ԱՐԱՔՍԻ ԱՐՏԱՍՈՒՆՔԸ

Նվեր Գևորգ Քանանյանին

Մայր Արաքսի ափերով
Քայլամոլոր գընում եմ,
Հին-հին դարուց հիշատակ
Ալյաց մեջը պըտրում եմ:

Բայց նոքա միշտ հեղհեղուկ,
Պըղտոր ջըրով եզերքին
Դարիվ-դարիվ խըփելով
Փախչում էին լալագին:

Արա'քս, ինչո՞ւ ձըկանց հետ
Պար չես բռնում մանկական,
Դու դեռ ծովը չի հասած
Սըգավոր ես ինձ նըման:

Ինչո՞ւ արցունք ցայտում են
Քու սեգ, հըպարտ աչերից,
Ինչո՞ւ արագ փախչում ես
Այդ հարազատ ափերից:

Մի' պըղտորիլ հատակըդ,
Հանդարտ հոսե' խայտալով,
Մանկությունը քու կարճ է՝
Շուտ կհասնիս դեպի ծով:

Վարդի թըփեր թո'ղ բըսնին
Քու հյուրընկալ ափի մոտ,
Սոխակները նոցա մեջ
Երգեն մինչև առավոտ:

Մըշտադալար ուռիներ
Սառ ծոցի մեջ քու ջըրին,
Ճկուն ոստըն ու տերև
Թող թաց անեն տապ օրին:

Ափերիդ մոտ երգելու
Հովիվք թո'ղ գան համարձակ,
Գառն ու ուլը քու վըճիտ
Ջուրը մըտնին միշտ արձակ:

Մեջքը ուռցուց Արաքսը,
Փրփուր հանեց իր տակից,
Ամպի նըման գոռալով,
Էսպես խոսեց հատակից.

- Խիզա՜խ, անմի'տ պատանի,
Նիրհըս ինչո՞ւ դարևոր
Վրդովում ես, նորոգում
Իմ ցավերը բյուրավոր:

Սիրելիի մահից հետ
Ե՞րբ ես տեսել, որ այրին
Ոտից գըլուխ պըճնվի
Իր զարդերով թանկագին:

Որի՞ համար զարդարվիմ,
Որի՞ աչքը հրապուրեմ,
Շատերն ինձ են ատելի,
Շատերին՝ ես օտար եմ...

Կար ժամանակ, որ ես էլ,
Շըքեղազարդ հարսի պես,
Հազար ու բյուր պըչրանքով
Փախչում էի ափերես:

Հատակըս պարզ ու վըճիտ,
Կոհակներըս ոլորուն,
Լուսաբերը մինչև այգ
Ջըրիս միջին էր լողում:

Ի՞նչըս մընաց էն օրից,
Ո՞ր ջըրամոտ գեղերըս,
Ո՞րը իմ շեն քաղաքից,
Ո՞ր բերկրալի տեղերըս:

Տուրքը ջըրի ամեն օր
Իր սուրբ ծոցեն Արարատ
Մայրախընամ ինձ սընունդ
Պարգևում է լիառատ:

Բայց ես այն սուրբ ջըրերով,
Սուրբ Ակոբի աղբյուրին,
Պիտի ցողեմ արտորա՞յք
Իմ ատելի օտարին...

Մինչ իմ որդիք,- ո՞վ գիտե-
Ծարավ, նոթի, անտերունչ
Օտար աշխարհ հածում են
Թույլ ոտքերով կիսաշունչ...

Հեռո՜ւ, հեռո՜ւ քըշեցին
Բընիկ ազգըն իմ Հայկյան,
Նորա տեղը ինձ տըվին
Ազգ անկըրոն, մոլեկան:

Դոցա՞ համար զարդարեմ
Իմ հյուրընկալ ափերը,
Եվ կամ՝ դոցա՞ հրապուրեմ
Ճըպռոտ, պըլշած աչերը:

Քանի որ իմ զավակունք
Այսպես կու մընան պանդուխտ՝
Ինձ միշտ սըգվոր կը տեսնեք,-
Այս է անխաբ իմ սուրբ ուխտ...

Էլ չի խոսեց Արաքսը,
Հորձանք տվեց ահագին,
Օղակ-օղակ օձի պես
Առաջ սողաց մոլեգին: