական կամուրջներ վարսելով, երրորդ տեղում բուրգի կողերը փլելով և այլն:

Սաստիկ և աննահանջ հարձակումը մեծ վնասներ էր պատճառում պաշարյալներին, կոտորում էր զորքերը, հրդեհում էր մերձակա շինությունները և խախտում, անպիտանացնում էր ամրությունները: Այսուամենայնիվ արաբացիք դիմադրում էին քաջությամբ: Նրանց նետաձիգներն ու սվինավորները փոխարինում էին հայերին` սրանցից ստացած վնասը: Բացի այդ, նրանք այրեցին հայոց մի աշտարակը, անպիտանացրին մի քանի խոյեր և իրանց երկաթե կարթերով ու ձողերով գլորեցին և կործանեցին բազմաթիվ սանդուղքներ և վերելակներ:

Բայց և այնպես դիմադրության եռանդը քանի գնում` նվազում էր պաշարյալների մեջ, մանավանդ որ նրանք ստիպված էին կռվել քաղաքի բոլոր շրջապատի հետ: Մի քանի կետերում հայոց հարձակումն ու հասցրած տագնապը այն աստիճան սաստիկ էր, որ արաբացիք ստիպված էին նահանջել դեպի ներքին պատնեշները, արտաքինը թողնելով բախտի կամքին, որոնց և հայերն անմիջապես գրավեցին:

Բացի այդ, սպարապետի առաջնորդությամբ կռվող զորագունդը հաջողել էր քաղաքի երկաթյա դռներից մինը` բաբանից արձակված ռումբերով ջախջախել, որից հետո զորականն սկսել էր դռան հետին սրահակը փորել: Այդտեղ լցված խիճն ու ավազը դուրս հանելուց հետ, արդեն պիտի բացվեր քաղաքի մուտքը: Թեպետ արաբացիք կարող էին նրա առաջ փայտի ու նավթի հրդեհ բորբոքել` ներս խուժողներից արգելելու համար, բայց դիմադրության այդ միջոցը երկար չէր տևիլ. հրդեհի նյութը վերջ ի վերջո կսպառեր կամ հայոց հրշեջները կհանգցնեին նրան:

Բեշիրն այդ անդարմանելի վնասը տեսնելով` շտապեց իսկույն ոստիկանի ապարանքը և հայտնեց նրան, թե թշնամին կարող է շուտով ներս խուժել, ուստի խորհուրդ տվավ շտապել, ամրանալ միջնաբերդում և քանի հայերը չէին խանգարում իրանց, զորքերը հետզհետե փոխադրել այնտեղ:

Նսըր ամիրան, որ չէր մոռացել թագավորի այն պատգամը, թե “եթե ես Դվինը բռնությամբ գրավեմ, պետք է բոլորիդ սուր քաշել տամ”, սաստիկ վախեցավ, երբ զորապետի խոսքերը լսեց:

— Միջնաբերդը մեզ չի պաշտպանիլ, քանի որ քաղաքի պարիսպներն ու պատնեշները չեն կարողանում պաշտպանել, — ասաց նա Բեշիրին. — եթե Արտաշատը գրաված չլինեին, այն ժամանակ գոնե կարելի էր հուսալ միջնաբերդի վրա, որովհետև նրա գետնափորով կարող էինք ապաստանել Արտաշատին, եթե անխուսափելի վտանգ հասներ մեզ: Փախստյան այդ ճանապարհը փակված լինելով` մեծ չարիք կհասնե մեզ, եթե ամրանանք միջնաբերդում: Դրանով նախ` մենք չենք կարող ապահովել մեզ. որովհետև հայերը կա՛մ վերջ ի վերջո բերդը կգրավեն, կա՛մ երկար պաշարումով սովամահ կանեն մեզ. երկրորդ` մենք այդ ընդդիմությամբ ավելի կգրգռենք մեր թշնամու զայրույթը, և նա, միջնաբերդը գրավելուց հետո այլևս չի խնայի ո՛չ զորականին և ո՛չ մեր անձին:

— Ի՞նչ անենք ուրեմն, վտանգը դռան մոտ է, — հարցրեց Բեշիրը:

Ոստիկանը չպատասխանեց նրան, աչքերը գետնին հառած մտածում էր:

— Ի՞նչ անենք, տեր իմ, սպասելու ժամանակ չկա, — կրկնեց զորապետը:

— Գիտե՞ս ինչ...

— Հրամայի՛ր:

— Քաղաքը մեր կամքով պիտի հանձնենք հայերին:

— Ինչպե՞ս... հապա մեր այսքան կորուստն ու կոտորա՞ծը, — բացականչեց Բեշիրը:

— Ով որ խնայում է մնացորդը, որքան էլ այն աննշան լինի, նա իմաստնաբար է գործում, — նկատեց ամիրան լրջությամբ, — եթե մենք համառինք, ավելի պիտի կորցնենք...

— Ուրե՞մն...

— Պիտի հանձնենք թագավորին յուր մայրաքաղաքը` մեր զորքն ու անձը փրկելու համար:

Բեշիրը գլուխը կախեց և լռեց:

Մի ժամից հետ քաղաքի մեծ դռան աշտարակի վրա վայրահակ կախեցին մի կանաչ դրոշ, որ նշան էր, թե պաշարյալները հաշտություն են առաջարկում, խնդրելով ընդսմին հարձակումը դադարեցնել:

Իսկ փոքր ինչ հետո դռները բացվեցան, և երևացին Նսըրի պատգամավորները, որոնք քաղաքի բանալիները բերում էին հայոց արքային հանձնելու:

Իսկույն սպարապետը զինադադարի փողը հնչել տվավ, և կատաղի ընդհարումը կանգ առավ մի վայրկենում:

Արաբացոց պատգամավորները հասան արքայի վրանը և ոստիկանի հաշտության պատգամը հաղորդելուց հետ` հանձնեցին թագավորին բերած բանալիները:

Հետևյալ առավոտ տեղի ունեցավ հայոց զորքերի հաղթական մուտքը դեպի Դվին:

Ամենից առաջ ներս մտավ Գևորգ Մարզպետունին` Արարատյան գնդով, որ կրում էր սպարապետական դրոշը և գրավեց քաղաքի կարևոր դիրքերը` անսպառ խլրտումներից ապահով լինելու համար, նրան հետևեցին դաշնակից իշխանները` յուրաքանչյուրը յուր զորախմբով և իշխանական դրոշով: Ապա գալիս էր Վահրամ սեպուհը, առաջնորդելով հեծյալ գնդերին: Դրանց հետևում էր արքայական հեծելախումբը` թագավորական դրոշակով, և ապա ինքը` Աբաս թագավորը` շրջապատված յուր ազատագունդ թիկնապահներով:

Ամենից հետո գալիս էր Գոռ իշխանը, բանակի վերջապահ գնդերով, որոնք կրում էին Մարզպետունյաց Տան դրոշը:

Քաղաքի կարևոր կետերը բռնելուց ետ, սպարապետի առաջին գործն եղավ տեղեկանալ, թե որտե՞ղ է գտնվում Սյունյաց Սահակ իշխանը: Եվ երբ իմացավ, որ նա փակված է միջնաբերդում, իսկույն մի զորախմբով դիմեց այնտեղ և, մտնելով հինավուրց դղյակը, ուր մնում էր իշխանը և որին տակավին հսկում էին արաբացի պահապաններ, հանեց նրան այնտեղից և պատվով ու շուքով բերավ արքայի մոտ:

Թագավորը, տեսնելով հորաքեռորդուն ողջ և առողջ, ուրախացավ և փարելով իշխանին` ասաց:

— Միայն ի պատիվ քո ազատության` ներում եմ ես ոստիկանին: Թո՛ղ ապրե նա յուր ապարանքում և վայելե մեր Դվնո բարիքները:

Ապա Սյունյաց հարազատները հանդիպեցին միմյանց և ցնծության արտասուքն աչքներին փարեցին իրար: Նրանց ուրախության մասնակցեցին բոլոր իշխանները:

Այնուհետև թագավորը Գևորգ սպարապետի և բոլոր իշխանների ու զորքերի ուղեկցությամբ դիմեց ս. Գրիգորի տաճարը, գոհություն մատուցանելու աստծուն այն մեծ հաջողության համար, որ նա պարգևեց իրանց: Արքային դիմավորեց Դվնո հոգևորականությունը եկեղեցական շքեղ թափորով:

Տաճարից դուրս գալուց հետ Աբաս թագավորը գնաց Տիկնունի կոչված պալատը, որ թեպետ մյուս ապարանքների նման գրավված էին արաբացիք, բայց սպարապետն շտապել, պատրաստել էր տվել արքայի բնակության համար:

Հետևյալ օրն ազատեցին նաև կաթողիկոսարանը` հալածելով այդտեղից արաբական պաշտոնյաներին: Դրա հետ միասին խլեցին նաև մյուս արքայաշեն ապարանքներն ու աչքի ընկնող շինությունները, որոնցից ամեն մինը գրաված ուներ մի ամիրա:

Երբ Գևորգ Մարզպետունին առաջին անգամ մտավ կաթողիկոսարանի մեծ դահլիճը, ուր առհասարակ դրված էր լինում հայրապետական գահույքը, զգացվեց և արտասվեց:

— Ահա՛ վերջապես ազատեցինք և կաթողիկոսարանը, — բացականչեց նա հուզված ձայնով, — բայց ո՞ւր է կաթողիկոսը, ո՞ւր է նրա գահույքը... ինչո՞ւ այդ մարդը չհամբերեց այնքան, որ աստուծո աջը օգնության հասներ...

Նա ակնարկում էր հանգուցյալ Հովհաննես կաթողիկոսին, որ յուր թույլ և կամազուրկ բնավորության շնորհիվ պատճառ դարձավ կաթողիկոսական գահը դեպի հեռավոր Աղթամար փոխադրելու:

Այսուամենայնիվ ընդհանուր ուրախությունը մեծ էր, որովհետև, մայրաքաղաքը վերջ ի վերջո գրավվեցավ հայոց քաջերի ձեռքով:

Ը

ՏԱՍՆ ԵՎ ՀԻՆԳ ՏԱՐՈՒՑ ՀԵՏՈ

Դվնո առումից հետո անցել էին տասն և հինգ երկար տարիներ: Այդքան ժամանակի մեջ Աբասը թագավորում էր խաղաղությամբ: Հայաստանի ժողովուրդը մոռացել էր արդեն թշնամիների հարձակումը, հափշտակության, ավազակության և նման արհավիրքների գոյությունը: Շինականն ազատ արօրադրում ու սերմանում էր արտը, այգեպանը` դարմանում յուր որդերը, պարտիզպանը` յուր ծառերը, առանց երկյուղ կրելու, թե` ահա մի որևէ անակնկալ հարձակում կավերե, կոչնչացնե յուր նեղության և քրտանց արդյունքները: Այդպիսով խոպան դաշտերը, ոստաքանց այգիները, ոտնակոխ պարտեզները նորեն մշակվել, գեղազարդվել էին և լցվել բնության բազմազան բարիքներով: Լիության եղջյուրը սփռել էր ամեն տեղ յուր առատ պարգևները: Եվ որովհետև երկրի խաղաղությունը երկար ժամանակ չխանգարվեց, ուստի ոչ միայն հեռավոր կողմեր փախչողները վերադարձան, այլև ուրիշ տեղերից խաղաղակյաց ժողովուրդներ գունդագունդ Հայոց երկիրը գաղթեցին, որովհետև գյուղերը բազմամարդացան, քաղաքները բարգավաճեցին, արհեստները ծաղկեցան և առևտուրը կենդանանալով` երկրի մեջ էլ շահավոր շարժում ու կենդանություն ստեղծեց:

Եվ որովհետև երկրի խաղաղ դրությունից կախում ուներ նաև դպրության ու արվեստի բարգավաճումը, ուստի Հայաստանի այն վանքերը, որոնք խռովության օրերից արդեն ամայացել և շատերն էլ ավերվել էին, նորեն սկսան շենանալ և բարեկարգվիլ: Որովհետև այս ու այն կողմերը փախած կամ տարագիր եղած առաջնորդներն ու միաբանները նորեն դարձան դեպի իրանց Ուխտերը, ավերվածները նորոգեցին, քանդածները շինեցին, միաբանակիցներ ժողովեցին և փութաջան աշխատությամբ սկսան այդ վանքերում ուսումն ու դպրությունը ծաղկեցնել: Եվ որովհետև Հայոց վանքերը Մեծին Ներսեսի և Ս. Սահակա օրերից սկսած` դպրություն տարածելուց և ժողովրդի հոգևոր պետքերը հոգալուց զատ` պաշտոն ունեին նաև տկարները խնամելու, հիվանդները դարմանելու, օտարները ժողովելու և այլն, ուստի այդ վանքերից շատերում հիմնվեցան նաև որբանոցներ, հիվանդանոցներ, հյուրանոցներ և ուրիշ կարևոր ապաստարաններ:

Այդ բոլոր հասարակական հաստատություններին հովանավորում էր ինքը Աբաս թագավորը` ոմանց նպաստելով արքայական գանձարանից, ոմանց կալվածներ նվիրելով, ուրիշներին հասույթներ սահմանելով, և այլն, և այլն:

Այդպիսով Աբաս թագավորի օրով ոչ միայն եղած վանքերը բարեկարգվեցան, այլև նորերը հիմնվեցան և ծաղկեցին, ինչպես օրինակ` Արշակունյաց գավառի “Կամրջաձորի վանքը”, որ 300-ից ավելի միաբաններ ուներ: Նույն գավառի “Կապուտաքար վանքը”, որ հայտնի էր յուր առաջադեմ վանականներով: Շիրակ գավառի “Հռոմոսի վանքը”, որ նշանավոր եղավ յուր հյուրանոցով, ուր կարոտները ոչ միայն կերակուր, այլև հանդերձներ էին ստանում: Նույն գավառի “Դպրեվանքը”, որ անշուշտ հայկական դպրությունը գերազանցապես ծաղկեցնելու համար նույն անունն ստացավ: Դերջան գավառի “Խլաձորի վանքը”, որ Սիոն անունով մի ճգնավոր շինեց, որով ապացուցում էր թե` երկրի մեջ տիրող խաղաղության շնորհիվ որ աստիճան էր հոգեկան գործերով պարապելու եռանդը զարգացել: Այդպիսի ոգևորության արդյունք էին` Խարբերդ գավառի “Մովսիսավանքը”, Կարնո “Հնձուց մենաստանը”, Վայոց-ձորի “Ցախյաց վանքը”, որոնք հայտնի եղան իրանց շինարար միաբանություններով. և վերջապես, Ռշտունյաց գավառի “Նարեկա վանքը”, որ հայ ազգին տվավ փիլիսոփայության և բանաստեղծության մեջ հայտնի վարդապետներ: Ինչպես օրինակ` Անանիա Նարեկացուն, որ Թոնդրակեցոց հաղթահարիչը եղավ, և աստվածային ողբերգակ Գրիգոր Նարեկացուն, որ յուր բանաստեղծական անզուգական հանճարով կարողացավ արժանապես երգել Ահավոր Հավիտենականի հզորությունն ու բարությունը, որի հոգեբուխ աղոթքները դարուց ի դարս մրմնջացին Հայոց բարեպաշտները...

Եվ սակայն խաղաղության տարիների բերած անդորրությունը չթուլացրեց թագավորի քաջազնական եռանդը: Նա թեպետ մեծ ուշադրություն դարձրեց երկրի ներքին բարեկարգության վրա, որի մեջ և գտնվում էր ժողովրդի իսկական երջանկությունը, այսուամենայնիվ, բարձիթողի չարավ նաև արտաքին թշնամիներից քաջապես պաշտպանվելու միջոցները: Որովհետև գիտեր, որ յուր երկիրը շրջապատված է անկիրթ և բարբարոս դրացիներով, որոնք եթե ոչ այսօր, գուցե վաղը հարձակվեին յուր վրա, եթե իմանային, որ ինքը զուրկ է պաշտպանության միջոցներից:

Այս նպատակով Արքայական բանակը զորացնելու գործը իշխան Մարզպետունուն հանձնելով` ինքն զբաղվեցավ Արքայական գահի համար ապահովագույն մի կայան ընտրելու և արհեստի ամեն կատարելությամբ նրան ամրացնելու գործով: Որովհետև Երազգավորսը զուրկ էր անհրաժեշտ ամրություններից, իսկ Դվինն ընդարձակ դաշտի վրա լինելով` մեծ ուժ էր պահանջում պաշտպանվելու համար:

Եվ որովհետև Վանա անառիկ բերդի պատկերը չէր հեռանում թագավորի աչքի առջևից, ուստի նա մտածում էր նույնպիսի մի ամրություն, եթե չգտնվի իսկ, ստեղծել յուր երկրում, որպեսզի յուր նախորդների կրած նեղություններից ընդմիշտ ազատ մնա ինքը:

Այս դեպքում, իհարկե, նա խորհուրդ արավ Գևորգ Մարզպետունու հետ, որ ռազմագիտական փորձառության հետ միասին քաջածանոթ էր, մանավանդ, հայրենի երկրին և սա ամենից հարմար և բնական ամրություններով օժտված տեղը` Վանանդ գավառի Կարս քաղաքը գտավ, որ նորա ասելով, կարող էր գահի համար ապահով ու զորավոր կայան դառնալ:

Այդ բերդաքաղաքը, հին ժամանակներում պատկանում էր քաջազգի Վանանդացոց նախահայրերին: Բայց բուն սկզբնավորությունն անհայտ էր մարդկանց և, հարկավ, վերաբերում էր անհիշատակ ժամանակներին: Նա բազմած էր ուղղակի Վանանդ գավառի սրտում` Կարուց գետի վրա և օժտված էր բնական շատ մի ամրություններով:

Արևմտյան և հյուսիսային կողմից նրան արմնկաձև պատում էր գետը, որ ուներ խոր հատակ և ժայռապատ ափունք, որոնք և քաջապես պաշտպանում էին նրան այդ կողմից: Իսկ արևելյան և հարավային կողմից բարձրանում էին պարիսպներ և ժայռաշեն աշտարակներ, որոնք և կազմում էին այդ կողմի ամրությունները:

Քաղաքի հյուսիս-արևմտյան անկյունում գտնվում էր միջնաբերդը, որ բարձր և անկռվելի քարափանց վրա թառած, պաշտպանվում էր միայն բնության ստեղծած ամրություններով, այն է, երկու կողմից` գետի խորահատակ հոսանքով և առապար ափափաներով, իսկ մյուս երկու կողմից` ուղղաբերձ և պարեխավոր ժայռերով, որոնք անմատչելի էին դարձնում նրան նույնիսկ ճարպիկ քարագնացներին:

Այդ տեղը ընտրելով յուր համար աթոռանիստ, Աբաս թագավորը նախ և առաջ սկսավ միջնաբերդը զորացնել, ըստ որում նրա ունեցած ամրությունները բավական չէր համարում:

Եվ այսպես չգոհանալով բնության ստեղծագործությամբ, նա ավելացրեց նրա վրա արհեստի գյուտերը: Նախ միջնաբերդի շուրջը պատեց հզոր պարիսպով և ատամնավոր աշտարակներով, իսկ բերդի շուրջը քաջապես դիտելու համար` նրա արևելյան անկյունում կանգնեցվեց բարձր և մեծամուր բուրգ: Բերդի մուտքերը փակեց երկաթյա դռներով, իսկ նրանց առաջ կանգնացրեց քարաշեն պատնեշներ: Ապա բերդի ներսում շինեց մթերանոցներ զենքերի և պաշարի համար, իսկ դրանց մեջտեղում փորել տվավ ահագին ջրամբար, երեք հարյուր քարակտուր սանդուղքներով, որոնց վերջինը հավասարվում էր քաղաքի հատակին: Դրանով ջրի պաշարը, որ հաճախ անձնատուր լինելու պատճառ էր դառնում, ապահովվում էր ընդմիշտ:

Միջնաբերդի ամրությունները վերջացնելուց ետ, թագավորն սկսավ քաղաքն ամրացնել: Նախ` նրա արևելյան և հարավային կողմերը պատեց կրկին պարսպով, քառակուսի աշտարակներով և դժվարամատույց պատնեշներով: Ապա նույն կողմերից փորեց ահագին խրամ, որ և միացնելով քաղաքի արևմուտքն ու հյուսիսը փակող գետի հետ, քաղաքը յուր միջնաբերդով և քառակուսի դիրքով գրեթե կղզիացրեց: Եվ որովհետև Կարսը երեք կողմերից, այն է` Արևելքից, Արևմուտքից և Հյուսիսից շրջապատված էր թումբերով, բլուրներով և խորաձորերով, ուստի թագավորն այդ ամենի վրա հարմարավոր դիրքեր ընտրելով, կանգնեցրեց բազմաթիվ մարտկոցներ և փոքրիկ, պատնեշապատ բերդեր, որոնք պատերազմի դեպքում պիտի ծառայեին քաղաքին իբրև հառաջապահ պատնեշներ:

Այդ բոլոր տեղերը նա լցրեց զորքերով, պահակախմբերով և պատերազմական զենքերով ու մեքենաներով:

Այդ ամենը վերջացնելուց ետ, թագավորն սկսավ քաղաքը բարեկարգել: Նախ այդտեղ շինեց Արքայական հայակապ ապարանք, իսկ միջնաբերդում գեղեցիկ դղյակ, որից հետո և Աթոռը Երազգավորսից փոխադրեց Կարս և վերջինս հռչակեց Արքայանիստ Ոստան: Ապա սկսավ զարդարել նրան նորանոր շինություններով, գեղեցիկ սարավույթներով, հասարակական ապաստարաններով, բաղնիքներով, ագուգաններով, նոր ուղիներով և կամարազարդ կամուրջներով:

Այս պատճառով Արքայական Ոստանը կարճ ժամանակի մեջ լցվեցավ բազմաթիվ ու բազմազան բնակիչներով, որոնք և հիմնեցին այդտեղ ազգ արհեստանոցներ, ոստանայնկության գործարաններ, ընդարձակ զինարաններ և անընդհատ երթևեկությամբ ու կենդանի տուրևառով Կարսը դարձրին բազմամբոխ և շահավաճառ քաղաքներից մինը:

______

Հասավ 943 թվականը: Այդ տարին բոլորում էր Աբաս արքայի գահակալության տասն և հինգերորդ տարեդարձը և սակայն դեռ նոր էր ավարտվում Կարսի գլխավոր շինություններից մինը, որի հիմքը դրվել էր 13 տարի առաջ:

Դա սուրբ Առաքելոց հոյակապ եկեղեցին էր, որ բարեպաշտ թագավորը հիմնարկեց 930 թվականին, իբր յուր գահակալության առթիվ առ Աստված ուղղած շնորհակալյաց առհավատչյա: Նա գտնվում էր Միջնաբերդի ստորոտում, գեղադիր բարձրավանդակի վրա և կառուցված էր ժամանակակից ճարտարապետության կատարելությամբ: Արտաքուստ նա հոյակապ էր, քանդակազարդ և ուներ բոլորշի-ութանկյուն ձև: Իսկ ներքուստ կերտված էր խաչաձև, բաժանված տասներկու երեսների վրա, որոնցից ամեն մինը կրում էր առաքյալներից մինի պատկերը: Սրածայր գմբեթը բարձրանում էր անսյուն կամարների վրա և յուր փայլուն խաչով հովանավորում էր թե՛ յուր շուրջն ապրող բարեպաշտ ժողովրդին և թե՛ հեռու, ժայռերի տակ շառաչող Կարուց գետակին:

Որովհետև Ս. Առաքելոց եկեղեցու ավարտման հետ միասին, ինչպես ասացինք, լրանում էր նաև Արքայի գահակալության տասն և հինգ ամյակը, և այդ բոլոր ժամանակ հայրենիքն ու ժողովուրդն ապրել էին խաղաղ երջանկության մեջ. ուստի Աբաս թագավորը ցանկացավ այդ առթիվ շքեղ նավակատիք կատարել:

Այս նպատակով նա կարգադրեց` հրավեր ղրկել նաև կաթողիկոսին և ապա յուր երկրի իշխաններին, նախարարազուններին, ազնվականության, հոգևոր միաբանություններին և նույնիսկ դրացի իշխողներին, որպեսզի ամենքը հավաքվեն արքայանիստ Կարսը, յուր կառուցած տաճարն օծելու և նրա նավակատիքը տոնելու:

Այդ դեպքից կամեցավ օգուտ քաղել Մարզպետունի իշխանը և ազատվել այն երդման կապանքներից, որով նա կաշկանդել էր իրան Գառնո ամրոցում:

Չնայելով, որ նա անօրինակ անձնվիրության, աննման հայրենասիրության և անխոնջ ջանքերի շնորհիվ Հայրենիքն արդեն վայելում էր անդորրություն, իսկ գահը` ապահովություն, այսուամենայնիվ նա դեռ իրան կապված էր համարում Գառնիում արած ահավոր երդումով:

Նա խոստացել էր հալածել Հայաստանից վերջին հագարացին և մինչև որ այդ չաներ, չպիտի վերադառնար յուր ընտանյաց գիրկը, չպիտի ոտք դներ սեփական հարկի տակ:

Եվ այս պատճառով, չնայելով, որ հագարացիք արդեն ջախջախվել, ետ էին քաշվել, չնայելով, որ Դվինը գրավվել էր հայերից, և արաբական իշխանությունն էլ չէր համարձակվում գավազան շարժել հայ ժողովրդի դեմ, այսուամենայնիվ, որովհետև Դվնում դեռ արաբացի ամիրաներ էին նստում, իսկ Հայաստանի նահանգներում ապրում էր խաղաղ հագարացի ժողովուրդ, որին պատճառ չկար հալածել երկրի միջից և իզուր տեղը Արաբացոց Ամիրապետի արդար զայրույթը գրգռել, այս պատճառով Մարզպետունի իշխանը մնացել էր Գառնիից տարագիր, ասելով թե` որովհետև Աստված չհաջողեց ինձ բոլոր հագարացիներին Հայաստանից վռնդել, ուրեմն նա չի կամենում նաև իմ վերադարձը:

Այս պատճառով այդ բոլոր տարիների ընթացքում նա ապրում էր թագավորի մոտ, երբեմն Երազգավորսում, իսկ վերջերը Կարսում: Նրան այցելելու գալիս էին թե՛ Գոհար իշխանուհին, թե՛ Շահանդուխտ հարսը և թե՛ Գոռ որդին: Բայց ինքը երբեք չէր գնում նրանց մոտ:

Այսուամենայնիվ, որովհետև իշխանը դեպի ծերություն էր գնում. և նրա մազերը արդեն սպիտակել էին, ուստի վերջին տարիներում նրա մեջ ծնվել էր ցանկություն` խնդրել կաթողիկոսից ազատել իրան երդման կապանքներից, որպեսզի, գոնե` մեռած ժամանակ կարողանա թաղվել Գառնո ամրոցում, ս. Մաշտոցի գերեզմանի մոտ:

Ծերությունը շատ անգամ բերում է յուր հետ այնպիսի քնքուշ ցանկություններ, որոնք երիտասարդ զգացմունքների համար տղայական են թվում, բայց կյանքի դառնագույն փորձերից անցնող և աշխարհի ունայնության իսկությունն ըմբռնող հոգիները հասկանում ու հարգում են այդ ցանկությունները:

Այդ էր պատճառը, որ երբ Աբաս թագավորն իմացավ, թե յուր սիրելի Սպարապետը ցանկանում է Արքայաշեն եկեղեցու Նավակատյաց տոնին երդման լուծումն առնել կաթողիկոսից, շտապեց օր առաջ ղրկել Վեհափառին յուր հրավերը, որպեսզի դրանով հաճույք պատճառե Հայրենիքի բարերարին:

Հազիվ սկսել էին Կարսում նավակատյաց տոնի պատրաստությունները տեսնել, և ահա մի անակնկալ դեպք Արքայի և Սպարապետի մտադրությունը խանգարեց:

Տայոց իշխանը լուր տվավ նրանց, թե` Ափխազաց Բեր թագավորը ծանր զորքով մտել է յուր նահանգը և այնտեղից էլ առաջանում է Գուգարք:

Միջանկյալ պետք է ասել, որ Ափխազաց թագավորը` Աբաս Արքայի գահակալության օրերից արդեն` հեռացած էր Հայաստանի սահմաններից: Որովհետև երբ նա իմացավ, թե Հայոց Հյուսիսային ու հարավային իշխանությունները միացել են և ընդհանուր ուժով Դվնո վրա են գալիս, ինքը, չնայելով, որ այդ ժամանակ Ցլիկ-Ամրամի հետ ունեցած դաշնադրության զորությամբ գրաված էր Հայոց աշխարհը և դեռ սպառնում էր Գուգարքին, այսուամենայնիվ, վախենալով միացյալ զորության հետ ընդհարվելուց, յուր զորքերը հետզհետե Հայոց աշխարհից հանեց: Իսկ երբ Դվնո առման լուրը հասավ իրան, նա դատարկեց այդ նահանգի նույնիսկ յուր սահմանին մոտ եղող բերդերը և զորքերն առնելով` քաշվեց Ափխազիա:

Բայց որովհետև Հայաստանի խաղաղությունը, ընդհանրապես, խաղաղություն էր բերում նաև դրացի երկրներին, ուստի այդ հանգամանքը, շատ անգամ, ծառայում էր ի վնաս Հայոց շահերին: Եվ ահա թե ի՞նչ պատճառով:

Հայաստանը, գտնվելով Միջին և Փոքր-Ասիայի, այլև Կովկասային երկրների մեջտեղում, հաճախ մի կողմից դեպի մյուսն արշավող ազգերի համար ծառայում էր կամ իբրև կամուրջ և կամ իբր պատնեշ: Այնպես որ` հարավից դեպի հյուսիս, կամ արևելքից դեպի արևմուտք անցնել ուզող աշխարհակալները կամ հակառակորդ ազգերը, ամենից առաջ ընդհարվում էին Հայաստանցոց հետ: Եթե սրանց ընկճում էին, այն ժամանակ ազատորեն դիմում էին դեպի մտադրյալ նպատակը, իսկ եթե, ընդհակառակը, հաղթվում էին սրանցից, այն ժամանակ հետ էին քաշվում և այդպիսով Հայոց դրացիները, նույնիսկ Հայոց զոհաբերության գնով, ազատվում էին սպառնացող չարիքից: Այդպես սկսվել էր դարերից ի վեր և այդպես շարունակվում էր:

Եվ հենց այդ պատճառով, Հայաստանի խաղաղ եղած ժամանակ, նրա դրացի ազգերն էլ խաղաղություն էին վայելում: Բայց փոխանակ դրա համար քաջ կամ նահատակ Հայերին շնորհակալ լինելու, ընդհակառակը` Հայոց շնորհիվ ձեռք բերած այդ խաղաղության արդյունքը, որ լինում էր իրանց զորանալը, գործ էին դնում հենց բարերար դրացու դեմ:

Այդպես էլ արին Ափխազցիները:

Աբաս Արքայի գահակալության օրով, ինչպես Աղվանները, Վրացիք, Եգերացիք, Խաղտիացիք, Քուրելացիք, Մկրելցիք և մյուս հյուսիսային ազգերը, նույնպես և Ափխազցիք` վայելում էին կատարյալ անդորրություն: Իսկ դրա հետևանքը եղել էր այն, որ նրանք ներքին բարեկարգություններով զբաղվելու ժամանակ գտնելով, հետզհետե զորացել էին: Տասնևհինգ տարուց ետ, Բեր թագավորը նորից հիշեց Ցլիկ-Ամրամի հետ ունեցած դաշնադրությունը, որի զորությամբ Հայաստանի հյուսիսային նահանգները իրան պիտի անցնեին, բայց որոնցից նա զրկվել էր այդ ժամանակ` մասամբ Վահրամ Սեպուհից հալածվելով և մասամբ Հայոց միությունից վախենալով: Իսկ այժմ որովհետև իրան բավական զորեղ էր զգում Հայոց թագավորի հետ ընդհարվելու, ուստի հիշեց հին դաշնադրությունը: Եվ չնայելով, որ Ցլիկ-Ամրամն արդեն մեռած, իսկ ինքը Ափխազիայում նրան տված գավառները նորեն գրաված էր, այսուամենայնիվ, ցանկացավ օգուտ քաղել եղած դաշնադրությունից: Եվ հավատացած լինելով թե` կարող է ցանկացած նահանգները բռնությամբ խլել հայերից, մեծ զորք ժողվեց և մտավ Տայոց երկիրը:

Աբաս թագավորն այդ լուրն առնելով` շվարեց, որովհետև չէր կամենում պատերազմ սկսել որևէ դրացու հետ: Նա գնահատում էր խաղաղության արժեքը և, մանավանդ, խնայում զորքերի կյանքը, որոնց սիրում էր յուր որդիների պես: Բացի այդ, Բերը յուր աներձագն էր, ուստի հույս ուներ թե` կարող է առանց պատերազմի` բանավոր հորդորներով համոզել և վերադարձնել նրան յուր երկիրը:

Այս պատճառով թագավորը խորհուրդ արավ Գևորգ Սպարապետի հետ, և ինքնագիր նամակ գրելով Բերին, հարցրեց նրան թե` ինչո՞ւ համար է զորքով յուր երկիրը մտել: “Եթե մի կարևոր պատճառ քեզ չէ ստիպում իմ և քո երկրների խաղաղությունը վրդովել, ավելացնում էր թագավորը յուր նամակում, ապա ուրեմն հիշիր որ ես քո քեռայրն եմ և քրիստոնեա դրացիդ. հետևապես իմ բարեկամությունն ավելի շահ կարող է բերել քեզ, քան քո թշնամությունը: Մտածիր ուրեմն լրջությամբ, հեռացիր աշխարհակալ ցնորքներից և գիտցիր, որ այն ազգը, որ ստիպեց քեզ լուռ մնալ տասնևհինգ երկար տարիներ, կստիպե այժմ հավիտյան լռել, եթե չես կամենալ հոժարությամբ քո երկիրը վերադառնալ”:

Նամակը թագավորը հանձնեց Գոռ իշխանին, որպեսզի սա, Ափխազաց թագավորից անհաջող պատասխան առնելու դեպքում, ուշի ուշով ծանոթանա նրա պատերազմական զորության հետ և այնպես վերադառնա Կարս:

Մինչև, Գոռ իշխանի հասնիլն` Ափխազաց թագավորը հառաջացել էր դեպի Գուգարք և մտնելով նրա Արտահան գավառը, բանակ էր դրել Կուր գետի աջ ափին, Արտահան բերդից դեպի հյուսիս:

Իշխանը հասնելով Ափխազաց բանակը, ներկայացավ թագավորին:

Վերջինս էլ առաջվա նրբակազմ երիտասարդը չէր: Նա պարարտացել էր և մարմինը յուր բարձր հասակի համեմատ աճելով, տվել էր նրան մի զորեղ հսկայի կերպարանք: Երիտասարդական դեմքը փոխվել էր առնականի, աղու աչքերը դարձել խստահայաց, իսկ քնքուշ, միշտ ժպտացող երեսը` ծածկվել հարուստ ընչացքով ու մորուքով, որոնք նրան դարձնում էին խիստ խոշորագեղ:

Բերը Գոռ իշխանին ընդունեց յուր վրանում, բայց կարի սառնությամբ և առնելով նրանից Հայոց թագավորի նամակը, տվավ յուր դպրապետին` հրամայելով նրան կարդալ ի լուր Ափխազաց իշխանների:

Նամակի ընթերցանության ժամանակ նա դեմքի վրա խաղացնում էր արհամարհական ժպիտ, իսկ երբեմն էլ հոնքերը պռստելով` պատրաստվում էր կարծես շանթ ու կրակ թափելու:

Երբ դպրապետը հասավ վերջաբանին, ուր Աբասն ասում էր` “Հայերը կստիպեն քեզ հավիտյան լռելու, եթե չես կամենալ հոժարությամբ քո երկիրը վերադառնալ”, Բերը զայրույթից կատաղեց:

— Գնա՛ և ասա՛ քո թագավորին,-որոտաց դեպի Գոռը, — որ ես կարևոր չեմ համարում բացատրել նրան, թե ի՞նչ պատճառով եմ յուր երկիրը մտել: Այսքանը միայն կասեմ, որ ես լսե՛լ եմ թե` նա նոր ու հոյակապ եկեղեցի է կառուցել Կարսում և պատրաստվում է նրա օծման նավակատիքը կատարել: Ասա՛, որ ես եկել եմ այդ եկեղեցին Վրաց ծեսով օծել տալու և մինչև որ ես չմտնեմ Կարս, նա չպիտի համարձակի որևէ հանդես կատարել...

— Շատ բարի, Մեծազօր Թագավոր, մենք ուրեմն կընդառաջենք քեզ ավելի պատվով մեր մայրաքաղաքը տանելու համար, — պատասխանեց Գոռը հեգնությամբ և դուրս գալով թագավորի վրանից, ժողովեց իսկույն յուր մարդիկը և վերադարձավ Վանանդ:

Ներկայանալով Արքային` նա հադորդեց նրան Ափխազաց թագավորի պատասխանը, ընդսմին և պատմելով յուր առաքելության մանրամասնությունները:

Երբ թագավորը տեղեկացավ, նաև, Գոռ իշխանի տված պատասխանի մասին, ուրախությամբ բացականչեց.

— Կեցցե՛ս, իմ քաջ, դու պատասխանել ես նրան այնպես, ինչպես որ վայել է Հայոց արքայի պատգամավորին և քաջ Սպարապետի որդուն: Մենք ուրեմն կդիմավորենք այդ գոռոզ թագավորին, և եթե Աստված հաջողե, կսովորեցնենք նրան Հայոց եկեղեցին վրաց ծեսով օծելու եղանակը:

Այնուհետև, թագավորը հայտնեց Սպարապետին յուր կամքը, որ էր ճանապարհվել շուտով դեպի Գուգարք և թույլ չտալ Բերին առաջանալ մինչև Վանանդ:

Մարզպետունի իշխանը, որ մինչև որդու վերադարձն արդեն կազմել ու պատրաստել էր զորքը, երբ իմացավ Գոռից, որ Ափխազաց հետ միացած են նաև մի քանի Կովկասային ցեղեր, սուրհանդակ ուղարկեց Սյունյաց իշխաններին` շտապել իրանց զորքով դեպի Գուգարք: Իսկ ինքը յուր բանակը չորս զորավոր մասի բաժանելով` առաջինը հանձնեց Աշոտ Արքայորդուն, որ արդեն չափահաս երիտասարդ էր և ռազմական կրթություն ստացել էր իրանից, երկրորդը հանձնեց Գոռին. երրորդը` Վահրամ Սեպուհին, որ դեռ չէր դադարել ծերունի Սպարապետի համհարզը լինելուց, թեպետ տարիքով պակաս չէր նրանից, իսկ չորրորդին առաջնորդ եղավ ինքը:

Աբաս թագավորը, չկամենալով միայնակ թողնել Սպարապետին, ինքը ևս միացավ նրա հետ` յուր Ոստանիկ զորախմբով:

Սակայն Ափխազաց թագավորը, չնայելով յուր սպառնական պատասխանին և ունեցած զորությանը, մի քայլ անգամ չէր առաջացել դեպի հարավ:

Նա դեռ բանակված էր Արտահանում: Եվ որովհետև իմացել էր, որ Հայոց զորքերը ժողովվում են Վանանդ, ուստի չէր վստահանում նույնիսկ Կուրն անցնել, որպեսզի հանկարծ ընդդիմության չհանդիպի: Նա սպասում էր դեռ տեսնել հակառակորդին, ծանոթանալ նրա զորության հետ և այնուհետև միայն յուր զորքերի շարժման եղանակը որոշել:

Մի քանի օրից հետ Հայոց բանակը մտավ Արտահան և սկսավ առաջանալ դեպի հյուսիս և հասնելով Ափխազաց գնդերին, բանակ դրավ նրանց հանդեպ, Կուր գետի ձախ ափին:

Գևորգ Սպարապետը թեպետ ծեր էր և Արքունիքում վարած խաղաղ կյանքի օրերում` զգում էր իրան ուժազուրկ, սակայն թշնամի Ափխազների բանակը տեսնելուն պես, կարծես նորեն երիտասարդացավ, նոր ոգի ու եռանդ ստացավ: Մի քանի ժամ հանգիստ առնելուց և զորքին էլ հանգիստ տալուց հետ, նա աշտանակեց յուր նժույգը և ոտի հանելով զորքը, սկսավ նրա կազմվածը կարգավորել: Որովհետև կասկածում էր, թե գուցե Ափխազցիք անակնկալ հարձակում անեն իրանց վրա, հուսալով, թե այդպիսով կշփոթեն Հայոց հոգնած բանակը:

Այն մարդը, որ վերջին ժամանակները` միայն երդումից ազատվելու և Գառնո մեջ թաղվելու վրա էր մտածում, հանկարծ մոռացավ ամեն բան, երբ հայրենիքի տոհմական թշնամու բանակը տեսավ: Նրան թվում էր թե` մահմեդական հագարացիներից ավելի գարշելի են քրիստոնյա դրացիները, որոնք ագահության և անարգ շահասիրության պատճառով չէին խղճահարվում խաղաղակյաց մի ժողովրդի, կրոնակից մի դրացու անդորրությունը խանգարել, որոնք գալիս էին ավեր ու ապականություն սփռելու մի ազգի մեջ, որ յուր բյուրավոր նահատակների արյամբ գնել էր Արևելյան եկեղեցու փրկությունը և որի որդվոց անձնվիրությանն էին պարտական դրանք իրանց երկրների խաղաղությունը:

Վրեժխնդրության ոգին ծնունդ առավ այդ ծերունու մեջ, և նա ինքն իրան երդվեց. “Կա՛մ մեռնել այդտեղ, կա՛մ վերջնականապես ջախջախել այս հինավուրց թշնամուն...”:

Եվ նա իզուր չէր այդ երդումը երդվում, նա զգում էր այդ վայրկենին, որ տարիքը իրանից ոչինչ չի պակսեցրել, որ նա այժմ էլ կարող է այնպես սուր շարժել, ինչպես առաջ, կամ նիզակով շամփրել նույնքան շեշտակի, որքան և յուր երեսնամյա հասակում: Եվ իրավ, այն միջոցին, որ նա կրակոտ նժույգի վրա նստած արշավում էր աջ ու ձախ և հրամաններ տալիս զորքին, նա կայտառ էր և աշխուժոտ, ինչպես մի երիտասարդ: Սպիտակ մազերն ու ալեզարդ մորուքը ոչ միայն չէին նվազեցնում սպարապետական արժանիքը, այլև կրկնապատկում էին, տալով նրա դեմքին մի առանձին վեհություն, իսկ զեն ու զարդին` ասպետական շուք: Երբ նա հրաման էր տալիս զորքին, նրա ձայնը դարձյալ որոտում էր ինչպես տասնյակ տարիներ առաջ, իսկ զորականն այդ ձայնին հնազանդվում էր կուրորեն, որովհետև նա ոչ թե սիրում, այլ պաշտում էր յուր հինավուրց զորապետին:

Առաջին օրը ևեթ Սպարապետն ու զորավարները ժողովվեցան թագավորի մոտ խորհուրդ անելու, թե ե՞րբ և ի՞նչ եղանակով սկսեն պատերազմը:

Մարզպետունի իշխանը, իբրև ամենից փորձառուն, խորհուրդ տվավ հարձակումն անել հենց այդ միևնույն գիշերը, կամ գոնե, լուսաբացին:

— Այդ կարևոր է նրա համար, — ասում էր իշխանը, — որ Ափխազցիք հուսալով, թե մենք դեռ հոգնած ենք, և, հետևապես, խույս պիտի տանք ընդհարվելուց, անպատրաստ և անկարող կլինին մեզ դիմադրելու:

— Այդ միջոցը, գիտեմ, ամենահարմարն է թե թշնամուն շփոթելու և թե քիչ կորուստով հաղթություն ձեռք բերելու,-խոսեց թագավորը. — բայց ինչպե՞ս կարող ենք մեր հոգնած բանակը Կուր գետից անցցնել, քանի որ դրա համար պատրաստություն չունինք:

— Այստեղ Կուր գետը խորություն չունի,-պատասխանեց Մարզպետունին, — որովհետև սա առաջին վտակն է, որ իջնում է Կարսա լեռներից: Այրուձին հեշտությամբ կարող է անցնել, իսկ հետևակները ափից միայն պիտի օգնեն:

— Ո՞վ պիտի առաջնորդե այրուձին, — հարցրեց թագավորը:

— Ես և Վահրամ սեպուհը, իսկ Արքայորդին և Գոռը կգործեն Արքայի հրամանատարության ներքո, — պատասխանեց Սպարապետը:

Թագավորը հարգելով իշխանի առաջարկությունը, համաձայնվեցավ նրա հետ, միայն պայմանով, որ հարձակումն անեն ո՛չ թե գիշերը, այլ լուսաբացին, որպեսզի հետևակների աշխատությունը ևս, որ նետաձգություն պիտի լիներ, օգուտ բերե հեծյալներին:

Առավոտյան պահուն, երբ Արուսյակը նոր էր բարձրանում երկնակամարի վրա, իսկ լուսո ելքը դեռ որոշ չէր երևում, Հայոց բանակը ոչ միայն ոտքի վրա էր, այլև պատրաստվել էր հարձակումն սկսելու:

Արքայորդին ու Գոռը իրանց հատուկ գնդերը կանգնեցրել էին Կուր գետի ուղղությամբ` բանակատեղից մի ասպարեզ հեռու, այնպես որ գտնվում էին ափխազցիների հանդեպ և այդ կողմից էլ սպասում էին Սպարապետի կողմից տրվելիք նշանին:

Իսկ Գևորգ Մարզպետունին, վերցնելով յուր հետ հեծելազորը, անցել էր Կուրի հանդիպակաց ափը: Եվ որպեսզի յուր անցքը ափխազցիներից չնշմարվի, նա հեռացել էր բանակից մի քանի փարսախ և շրջան անելով` գետն անցել:

Երբ Արևելքն սկսավ շառագունել, Սպարապետը հրամայեց զորքին` արագացնել յուր ընթացքը:

Այդ ժամանակ Ափխազաց բանակում հանգստություն էր տիրում: Թագավորն ու իշխանները դեռ քնած էին, իսկ զորքի մեծ մասը վրաններում փակված: Երբ լույսը բացվեցավ այնքան, որ կարելի էր գետի մյուս ափը նշմարել, պահակները տեսան, որ հայոց գնդերը շարեշար կանգնած են իրանց հանդեպ: Այս մասին նրանք տեղեկացրին գնդապետներին, որից և իսկույն խլրտում ընկավ ափխազցիների մեջ: Վերջիններս, արդարև, մտադիր էին այդ օրն ևեթ իրանց հարձակումն սկսել, բայց այդքան վաղ կռվելու վրա նրանք չէին մտածել: Զորապետը երկյուղ կրելով դարանակալ հարձակումից, հրամայեց զորքին զենքի դիմել իսկույն:

Բայց նրանք դեռ այդ պատրաստության մեջ էին, երբ Հայոց հեծելազորը, ինչպես հանկարծահաս մի փոթորիկ, որոտաձայն աղաղակով ընկավ նրանց վրա:

Ափխազցիք շփոթվելով դուրս թափվեցան վրաններից, խառնվեցան իրար և աշխատում էին ճակատ կազմել, բայց իզուր: Նրանցից շատերը դեռ անզեն էին, ոմանք կիսամերկ և քիչերը միայն զինավառյալ: Բացի այդ, զորքերի մի մասը խմբվում էր, իսկ մյուսը ցրվում, ըստ որում հայերը հարվածում էին սաստկությամբ` թույլ չտալով, որ նրանք միանան իրար հետ: Վրա հասնող իշխանների և մանավանդ զորապետների ձայներն ու խրախույսը ոգի տվին մի փոքր շփոթված զորականին և նրանք կարգի գալով` ճակատ կազմեցին: Հետզհետե հասան և նոր զինված խմբեր, որոնք միացան առաջիններին և սկսան քաջաբար դիմադրել հայերին: Այսուամենայնիվ, վերջինների թափն այնքան զորավոր էր, որ ափխազցիք, չնայելով, որ կռվում էին հերոսաբար, բանակատեղը պաշտպանել չկարողացան: Հայերը նրանց դուրս քշեցին պատնեշներից և կռիվը բորբոքեցին բաց դաշտի վրա:

Այդ ժամանակ ահա երևաց Բեր թագավորը` շրջապատված հսկայակերպ թիկնապահներով և սկսավ խրախույս կարդալ յուր զորականին: Վերջինս թեպետ բավական վերջոտնել էր, սակայն ոգի առավ թագավորի ձայնից և սկսավ նոր ուժով խիզախել թշնամու դեմ:

Բայց որովհետև հայերը մղել էին նրանց դեպի Կուրի ափը, որպեսզի իրանց նետաձիգներին մոտեցնեն, ուստի հենց այդ վայրկենին էլ հայ հետևակները սկսան իրենց նետերը տեղալ և այն` այնպես սաստիկ, որ ափխազցիք մի վայրկյան մնացին շվարած: Նրանք չգիտեին հեծելազորի՞ հետ կռվեն, թե՞ նետաձիգների դեմ պաշտպանվեն, որոնք ժամանակ չէին տալիս իրանց, մինչև անգամ, վահանափակ կազմելու:

Վերջապես, չնայելով իրանց հերոսական դիմադրության, ափխազցիք տեսան, որ չպիտի կարողանան հետ մղել հայերին, և մանավանդ թե` երկար դիմադրել երկու կողմի հարձակման, ուստի ձգեցին ճակատը և սկսան փախչել: Ոչ թագավորի հրամանները և ոչ զորապետի խրախույսը այլևս չկարացին հետ դարձնել զորականին, որին հալածում էր թշնամու բերած սարսափը:

Հայերն աղաղակելով ընկան նրանց ետևից: Այդ տեսնելով մյուս ափի հետևակները, խուժեցին դեպի գետի ծանծաղուտը, որի ջուրը նվազ էր և հանդիպակաց ափը ելնելով սկսան իրանք ևս հալածել փախչողներին:

Թշնամուն բավական հեռու քշելուց և նրա գնդերը ցիրուցան անելուց հետո` հայերը վերադարձան, ժողովելով ափխազցիների կապուտն ու կողոպուտը և հաղթանակով իրանց բանակը մտան:

Նույն օրը Սպարապետը սուրհանդակ ղրկեց Սյունիք, որպեսզի այս հաղթության լուրը Սիսական իշխաններին հաղորդելով` միևնույն ժամանակ հայտնե նրանց` զորքերն իզուր տեղը չհանել Սյունիքից: Բայց սուրհանդակն այդ զորքերին հանդիպեց ճանապարհի վրա, հենց Արտահանի սահմանի մոտ: Սահակ և Բաբգեն իշխանները, որոնք իրանց երախտապարտ էին համարում Աբաս թագավորին, ցանկացան ներկայանալ նրան և անձամբ շնորհավորել յուր հաղթությունը:

Այդ պատճառով նրանք առաջացան դեպի Արտահան` իրանց հետ բերելով նաև իրանց զորքերը:

Արքայական բանակը, որն արդեն ուրախության մեջ էր, Սիսական իշխանների և նրանց գնդերի գալստյամբ ավելի ուրախացավ: Երկու օր շարունակ տոն էին կատարում նրանք, խրախճություններ էին անում և իրանք իրանց տվել էին զվարճության, չկասկածելով բնավ թե ափխազցիք կարող են վերադառնալ կամ անակնկալ հարձակումն անել իրանց վրա:

Բայց հենց առավոտյան միևնույն պահուն, որ հայերը հարձակվել էին իրանց հակառակորդների վրա, հասան ափխազցիք:

Բեր թագավորը, որ չէր կարողացել տանել յուր պարտության անարգանքը, նորեն համախմբել էր զորքը, գեղեցկապես զինավառել նրան և բերել հաղթողների դեմ: Գիշերանց Կուր գետն անցնելով` նրանք մոտեցան հայերին հենց առավոտյան աղոթքի ժամանակ: Եվ եթե լռությամբ հարձակվեին նրանց վրա` մեծ կոտորած պիտի անեին: Բայց Ափխազաց թագավորը կամենալով սարափահար անել թշնամուն, հրամայեց հարձակվել` փողեր հնչեցնելով:

Այդ անակնկալ ձայները, արդարև, թունդ հանեցին հայ զորաց սրտերը, որովհետև անպատրաստ էին. բայց միևնույն ժամանակ զգուշացրին նրանց` չելնել վրաններից առանց զենքերի:

Զորավարները, սակայն, դուրս վազեցին մի ակնթարթում և պահակախմբե րի գլուխն անցնելով` դիմեցին դեպի պատնիշապատը` թշնամու առաջն առնելու համար: Իսկ Սպարապետը յուր նժույգն աշտանակելով` սլացավ դեպի հեծելազորը, հետևակախմբերը և առանց շփոթվելու` սկսավ կարգի բերել նրանց, խրախուսել խուճապող զորականին և արգելել խռնվողների շփոթությունը:

Մինչ այս, մինչ այն, ափխազցիները բանակետղը փակեցին և բարձրագոչ աղաղակով սկսան զեռալ այս ու այն կողմը: Նրանց մի մասը ելավ ցցապատ պատնեշների վրա և սկսավ այդտեղից վանել պահակներին, իսկ մյուսը` շրջապատեց վրանների հրապարակը:

Հայերը թեպետ արդեն զինավառ` բայց փակված էին թշնամիներով, այսուամենայնիվ Սպարապետի խրախույսը առաջ մղեց նրանց և մի քանի կետերի վրա սկսավ կատաղի զիմամարտ: Ափխազցիները մտածել էին զինաթափ անել հայերին. և հենց այդ պատճառով աշխատում էին շարունակ հետ մղել նրանց դեպի վրանները: Հայերը, ընդհակառակը, ջանք էին անում Ափխազաց գնդերը ճեղքելու: Այս պատճառով ընդհարումը գնալով սաստկացավ և երկու կողմերն սկսան կռվել սաստկությամբ, առանց մինը մյուսին մի քայլ տեղի տալու:

Աբաս թագավորը, որ վստահ էր Սպարապետի փորձառության վրա և րոպե առ րոպե սպասում էր թե` պիտի հաջողե նա թշնամու շղթան պատառելու և նրան դեպի դաշտը վանելու, տեսավ, որ ափխազցիք հետզհետե զորանում են, իսկ հայերը, ընդհակառակն, հետ մղվում դեպի վրանները, շտապեց, զրահն ու զենքերը հագավ, ամեհի նժույգն աշտանակեց և փայլուն սուրը մերկանալով` դիմեց դեպի թշնամին.

— Օ՛ն, հառա՛ջ, քաջերս, — որոտաց նա և Արքայի ձայնը ցնցեց հայերին: Մարտիկները, տեսնելով որ թագավորն ինքը աջակցում է իրանց, կռվելով հասարակ զորականի շարքում, նոր ոգի առան և ուժգին թափով ընկան թշնամիների վրա: Թագավորի սուրը ճանապարհ բացավ նրանց համար և Ափխազաց քաջերը հետ մղվեցան մի վայրկյան:

Բայց որովհետև ընդհարումը կենտրոնացած էր բանակատեղում, ուր հայերը շարժվելու ազատություն չունեին, ուստի հույս էլ չկար, թե նրանք կարող են դուրս վանել թշնամուն: Բայց մի հանգամանք հաջողեց նրանց գործը:

Սիսական իշխանները, որոնք իրանց զորքերով բանակած էին մի ասպարեզ հեռու` իմանալով ափխազցիների անակնկալ վերադարձը և Արքայական բանակի վրա արած հարձակումը, պատրաստեցին իսկույն իրենց զորքերը և երկու մասի բաժանելով նրանց, ընկան թշնամու վրա երկու հակառակ կողմերից և սկսան սաստկապես հարվածել նրանց:

Ափխազցիք ստիպվեցան կռվել նոր ուժերի դեմ և այն` իրանց միությունը մի քանի տեղ բաժանելով: Այդ պատճառ եղավ, որ զանազան կետերում նրանք սկսան վերջոտնել: Եվ, ապա, հետզհետե դուրս մղվեցան դեպի դաշտը: Այդպիսով հաջողության աստղը Հայոց կողմը թեքվեցավ, և, նրանք ուժգին թափով ընկան հակառակորդների վրա: Կռիվը բորբոքվեցավ ընդարձակ դաշտում և հետզհետե կատաղի կերպարանք առավ: Երկու կողմերն էլ խիզախում էին քաջությամբ, որովհետև յուրաքանչյուր կողմից կռվում էր մի թագավոր, իսկ նրան հետևում էին քաջ զորավարներ, որոնք շարունակ գոչելով ու խրախուսելով` իրանք էլ կռվի դաշտում պտրում էին հակառակորդներ:

Բայց ուժգին ընդհարումը մեծ կոտորած պիտի աներ և հաղթությունը երկար անորոշ պիտի մնար, եթե Հայոց Սպարապետը` յուր զորքի ճակատագիրը որոշելու համար, հին պարթևական հնարագիտության չդիմեր: Նա հրամայեց Գոռին և Արքայորդուն փախուստ տալ նրանց նետաձիգ գնդերով և հրապուրել ափխազցիներին իրանց հետևելու:

Գոռն ու Արքայորդին հնչեցնել տվին փախուստի պայմանական փողը և հայոց նետաձիգ գնդերն սկսան արագությամբ փախչել:

Ափխազաց հեծելազորը հաղթական աղաղակով ընկավ նրանց ետևից և բուն բանակից բաժանվելով` սկսավ հալածել փախչող հայերին:

Այն ժամանակ կռվող Հայերն ընկան մնացորդ ափխազցիների վրա և ուժգին թափով հետ մղեցին նրանց դեպի Կուրի ափը:

Իսկ փախչող հայ գնդերը երբ տեսան, թե հետամուտներին բաժանել են բանակից և բավական հեռացել, հետ դարձան մի ակնթարթում և սկսան նետերի տարափ տեղալ նրանց վրա:

Այս հնարը, որին վաղուց վարժված էին Հայերը, շվարեցրին Ափխազցիներին: Նրանք տեսան, որ չարաչար խաբվել են: Եվ որովհետև ոչ նետերի դեմ կարող էին գնալ և ոչ էլ նորեն իրանց բանակը դառնալ, ըստ որում հայերը փակել էին ճանապարհը, այդ պատճառով ազատության միակ ելքը փախուստի մեջ գտան:

Միևնույն ձևով սկսան վերջոտնել նաև գետափում կռվողները, կամենալով իրանց ուժերը ժողովել մյուս ափի վրա: Այդ պատճառով նրանք ճակատը ձգելով գունդագունդ դեպի գետը խուժեցին: Բայց հայերը նրանց միջոց չտվին փախչելու:

Շարունակելով իրանց ջարդը, նրանք հետամուտ եղան Ափխազներին` նույնիսկ մինչև գետի ալիքները և սրից ազատվածներնին սկսան խեղդել ջրերի մեջ: Գետափը դիակներով ծածկվեցավ, իսկ Կուրի ջուրը արյան գույն առավ:

Բեր թագավորը, որ դեռ մի խումբ քաջերի գլուխ անցած կռվում էր կատաղությամբ, տեսնելով յուր զորքի տկարանալն ու վերջոտնելը, ինքը ևս որոշեց փախուստ տալ ճակատից, որովհետև համառելն այլևս անօգուտ էր. բայց նրան շրջապատեց Վահրամ սեպուհի գունդը:

Տեսնելով սպառնացող վտանգը, Բերը մռնչաց ինչպես առյուծ և ահագին սուրը տատանելով` սկսավ հարվածել աջ ու ձախ և ճանապարհ բանալ յուր համար: Նրան հետևեցին յուր հուժկու թիկնապահները: Բայց շրջապատողները վանանդացիք էին, հսկայակերպ ու կատաղի, իսկ նրանց հրամայողը` Վահրամ սեպուհը, այդ պատճառով Բերը հառաչել չկարողացավ:

Սկսավ կատաղի դիմամարտ: Սրերը փայլում և հարվածում էին, նիզակները ճոճում ու շամփրում, ընկած քաջերին հաջորդում էին քաջագույնները. և սակայն Ափխազաց թագավորը դեռ կանգուն էր իբրև քարաժայռ: Փոքր մի ևս և նա պիտի պատառեր վանանդացիների շղթան... Բայց հենց այդ միջոցին որոտընդոստ թափով վրա իջավ Վահրամ Սեպուհի լախտը և հսկա թագավորին ամեհի ձիու վրայից գլորեց գետին:

Բերը նորից վեր թռավ, փորձ փորձեց յուր նժույգն աշտանակել, բայց շրջապատող քաջերը բռնեցին նրան, կապտեցին ահավոր սուրը և քաշ տվին իրան դեպի վրանափակը: Նրա բախտին հանդիպեցին նաև նրա թիկնապահները:

Թագավորի գերվիլն իբրև շանթ հարվածեց մնացորդ ափխազցիներին: Առանց այլևս հապաղելու կամ դիմադրել փորձելու, ձգեցին նրանք կռվի ճակատը և ցրվեցան աջ ու ձախ, աշխատելով մի վայրկյան առաջ ազատել իրանց կյանքը վրեժխնդիր թշնամու սրից:

Այսուամենայնիվ հայերը հալածեցին փախչողներին և նրանցից շատերին անխնա կոտորեցին, ըստ որում հավատում էին թե` որքան քիչ լինի թշնամիների թիվը, այնքան ավելի հանգիստ կլինի Հայրենիքը, ապա վերդառնալով ճակատի տեղը, նրանք ժողովեցին ընծաների կողոպուտը և ուրախ սրտով դեպի բանակատեղը դարձան:

Թ

ՎԵՐՋԻՆ ԹՇՆԱՄՈՒ ՎԱԽՃԱՆԸ

Հետևյալ առավոտ թագավորը զորահանդես արավ իմանալու համար թե` ի՞նչ գնով է ձեռք բերել յուր մեծ հաղթությունը, որի պսակն էր թշնամի թագավորի ձերբակալումը: Եվ նա տխրությամբ տեսավ, որ մի քանի ժամվա համառ ու կատաղի ընդհարումը կորզել է իրանից մոտ հինգ հարյուր զինվոր:

Եվ թեպետ թշնամու կորուստը քառապատիկ ավելի էր, բայց նա դրանով չմխիթարվեցավ, որովհետև ուրիշի զյանը չէր կարող յուր վնասը ծածկել:

Նա հրամայեց բերել յուր առաջ Ափխազաց թագավորին, որի պահպանության հսկում էին վանանդացիները:

Արքայական վրանի շուրջը գտնվող ընդարձակ դաշտի վրա` շարեշար կանգնած էին Հայոց զորքերը, որոնց թիվը հասնում էր մի քանի հազարի: Վրանի աջ կողմը բռնել էին Դրանիկները, իսկ ձախը` Ազատաց գունդը: Դրանց հետևում էին Սեպուհ կոչվածները ապա` Արարատյան, Բասենյան, Սիսական, Ուտիացի, Տայեցի և այլ գնդերը, որոնցից հետևակները` առաջին, իսկ հեծյալները` վերջին շարքերում. բոլորն էլ սպառազինված: Դրանցից ամեն մեկի առաջ կանգնած էր յուր գնդապետը զրահազգեստ և տոնական զեն ու զարդով:

Արքային, որ կանգնած էր վրանի առաջ, շրջապատել էին Սպարապետը, Արքայորդին, Վահրամ Սեպուհը, Սյունյաց իշխանները և Ոստանիկ թիկնապահները: Դրանք բոլորը սպասում էին գերի թագավորին, որի հետ պիտի խոսեր արքան:

Եվ ահա բանակի վերջում երևաց Գոռ իշխանը, որ նժույգի վրա նստած և սուսերամերկ առաջնորդում էր շղթայակապ թագավորին: Նրա հետ էին նաև յուր իշխանները, իսկ դրանց բոլորին շրջապատել էին նիզակավոր Վանանդացիք:

Գերի թագավորին անցկացրին զորքերի երկար շարքերից և բերին կանգնեցրին Արքայի առաջ:

— Ողջո՛ւյն քեզ, Ափխազաց դյուցազն, — խոսեց Աբասը խաղաղ ձայնով:

— Ողջո՛ւյն, քեռայր, — պատասխանեց Բերը, հպարտ նայվածքով:

— Քեռա՞յր... մի՞թե այդ անունն ես տալիս ինձ, հարցրեց թագավորը:

— Այո՛:

— Բայց քեզ հետ խոսում է քեզ հաղթող թագավորը...

— Նա իմ ժառանգության հափշտակիչն է, և ուրիշ ոչինչ, — ընդհատեց Բերը հանդգնորեն:

— Կարծում էի թե` քո մեջ կգտնեմ մի ընկճված հոգի և զղջացող սիրտ,-նկատեց թագավորը ծանրությամբ. — կարծում էի թե` պիտի խոնարհիս և ներում խնդրես այն չարյաց համար, որ հասուցիր ինձ և այն վնասուն, որ պատճառեցիր թե՛ քո բանակին և թե՛ իմ զորքին, անիրավաբար և անխղճորեն կոտորել տալով հազարավոր հոգիք, որոնցից մինի` գեթ մի անդամը` դու ստեղծելու կարողություն չունիս... բայց դու տակավին անզեղջ ես և անդարձ և խոսում ես ինձ հետ նույն հանդուգն լեզվով, որով խոսել էիր իմ պատգամավորի հետ: Արդյոք ձանձրացե՞լ ես կյանքից և մա՞հ ես պտրում, թե՞ ում հետ խոսիլդ ես անգիտանում:

— Կյանքից չէր կարող ձանձրանալ Ափխազիո թագավորը, որ իշխում էր ընդարձակ երկրների վրա, որ ուներ հարստություն, փառավոր ապարանքներ և գեղանի հարճեր... այդ պիտի գիտենա իմ քեռայրը: Իսկ թե ու՞մ հետ եմ խոսում, այդ էլ չեմ անգիտանում: Դու Հայոց Արքան ես, այո՛, և հաղթել ես Ափխազցիներին ու գերել նրանց քաջ թագավորին. այդ մեծ փառք է քեզ համար, խոստովանում եմ. բայց ես այդ փառքը չեմ կրկնապատկիլ` քո առաջ խոնարհելով և ներումն հայցելով: Շղթաները թող իմ ոտքերը կապեն, բայց իմ սեգ հոգին նվաճել չեն կարող: Ես քո թշնամիդ եմ և թշնամիդ էլ կմնամ. մի կարծիր թե անհաջողությունը կստիպե ինձ երբևիցե իմ գլուխը խոնարհելու:

— Եթե այդպես է, ես ուրեմն կվարվեմ քեզ հետ ինչպես իմ թշնամու և ոչ աներձագի հետ. հպարտ եղիր այսուհետև, որքան կարող ես, բայց գիտցիր որ, այդ հպարտությունը չի պակասեցնիլ քո շղթաներից և ոչ մի օղակ և ոչ էլ իմ հարգանքը կավելացնե դեպի քեզ` իբրև դեպի ազատասեր մի թագավոր, ըստ որում ազատ հոգին չի բռնանալ ընկերոջ ազատության վրա: Բայց դու ոչ միայն այդ ձգտումն ունեցար, ոչ միայն իմ գավառները հափշտակեցիր և իմ ժողովրդի ազատությունը բռնաբարեցիր, այլև սպառնացիր` գալ և Հայոց եկեղեցին վրաց ծեսով օծել... Դու, ուրեմն ոչ թե ազատասեր թագավոր, այլ մի բռնավոր ես, և որ չարագույնն է` իմ գահի թշնամին: Իսկ աստված որովհետև հակառակ է բռնավորներին և կործանում է նրանց, ուստի քեզ էլ ահա մատնել է իմ ձեռքը: Ես կարող էի խնայել քեզ իբրև սոսկ բռնավորի. բայց իրավունք չունիմ խնայելու իբրև իմ հայրենիքի թշնամուն:

Այս ասելով` նա դիմեց Գոռին և հարեց.

— Դու խոստացել էիր, իշխան, առաջնորդել Բեր թագավորին մինչև մեր արքայանիստը: Կատարիր ուրեմն խոստումդ, և թող այդ քաջը սովորեցնե մեզ այնտեղ` թե ինչպես պետք է Հայոց եկեղեցին վրաց ծեսով օծել:

Այս ասելով թագավորը դարձավ վրանը, առանց այլևս Բերի երեսին նայելու. իսկ վանանդացիները վերադարձրին գերիներին դեպի իրանց կայանը:

_______

Մի քանի օրից հետ արքայանիստ Կարսը տոնական կերպարանք առավ: Նրա բազմաթիվ շինությունները, իշխանական ապարանքները, սարավույթները և մինչև անգամ բուրգերն ու մարտկոցները զարդարվել էին գույնզգույն գորգերով, վառերով ու դրոշներով: Քաղաքի դռներից սկսած մինչև Արքայական ապարանքը` մի քանի տեղ կանգնացրել էին հաղթական կամարներ` դալար ոստերից հյուսած և ծաղիկներով ու նշաններով զարդարած: Փողոցների մեջ և հրապարակների շուրջը պատրաստել էին խարույկներ` գիշերային լուսավառության համար: Իսկ անցուդարձի ճանապարհները լցվել էին ժողովուրդով, շարժումը մեծացել էր, և շշուկն ու ժխորը տիրել ամեն տեղ: Տանիքների պատշգամբների և դեպի փողոցները բացվող պատուհանների վրա խռնվել էին կանայք ու աղջկերք, որոնք դրսում պտտվելու սովորություն չունեին և հետաքրքիր աչքերով ու անհամբերությամբ նայում էին դեպի հեռավոր շրջակաները:

Դրանք բոլորն էլ պատրաստվել էին մի փառավոր և հայ մարդու սրտին ուրախություն բերող դեպքի հանդիսատես լինելու: -Դա Աբաս Արքայի և յուր քաջերի զորաց հաղթական վերադարձն էր:

Կարսի ժողովրդյան մեծագույն մասը քաղաքից ելնելով` գունդագունդ դիմում էր դեպի Արքունական պողոտան` ժամ առաջ ողջունելու հաղթողների վերադարձը: Շատերն էլ խմբվել էին քաղաքից դուրս գտնվող պատնեշների շուրջը և կամ բարձրացել հանդիպակաց բլուրների վրա` անցնող զորահանդեսը ավելի լավ դիտելու համար:

Հայոց հաղթության և Ափխազաց թագավորի ու նրա իշխանների գերվելու լուրը հասել էր քաղաք երկու օր առաջ և ամենքին լցրել ուրախությամբ, ամենքի մեջ վառել հետաքրքրություն` մի վայրկյան առաջ տեսնելու այն ամբարտավան թագավորին, որ սպառնացել էր` մտնել Կարս և Արքայաշեն եկեղեցին վրաց ծեսով օծել:

Այժմ ահա նա գալիս էր: Պետք էր, ուրեմն, տեսնել թե ի՞նչ եղանակով է նա մտնում քաղաք, արդյո՞ք իբր թագավոր, թե՞ իբրև գերի... Պետք էր տեսնել թե` ի՞նչ պատկեր ունի նա, ի՞նչ հասակ, ի՞նչ դեմք, ի՞նչ հայացք... Չէ՞ որ այս ամենը ժողովրդի հետաքրքրությունը գրգռող բաներ էին:

Եվ ահա, վերջապես, լսվեցան գալարափողերի ձայները և երևաց հառաջապահ գնդերի դրոշակը: Ժողովուրդը, կարծես, մի աներևույթ զորությունից մղված` միահամուռ կերպով հորդան տվավ առաջ և ուրախության աղաղակներով օդը թնդացրեց: Հետզհետե երևացին և հետևակ խմբերը, ապա և հեծելազորը, որոնք տակավ առ տակավ հառաջանալով` Կարսի արևելյան դաշտահովիտը լցրին բազմամբոխ մարդկությամբ:

Քաղաքի սահմանին մոտենալուց ժողովուրդն արդեն զորախմբերը շրջապատեց, չկամենալով, կարծես, ճանապարհ տալ նրան: Երբ հառաջապահ գնդերն անցան և երևաց Արքունական դրոշակը, կեցցեների որոտընդոստ աղաղակն օդը թնդացրեց: Մի փոքր հետո երևաց և ինքը թագավորը, սեգ և վեհաշուք, հագած ոսկեփայլ զրահներ և ծածկված նույնպիսի սաղավարտով, որի ձյունաթույր ցցունքը ծածանում էր աջ ու ձախ և հովանավորում ոսկեձույլ արծվին, որ զարդարում էր նրա ճակատը: Նա նստած էր ոսկեսար նժույգի վրա և շրջապատված ազատախումբ թիկնապահներով, որոնց զրահներն ու ասպազենը փայլփլում էին արևի առաջ: Մոտենալով աջ ու ձախ ծովացած և հետզհետե աճող ժողովրդին, որ որոտաձայն կեցցեներով յուր գալուստն էր ողջունում, նա քաղցրահայաց ու սիրաժպիտ պատասխանում էր նրանց` գլխի շարժումով:

Թագավորից հետո գալիս էին Վանանդացի հետևակները, որոնք իրանց հետ բերում էին Բեր թագավորին և նրա իշխաններին, բոլորին էլ հետիոտն և շղթայակապ:

Ժողովուրդը նրանց տեսնելով ցնծության աղաղակ բարձրացրեց, իսկ ավելի եռանդոտներն սկսան ծաղրական բացականչություններ անել: Սակայն Սպարապետը, որ հետևում էր Վանանդացիներին, ձեռքի շարժումով սաստեց ժողովրդին, և անախորժ բացականչությունները լռեցին:

Երբ թագավորը ներս մտավ քաղաքի դռնով` հայ հոգևորականությունը դիմավորեց նրան եկեղեցական թափորով և առաջնորդեց մինչև Մայր եկեղեցին: Իսկ զորքերը հետզհետե ներս գալով` լցրին քաղաքի փողոցներն ու հրապարակները, հանդիպելով ամեն տեղ սրտագին ընդունելության, որ տղամարդիկ արտահայտում էին բարձրագոչ կեցցեներով և ցնծության աղաղակներով, իսկ կանայք` տների բարձունքից ծաղիկներ և կանաչ ոստեր ցրվելով:

Գուրգենդուխտ թագուհին սպասում էր թագավորին Մայր եկեղեցում: Նրան շրջապատել էին պալատական տիկնայք ու իշխանուհիները: Այդտեղ ամենքի սիրտն էլ ուրախ և երեսները ժպտում էր: Տխուր էր միայն թագուհին, որովհետև տեղի ունեցող հանդեսը, հայ ժողովրդի ողբերգությունը և դրսից լսվող ցնծության աղաղակները յուր հայրենի երկրին, յուր հարազատ եղբայրը հասած դժբախտության համար էր լինում: Ինչպե՞ս կարող էր նա այդ րոպեին ուրախանալ, քանի որ գիտեր թե յուր հայրենիքում ժողովուրդը սգում է:

Այսուամենայնիվ, իբրև Հայոց գահի թագուհի, նա պարտավոր էր ծածկել յուր տխրությունը, երևալ ժողովրդին... և եթե չուրախանար իսկ, չպիտի խանգարեր ուրիշների ուրախությունը: Եվ այդ ամենից ծանր դրությունն էր: Դշխոյական պարտավորությունը բռնանում էր նրա բնական զգացմունքների վրա, թագուհին հրամայում էր քրոջը` մոռանալ եղբոր դժբախտությունը և հրճվել ամուսնու և թագավորի տարած հաղթանակով... Եվ միայն կնոջ սիրտը, որին բնությունն ավելի ճկունություն է տվել, կարող էր տանել այդպիսի վիշտը` կամ ծածկել նրան ժպտի շողերով...

Երբ թագավորն Սպարապետի, արքայազն դրանիկների և հետևորդ իշխանների հետ մտավ եկեղեցի և հոգևորականաց դասը գոհաբանական մաղթանքը կատարեց, թագուհին մոտեցավ Արքային և շնորհավորեց նրան Հայոց բանակի հաղթությունը:

Թագավորը, որ խանդակաթ էր դեպի թագուհին, կարդաց նրա աչքերի մեջ հայտնի վշտից առաջացած տխրությունը և ասաց.

— Վկա է աստված և այս սուրբ Եկեղեցին, որ Հայոց բանակը արդարությամբ է գործել: Բեր եղբայրդ սպառնում էր իմ գահին և Հայրենիքի ազատության, իսկ Հայոց քաջերը պաշտպանեցին այդ գանձերը, որովհետև իրանք ձեռք են բերել նրանց թանկ զոհաբերության գնով:

— Նա՛, որ սպառնում էր քո գահին ու Հայրենիքին, չի կարող իմ եղբայրը լինել, — ասաց թագուհին հանդիսաբար:

— Եվ եթե Աստված չարաչար պատժե նրան, դու չպիտի տխրես, — հարեց թագավորը, — որովհետև նա արդարությամբ է հատուցանում:

Այդ խոսքերը դող հանեցին թագուհու սիրտը. նա զգաց, որ մի ինչ որ նոր դժբախտություն պիտի հասնե եղբորը, սակայն շրջապատող պալատականների, իշխանների և իշխանուհիների ներկայությամբ չկարողացավ հարցնել ոչինչ:

Բայց երբ կարգապետից իմացավ, որ թագավորը յուր հետևորդներով ս. Առաքելոց եկեղեցին պիտի գնա, իսկ նրանք վերադառնան պալատ, կանչեց յուր մոտ Գոհար իշխանուհուն և շշնջալով ասաց նրան.

— Իմացիր Սպարապետից, թե ո՞ւր թողեցին եղբորս...

— Նա այստեղ քաղաքումն է, — պատասխանեց Գոհարը:

— Գիտեմ, բայց որտե՞ղ է բանտարկված:

— Ասում են, թե նրան ս. Առաքելոցն տարան:

— Ս. Առաքելո՞ց և ինչո՞ւ համար, — հարցրեց թագուհին վախեցած:

— Չգիտեմ...

— Հարցրու ուրեմն Սպարապետին, իմացիր, ի՞նչ պիտի անեն նրան. Արքայի խոսքերը լավ բան չէին գուշակում... ես վախենում եմ. սիրտս ճմլվում է... Գնա՛, իշխանուհի, գնա՛ տեղեկացիր, եթե մի դժբախտ որոշում են արել, ապա պիտի աշխատենք արգելել...

— Իսկույն, մեծափառ թագուհի, — ասաց իշխանուհին և դիմեց դեպի Գոռը` որպեսզի նրա միջոցով տեսնվի ամուսնու հետ:

Թագուհու և պալատական տիկնանց դեսպակներն արդեն հեռանում էին եկեղեցուց, երբ վերջապես Գոհար իշխանուհուն հաջողվեցավ տեսնվիլ Սպարապետի հետ:

— Ո՞ւր տարան Բերին, իշխան և ի՞նչ են ուզում անել նրան, — հարցրեց տիկինը:

— Ինչո՞ւ համար ես հարցնում, սիրելի իշխանուհի, — դարձավ Մարզպետունին կնոջը:

— Կամենում եմ իմանալ...

— Ուղարկեցինք ս. Առաքելոց եկեղեցին:

— Բայց ինչո՞ւ համար:

— Որպեսզի աղոթե այնտեղ:

— Աստված իմ, դու կատա՞կ ես անում,-բացականչեց իշխանուհին:

— Իսկ դո՞ւ:

— Ես լրջորեն եմ հարցնում:

— Եվ լավ բան չես անում, միթե չգիտե՞ս որ Մարզպետունի իշխանը` դեռ մինչև այսօր ոչ մի կին արարածի չի հայտնել այն, ինչ որ պիտի կատարեր...

Դու կարող ես հարցնել ինձ միայն կատարվածի մասին:

— Բայց...

— Հա, ի՞նչ կա, խոսի՛ր:

— Թագուհին ինքն է կամենում այդ իմանալ:

— Թագուհի՞ն... Օ, այդ չպետք է ինձ հայտնեիր, ես արդեն գուշակում էի: Բայց որ հայտնել ես, ես պարտավոր եմ մի բանով պատասխանել: Գնա՛, ուրեմն, և ասա նրան թե` պատերազմի դաշտում մենք կորցրել ենք հինգ հարյուր քաջարի զինվոր և նրանցից ոչ մեկի քույրը դեռ չի եկել և հարցրել ինձանից, թե ո՞ւր մնաց յուր եղբայրը և ի՞նչ արինք նրան:

Այս ասելով Սպարապետը շուռ եկավ և հեռացավ իշխանուհուց, առանց այլևս նոր հարցի սպասելու:

— Գիտեի, գուշակում էի... Հո չենք կարող քրոջ սրտին հրամայել, որ զգալուց դադարե... շտապենք ուրեմն քանի կանանց խարդավանքը յուր գործը չէ սկսել, — շշնջաց ինքն իրան Սպարապետը և հետևելով թագավորան, որ եկեղեցուց ելնելով` աշտանակում էր երիվարը, ինքը ևս թռավ նժույգի վրա և առաջ անցավ:

Բայց ի՞նչ պիտի անեին նրանք ս. Առաքելոց եկեղեցում:

Մի քանի օր առաջ, մինչդեռ զորքը բանակած էր Արտահանում, թագավորը խորհրդի էր հրավիրել իշխաններին որոշելու համար թե` ի՞նչ պիտի անեն գերի ընկած Բերին:

Իշխաններից մի քանիսը խորհուրդ տվին` սպանել, մյուսները` բանտարկել, իսկ Սպարապետը, որին շատ նեղություններ էր պատճառել այդ հինավուրց թշնամին, պահանջեց, որ կուրացնեն նրան:

Թագավորը, որ թագուհուն վիշտ չպատճառելու համար` բանտարկելու կողան էր, բայց, միևնույն ժամանակ, բազմերախտ Սպարապետի պահանջը մերժել չէր կամենում, ասաց նրան.

— Աչքերը կուրացնելը նույնպիսի հանցանք է, որպիսին է և սպանությունը: Եթե ես կուրացնեմ Բերին, այդ հանցանքը քեզ վրա պիտի ծանրանա, բայց ես չեմ կամենում, որ այդպիսի լավագույն նպատակներիցդ մեկը մնա անգործադիր:

— Ի՞նչ նպատակ, — հարցրեց Սպարապետը զարմանալով:

— Դու ցանկանում էիր երդումից ազատվել և Գառնի` քո տունը վերադառնալ բայց գիտցիր, որ Բերին կուրացնել տալուց հետո կաթողիկոսը չի լուծի քո երդումը:

— Թող հավիտյան ես իմ տունը չվերադառնամ, թող իմ ոսկորները հայրենի հողի մեջ չթաղվին, միայն թե Հայրենիքս այս դաժան թշնամուց ազատվի, — բացականչեց Մարզպետունին: -Եթե ես համոզված լինեի թե` Բերը ազատություն գտնելուն պես մեր սահմանները չպիտի խռովե, կխնդրեի ներել նրան: Բայց դա օձի սերունդ է և չի դադարիլ թունավորելուց, մինչև որ չջախջախվի: Եթե դու կարծում ես, թե բանտարկելով պիտի ազատվիս նրանից, սխալվում ես, որովհետև մենք չունենք մի բերդ, որի դռները կաշառներով չբացվին... Իսկ կաշառվող սինլքորներ ամեն տեղ կգտնվեն: Այդ մարդուն պետք է տանել Կարս, ցույց տալ նրան այն եկեղեցին, որ կամենում էր վրաց ծեսով օծել և ապա հենց այդ եկեղեցու առաջ էլ կուրացնել, որպեսզի թե՛ ինքը և թե՛ յուրայինները ճանաչեն Հայոց եկեղեցու զորությունը: Այս պատիժը, արդարև, խիստ է. բայց եթե Կայիափան անմեղ Հիսուսին սպանելու համար կարող էր ասել` “լավ է զի այր մի մեռանիցի ի վերայ ժողովրդեանս և մի՛ ամենայն ազգս կորիցէ”, արդյոք նույն խոսքերը չե՞մ կարող կրկնել ես այս չարագործի նկատմամբ, որ հազարավոր զինվորների կորստյան պատճառ դարձավ... Որքան վնասներ է կրել մեր երկիրը դեռևս դրա հայր Գուրգեն իշխանից, և մինչդեռ նրա մահվամբ հույս էինք տածում ազատվել հյուսիսային սահմանի մշտական թշնամուց, նրան հաջորդեց վատթարագույնը... Բայց աստված որ քաղցր աչքով է նայում մեզ վրա, ահա մատնել է նրան մեր ձեռը. եթե մենք այժմ չկուրացնենք նրան, հետո նա ինքը մեզ կկուրացնե, նորեն մեր հայրենի երկիրը խռովելով: Այն ժամանակ մեզ կանիծե մեր ժողովուրդը, կանիծեն և հոգիները այն զինվորների, որոնք զոհվեցան այդ ամբարտավանի քմահաճության...

Թագավորի վրա տպավորություն արին Սպարապետի խոսքերը և նա, չկարողանալով այլևս դիմադրել նրա պահանջին, մանավանդ որ մյուս իշխաններն էլ համակերպել էին արդեն Մարզպետունուն, խոստացավ կուրացնել Բերին:

Բայց որովհետև Սպարապետը կասկածում էր, թե թագավորը Կարս վերադառանլուց կարող է թագուհու թախանձանքներից հեշտությամբ հաղթահարվիր ուստի հրաման արավ, որ հենց Կարս մտնելու օրը որոշյալ պատիժը գործադրե:

Եվ ահա այդ էր պատճառը, որ Բերին ուղարկել էին ս. Առաքելոց եկեղեցին և իրանք էլ աճապարում էին այնտեղ:

Երբ թագավորը յուր հետևորդներով հասավ նորակառույց տաճարը, այդտեղ արդեն ժողովված էր հանդիսատեսների մեծ բազմություն: Այդտեղ էր և Բերը` իր գերված իշխաններով, որոնց բոլորին դարձյալ հսկում էին նիզակավոր Վանանդացիք:

Թագավորը, որ կարծես խուսափել էր թագուհու աչքից, որպեսզի կարելույն չափ փութով յուր խոստումը կատարե, ըստ որում վախենում էր` թե գուցե ուշացնելով` ստիպված լինի հետո դրժել խոստմանը, ձիուց իջնելուն պես մոտեցավ Բերին և բռնելով նրա ձեռքից, ասաց,

— Արի, տես այն եկեղեցին, որ կամենում էիր վրաց ծիսով օծել...

Այս ասելով նա ներս մտցրեց Բեր թագավորին յուրաշեն տաճարը և ցույց տալով նրան նրա ներքին գեղեցկությունը, շարունակեց.

— Տես, որքա՞ն գեղեցիկ է: Նա շինված է քառաթև, բաժանված է տասներկու երեսների: Նրանցից ամեն մինի վրա նկարված է Առաքյալներից մինի պատկերը, այն Առաքյալների, որոնցից և ոչ մինը ոտք չէ դրել քո երկիրը քրիստոնեություն քարոզելու համար: Նայի՛ր գմբեթին. որքա՞ն բարձր է և գեղեցիկ: Նա կանգնած է անսյուն կամարների վրա: Նայի՛ր նույնպես խորանին, նրա բարձրադիր բեմին, որ չի նմանում Վրաց ցածուն բեմերին, ուրեմն չի կարող Վրաց ծեսով օծվել: Նայի՛ր, տե՛ս բաց աչքերով, որովհետև այլևս չպիտի տեսնես նրան:

Այս ասելով թագավորը դուրս հանեց Բերին, և ցույց տալով նրան եկեղեցու արտաքինը` ասաց.

— Տեսնո՞ւմ ես, տաճարն արդեն պատրաստ է, մենք պետք է նրա նավակատիքը կատարեինք, բայց դու մեզ խանգարեցիր, որովհետև ցանկանում էիր քո ծեսով օծել նրան: Այդ, իհարկե, Աստված չհաջողեց քեզ, ըստ որում նա հակառակ է ամբարտավաններին: Բայց մեր եկեղեցու օծման դու կմասնակցես ուրիշ կերպ: Մենք սովորություն ունենք եկեղեցին օծելուց առաջ զոհ մատուցանել Աստծուն: Ահա զոհի այդ ողջակեզը դու կմատակարարես մեզ, որպեսզի գործած հանցանքդ մի փոքր քավես...

Այս խոսքերից հետ նա թողեց Բերին և դառնալով Մարզպետունուն, ասաց.

— Սպարապե՛տ, ահա այն մարդը, որ մահ պատճառեց քո հինգ հարյուր քաջերին, տուր նրան այն պատիժը, որ որոշել է ռազմական խորհուրդը:

Այս ասելով` թագավորն աշտանակեց երիվարը և յուր ազատախումբ թիկնապահներով հեռացավ եկեղեցուց:

Սպարապետը մոտեցավ Բերին, որ արդեն ընկճված և վշտահար նայում էր յուր շուրջը և ասաց.

— Օրենքներ կան աշխարհում, ով Ափխազաց թագավոր, որոնք ծառայում են հասարակաց բարուն և երջանկության, այդ օրենքներն անարգողին` պատիժ է հասնում երկնքից... Դու քո կյանքում շատ այդպիսի օրենքներ ես ոտնահարել և շատերի բարիքն ու երջանկությունը կապտել: Արդ, եթե այսօր ծանրանա քո վրա երկնային մի պատիժ, մի անիծիր դու մեզ, այլ անիծիր նրան, որ պատճառ դարձավ քո դժբախտության և որի անունն է Բեր, անվանյալ` “Ափխազաց թագավոր”...

Այդ ասելով` նա հրամայեց դահճապետին` կատարել կանխավ իրան արված պատվերը:

Վերջինս առաջնորդեց Բերին մերձակա զնդանը, ուր և անմիջապես նրա աչքերը փորեց:

Երբ Աբաս թագավորը հասավ պալատ, թագուհին, որ սրտատրոփ սպասում էր նրան, առաջ եկավ և հարցրեց.

— Ո՞ւր մնաց եղբայրս, Մեծափառ Տեր:

— Նրան թողեցինք յուր պատժարանում, — պատասխանեց թագավորը, աշխատելով խույս տալ թագուհու հայացքից:

— Ի՞նչ, պատժեցի՞ք ուրեմն նրան... — բացականչեց թագուհին սարսափելով:

— Կուրացրինք, — եղավ արքայի պատասխանը:

Թագուհին մի սուր ճիչ արձակեց և նվաղելով ընկավ նաժիշտների գիրկը:

________

Անցավ մի շաբաթ: Ափխազիո ժողովուրդը և նրա իշխաններն իմացան իրանց թագավորի գլխին հասած չարիքը: Ուստի վերջիններս մեծամեծ ընծաներով եկան Աբաս արքայի մոտ և խնդրեցին իրանց կույր թագավորի և գերյալ իշխանների ազատությունը:

Աբասը ոչ միայն ծանր փրկանք նշանակեց դրա համար, այլև պահանջեց պատերազմական այն վնասը, որ Բերը յուր անխոհեմ քայլով պատճառել էր իրան:

Ափխազ իշխանները կատարեցին Արքայի պահանջը, հատուցին նրան թե՛ որոշյալ փրկանքը և թե՛ ռազմական վնասը և մշտական հաշտության դաշն կռելով նրա հետ, վերցրին կույր թագավորին ու գերյալ իշխաններին և դեպի իրանց երկիրը վերադարձան:

Այս հանգամանքը մի կողմից թագուհու վիշտը մեղմեց, ըստ որում եղբայրը` թեպետ կույր, այսուամենայնիվ, յուր աթոռը վերադարձավ, իսկ մյուս կողմից` արդյունք բերավ գանձարանին, լիուլի ծածկելով պատերազմական վնասները:

Այսպիսով, ահա, վերջացավ Ցլիկ-Ամրամի ստեղծած հյուսիսային սահմանի կնճիռը և Հայոց երկիրը` այդ կողմից ևս ապահովվելով, սկսավ վայելել երկարամյա խաղաղության արդյունքն ու բարիքները:

Ժ

ՀԵՐՈՍԻ ՎԱԽՃԱՆԸ

Աբաս թագավորն այնուհետև յուր ուշադրությունը նորեն յուր երկրի ներքին բարեկարգության վրա դարձրեց, աշխատելով ընդնմին դաշնակից իշխանների հետ ունեցած բարեկամությունն ամրապնդել, իսկ դժգոհ իշխանների մտերմությունը վաստակել:

Այդ բանի համար հաջող առիթ եղավ յուր նորաշեն կաթողիկեի նավակատյաց հանդեսը, որ նա կատարեց 943 թվականի աշնանը:

Այդ հանդեսին, թագավորի հրավիրանոք, ներկա եղան` Անանիա կաթողիկոսը, որ նոր էր Աղթամարա աթոռը բարձրացել, Հայաստանի նախագահ եպիսկոպոսները, Վասպուրականի թագավոր Աշոտ-Դերենիկը, Աղնձյաց, Մոկաց և Տուրուբերանի տերերը, Սյունյաց, Գուգարաց, Տայոց և այլ տեղերի իշխանները, այլև Սահակ Սևադայի Դավիթ որդին և ուրիշ շատ նշանավոր մարդիկ ու աշխարհախումբ բազմություն:

Այն բոլորի ներկայությամբ Կարսի արքայաշեն կաթողիկեն օծելուց մի քանի օր շարունակ շքեղ տոներ ու հանդեսներ կատարելուց հետ, Մարզպետունի Գևորգ իշխանի առաջարկությամբ կազմվեցավ հայկական իշխանապետությանց մի ընդհանուր դաշնադրություն, որի զորությամբ բոլոր հայ իշխանները, նախարարները և թագավորող տները` կապվում, միանում էին ի մի սիրտ և հոգի և երդմամբ պարտավորվում, որ հայրենիքի որևէ մի մասին վտանգ սպառնացած դեպքում` ամենքը միահամուռ զինվին հակառակորդի դեմ և պատրաստ լինին Արարատյան նախագահ արքայի հրամանով գործելու:

Այդ դաշնադրությունը կարդաց նոր օծված կաթողիկեում ինքը Անանիա կաթողիկոսը և նրան ստորագրեցին Արարատյան ու Վասպուրականի թագավորները և բոլոր հայ իշխանները, ընդ նմին և երդվելով` սուրբ և անխախտ պահել այդ միությունը, որ պիտի ծառայեր ընդհանուր հայրենիքի զորացման և հայ ժողովրդի մշտական բարօրության:

Աբաս թագավորն այնուհետև մեծագին ընծաներով պատվեց յուր բարձրաստիճան հյուրերին, որոնք և բաժանվեցան նրանից մտերմական սիրով:

Բայց թագավորն իշխաններից մի քանիսին առանձին շնորհների արժանացրեց: Այսպես օրինակ, Աղձնյաց և Մոկաց տերերին, որոնք իրանց մշտապատրաստ զորքերով օգնում էին արքայական բանակին, նվիրեց նոր կալվածներ և տվավ իշխանապետության տիտղոս:

Սյունյաց հարազատներին, որոնք սկզբից մինչև վերջը հավատարիմ մնացին գահին, նվիրեց իրանց նահանգի սահմանակից մի քանի գավառներ:

Վահրամ Սեպուհին, որ Աշոտ արքայի ձախողակ օրերից արդեն միացել էր Մարզպետունու հետ և անձնվիրաբար մասնակցել նրա կրած նեղությանց, մղած կռիվներին և տարած հաղթանակներին, կարգեց լիազոր վերակացու Ուտյաց և Աղվանից աշխարհների վրա, հատկացնելով նրան այն բոլոր արդյունքներն ու իրավունքները, որ վայելում էր Ցլիկ-Ամրամը Աշոտ-Երկաթի օրով:

Իսկ Սահակ Սևադայի որդուն, այն է` Դավիթ իշխանին, կարգեց նորեն Գարդմանա տեր, տալով նրան այդ երկրի իշխանությունը, որպեսզի այդպիսով` արքայական գահի դեմ ունեցած գժտությունը, որ սկսված էր Աշոտ Երկաթի օրով, մեջտեղից վերացնե:

Եվ որովհետև այդ միջոցներում Սահականույշ թագուհին Երազգավորսից քաշվել էր յուր հայրենի երկիրը` Գարդման, որպեսզի կյանքի մնացորդը յուր եղբոր հետ անցուցանե, ուստի Աբաս թագավորը` ի պատիվ այրի թագուհու` նվիրեց նրա եղբորը նաև Աղվանից երկրի մի քանի գավառները:

Գալով Գևորգ Մարզպետունուն, թագավորը չգիտեր ի՞նչ արժանավոր հատուցումն անե այդ իշխանին, որի անզուգական հայրենասիրությանն էր պարտական ինքը` յուր գահի հաստատությունը, իսկ հայրենիքը` յուր բարօրությունը:

— Իմ բոլոր թագավորության մեջ չկա այնպիսի մեծագին գանձ, որով կարողանամ քո երախտիքը փոխարինել, — ասաց նա մի օր Մարզպետունուն յուր բոլոր իշխանների ներկայությամբ. — Միակ և արժանավոր պարգևը “Հայրենյաց բարերարի” անունն է, որ այսօրվանից ես տալիս եմ քեզ...

Այս ասելով թագավորը բռնեց Մարզպետունու աջը և ջերմագին համբուրեց: Ծերունի իշխանն զգացվեցավ և գրկելով թագավորին, համբուրեց նրա գլուխը և ասաց.

— Իմ վարձատրությունը ես ստացա արդեն աստծուց, այդ այն է, որ տեսնում եմ հայրենիքս խաղաղ ու երջանիկ, արքայական գահը` ապահով, հայ իշխանները` միաբան, թշնամիները` հալածական: Այժմ արդեն կարող եմ հանգիստ սրտով ասել. “Արդ, արձակյա զծառայս քո, տեր, զի տեսին աչք իմ զփրկություն Իսրայելի...”:

________

Ի՞նչ էր անում այնուհետև “Հայրենյաց բարերարը”:

Նա դարձյալ ապրում էր արքունիքում, իրավունք չտալով իրան վերադառնալ Գառնի, և հետզհետե զարդարվում ծերության ալիքներով:

Եվ թեպետ տակավին կրում էր արքայական զորաց սպարապետի կոչումը, այսուամենայնիվ, նրա պաշտոնը կատարում էր Գոռը, իսկ ինքը վայելում էր անդորր հանգիստ, վերապահելով իրան “ընդհանուրի հոր” և բազմափորձ խորհրդականի անունն ու պարտավորությունները:

Արքունիքում նրան սիրում ու փայփայում էին` սկսած թագավորից մինչև վերջին դրանիկը, իսկ դրսում` պաշտում էր նրան ժողովուրդը: Գևորգ Մարզպետունու անունը նվիրական էր դարձել ժամանակակից հայի համար, և երբ նա դուրս էր ելնում արքունիքից` Ոստանում շրջելու կամ զորքերին այցելելու ցանկությամբ, նրան դիմավորում էին ամենքը ցնծության աղաղակներով: Ամեն ոք փափագում էր տեսնել նրան, լսել նրան և ոգևորվել նրա զրույցներով, որովհետև ծերունի Սպարապետը, որ արդեն վաստակել էր գործելուց, չէր դադարում սակայն յուր հայրական խրատներով և իշխանական հորդորներով կարող երիտասարդությունը դեպի գործունեություն մղելուց: Նա նրանց մեջ զարթեցնում էր սիրո և միության հոգին և հասարակական զգացմունքները վառում:

— Ձեզանից ամեն մինը կարող է ինձ գերազանցել, — ասում էր նա հաճախ յուր շուրջը խմբված երիտասարդներին, — հարկավոր է միայն անկեղծությամբ սիրել հայրենիքը, անձնվիրաբար գործել և վտանգներն արհամարհել: Երբ ես դժբախտության օրերում ասպարեզ իջա միայնակ գործելու, ինձ հետ ունեի միայն քսան մարդ, շատերն ինձ խելագար համարեցին, իսկ շատերն էլ իմ հանդգնությունը ծաղրեցին: Դրանց թվումն էին և այն իշխանները, որոնք հազարավոր զինվորներով փակվել էին սեփական բերդերում... Բայց ես հույսս դրի Աստուծո և իմ կամքի վրա, և ինչպես գիտեք, հաղթեցի ամեն դժվարության. ցույց տվի աշխարհին, թե ի՛նչ կարող է անել մի մարդը, երբ նրան ոգևորում է զգացմունքներից ազնվագույնը, այն է` հայրենիքի սերը: Ձեզանից ամեն մինը թո՛ղ զինվի այն հավատով, որ ունեի ես դեպի հայրենյացս ապագան, ա՛յն սիրով, որ տածում էի դեպի իմ եղբայրները և այն հուսով, որ դրել էի Աստուծո վրա, և կտեսնե, որ անկարելին կարելի կդառնա, և արգելքները իրանք իրանց կվերանան, և վտանգներն անհետ կկորչեն: Ամենից ավելի սիրեցեք միությունը, որովհետև դա այն ուժն է, որ լեռներ է պատառում, ամբարտակներ է կործանում, գետերի ընթացքն է կասեցնում: Սովորեցեք զոհել այդ միությանը ամենը` ինչ որ ունիք աշխարհում թանկագին, և նա կբերե ձեզ և ձեր որդոց ա՛յն երջանկությունը, որին շատերն են որոնում, բայց շատ քչերն են ժառանգում...

Ահա՛ այդպիսի զրույցներով էր ոգևորում Մարզպետունի իշխանը յուր շուրջը խմբվող և գործելու ուժ ու ցանկություն ունեցող մարդկանց, հավատացած լինելով, որ այդ զրույցները ևս արդյունք պիտի բերեն այնպես` ինչպես և բերավ յուր գործունեությունը:

_______

Անցան դարձյալ մի քանի խաղաղ տարիներ և “Հայրենյաց բարերարը” օրըստօրե խոնարհեց դեպի յուր կյանքի երեկոն:

Երբ նա մոտ զգաց յուր վախճանը, կանչեց յուր մոտ Գոռ որդուն և Շահանդուխտ հարսին, որոնք արդեն զավակներ ունեին և տվավ նրանց վերջին պատվերը.

— Ազգերի զորությունը ընտանիքների մեջ է, — ասաց ծերունին, — զորավոր է ա՛յն ազգը, որ ունի զորավոր ընտանիքներ, սիրով, միությամբ, առաքինի և հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ: Այն գեղջուկ խրճիթները, այն աննշան տնակները, որոնց մեջ ապրում են ցնցոտիներով ծածկված մանկտիք և որոնց շատ անգամ արհամարհում են մեծամեծ իշխանները, նույնիսկ դրանք են, որ ամփոփում են իրանց մեջ հայրենիքի ուժը: Ով որ կամենում է զորավոր տեսնել յուր ազգը և հաղթող` հայրենիքը, նա ամենից առաջ ընտանիքները պիտի խնամե. ինչպես մի հոգատար պարտիզպան, որ ծառի ճյուղերը զորացնելու և նրանից պտուղ քաղելու համար խնամում է ծառի արմատները, որոնք թեպետ հողի մեջ են թաղված և չեն երևում մարդկանց, բայց իրանց մեջ ամփոփում են ծառի կենդանությունը: Ինչպես որ չի կարող ապրել այն տունկը, որի արմատները չորացած են կամ որդնակեր, այնպես և կանգուն չի մնալ այն ազգը, որի ընտանիքներում տիրում է ապականություն, որոնցից հալածական է սերը, միությունը, առաքինությունը և, նամանավանդ, աստուծո երկյուղը:

Եթե այսքան վնասակար են հանդիսանում ազգի և հայրենիքի համար հասարակ ժողովրդի ապականյալ ընտանիքները, որքան ևս առավել վնասակար ու կործանիչ կարող են լինել իշխող կամ տիրող անձանց ընտանիքները, եթե արատավոր են նրանք: Ձեզ օրինակ Աշոտ-Երկաթի ընտանիքը... որքա՛ն ցավերի, արտասվաց և հեծության պատճառ դարձավ այդ հզոր դյուցազնի մարդկային մի թուլությունն յուր ընտանիքում և որքա՛ն վնասներ պատճառեց նույն այդ թուլությունն ընդհանուր հայրենիքին...

Այս ամենը գիտենալով, իմ սիրասուն զավակներս, լսեցե՛ք իմ վերջին պատվերը և կատարեցեք նրան սրբությամբ, այդ պատվերը ամփոփում է յուր մեջ երկու բառ. “Սիրեցե՛ք միմյանց”:

Այդ սերը, այո՛, կերջանկացնե ձեզ, կերջանկացնե և ձեր զավակներին: Նա ուրախության աղբյուր կբխե ձեր ընտանեկան սրահի մեջ և աստուծո օրհնությունը կիջեցնե Մարզպետունյաց տան վրա, որի ժառանգներն եք դուք...

Ծերունին լռեց: Գոռն ու Շահանդուխտը ծունկ խոնարհեցին նրա առաջ և ջերմագին համբուրելով նրա աջը, խոստացան սրբությամբ կատարել այդ արժանավորագույն հոր սրբազան պատվերը:

______

Աբաս թագավորն իմացավ, որ ծերունի իշխանը օրըստօրե տկարանում է, ուստի դիմեց նրա մոտ, իմանալու համար, թե ո՞ւր կկամենար, որ մահվանից հետո յուր մարմինն ամփոփեին:

— Իմ երդումն արգելում է ինձ թաղվել Գառնիում, — ասաց իշխանը, — թաղեցեք իմ հայրենիքի ո՞ր անկյունում որ կկամենաք:

— Կցանկանայի քո մարմինը տանել Բագարան և թաղել Բագրատունյաց պայազատների դամբարանում, — ասաց թագավորը:

— Բագարա՞ն... այո՛, տա՛ր ինձ այնտեղ, բայց մի՛ թաղիր քո հարց դամբարանում: Այնտեղ, այո՛, թաղված են քո նահատակ հայրը և նահատակ եղբայրը, կցանկանայի հանգչել դրանց մոտ: Բայց այնտեղ թաղված է նաև Աշոտ բռնավորը: Կյանքը հեռացրել է ինձ այդ դավաճանից, մահը չպիտի միացնե:

— Ո՞ւր կցանկանաս ուրեմն, — հարցրեց թագավորը:

— Ամփոփի՛ր ինձ միջնաբերդի առաջ, ժայռերի բարձրության վրա, որտեղից կարողանամ հսկել Աշոտ բռնավորի շիրմին... որպեսզի նա յուր շուրջն ամփոփված սրբերին չդավաճանե... — պատասխանեց իշխանը նվաղած ձայնով:

Մի քանի օրից հետ “Հայրենիքի բարերարը” յուր արդար հոգին ավանդեց:

Ամբողջ արքունիքը, աթոռանիստ Կարսը և Արարատյան երկրները սգացին նրա մահը, իսկ Աբաս թագավորը արքայավայել հուղարկավորություն պատրաստեց “Մեծ հայրենասերի” համար:

Մարզպետունի իշխանի մարմինն ամփոփեցին Բագարանի միջնաբերդի առաջ, ժայռերի մի ահավոր բարձրության վրա, որի ստորոտը կոծում էին Ախուրյանի ալիքները` հավիտենական օրհներգ մրմնջալով հայրենավառ դյուցազնի սխրագործությանց համար:

Ապա թագավորը սպարապետության պաշտոնը հանձնեց Գոռին, իբրև “Մեծ հայրենասերի” արժանավոր որդուն, իսկ Մարզպետունու շիրմի վրա հրամայեց կառուցանել սուրբ Գևորգ անվամբ եկեղեցի, որ Բագարանի անհետացած ավերակների մեջ միակ կանգունն է մինչև այսօր: