Ջալալեդդին

Դ

 

Արուսյակը դեռ նոր էր բարձրացել հորիզոնի վրա, դեռ նոր արշալույսի եզերագիծը սկսել էր կարմրել, երբ նա արթնացավ: Երիտասարդը ամբողջ մարմնով դողաց, երբ նկատեց, որ կորցրել է գիշերի մեծ մասը, երբ կարող էր բավական ճանապարհ կտրել: Նա շտապով վերցրեց հրացանը և նիզակը, շարունակեց իր ուղին:

 

Անցնելով Աղբակա լեռնադաշտերը, նա տեղ-տեղ նկատում էր հայոց գյուղորայք, որ դեռ ծխում էին վաղորդյան մառախուղի միջից: Այս ծուխը նման չէր այն ծուխին, որ առավոտները վեր է բարձրանում խաղաղասեր շինականի խրճիթի երդիքից. դա մի չարագուշակ ծուխ էր, որ երբեմն խառնվում էր հրեղեն բոցերի հետ: Նա անցավ գյուղերից մեկի մոտով և տեսավ, որ գետնափոր տնակները բոլորովին մոխիր էին դարձել և այստեղ ու այնտեղ ընկած էին արյունով ներկված կամ սարսափելի կերպով այլանդակված դիակներ: Նա զգաց բոլոր զարհուրանքը այն երևույթների, որ նույն գիշերն իր համար մնացել էին անբացատրելի: — Կրակները, որ նրան գիշերային խավարի մեջ սարսափեցնում էին, հայոց հրդեհված գյուղորայք էին:

 

Այս սոսկալի տեսարանները, որ ամեն մարդու վրա կարող էին ունենալ կայծակի ներգործություն, նրան շատ հասարակ երևացին. կարծես, նա գիտեր, թե այսպես պետք է լիներ, կարծես նա առաջուց որպես մարգարե հոգվոց աչքերով տեսել էր բոլոր գալոցը իր արյունալի պատկերներով: Եվ նա առաջուց երկար կարդալով իր երեմիականը, նրա սիրտը կոշտացել էր, նրա աչքերում արտասուք չէր մնացել այժմ կատարված իրողության վրա ողբալու: Եվ այս պատճառով նա, կարծես, անտարբերությամբ էր նայում այն ավերակներին, այն կոտորածի կույտերին, ուր կին, աղջիկ, երեխա, ծեր և տղամարդ ընկած էին մինը մյուսի վրա:

 

Զարմանալի բան է մարդկային սիրտը. շատ անգամ նմանում է մի անսահմանության, որ ամփոփում է իր մեջ ամբողջ տիեզերքը, շատ անգամ նմանում է մի լիքը անոթի, որի մեջ գտնված նյութը ընդդիմահարում է, տեղի չէ տալիս մի ուրիշին զետեղվելու: Եվ ավելի բացասական է լինում նա, երբ լցված է լինում սիրով: Ամեն մի նոր ներմուծություն դատարկ տեղ է որոնում, բայց նրա սիրտը դատարակ չէր...:

 

Նա կրկին և կրկին նայեց ծխացող ավերակներին և անցավ: Իր ճանապարհի վրա շատ անգամ հանդիպում էին այնպիսի ծխացող ավերակներ, շատ անգամ երևում էին նրան մոխիր դարձած գյուղեր և շատ անգամ նա տեսնում էր՝ կամ բոլորովին անշնչացած, կամ իրանց տաք արյան մեջ թավալվող դիակներ, և այդ բոլորը նրա վրա միայն րոպեական ազդեցություն էր անում:

Արշալույսը այժմ սկսել էր ավելի պայծառ բոցավառվել և արևի կարմիր-ծիրանագույն շառավիղները դեռ նոր ցոլանում էին ձյունի պես սպիտակ ամպերի վրա, տալով նրանց քրքումի գույն: Բայց ձորերի մեջ տակավին լույս չկար: Երիտասարդը դեռ շարունակում էր իր ճանապարհը զարտուղի շավիղներով: Սարի այծը միայն կարող էր անցնել այն սարսափելի ելևէջները, այն նեղ կիրճերը և այն ժայռոտ գահավեժները, որոնց միջով գնում էր նա: Նա դիմում էր ուղղակի դեպի Երեսան գյուղը: Վերջապես հասավ այնտեղ: Կրակը և սուրը ոչնչացրել էր թե՛ մարդ և թե՛ բնակություն: Այստեղ նա երկար շրջում էր ընկած դիակների մեջ, և կարծես մի բան որոնում էր նրանց մեջ: Հետո նա կանգ առեց մի ծխացող խրճիթի առջև, խորին լռությամբ նայում էր նրա վրա: Այս տնակի մեջ անցել էր նրա մանկությունը, այստեղ էին բնակվում նրա ծնողքը, քույրերը և եղբայրները, որոնք այժմ չկային...: Այս ցավալի տեսարանը քամեց նրա աչքերից մի քանի կաթիլ արտասուք, որոնք գլորվեցան գունաթափ երեսի վրա:

 

Արտասուքը մի զարմանալի արտահայտություն է հոգեկան կրքերի: Որպես տխրությունը, նույնպես և ուրախությունը արտասուք ունեն: Բայց սարսափելի է լինում այն արտասուքը, որ դուրս է ցայտում բարկությունից, — երիտասարդինը այդ տեսակիցն էր: Այդ տեսակ արտասուքը նման է երկնքի արտասուքին, որ խառն է լինում մրրիկի որոտման և կայծակների հետ...

 

Նա նկատեց այրվող խրճիթի մոտ մի քանի իրեղեններ, որոնց, գուցե ավարառուն անձեռնհաս լինելով, թողել էր այնտեղ: Իրեղենները բոլորը ծանոթ էին նրան: Ահա այն գորգի վրա շատ անգամ նստում էր իր ծերունի հայրը...: Ահա այն վերմակի տակ շատ անգամ քնել էր ինքը...: Ահա այն տաշտի մեջ խմոր էր հունցում իր մայրը...: Ահա այն մեծ թասը, որի մեջ իր քույրը կթում էր ոչխարները...: Մի խոսքով նրանց ամեն մեկը զարթեցնում էր իր մեջ հին-հին հիշատակներ: Նա մոտեցավ և սկսեց մին-մին վեր առնել և ձգել խրճիթի այրվող կրակի մեջ, կարծես, նրա բոցերը սաստկացնելու մտքով:

 

Նույն միջոցին վրա հասան երկու զինվորված քուրդ ձիավորներ, որոնք իրանց ետևից քարշ տալով բերում էին մի քանի ուրիշ ձիաներ:

 

— Ինչո՞ւ ես այրում, — ասաց նրանցից մեկը, — մենք եկել ենք տանելու. առաջ գրաստներ չունեինք, հիմա բերել ենք:

 

— Էլի կտանեք, — պատասխանեց երիտասարդը սառն կերպով, — դեռ շատ է մնացել: Իջե՛ք ցած:

 

Քուրդերը ձիերից ցած իջան և կամենում էին իրենց բեռները պատրաստել:

 

— Մի՛ մոտենաք, ես պետք է այրեմ դրանց, — գոռաց երիտասարդը:

 

— Ի՞նչու:

 

— Ձեզ էլ դրանց հետ կայրեմ, եթե թույլ չտաք:

 

— Դո՞ւ:

 

— Ես:

 

Նույն րոպեում երիտասարդի ծանր սուրը իջավ քրդերից մեկի գլխին, իսկ մյուսի կուրծքի մեջ որոտաց նրա ատրճանակը: Երկուսն էլ ընկան: Երիտասարդը խլեց դիակները և ձգեց կրակի մեջ: Այնուհետև նա բռնեց նրանց ձիերից մեկը, որն ավելի լավն էր, նստեց և սկսեց քշել:

 

Հայտնի չէ, թե ի՞նչու, երբ նա մի փոքր հեռացավ, կրկին ցած իջավ ձիուց, նրան արձակեց և ինքն դարձյալ սկսեց ոտով գնալ: Երևի այդ այն պատճառով էր, որ ձիով չէր կարող անցնել այնտեղի նեղ և դժվարին ճանապարհներով, որ ընտրել էր իր համար:

 

Բավական հեռանալով իր հայրենական գյուղից, մի լեռնադաշտի վրա նրա ուշադրությունը գրավեց մի մթին կետ, որ ազատ կերպով նշմարվում էր նոր բարձրացող արեգակի ճառագայթների միջով: Նա շատ հեռու էր: Որքան մոտենում էր երիտասարդը, այնքան հիշյալ առարկան աճում և ավելի մեծ ծավալ էր ստանում: Կարծես նա կախ էր ընկած օդի մեջ և բավական բարձր էր երկրի մակերևույթից: Նա ծռեց իր ուղին դեպի այն կողմը: Երբ փոքր ինչ ևս մոտեցավ, նրանց թիվը բազմացավ, որոնք այժմ նման էին այն խրտվիլակներին, որ ցցում են երկայն ձողերի գլխին և տնկում են հասունացած արտերի կամ սեխանոցների մոտ, որ թռչունները, խոզերը և արջերը չփչացնեն նրանց:

 

Բայց հիշյալ խրտվիլակներից ո՛չ թռչունները և ո՛չ գազանները չէին վախենում: Նա տեսնում էր, թե որպես գիշակեր ագռավները, անգղները և մինչև անգամ երկչոտ կաչաղակը ուրախ-ուրախ թռիչքներ էին գործում, ճախրում էին, պտույտներ էին անում, իջնում էին նրանց վրա և կրկին բարձրանում էին օդի մեջ: Այնտեղ և շնագայլն ու բորենին ուրախական ձայներ էին հանում: Երևում էր, որ այդ անասունները բոլորել էին մի ճոխ սեղանի շուրջը:

 

Տեսարանը պարզվեցավ, երբ նա բոլորովին մոտ գնաց. երկայն ձողերի գլխին շամփրած մարմինները մարդկային դիակներ էին, որոնց կենդանի բարձրացրել էր այնտեղ բարբարոս ձեռքը, իսկ այժմ մեռած էին: Նրանք թվով երեք էին, որոնց մի կողմ թեքված գլուխներից սարսափած ճանապարհորդը ճանաչեց երկու քահանայի և մի վարդապետի երեսները: Եղեռնագործության ամենասոսկալի օրինակն է այդ, որ ստեղծել է մահմեդականի անգթության հանճարը, — կենդանի մարդիկ ղազուխի զարկելու... Ձողերի շուրջը ածած էին կոտորած դիակներ, որոնք գազանների գիշատելուց ավելի այլանդակվելով սարսափ էին ձգում նայողի վրա:

 

Հանկարծ երիտասարդը լսեց մի խուլ մրմունջ, որ նման էր այն դառն հառաչանքին, որ արձակում է մարդ մահվան տագնապի մեջ տանջված րոպեներում: Նա շտապեց դեպի ձայնը: Գետնի վրա նշմարվում էին արյան կաթիլների հետքեր, որոնք հազիվ տեսանելի շավիղի նման տանում էին դեպի այն կողմը: Տասը քայլ հազիվ փոխել էր նա, հանկարծ ծնկները թուլացան, գետնին փռվեցավ և գրկեց մի ալեզարդ ծերունի: Մի քանի րոպե մեռնողը և կենդանին մնացին անմռունչ:

 

Մեռնողը ավելի շուտ ոգի առավ, քան թե կենդանին, և առաջինը խոսեց իր թույլ, դողդոջուն ձայնով. “Հիմա, տե՛ր, ա՛ռ հոգիս, որովհետև մեռնում եմ որդուս գրկի մեջ”:

 

Երիտասարդը դեռ անշարժ էր:

 

Ծերունին ավելացրեց.

 

“Տասը տարի կորած որդիս այժմ կփակե հոր աչքերը”:

 

Երիտասարդի գլուխը դեռ այնպես ընկած էր ծերունի հոր կուրծքի վրա: Հայրը իր թույլ ձեռքով բարձրացրեց այն սիրելի գլուխը և ասաց.

 

“Սարհա՜տ, աննման Սարհա՜տ, թող օրհնեմ քեզ, հետո մեռնեմ”:

 

— Բայց առաջ դու լսի՛ր որդուդ անեծքը և հետո մեռիր, — ասաց երիտասարդը զայրացած ձայնով: — Այո՛, տասը տարի կորած որդիդ այժմ պետք է փակե հոր աչքերը, որին գտնում է արյան մեջ շաղախված: Բայց ո՞վ եղավ որդուդ կորչելու պատճառը, եթե ոչ ինքը հայրը: Ես անառակ որդի չէի, ես փչացնող և արբեցող չէի, ես միայն սիրում էի զենքեր, սիրում էի ձի, սիրում էի որսալ: Իմ զվարճությունները համեստ էին: Իսկ այդ բոլորը ատում էիր դու: Ինձ դու ձգեցիր վանքը և կամենում էիր ինձանից ճգնավոր, աղոթող պատրաստել: Այնտեղից ես փախա: Այնուհետև խոփն ու բահը, գերանդին ու մանգաղը, այդ բաները առաջարկեցիր ինձ: Ես ընդունեցի, բայց առանց հրացանս թողնելու, որովհետև տեսնում էի, որ քուրդը հափշտակում էր մեր վարուցանքը. մի բանով պետք է պահպանել նրան: Բայց դու ինձ խրատում էիր բարի լինել և բարությամբ պատասխանել չարին. դու ինձ ասում էիր. “Մենք հայեր ենք, մեր գլուխը պետք է միշտ ցած ծռած լինի, մեր լեզուն միշտ մունջ պետք է լինի և մեր ձեռքը պետք չէ, որ բարձրանա օտարի գլխի վրա...”: Դրանք էին քո քարոզները: Բայց ես տեսնում էի, քանի որ գլուխս ծռում եմ, ավելի շատ են ծեծում, քանի որ լեզուս մունջ եմ պահում, ավելի շատ են հայհոյում, — ես տեսնում էի, երբ ձեռք չեմ բարձրացնում, եղած չեղածս խլում տանում են, և ես մնում եմ աղքատ ու քաղցած: Բայց դու ամեն ինչ աստուծո վրա էիր ձգում, և պատվիրում էիր ինձ համբերել... Ես սկսեցի չհավատալ աստուծուն, երբ տեսնում էի, որ նրա աչքերի առջև ամեն տեսակ չարագործություններ կատարվում են, և նա միշտ մնում է անտարբեր: Իսկ քո բարկության չափն անցավ. դու արտաքսեցիր հոր տնից անառակ որդու, որ իր պապերի սովորություններով չէր գնում, որ ատում էր ստրկական խոնարհությունը, որ չէր սիրում իր հալածողի ոտները լիզել...

 

— Բայց դու ո՞ւր գնացիր նրանից հետո և ի՞նչ էիր շինում, — հարցրեց վշտացած հայրը:

 

— Ես այնուհետև դարձա մի թափառական որսորդ: Բայց անասուններ սպանելու և մարդիկ մորթելու մեջ մի քայլ միայն կա, որդիդ հետո դարձավ ավազակ և սկսեց մարդիկ կոտորել... Եվ ինչո՞ւ չկոտորեի, ինչո՞ւ չհափշտակեի, երբ տեսնում էի, այն մարդիկը, որ նույնն են գործում, ավելի բախտավոր են, ավելի հարգելի են: Եվ որ ընդհակառակն, տեսնում էի, այն մարդիկը, որ բարի են, որ մի մրջիմ անգամ սպանելու սիրտ չունեն, որ ավազակ չեն, նրանք թշվառ են, և ո՛չ իրանց ընտանիքի, և ո՛չ իրանց կայքի, և ո՛չ իրանց գլուխների տերը չեն...:

 

Երիտասարդը լռեց և փոքր ինչ շունչ առնելուց հետո դարձյալ շարունակեց.

 

— Տեսնում ես, հա՛յր, դու էլ բարի մարդ էիր, գառան պես խոնարհ էիր դու, բայց քո բարությունը քեզ չօգնեց: Եվ այդ քահանաները, որ բարձրացած են ձողերի գլխին, և այդ դիակները, որ ընկած են նրա շուրջը, բոլորն էլ բարի մարդիկ էին. ես ճանաչում եմ նրանց: Բայց չարի առջև ընկան, բարությունը չօգնեց նրանց...: Չարի հետ պետք է չար լինել, բարիի հետ բարի. այս է պահանջում անարդար մարդկությունը...:

 

— Մի՛ տանջիր ինձ, որդի. թո՛ղ հանգիստ մեռնի անբախտ հայրդ, — ասաց ծերունին նվազած ձայնով: — Քո լեզուն ավելի խոր է խոցում իմ վերքը, քան քուրդի նիզակը...:

 

— Ո՛չ, դու հանգիստ մեռնել չե՜ս կարող: Նա չէ կարող հանգիստ մեռնել, որ հանգիստ չէ ապրել: Հանգստությունը մեզ համար չէ, ո՛չ մեր խրճիթներում և ո՛չ գերեզմանի խորքում...:

 

— Դու գնացի՞ր, տեսա՞ր մեր խրճիթը, — հարցրեց հայրը:

 

— Տեսա, այրվում էր նա:

 

— Իսկ մա՞յրդ... քույրե՞րդ... եղբա՞յրդ...:

 

— Ոչ ոք չկար. գյուղումը միայն դիակներ գտա:

 

— Եվ չշտապեցի՜ր մի օր առաջ ձեռք հասցնել անօգնական հորը և ազատել նրա ընտանիքը:

 

— Ես դրա վրա չէի մտածում, թեև գիտեի, որ այս երկիրը այս օրերում կրակի և սրի կերակուր պիտի դառնա: Եվ ի՜նչ կարող էի անել ես. մի ձեռքը բյուրավոր ձեռքերի դեմ ոչինչ անել չէ կարող: Եվ ո՞վ կարող է օգնել մի ժողովրդի, որ ինքն իր ձեռքովն է սրում թշնամու սուրը: Ավելի քան բռնակալը, մենք ինքներս մեզ համար պատրաստեցինք ստրկության շղթաները... նրանց դարբնեցին մեր պապերը և կաշկանդեցին զավակներին...: Եվ թո՛ղ անիծյա՜լ լինին նրանք... որ խլեցին մեզանից ամեն մի երկաթի կտոր և մի դանակ էլ չթողեցին մեզ մոտ...: Եվ թո՛ղ անիծյա՜լ լինին նրանք, որ խլեցին մեզնից մեր սիրտը և նրա տեղը մի կտոր մեռած միս դրեցին...: Եվ թո՛ղ անիծյա՜լ լինին նրանք, որ սովորեցրին մեզ բարի լինել, հնազանդ լինել, համբերող լինել...:

 

Այսպես անագորույն որդին կարդում էր իր սարսափելի անեծքները ողորմելի հոր գլխին, այսպես նզովում էր նա պապերի սուրբ հիշատակը, մի այնպիսի րոպեում, երբ ծերունին մարելու վրա էր: Այսպես մի չար դևի նման, կարծես աշխատում էր խլել նրանից իր վերջին շունչը, նրանից, որ իրան շունչ և կյանք էր տվել:

 

— Բավական է, — խոսեց ծերունին մեծ դժվարությամբ: — Դու եկար մեր գլխին անեծքնե՞ր թափելու:

 

— Ո՛չ, ես դրա համար չեկա: Մեր հայրերը այդ պատվին էլ արժան չեն: Ինձ քաշեց դեպի հայրենիքը մի սիրտ, որը սիրում էր ինձ: Ես եկա նրան ազատելու: Հորից, մորից և ազգականներից անարգված որդուն սիրում էր նա: Նա սիրում էր ավազակին, որից դժողքը սարսափում է. նա սիրում էր եղեռնագործին, որին հրեշտակները և սատանաները ատում են: Ես եկա նրան փրկելու...:

 

Ծերունու գլուխը կրկին թեքվեցավ որդու բազուկների վրա, և նա վերջին խոսքերը չլսեց: “Դու անիծեցիր, բայց ես օրհնում եմ քեզ”... — ասաց նա և աչքերը փակվեցան: Բայց շրթունքները դեռ շարժվում էին. և նա մրմնջում էր աղոթքի նման մի բան, որ վերջացրուց այս խոսքերով. “Աստված, ների՜ր որդուս”...:

 

Այդ նրա վերջին խոսքն եղավ:

 

Երիտասարդը երկար բաց չէր թողնում հոր անշնչացած մարմինը իր գրկից. երկար նրա աչքերից արտասուքը թափվում էր ծերունու ձյունի պես սպիտակ, բայց արյունով ներկված ալիքների վրա: .Այդ երկրորդ արտասուքն էր, որ թափում էր նա սիրելի հայրենյաց հողի վրա ոտք կոխելեն հետո:

 

Երբ բոլորովին հանգստացած էր ծերունին, նա վեր առավ մարմինը և այնպես արյունաթաթախ դրեց մի փոսի մեջ. հետո իր դաշույնի ծայրով փորեց հողը, ծածկեց նրան: Եվ ապա մոտավոր լեռան ժայռերի բեկորներից բերեց մի քանի կտորներ և դրեց գերեզմանի վրա, ասելով. — Հանգստացի՜ր, ո՛վ բարի մարդ, և թող այս գերեզմանը մոտ լինի այդ զոհարանին, ուր մորթվեցան մեր հայրենիքի երևելիները: Այս սպանդանոցը կլինի մի հավիտենական խրատ ապագա սերնդին, որոնց հիշել կտա իրանց թշվառ անցյալը... որոնց մտածել կտա հիմնել ներկան ավելի հաստատուն պայմանների վրա... և այն ժամանակ գուցե պապերի արյունը որդիների փրկության ճանապարհը կբա՛ցանե...:

 

Ե

 

Ամփոփելով հոր մարմինը իր անշուք գերեզմանի մեջ, երիտասարդը կրկին շարունակեց իր ճանապարհը: Նա այժմ գնում էր բոլորովին խելագարի նման, ընկած դառը մտածությունների մեջ: Կորցնելով հայր, մայր, եղբայր և քույրեր, նա այժմ սարսափելի կասկածի մեջ էր՝ կորցնել և նրան, որին սիրում էր: Այս պատճառով շտապում էր նա: Բայց դեռ բավական ճանապարհ կար, մինչև կհասներ այն գյուղը, ուր բնակվում էր նա:

 

Նա գնում էր այնպիսի անանցանելի շավիղներով, որոնց շրջակայքում ժայռերի, մացառների և թփերի մեջ մի ամբողջ բանակ կարող էր թաքչիլ և ուղևորի աչքից անհայտ մնալ: Եվ այս պատճառով մեծ եղավ նրա զարմանքը, երբ մի քանի անգամ նրա ականջներին զարկեցին անորոշ ձայներ, հետո պարզ լսելի եղավ իր անունը՝ “Սարհատ, Սարհատ”: Ո՞վ կարող էր լինել դա: Նույն շրջակայքում հազիվ թե մի մարդ կարող էր ճանաչել նրան, թեև նա ուներ ընկերներ, բայց նրանց մի քանի օր առաջ զանազան հանձնարարություններով ուղարկել էր դեպի զանազան կողմեր: Մտածեց, գուցե նրանցից մեկը լինի և մատը բերանին դնելով, խորհրդական ձայնով շվացրուց: Նրան պատասխանեցին բավական մոտավոր տեղից, բայց ձայնը շատ օտարոտի երևաց: “Նրանցից և ոչ մեկը լինել չէ կարող”, — մտածեց ինքնիրան, և հրացանը ուսից վեր բերելով, կանգնեց, իր շուրջը նայելով: Նույն միջոցին “Սարհատ” անունը կրկին զարկեց նրա ականջներին, երկու թևքեր փաթաթվեցին նրա վզովը, և մի մարդ սկսեց ջերմ համբույրներ սփռել նրա երեսի վրա:

 

— Երևի իմ տերը չէ ճանաչում իր ծառային, — ասաց նա քրդերեն լեզվով:

 

— Ճանաչեցի, Մըստո, — պատասխանեց երիտասարդը և ուրախությամբ համբուրեց նրան:

 

Մըստոն ազգով քուրդ էր, եզիդիների աղանդից. նա երիտասարդի հոր հովիվն էր և նրա մանկության ընկերը: Մի կլորիկ պատանի էր Մըստոն խիստ աշխույժ և հավատարիմ, երբ թողեց նրան երիտասարդը, իսկ այժմ գտնում էր նրան հասակն առած և բոլորովին այրական դեմք ստացած: Նա զինվորված էր թեթև կերպով. ուներ միայն հրացան, թուր և ատրճանակներ: Երիտասարդը շատ ուրախացավ, որ հանդիպեցավ իր հոր տան հավատարիմ ծառային, և ավելի այն պատճառով, որ նրանից կարող էր քաղել այն տեղեկությունները, որ իրան շատ հարկավոր էին:

 

— Ա՜խ, որքա՜ն հիմար եմ ես, Սարհատ, — ասաց Մըստոն իր սովորական ծիծաղով. — քիչ էր մնում, որ չճանաչեի քեզ. հենց որ տեսա, մտա թփի ետևը, հրացանս ուղղեցի... հենց տրխկացնելու վրա էի, մեկ էլ աչքիս ընկավ ճակատիդ սպին. ինձ ու ինձ ասացի, դա աղան է, էլ չարձակեցի... Ա՜խ, ինչպե՜ս փոխվել ես դու, սատանան չի ճանաչի:

 

Մըստոն կրկին փաթաթվեցավ և կրկին սկսեց համբուրել իր տերին:

 

— Դու ուզում էիր ինձ սպանե՞լ, Մըստո, — հարցրեց երիտասարդը:

 

— Պա՛: Ուզում էի նիզակդ խլել. իմը կոտրվեցավ: Առանց նիզակի քուրդին ամոթ է ման գալ:

 

— Ե՞րբ կոտրվեցավ:

 

— Կռիվ ունեցա քրդերի հետ, երբ մեր ոչխարները թալանում էին: Բոլորը տարան անհավատները, մի հատ էլ չթողեցին: Քո քուռակն էլ տարան, Սարհատ, այն կապույտ քուռակը. մի տեսնեի՜ր, ի՜նչ լավ ձի էր դարձել. ամեն օր լավ ուտացնում, չաղացնում էի, մի օր աղան կգա, կնստի, տարան անհավատները... այնքան ոչխարներից մեկն էլ չթողեցին:

 

— Մե՞ր ոչխարները:

 

— Ձերը. բա ո՞ւմը. Մըստոն խո ոչխար չունի: Ոտքիս էլ գնդակ դիպավ: Բայց ես էլ մի քանիսին գլորեցի...

 

— Հիմա ո՞ւր էիր գնում այսպես կաղլիկ ոտով:

 

— Գնում էի այս կողմը... բան կար...

 

— Ի՞նչ կար:

 

— Ա՜խ, լեզուս չէ բռնում, որ ասեմ... անիծվի՜ն քրդերը... աղայինս...

 

Մըստոն չկարողացավ իր խոսքը վերջացնել, նրա աչքերը լցվեցան արտասուքով և սկսեց երեխայի նման հեկեկալ:

 

— Սպանեցի՞ն... իմանում եմ, — ասաց երիտասարդը: — Գնում էիր ի՞նչ անես:

 

— Թաղեմ: Խո այսպես չէի թողնելու: Իմ աղան լավ աղա էր:

 

— Ես թաղեցի, — պատասխանեց երիտասարդը տխուր ձայնով: — Դու էն ասա՛, Մըստո, թե մի բան գիտես մորս, քույրերիս և եղբորս մասին:

 

— Մըստոն ամեն բան գիտե. գիժ չէ՞, որ չգիտենա: Գլխի՞ցը պատմեմ:

 

— Ո՛չ, կարճ կապի՛ր: Ի՛նչ կհարցնեմ, էն ասա:

 

— Լավ, հարցրու:

 

— Ե՞րբ եկան քրդերը:

 

— Քրդերը եկան երկու օր առաջ. գիշեր էր, երբ եկան նրանք. մարդիկ բոլորն էլ քնել էին: Նրանք շատ չէին, հարյուր ձիավոր հազիվ կլինեին, որ եկել էին մեր գյուղի վրա. մյուսները գնացել էին ուրիշ գյուղերի վրա: Բայց հայի գյուղը թալնելու համար տասը ձիավոր էլ բավական է: Ինչո՞ւ հայերը ղոչաղ չեն, աղա, դա լավ չէ, դա շա՛տ վատ է: Լացն ու աղաղակը բարձրացավ, երբ նրանք խրճիթների դռները կոտրատեցին և ներս մտան: “Տո՛, խանիխարաբնե՛ր, ասում էի ես հայերին, խո կնիկ չեք, մարդ եք, թե որ թուր ու թվանք չունեք, քարով, փայտով, կացինով խփեք ու դուրս արեք էդ շներին”: Բայց ով էր իմ ձենը լսողը: Առաջ նրանք սկսեցին դուրս տալ, ինչ որ տանելու էին, թե՛ ապրանք, թե՛ կին և թե՛ աղջիկ. բայց մնացած անպիտան ապրանքները՝ ծերերի, պառավների, երեխաների հետ՝ թողեցին խրճիթներում, դռները կրկին փակեցին, հետո կրակ տվեցին, այրեցին: Իսկ տղամարդերին կոտորում էին:

 

— Ոչ ոք չազատվեցա՞վ:

 

— Ազատվեցան նրանք միայն, որ առաջուց բանը գիտեին ու փախել գնացել էին, սարերում թաք էին կացել: Բայց շատերը չէին հավատում, թե քրդերը այնպես կանեին. նրա համար, որ գայմադամը գրում էր ժողովրդին՝ իրանց տեղումը հանգիստ մնան, չվախենան: Խաբում էր անիծածը:

 

— Մեր տան հետ ի՞նչ պատահեց:

 

— Հայրդ տանը չէր, գնացել էր Բաշ-Կալա, ինձ ասաց. — Մըստո, տունը պահիր, մինչև ես կդառնամ : Ես արթուն էի, երբ քրդերը եկան, հրացանը ձեռիս կտուրի վրա կանգնած էի: Բայց, ի՛նչ կարող էր անել մենակ Մըստոն այնքան գազաններին. մի տասը տղամարդ եթե հետս ունենայի, նրանց չէի թող տալ, որ գյուղն էլ մտնեին, բայց մենակ էի: Ես ձեռք էլ չբարձրացրի, նրա համար, որ քուրդի խասյաթը լավ էի իմանում, հենց որ մեկին դիպչեի, ոչ մի հոգի կենդանի չէին թողնի: Ես աշխատում էի մի կերպով ընտանիքը ազատել. մնացածը, ասում էի, գլուխը քարը, թո՛ղ տանեն: Առանց ժամանակ կորցնելու, ես տնից դուրս հանեցի մորդ, եղբորդ և երկու քույրերիդ. բայց այնքան հիմար էի, որ չմտածեցի, թե տանը օրորոցի մեջ տղա մնաց: “Երեխա՛ս, երեխա՛ս”, գոռաց մայրդ և վազեց դեպի տուն: Ես մնացի երկու սրի մեջտեղում, չէի իմանում, դեպի ո՜ր կողմը դառնամ: Եթե աղջիկներին թողնեի, քրդերը կտանեին, լավ է, ասացի, դրանց տանեմ մի տեղ թաքցնեմ, հետո դառնամ դեպի մայրը: Եղբորդ և քույրերիդ թաքցրի գյուղից հեռու գարու արտի մեջ և շուտով վազեցի դեպի մայրդ: Երբ հասա, տեսա, տունը վառվում էր բոցերի մեջ. բայց խեղճ կինը ոչ իմ կանչելուն ականջ դրեց, և ոչ էլ բոցերին մտիկ տվեց, մտավ կրակի մեջ. այն րոպեում փուլ եկավ կտուրը, և նա էլ դուրս չեկավ...:

 

Քարացածի նման լսում էր երիտասարդը այս բոլորը. նա գունաթափվել էր մարմարիոնի պես, և բարակ շրթունքները դողդողում էին տենդային անհանգստությամբ: Արտասուք նրա աչքերում չէր երևում:

 

— Հայրս ի՞նչու գնաց Բաշ-Կալա, — հարցրեց նա դողդոջուն ձայնով:

 

— Երբ լսեցին, թե Շեյխը հրամայել է գավուրներին կոտորել, ամենի վրա երկյուղ ընկավ, չէին իմանում, թե ինչ անեն, ո՜ր կողմը փախչեն, որ ազատվեն: Այն ժամանակ հայրդ հավաքեց գյուղերի տանուտերներին երկու քահանայի ու մի վարդապետի հետ գնացին Բաշ-Կալա, որ մուդուրին, գայմագամին ասեն, որ նրանք ասկար (զինվոր) ուղարկեն երկիրը պահպանելու: Մուդուրն ու գայմագամը առաջ խոստացել էին, թե ասկար կուղարկեն, հետո այսօր էգուց գցելով, այնքան ուշացրել էին, մինչև քուրդը եկավ, իր բանը տեսավ...: Հետո գնացողներն տեսնելով, որ գայմագամը խաբում է, հույսը կտրած ետ էին դարձել: Բայց քուրդերը իմանալով, որ գայմագամի մոտ էին գնացել, ճանապարհին բռնել էին և այնպես էին արել, որ դու ինքդ քո բարի աչքով տեսար...

 

— Հիմա ո՞րտեղ են քույրերս, եղբայրս, — հարցրեց երիտասարդը, երկչոտ վստահությամբ, — մի՛ գուցե նրանց էլ մի փորձանք պատահած լինի:

 

— Նրանք հիմա լավ տեղում են. ես տարա նրանց մեր էլի (ցեղի) մեջ, մեր չադրումն են կենում կնոջս մոտ: Դու չե՞ս իմանում, Սարհատ, ես ախար հիմա կին ունեմ, մի երեխա էլ ունեմ, մի սիրուն երեխա: Հայրդ (աստված նրա հոգին լույսի բաժին անե) ինձ պսակեց, մի լավ աղջիկ բերեց, և հարյուր ոչխար էլ տվեց, ասում էր. “Մըստո, բավական է ինչ որ ծառայեցիր, գնա՛ դրանից հետո քեզ համար ապրիր, տուն ու տեղի տեր դարձիր”: Բայց ես ձեր տան հացը կերել էի, նրանով էի մեծացել, ասում էի, — չէ՛, աղա, քո տան մեջ պետք է մեռնեմ, և քանի Սարհատը չի եկել, ես քո մեծ որդին կլինեմ:

 

Երիտասարդի սիրտը չդիմացավ այս խոսքերին, նա գրկեց Մըստոյին, և ճակատիցը համբուրեց, ասելով.

 

— Դարձյալ դու իմ եղբայրը կլինես, բարի Մըստո, ես քեզանից չեմ բաժանվի: Բայց դու այն ասա՛, կարծում ե՞ս, որ եղբայրս և քույրերս ձեր չադրում ապահով կմնան:

 

Պատանի քուրդը ինքնավստահ պարծենկոտությամբ պատասխանեց.

 

— Շեյխ Ջալալեդդինը իր բոլոր ավազակներով Մըստոյի չադրը մտնել չէ կարող: Դու ինքդ լավ ես իմանում եզիդիների ղեյրաթը (նախանձախնդրությունը). մի մարդ, ինչ ազգից էլ որ լիներ նա, երբ մտնում էր եզիդիի չադրի տակը, այն ցեղի բարի հյուրն է համարվում. այն ժամանակ բոլոր ցեղը իր արյունը կթափի և իր հյուրին թշնամու ձեռքը չի տա:

 

Հանկարծ նա խոսքը կտրեց և սկսեց ուշադրությամբ ականջ դնել:

 

— Լսում ե՞ս, — հարցրեց նա, — այդ ձայները:

 

— Ի՞նչ ձայներ, — հարցրեց երիտասարդը, որովհետև նա այն աստիճան խռովված էր, որ ոչինչ ձայն չէր լսում:

 

— Երգում են...: Այսպես երգում է քուրդը, երբ թալան և գերիներ է տանում:

 

— Ուրեմն գնանք, — ասաց երիտասարդը:

 

— Գնանք, — կրկնեց պատանին:

 

Երկուքն էլ դիմեցին դեպի այն կողմը, որտեղից լսելի էին լինում ձայները:

 

Զ

 

Կես ժամից հետո նրանք գտնվում էին մի լեռան բարձրավադակի վրա, որտեղից նկատեցին ձորի մեջ մի ընթացող քարավան, որը հեռավորության պատճառով թեև պարզ չէր նշմարվում, բայց նրա օտարոտի երևույթը խիստ կասկածավոր ձև էր տալիս նրան:

 

— Մենք քարավանի առաջը կկտրենք, թե որ այս կողմով գնանք, — ասաց Մըստոն ցույց տալով հազիվ նկատելի շավիղը, որ միայն որսորդներին էր մատչելի:

 

— Բայց ես չեմ ուզում, որ նրանք տեսնեն մեզ, — ասաց Սարհատը խորհրդավոր ձայնով:

 

— Տեսնել չեն կարող, հազար աչք էլ ունենան տեսնել չեն կարող. այս լեռները ես ճանաչում եմ որպես իմ հինգ մատը: Գնա՛նք:

 

Մըստոյի ընտրած ճանապարհը, թեև շատ դժվարին էր և անդադար սարսափելի ելևէջներով էր գնում, բայց այնքան կարճ և կտրուկ էր, որ շուտով նրանք անցան քարավանը, և անտեսանելի կերպով թաքչելով թփերի մեջ, սկսեցին հեռվից դիտել նրան: Սարհատը մի հարևանցի հայացք ձգելով քարավանի վրա, տեսավ, որ դա քուրդ ասպատակների մի մեծ խումբ էր, որ տանում էին ավար և գերիներ: Նա դարձավ դեպի իր ընկերը այս խոսքերով.

 

— Կարո՞ղ ես, Մըստո, մի կերպով մտնել այս քարավանի մեջ և իմանալ, թե գերիները ո՞րտեղից են բերում, ուր են տանում և այս գիշեր ո՞րտեղ կիջևանեն կամ իրանք քրդերը ի՞նչ ցեղից են:

 

— Բոլորը կարող եմ գիտենալ:

 

— Ի՞նչպես կմտնես նրանց մեջ:

 

— Ինչպես պետք է մտնել, ինձ խո չեն ուտի. կգնամ, բարև կտամ, քեֆները կհարցնեմ, հետո ես գիտեմ, թե ինչ կասեմ...:

 

— Լա՛վ, գնա՛, չուշանա՛ս:

 

Մըստոն սատանայի նման աներևութացավ: Իսկ Սարհատը այժմ սկսեց ավելի հետաքրքրությամբ նայել քարավանին: Ի՞նչ էր տեսածը: Ձիավոր քրդերի մի բազմություն, եզների, ավանակների և սայլերի վրա բարձած, քշում էին խառնիճաղանճ քարավանը, որ տանում էր տնային կարասիք և զանազան տեսակ իրեղեններ: Բեռների վրա կապել էին մի-մի կամ երկու-երկու կին, աղջիկ և մանկահասակ պատանիներ: Ավարը և գերիները միասին մի բեռն էին կազմում և քշում էին առաջ ամենայն սաստկությամբ: Նրանք տարվում էին այն անասունների վրա, որ պատկանում էին թշվառ գերիների ծնողներին: Տերը իր անասունի վրա նստած գերի էր գնում: Քարավանի ընթացքը շտապեցնելու համար քրդերը ցցած ունեին իրանց նիզակների ծայրերին մարդկային կառափներ. ծնողների կտրած գլուխը ցույց էին տալիս որդիներին, որպես մի խրտվիլ, որ վախենան, որ փորձ չփորձեն փախչելու, շուտ-շուտ գնան, ուր որ տանում են նրանց և ձայն չհանեն...:

 

Սարհատը երկար նայել չկարողացավ, նրա գլուխը պտտվեցավ, և քարավանը անցավ:

 

Նրան այնպես էր թվում, որ աշխարհս փոխվել է, Նեռը հայտնվել է, և մարդը, աստուծո պատկերը, կատաղի գազան դարձած իր նման մարդերի արյունը ծծում է, նրանց միսը ուտում է: Նա շատ էր ցանկանում ինքն էլ նույն գազաններից մեկը լինել, և դրա համար այրական սիրտ և բավական քաջություն ուներ. բայց ափսոսում էր, որ մենակ է, շատ ընկերներ չունի:

 

Հուսահատությունը շատ անգամ ակամա կերպով ձգում է մարդուն ծայրահեղ մտածությունների մեջ: Սարհատը բնությամբ բարի էր, բայց հանգամանքները նրան չար էին շինել: Նա տեսնում էր մի ամբողջ ժողովուրդ և այն ժողովուրդը, որին ինքն էլ էր պատկանում, հավի նման մորթում են, տունը ավերակ են դարձնում, կայքը հափշտակում են, որդիքը գերի են տանում, — և այդ ժողովուրդը ոչինչ միջոցներ չունի պաշտպանվելու: Նա գիտեր, որ այս սոսկալի պատահարները դարերով կրկնվում են նույն ժողովրդի հետ և տակավին նա չէ մտածել ընդդիմադրության մի զորություն կապելու: “Եթե կարիքը, — ասում էր նա, — մարդու վարպետ է անում, եղանակների խստություններից պաշտպանվելու համար նա հագուստ է հնարում, գազաններից պաշտպանվելու համար զենքեր է հնարում, ինչո՞ւ չէ մտածում նա միևնույն խելքը բանացնել մարդակերպ գազանների ձեռքում զոհ չդառնալու համար”: Այսպես մտածելով, Սարհատը այն եզրակացության էր հասնում, թե այն ժողովուրդը ինքն էր մեղավոր, որ կյանքի պահանջները չէր հասկացել և չէր մտածում թե ինքը երկրի վրա է բնակվում, մարդիկների հետ գործ ունի և ոչ թե հրեշտակների հետ...

 

Սարհատը երկար էր թափառել երկրի վրա, շատ ազգեր և շատ աշխարհներ էր տեսել, բայց իր կյանքում ոչ մի լավ մարդու չէր հանդիպել, և այդ պատճառով նա մարդկանց վրա կազմել էր խիստ վատ գաղափար: Բոլոր մարդերին նա ավազակներ էր համարում, այն զանազանությամբ միայն, որ մեկը կոպիտ սրով է հափշտակում. մյուսը՝ խելքով, երրորդը՝ արհեստով, չորրորդը՝ մարդասիրության և քաղաքակրթության անունով և այլն:

 

Այս տեսակ մտքեր բացատրելու համար Սարհատը իր առանձին լեզուն և արտասանության ձևերն ուներ, “Ավազակությունը, — ասում էր նա, — մարդկանց մեջ զանազան գույներով և շատ անգամ գեղեցիկ ծրարներով է հայտնվում. դու պատառիր արտաքին կեղևը, և կտեսնես միջուկը ավազակություն է, և ավելի ոչինչ”:

 

Սարհատը ինքն էլ ավազակ էր, մի արյունահեղ և սոսկալի ավազակ. նա եթե ծնված լիներ մի ուրիշ երկրի վրա և մեծանար մի ուրիշ շրջանում, գուցե ուրիշ տեսակ մարդ, կամ այլ տեսակ ավազակ կդառնար, որովհետև ամեն մի ավազակի գործունեությունը համապատասխանում է նույն հասարակության, որի միջից նա հայտնվում է: Ավազակը մի սարսափելի բողոք է հասարակության անկարգ կազմակերպության դեմ: Հայաստանի լեռների վրա, ուր երկու հակառակ ծայրերի վրա կանգնած են երկու հակառակ ազգություններ, — մեկը՝ վերջին ստրկության հասած հայը, մյուսը՝ վերջին բարբարոսության հասած մահմեդականը, — եթե ստրուկների կողմից բողոք է բարձրանում դեպի բռնակալությունը, դա բնականաբար պիտի ընդուներ ոչ այլ կերպարանք, — բայց միայն Սարհատի ավազակային կերպարանքը...:

 

Բայց զարմանալին այն էր, թե ինչո՞ւ այնքան փոքր էր սարհատների թիվը. նրա ամբողջ հրոսակը կազմված էր տասներկու քաջերից, որոնց նա կոչում էր “ավազակների առաքելություն”: — Այս հարցը բացատրելու համար պետք է երկար ու բարակ քննությունների մեջ մտնենք. մենք թողնում ենք այդ, ահա՛ Մըստոն կրկին հայտնվեցավ, տեսնենք, նա ինչ է ասում:

 

— Ամեն բան իմացա, — ասաց նա:

 

— Մեկ-մեկ ասա՛, ինչ որ կհարցնեմ, — խոսեց Սարհատը:

 

— Ձիավորները քանի՞ հոգի էին:

 

— Համբարեցի, հիսունից ավել չեն:

 

— Ո՞ր ցեղից են:

 

— Հարտոշի են10:

 

— Գերիները և թալանը ո՞ր կողմից են բերում:

 

— Շատախու կողմերից11:

 

— Ո՞ւր պիտի տանեն:

 

— Դեպի Սոմայի12:

 

— Այս գիշեր ո՞րտեղ միտք ունեն իջևանելու:

 

— Հասպիստանի հովիտների մեջ, Խանա-Սորի մոտ:

 

Սարհատը թողեց իր հարցուփորձը և սկսեց մատներով լուռ մի բան հաշվել. հետո նա կրկին դարձավ դեպի պատանին.

 

— Ի՞նչ ես կարծում, Մըստո, դրանք ե՞րբ կհասնեն Սախկալ-Թութան13 կիրճին:

 

Մըստոն րոպեական մտածությունից հետո, պատասխանեց.

 

— Սախկալ-Թութան կիրճին կհասնեն, երբ արևը մտնելու մոտ կլինի:

 

— Ես էլ այսպես եմ կարծում, — ասաց Սարհատը:

 

— Հիմա լսի՛ր, Մըստո, — ավելացրեց նա. — ի՞նչքան ժամանակում կհասնես մինչև Բիժինկերտ գյուղը: Ճանաչո՞ւմ ես:

 

Մըստոն նայեց արևին և պատասխանեց.

 

— Ուղիղ կեսօրին այնտեղ կլինեմ:

 

— Շատ լավ, — շարունակեց Սարհատը, — դու տեսել ե՞ս Բիժինկերտից փոքր ինչ հեռու ձորի մեջ մի մատուռ:

 

— Տեսել եմ, երկուսն է, մեկը քանդված է: Ո՞րն ես ասում:

— Հենց այն քանդվածն եմ ասում:

 

— Ճանաչում եմ: Մի գիշեր այնտեղ թաք եմ կացել, երբ մի ձի էի գողացել: Լավ թաքնվելու տեղ է:

 

Սարհատը հետո ուրիշ հարց առաջարկեց:

 

— Ի՞նչ տեսակ կենդանիների ձայնին նմանեցնել կարող ես:

 

— Շատերի. շան նման հաչել գիտեմ, աքլորի նման խոսել գիտեմ, էշի նման կզռամ, գայլի նման կոռնամ, գառան նման կմռռամ, կատվի նման միա-ո՜ւ կանեմ, հոպոպի նման բի՛-բո՜ւ կանեմ, էլ ի՞նչ ես ուզում: Ուրիշ շատերն էլ գիտեմ:

 

— Այդ վերջինը բավական է: Հիմա լսիր: Ուղիղ կգնաս դեպի այն քանդված մատուռը, որտեղ գողացած ձին թաքցրիր: Դեռ չհասած մատուռին մի բլուր կա...

 

— Որի գլխին տնկած է մի ծակ քար, — ավելացրեց Մըստոն:

 

— Այո՛: Այն ծակ քարի մոտ կկանգնես, երեք անգամ հոպոպի ձայն կհանես. քեզ կպատասխանեն նույն ձայնով: Հետո ձայնդ կփոխես. երկու անգամ բուի ձայնով կկանչես: Այն Ժամանակ քեզ մոտ կհայտնվի մի մարդ: Դու նրան կասես, դեռ արևը մայր չմտած պատրաստ լինեն Սախկալ-Թութան կիրճի մոտակայքում:

 

— Կարելի է նա հարցրեց, թե քեզ ո՞վ ուղարկեց:

 

— Իմ անունը կհայտնես:

 

— Կարելի է, նա չհավատա:

 

— Այս մատանին ցույց կտաս:

 

Սարհատը հանեց իր մատից մատանին և տվեց Մըստոյին:

 

— Կարելի է նա հարցրեց, թե ի՞նչ գործի համար է:

 

— Դու կպատմես այդ գերիները տանող քարավանի մասին բոլորը, ինչ որ տեսար, և կասես, թե քարավանը Սախկալ-Թութան կիրճի մեջ մտածին պես, պետք է նրա առաջը կտրենք, որ գերիները ու թալանը խլենք քրդերից:

 

— Իմացա: Նրանք քանի՞ հոգի են:

 

— Տասն և երկու:

 

— Ո՞վքեր են:

 

— Իմ ընկերները:

 

— Տասն և երկու հոգին բավական է հիսունի դեմ Սախկալ-Թութան կիրճում, — նկատեց Մըստոն. — ես էլ նրանց հետ տասն և երեք կլինենք: Բայց 13 թիվը նաս14 է:

 

— Ինձ էլ հաշվելու լինես, 14 հոգի կլինենք, — ասաց Սարհատը, — 14-ը նաս չէ:

 

— Մեզանից չորս հոգի բավական է, որ կիրճի դուռը կտրե, էլ ինքը սատանան չէ կարող այնտեղից դուրս գալ, — նկատեց Մըստոն. — ինչ լավ տեղ ընտրեցիր, աղա, բայց դու ո՞ւր կմնաս:

 

— Ես ծածուկ կհետևեմ քարավանին, մինչև կիրճին հասնելը: Բայց դու այն ասա՛, ոտքդ քեզ խո չի նեղացնի, մինչև Բիժինկերտ բավական հեռու է:

 

— Ո՛չ, չի նեղացնի, անիծված գնդակը մսի միջովն է անցել, ոսկորին չի դիպել, մահլա՛մ եմ դրել ու պինդ կապել:

 

— Վերքը քանի՞ օրվա է:

 

— Երեք օրվա, այսպիսի վերքեր շատ է տեսել Մըստոն, վնաս չունի:

 

— Դե՛հ, հիմա գնա:

 

Սարհատը և Մըստոն բաժանվեցան, մեկը սկսեց գնալ դեպի քանդված մատուռը, մյուսը սկսեց զարտուղի ճանապարհներով հետևել գերիվարներին:

 

Է

 

Սարհատի հետ բավական ծանոթ է ընթերցողը, հարկավոր է փոքր ինչ ծանոթանալ և նրա ընկերների հետ, որոնցից կազմված էր նրա հրոսակը: Չնայելով, որ Սարհատն էր պետը և գլխավորը իր խումբի, բայց բոլորին “եղբայր” էր կոչում, և իրավ, այս կոչմանը արժանի էին նրանք, միացած լինելով եղբայրական խիստ սերտ կապերով: Նրա խումբը հավաքված էր զանազան տեղերից զանազան ժամանակներում, որոնց թիվը տասն և երկուսից խիստ հազիվ էր անցնում: Նրանց մեջ կային սասունցիք, զեյթունցիք, շատաղցիք, դիարբեքիրցիք, նրանց մեջ կային՝ մի քահանա Խարբերդի քրդախոս հայերից և մի վարժապետ: Այս վերջինը Կ. Պոլսում բարեգործական նպատակով կազմված մի ընկերության անդամ էր, որ ուղարկվել էր Վանա կողմերի գյուղորայքում կրթություն տարածելու, բայց ռուս-թուրքական պատերազմի խռովությունների ժամանակ նա միացավ Սարհատի խումբի հետ, երբ քրդերը նրան իր գյուղական դպրոցի մեջ աշակերտների առջև սաստիկ ծեծեցին, և նրա սանիկներից մի քանիսը առևանգեցին, և մի քանի օրից հետո կրկին բաց թողեցին:

 

Սարհատի խումբը կազմված էր քուրդի կերպարանքով և գործում էր քուրդի անունով: “Հայ” անունից խորշում էր նա, ոչ թե այն պատճառով, որ այդ անունը ատելի էր նրան, այլ ընդհակառակն, սիրում էր նա հայությունը, — բայց այդ անունը անհամապատասխան էր գտնում թե՛ իր պաշտոնին և թե՛ նպատակներին: Իր թափառական կյանքում, թե՛ նա ինքը և թե՛ իր խումբը անդադար զարկվում էին քրդերի հետ, և անդադար որևիցե թշնամական հաշիվ էին վերջացնում այս և այն մահմեդական ցեղի հետ, բայց եթե ցույց տային, թե իրանք հայեր են, այն ժամանակ իրանց հակառակորդները կարող էին վրեժխնդիր լինել այն ողորմելի և անպաշտպան հայերից, որոնք գուցե Սարհատի գոյության մասին ամենևին տեղեկություն ևս չունեին:

 

Սարհատը իր խումբի հետ Դիարբեքիրի կողմերումն էր, երբ լսեց քուրդերի կատաղի շարժումը, երբ իմացավ Ջալալեդդինի սարսափելի դիտավորությունը և երբ հայտնի եղավ նրան Շեյխ Իբադուլլահի դժոխային խորհուրդը: Նա իսկույն յուրայիններով շտապեց դեպի Աղբակա կողմերը: Երկու ցանկություն նրան քաշեցին դեպի իր հայրենիքը, որին վաղուց մոռացել էր. առաջինը, Աղբակը քուրդերի արշավանքի գծի վրա գտնվելով, ավելի պետք է ենթարկվեր նրանց ասպատակություններին, մտածում էր իր հայրենակիցներին օգնության ձեռք հասցնել. երկրորդ, որ ավելի գլխավորն էր, այստեղ կար “մեկը”, որին նվիրված էր իր բոլոր սրտով:

 

Սարհատի այն խոսքերը, որ նա արտահայտում էր իր հայրենիքի ավերակների վրա շրջելու ժամանակ, այն խոսքերը, որ նա այնքան անգութ կերպով դուրս թափեց հոր առջև նրա հոգեվարքի րոպեներում, — այս բոլորը հուսահատ սրտից դուրս բխած հառաչանքներն էին, այս բոլորը դամբանական ողբեր էին, որ նա կարդում էր իր հայրենիքի գերեզմանական անշարժության վրա: Նա զայրանում էր, նրա վրդովմունքը կատաղության և խելագարության էր հասցնում նրան, երբ տեսնում էր, որ իր հայրենիքը այն չէր, ինչ որ ինքը ցանկանում էր որ լիներ: Նա շատ լավ էր հասկանում իր վիճակի բոլոր վատթարությունը, նա ինքը սարսափում էր իր արյունոտ ձեռքերից, թեև այն ձեռքերը միշտ թշվառների պաշտպան են եղել, և երբեք չեն թափել մի անմեղ արյուն, բայց նրա անձնասիրությունը վիրավորվում էր, տեսնելով, որ ինքը իր բոլոր արժանավորություններով ստիպված էր լինել մի ավազակային հրոսակի գլխավոր, մինչդեռ կարող էր ամբողջ գունդերի հրամայել և իր հայրենիքը մաքրել ավազակներից...

 

Դեռ Աղբակ չհասած, նա իր ընկերներին առաջարկեց այնտեղ, պատվիրելով հարկավորած օգնությունը մատուցանել տեղային բնակիչներին, իսկ ինքը մենակ ուղևորվեցավ դեպի Վան քաղաքը: Այնտեղ նա ներկայացավ փաշային, և հայտնելով այն վտանգը, որ սպառնում է Աղբակա հայերին, խնդրեց, որ իրան թույլ տան՝ տեղային բնակիչներից կազմել մի գունդ՝ երկիրը քրդերի և բաշիբոզուկների ասպատակություններից պաշտպանելու համար: Բայց նրա խնդիրը չընդունվեցավ, նրան պատասխանեցին, թե “կառավարությունը ինքն ամեն խնամքներ գործ է դրել երկրի հանգստությունը պահպանելու համար”:

 

Նա ինքը շատ լավ էր հասկանում այս խոսքերի նշանակությունը և վերադարձավ Վանից առանց բավականություն ստանալու: Եվ այս էր պատճառը, որ մենք առաջին անգամ հանդիպեցինք նրան Խոշաբա ձորում, միայնակ Վանից դառնալիս, տխուր և հուսահատ:

 

Բայց նրա եռանդը դեռ բոլորովին չէր թուլացել: Երբ մտավ Աղբակ, կրկին փորձեց իրագործել իր նպատակը: Նա դիմեց մի քանի քահանաների, վարդապետների և տանուտերերի, աշխատում էր նրանց համոզել, թե պետք է զինվորել ժողովուրդը գալոց վտանգի առաջը առնելու համար: Ջալալեդդինը դեռ այն ժամանակ չէր սկսել իր արշավանքը, բայց ամեն տեղ սկսվել էին նկատելի լինել քրդերի բարբարոսությունները: Նա օրինակ էր բերում իրանց դրացի Ջոլամերիկի ասորիներին, որոնք զինվորված էին և ոչ մի քուրդ նրանց երկիրը ոտք կոխել չէր կարողանում, և ոչ ինքը կառավարությունը կարողացավ նրանց զինաթափ անել. որովհետև պատասխանում էին, թե մենք պետք է որ մեր գլուխը պահենք, երբ որ կառավարությունը մեզ պահպանելու շնորհք չունի: Նա այսպիսի շատ օրինակներ էր բերում, քաջալերական խրախույսներ էր տալիս, հորդորում էր և ուրիշ շատ բաներ էր ասում... Բայց քահանաները, վարդապետները և ժողովրդի իշխանները նրան հիմարի և խելագարի տեղ էին դնում...: Այս ավելի վշտացրեց նրան, քան թե փաշայի խաբեությունը, և այն ժամանակ նա ավելի համոզվեցավ, թե այդ ժողովուրդն ինքն է դատապարտել իրան մի ցած ստրկության, թե նա ինքն է պատրաստել իր համար մի այնպիսի թշվառ ներկա...

 

Այն օրից, որ բաժանվել էր նա իր ընկերներից, նրանց մասին տեղեկություն չուներ, և չգիտեր, թե ո՞րտեղ մնացին կամ ի՞նչ շինեցին: Միայն այն օրը մի պայմանյալ օր էր, որ նրանք ամեն կողմից պետք է հավաքվեին “քանդված մատուռի” մոտակայքում, և ինքն այնտեղ գնալով, պետք է տեսնվեր իր ընկերների հետ: Բայց գերեվար քարավանի անակնկալ հանդիպումը նրան ստիպեց ուղարկել իր հավատարիմ Մըստոյին նրանց կանչելու Սախկալ-Թութան կիրճի մոտ, որտեղ գուցե կարողանային ազատել թշվառ գերիներին:

 

Մըստոյի ձեռնարկությունը անպտուղ չմնաց. նշանակած ժամում Սարհատի ամբողջ խումբը պատրաստ էր Սախկալ-Թութանի մոտ: Ինքը նույնպես հասավ այնտեղ: Տեսնելով իր ընկերներին, նա համբուրվեցավ բոլորի հետ, ասելով.

 

— Ուրախ եմ, որ ամենիդ մարմնով առողջ եմ գտնում, թեև համոզված եմ, որ սրտով ձեզանից ամեն մեկը վիրավորված է, վշտացած է, տեսնելով այնքան ավերածներ և կոտորածներ, որ գործել է բարբարոս ձեռքը: Բայց այսօր մի գեղեցիկ դեպք առիթ կտա ձեզ գործ դնել ձեր քաջությունը, և դրա համար էլ կանչեցի ձեզ: Մենք 14 հոգով գործ պետք է ունենանք ավելի քան հիսուն հոգի վայրենի Հարտոշիների հետ:

 

— Մըստոն բոլորը պատմել է մեզ, — պատասխանեց քահանան, որին այժմ կոչում էին Դալի-Բաբա15: — Այս խաչով (նա ցույց տվեց իր սուրը) Հարտոշիների գլխին մի լավ “պահպանիչ” կկարդամ:

 

— Դեպքը, իրավ, գեղեցիկ է, այս կիրճի մեջ մի զվարճալի խաղ կունենանք Հարտոշիների հետ, — ասաց ոգևորված վարժապետը, որին այժմ կոչում էին Քիթաբ-Դալիսի16:

 

— Հարտոշիների հետ լավ է գործ ունենալ նեղ ծակերում. այդ անիծվածները իրանը բերաններից էլ են կրակ փչում, — ասաց սասունցի Հարոն, որին կոչում էին Սասուն Այըսը, այսինքն՝ սասունի արջ:

 

— Այդ դատարկախոսություններով ժամանակ ենք կորցնում, Հարտոշիները հեշտ ուտելու պատառ չեն... — նկատեց զեյթունցի Ներսոն, որին կոչում էին Զեյթուն-Քայասը, այսինքն՝ Զեյթունի Ժայռ:

 

— Իրավ, ժամանակը թանկ է մեզ, — խոսեց Սարհատը, — մտածենք գործի վրա: Հարտոշիները ձեզ հայտնի են իրանց քաջությամբ, նրանց հետ երեխայի խաղ ունենալ անմտություն է: Մեզ կնպաստե միայն տեղը և դիրքը, և այս պատճառով ես ընտրեցի այս կիրճը: Ձեզանից ամեն մեկը թաքնված կլինի քարաժայռերի ետևում և այնքան կսպասե, մինչև ամբողջ քարավանը կլցվի կիրճի մեջ. այն ժամանակ դուք պետք է բաժանվեք երկու մասն, յոթ հոգի պետք է փակե կիրճի մուտքը, իսկ յոթ հոգի՝ նրա ելքը: Մենք 14 հոգի ենք: Ես կտամ հարձակողական նշանը բազեի ձայնով: Աշխատեցեք, որքան կարելի է, հեռու մնալ արյունհեղությունից: Խոսեցեք միշտ Ռավանգների բարբառով, որովհետև Ռավանգները Հարտոշիների հետ մի թշնամի ցեղ են. թող նրանք կարծեն, թե գործ ունեն Ռավանգների հետ: Եթե անձնատուր եղան պայմանների մասին կխոսեմ ես: Հարձակումները միշտ մի տեղից կամ մի կողմից չպետք է լինեն, շուտ-շուտ փոխեցեք ձեր դիրքը, որ թշնամին կարծե, թե բազմաթիվ եք: Փախչելու աշխատողներին իսկույն ծակեցեք, որ ուրիշ տեղ խաբար չտանեն:

 

Սախկալ-Թութանը այն սարսափելի կիրճերից մեկն էր, որի նմանը շատ անգամ հանդիպում է Հայաստանի լեռներում. նրա աջ և ձախ կողմերից սեպացած ժայռերը պարսպաձև բարձրանում էին, մեջտեղում թողնելով մի նեղ անցք, որի միջով քարավանը անցնելու համար հարկավոր էր, որ բոլոր գրաստները մինը մյուսի ետևից շարված լինեին, որովհետև մոտեմոտ գնալու համար բավական նեղ էր ճանապարհը:

 

Նրանք գտան քարավանը այս դրության մեջ շարված կիրճի մուտքից սկսյալ մինչև նրա ելքը: Հոգնած քարավանը խիստ դանդաղ էր ընթանում: Սարհատը գործն այնքան ետ ձգեց, մինչև արևը մտավ և բոլորովին մթնեց: Բայց լուսնյակ գիշեր էր: Այնուհետև նա, վեց հոգի իր հետ առնելով, կտրեց կիրճի ելքը. իսկ վեց հոգի Դալի-Բաբային հանձնելով, պատվիրեց կտրել կիրճի մուտքը: Քարավանը մնաց մեջտեղում նեղ փապարում լցված: Քարավանը նո՛ւյն դրության մեջ էր գտնվում, որպես թե ածած լիներ մի հսկայական խողովակի մեջ, որի երկու ծայրերը փակված էին:

 

Բազեի սուր և ձգական ձայնը հնչեց, որպես թե մոտենում է իր որսին: Զանազան տեղերից լսելի եղան հրացանների որոտմունքներ: Կիրճի մեջ սկսվեց մի աղմկալի իրարանցում և բարձրացավ խուլ դղրդյուն: Հարտոշիները կատաղած գազանների նման սկսեցին այս կողմը և այն կողմ վազվզել. բայց ամեն տեղ հանդիպում էին որոտացող կրակների: Առյուծը ընկած էր երկաթի վանդակի մեջ:

 

Քուրդը վտանգի րոպեներում ցույց է տալիս իր բնավորության բոլոր վսեմությունը: Նա վիշապ է դառնում և կամենում է լեռները, ժայռերը կլանել: Կիրճի ահագին պարսպաձև շղթաները ևս ոչինչ էին թվում կատաղած Հարտոշիի աչքին. նա վագրի նման մագլցում էր սեպացած ժայռերը, որ վեր բարձրանա և դեմառդեմ հանդիպի թշնամուն: Բայց բնությունը հաղթող էր հանդիսանում. վագրը սարսափելի բարձրությունից կրկին գահավիժվում էր, կրկին գլորվում էր ցած:

 

Կիրճի մեջ քրդերի կատաղի աղաղակը, գերիների լացն ու կոծը, աջ և ձախ որոտացող կրակների բոմբյունը, միախառնվելով, կազմում էին խիստ սոսկալի ներդաշնակություն: Կռիվը երկու կողմից ևս շարունակվում էր գազանային համառությամբ: Քրդերը վճռել էին մինչև վերջին շունչը ընդդիմանալ: Այն ժամանակ բազեի խորհրդական ձայնը նորից երեք անգամ հնչվեցավ, դա նշան էր, թե պետք չէ գթալ: Գնդակները կարկուտի արագությամբ սկսան թափվել կիրճի մեջ:

 

Պարզ-լուսնային գիշերը բավական նպաստում էր կռվին, և մեր քաջերը չէին վրիպում իրանց նետումներից և կարողանում էին նշան դնել քրդերին միայն և գերիներին չվնասել:

 

Մի ամբողջ ժամ ևս հուսահատական-հանդգնությամբ կռվելուց հետո, քրդերի միջից լսելի եղավ մի ձայն՝ “անձնատուր ենք լինում”: Այն ժամանակ Սարհատը բարձրացավ մի քարի վրա և սկսեց վերևից խոսել:

 

— Ավելի լավ կլիներ, որ շուտ անձնատուր լինեիք, այն ժամանակ գոնե ձեր մեծ մասը կենդանի մնացած կլիներ. դուք ձեր համառությամբ շատերին կոտորել տվիք: Վնասը մեծ չէ. քաջերի ճակատագիրն է այդ. գովում եմ ձեր հանդգնությունը: Հիմա լսեցեք պայմանները. դուք ամենքդ կմնաք կիրճի մեջ. բայց ավարը և գերիները բաց կթողնեք իրանց գրաստներով: Մենք ձեզանից չենք խլի ձեր զենքերը և ձիերը. դրանք պետք են ձեզ. միայն կողոպուտից ոչինչ չպետք է պահեք ձեզ մոտ: Դուք կմնաք կիրճի մեջ և չեք շարժվի մինչև առավոտյան լուսաբացը. այն ժամանակ ազատ եք, որ կողմ կամենաք, գնացեք: Համաձա՞յն եք:

 

— Համաձայն ենք, — լսելի եղավ կիրճի միջից:

 

— Ուրեմն, բա՛ց թողեք գերիներին և ավարը:

 

Մի քանի ժամվա մեջ կիրճը դատարկվեցավ: Այնտեղ մնացին քսան հոգու չափ Հարտոշիներ միայն:

 

— Դալի-Բաբա, — դարձավ Սարհատը դեպի քահանան, — քեզ հետ կվեր առնես չորս հոգի և կքշես քարավանը դեպի Սալմաստ. մինչև արևի դուրս գալը դուք կանցնեք Պարսկաստանի սահմանը, և Սալմաստում տեղային հայերի մոտ ողորմելիները ապահով կլինեն, որովհետև այնտեղ են փախել բոլոր աղբակեցիք, որոնք ազատվել են քրդերի ձեռքից: Սալմաստը պարսից երկիր է, այստեղ տաճկաց քրդերը մուտք գործել չեն կարող: Լսիր, ամենևին ցույց չպետք է տաս հայությունդ և գերիները չպետք է գիտենան, թե ով ազատեց նրանց: Պարսից սահմանից դու կդառնաս քո ընկերների հետ և մեզ կգտնես Իրցի-Ձորի մեջ, այն քարանձավում, որ քեզ ծանոթ է: Իսկ ես այդ անպիտաններին կպահեմ կիրճի մեջ, մինչև դուք բավական կհեռանաք, և արևը դեռ չծագած, բաց կթողնեմ:

 

Դալի-Բաբան համբերությունը հատած, պատասխանեց.

 

— Անիծված լինեմ, եթե ես տերտեր ժամանակս մի այսպիսի երկար քարոզ եմ տվել: Օրհնած, ի՞նչ ես ծանր ու բարակ ամեն բան այսչափ բրդում. ես խո նոր չեմ սովորում իմ գործը:

 

— “Ուրիշի խրատը լսիր, և իմացածդ էլ քեզ պահի՛ր”,-ասել են մեր պապերը, — պատասխանեց Սարհատը ծիծաղելով: — Հիմա գնացե՛ք: Տեր ընդ ձեզ:

 

Քարավանը սկսեց շարժվել դեպի Սալմաստա կողմը ազատված մարդու բոլոր արագությամբ, որ դեռ նոր փախչում էր վտանգից: Գիշերային լռության մեջ լսելի էին լինում ջերմ օրհնություններ այն բազմաթիվ թշվառների բերաններից, որոնք արտասվալի աչքերով մերձենում էին դեպի իրանց ազատիչները...:

 

Մի քանի օրից հետո ամբողջ Աղբակա գավառում տարածվել էր մի այսպիսի լուր, թե Հարտոշիները բերելիս են եղել ահագին ավար և գերիների մեծ բազմություն Շատախի կողմերից, և թե Ռավանդները վրա են թափվել և Սախկալ-Թութանի կիրճում խլել են Հարտոշիներից թե՛ ավարը և թե՛ գերիները, բայց ո՛ւր են տարել, հայտնի չէ. Սարհատի և նրա խումբի մասին ոչինչ չէր խոսվում...: Քրդերի մեջ միմյանցից ավար և գերիներ խլելը այնքան սովորական էր, որ ոչ ոքին չզարմացրեց հիշյալ լուրը, և հայերի վրա կասկածել անգամ չէին կարող, որովհետև հային անընդունակ էին համարում այդ գործին: Իսկ Սարհատի խումբը իրան ձևացրել էր Ռավանդների կերպարանքով, որ Հարտոշիների հետ ցեղական թշնամություն ունեին: