Լճակ

Ինչո՞ւ ապշած ես, Լըճա'կ,
ՈՒ չեն խայտար քու ալյակք,
Միթե հայլվույդ մեջ անձկավ
Գեղուհի՞ մը նայեցավ:

Եվ կամ միթե կըզմայլի՞ն
Ալյակքդ երկնի կապույտին,
Եվ այն ամպոց լուսափթիթ,
Որք նըմանին փրփուրիդ:

Մելամաղձոտ Լըճա'կ իմ,
Քեզ հետ ըլլանք մըտերիմ,
Սիրեմ քեզի պես ես ալ
Գրավիլ, լռել ու խոկալ:

Որքան ունիս դու ալի,
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր,
Սիրտս այնքան խոց ունի բյուր:

Այլ եթե գոգդ ալ թափին
Բույլքն աստեղաց երկնքին,
Նըմանիլ չե'ս կրնար դուն
Հոգվույս` որ է բոց անհո՛ւն:

Հոդ աստղերը չեն մեռնիր,
Ծաղիկներն հոդ չե'ն թոռմիր,
Ամպերը չեն թրջեր հոդ,
Երբ խաղաղ եք դու և օդ:

Լըճա'կ, դո'ւ ես թագուհիս,
Զի թ'հովե մ'ալ խորշոմիս,
Դարձյալ խորքիդ մեջ խըռով
Զիս կը պահես դողդղալով:

Շատերը զիս մերժեցին,
"Քնար մ'ունի սոսկ" - ըսին.
Մին` "դողդոջ է, գույն չունի" -
Մյուսն ալ ըսավ. - "Կը մեռնի՛":

Ոչ ոք ըսավ. - "Հե՛ք տղա,
Արդյոք ինչո՞ւ կը մըխա,
Թերևս ըլլա գեղանի,
Թե որ սիրեմ, չը մեռնի":

Ոչ ոք ըսավ` - "Սա տըղին
Պատռե'նք սիրտը տըրտմագին,
Նայինք ինչե՛ր գրված կան..."
- Հոն հրդեհ կա, ո'չ մատյան:

Հոն կա մոխի՛ր... հիշատա՛կ...
Ալյակքդ հուզի՛ն թող, լըճա'կ,
Զի քու խորքիդ մեջ անձկավ,
Հուսահատ մը նայեցավ...