ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ

Այս գիշեր տեսա մի անուշ երազ.
Ես իմ հայրենի տունն էի նորոգում,
Մանկության երկինքն էր բացվել վրաս,
Եվ արշալույսներ կային իմ հոգում։
Այնտեղ էր մայրս, հայացքը պայծառ,
Մայրենի լեզվով խոսում էր առուն,
Խշշում էր բակում հինավուրց մի ծառ...
Այնպես ծանո՜թ էր և այնպես գարո՜ւն...
Երդիկից կաթած շողն արեգական
Թվում էր հոգուս ոսկյա բանալի,
Արևն էր նայում աչքով մայրական,
Եվ քաղցր էր աշխարհն ու հասկանալի...