ՕՐՈՐՈՑԻ ԵՐԳ

Արի', ի'մ սոխակ, թո'ղ պարտեզ մերին,
Տաղերով քուն բե'ր տըղիս աչերին.
Բայց նա լալիս է. դու, սոխակ, մի' գալ.
Իմ որդին չուզե տիրացու դառնալ:

Ե'կ, աբեղաձա'գ, թո'ղ արտ ու արոտ,
Օրորե' տըղիս, քընի է կարոտ.
Բայց նա լալիս է. դու, ձագուկ, մի' գալ,
Իմ որդին չուզե աբեղա դառնալ:

Թո'ղ դու, տատրակի'կ, քու ձագն ու բունը,
Վուվուով տըղիս բե'ր անուշ քունը.
Բայց նա լալիս է, տատրակի'կ, մի՜ գալ,
Իմ որդին չուզե սըգաոր դառնալ:

Կաչաղա'կ ճարպիկ, գող, արծաթասեր,
Շահի զըրուցով որդուս քունը բեր.
Բայց նա լալիս է, կաչաղա'կ, մի' գալ.
Իմ որդին չուզե սովդաքար դառնալ:

Թո'ղ որսըդ, արի', քաջասի'րտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե...
Բազեն որ եկավ` որդիս լըռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քնեցավ: