“ԵՌԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԳ”

(Հատված պոեմից)

***

-Կոչեմ ապրողա՜ց.
կոչեմ վերապրած ժողովո՛ւրդ իմ, քե՜զ,
որ ունես աչքեր, այն էլ ի՜նչ աչքեր,
բայց ավելի ես տեսնում, առա՛յժմ, քո ականջներո՜վ:

Եվ ես, որ եղա տարաբախտ վկան լացիդ ու կոծիդ
և տառապանքիդ անոթը դարձա,
կործվա՛ծ անոթը.
որ վկան եղա սոսկումիդ ահեղ
և զարհուրանքիդ պահեստը դարձա,
անտա՛կ պահեստը.
որ վկան եղա ցասումիդ նաև,
և ծառացումիդ, և ընդվզումիդ,
ու դարձա նրանց խորհրդանիշը՝
հողի մեջ խրված հսկա նիզակի սլաքը ցցուն,

որ նաև ցայսօր դեռևս անկատար
երազանքդ եմ քո, իղձդ երկկատար,
բայց նաև վկան, բախտավո՜ր վկան
նահատակներիդ վերածննդի,
վերապրողներիդ խանդ ու եռանդի,-

ես ասում եմ քեզ՝
պտվիրանի պես.

դո՛ւ, որ վաղուց ես կոչվում ժողովուրդ,
թեպետ ակամա դեռ ժողովված չես,
տակավին ցիր ես, ցան ես և սփյուռք,-
դու այսուհետև ժողովվես պիտի

նախ՝ ինքդ քո մե՛ջ,
և ապա՝ քո շո՛ւրջ՝

հիշելով, որ այս ջարդ-կոտորածը, նախճիր եղեռնը
երե՛կ չսկսվեց,երե՜կ չսկսվեց...

5000 տարվա,
500 տարվա,
և 50 տարվա

պատմություն ունի այդ ջարդ-սպանդը, նախճիր-եղեռնը,
որ չի՛ ավարտվել ու չի ավարտվում.
կարմիր էր, հիմա ճերմակ է դարձել,
և հիմա արդեն նա գանգ չի հատում,
այլ գրավում է,
չի կտրում ձեռքեր, այլ վարձում ընդմիշտ,
չի առևանգում, այլ հմայում է,
չի հեղում արյուն, այլ ծախ է առնում
և, միացնելով երակ-երակի,
իր ամենակուլ արյանն է խառնում...

Ու կրկնում եմ ես ՝
ահզանգի պես.

-Այդ ջարդ-սպանդը, երե՛կ չսկսվեց
և ոչ էլ վաղն է նա ավարտվելու,
ուստի վախեցեք սպանդից ճերմա՛կ
ավելի, քան թե՝ եղեռնից կարմի՛ր.
ուստի կրկնեցեք ինձ հետ միատեղ,
իմչպես երդոմի խոսքերն են կրկնում.

-Բռնի ձուլվելիս թունավորում են ձուլողին՝ արյամբ,
Ինքնին ձուլվելիս թունավորվում են իրենք՝ արյունով:


Ուստի թող գործեն ձեր հին զենքերը՝
ձեր ատմամնե՜րը ու ձեր ոտքե՜րը.
ձեր ատամնե՛րը՝
կռվելու համար ու պաշտպնվելու
կամ ժողովվելու ինքներդ ձեր մեջ,
իսկ ձեր ոտքե՛րը՝
վերադռնալու, տուն գալու համար
կամ ժողովվելու ինքներդ ձեր շուրջ...

Եվ արժի՞ ասել, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր
օտարության մեջ ազատ լինելն էլ ա՛յլ գերություն է,
իսկ տան մեջ նույնիսկ գերի լինելը՝ ա՛յլ ազատություն:

Եվ արժի՞ այսօր, որ ես ինքս ինձ մանրեմ՝ հարդի պես:
Թողե՛ք ես մնամ ինչպես կամ՝ ցողուն:
Եվ թողե՛ք նաև ես մնամ իմ նոր դավանանքի հետ,
որ Երրորդության փոխարեն ունի լոկ Երկրորդություն՛
Եվ անգիր արեք իմ աղոթքը նոր.
“Յանու Մոլորեալ Ոչխարի, Յանուն Անառակ Որդւոյ”...

-Կոչեմ ապրողա՛ց՝
մոլորյալների՜ն :

Մեր մեռելները մեր հաշվի մեջ են,
մեր հաշվի մեջ են ... ու կաշվի մեջ են,
քանզի մենք,իրո՛ք կապված ենք նրանց հիշատակներին,
ինչպես մանուկը իր մորը՝ պորտով:

Մենք նրա՛նց մեջ ենք
ու մե՛ր մեջ՝ նրա՛նք,
մեր բջիջների՛, մեր ոսկըրի՛ մեջ:
Ու եթե նույնիսկ մենք հոգնենք մի օր,
նրանք՝ ապրելով մեր մեջ ու սրանց,
մեր հոդերի՛ մեջ, սրանց մատների՛,
աստվածաշնչյան Այրի կնոջ պես՝ առա՛նց հոգնելու,
մի՜շտ Դատավորի դուռը կբախեն՝ այնքա՛ն ժամանակ,
մինչև չասեն.“Ե՛կ,դատեցյաց զայրին”...

Ու երբ գոչում եմ.
-Կոչեմ ապրողա՜ց,
ինձ ձայն են տալիս նրա՛նք,որ երեկ
խեղճ գաղթականի ցուպի փոխարեն իրենց ձեռքն առան
անթաղ-անշիրիմ մի նահատակի ազդր կամ սրունք,
և,Ահարոնի գավազանի պես, ոսկորն այդ ծաղկե՜ց՝
անարգ թշնամուն ապացուցելով,
որ թեպետ մեջեթն ավերակված է,
բայց Ալ Մեհրաբը դեռ մնացել է,
դեռ մնացել է... Արարատի՜ շուրջ...
...
...
...
-ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈ՜Ց...
-ԲԵԿԱՆԵ՛Մ ՇԱՆԹԵ՜Ր...
-ԿՈՉԵ՛Մ ԱՊՐՈՂԱ՜Ց...