“ՍԱՄՈՒԷԼ”

Պատմական Վէպ (364-400).
1888

( հատուածներ )

Ա . Ի Ր Ք

1. Երկու սուրհանդակները
2. Տարօնի առաւօտը
3. ուժկան
4. Մի աղօտ միտք ծագում է նրա մէջ
5. Մայր եւ որդի

 

2. ՏԱՐՕՆԻ ԱՌԱՒՕՏԸ

Փոթորկային գիշերին յաջորդեց գարնանային խաղաղ, հովասուն առաւօտը: Ողական ամրոցը շրջապատող ծառազարդ բլուրները մխում էին ձիւնի պէս ճերմակ գոլորշիներով: Սար ու ձոր, դար ու դաշտ պատած էր անթափանցիկ մառախուղով: Օդի մէջ լողացող ջրային շիթերը, արեգակի առաջին ճառագայթներից, վառուում էին միլիոնաւոր ոսկեայ ուլունքների նման: Ծառերի տերեւները, խոտերի ծղօտները, հովիտների նախշուն ծաղիկները, ցօղուած անձրեւային կաթիլներով, կարծես սփռուած լինէին գոյնզգոյն գոհարներով:

    Այդ գեղեցիկ առաւօտը յիշեցնում էր այն վաղեմի, հանդիսաւոր առաւօտներից մէկը, երբ Աստղիկը, Տարօնի դիցուհին, դուրս էր գալիս Աշտիշատի տաճարներից եւ, շրջապատուած իր անթառամ նաժիշտներով, իջնում էր Քարքէ լերան բարձրութիւնից, Արածանիի արծաթափայլ ալիքներու մէջ լողանալու: Այդ միջոցին հայոց երիտասարդ դիւցազունները թագչում էին Աշտիշատի դիցանուէր անտառի մթին ծառաստանի մէջ, հեռուից դիտելու գեղեցիկ աստուածուհու լոգարանը: Բայց Աստղիկը Մուշի ամբողջ դաշտը վարագուրում էր մառախլապատ մշուշով եւ իր լոգարանը անտեսանելի էր կացուցանում անհամեստ հետաքրքրութիւնից:

    Վաղորդեան մառախուղը հետզհետէ նօսրանում էր, որքան արեգակը բարձրանում էր հորիզոնի վրայ: Այժմ մշուշի միջից, որպէս թափանցիկ շղարշի միջից, սկսուեցան նկարուել հեռաւոր պատկերները: Երեւում էր Սիմ լերան կանաչազարդ շղթան, մեղմ ալիքներով եւ ձիւնապատ գագաթներով, որոնք արեւի ճառագայթների առջեւ փայլում էին վարդագոյն ներկով: Իսկ աւելի հեռու, դէպի Կրկուռ եւ Նէմրութ լեռների կողմերը, մանիշակագոյն ժապաւէնի նման, երեւում էր Բզնունեաց ծովակի միայն նեղ շերտը: Երեւում էին Քարքէ լերան բարձրութիւնները իրենց մթին ծմակներով եւ մռայլ անտառներով, որոնք իրենց անմատչելի թաւուտների մէջ սնուցանում էին մի մռայլ ժողովուրդ: Յիշեալ լեռների հսկայական շրջանակի մէջ, որպէս մի սքանչելի պատկեր, երեւում էր Մուշի ընդարձակ դաշտավայրը, հարթ, հաւասար, իբրեւ մի լայնածաւալ, նախշուն գորգ: Այդ կանաչազարդ գորգի վրայ սփռուած էին Տարօնի բազմաթիւ գիւղերը, աւանները, հոյակապ քաղաքները: Ահա՛ Մուշը խորին պատկառանքով բազմած է Տաւրոսի լանջաց վրայ: Ահա՛ Մեղտի գետի օձապտոյտ ափերի մօտ երեւում են Օձ քաղաքի բարձր աշտարակները: Ահա՛ Վիշապ քաղաքը, վիշապի լայն բերանի պէս բացուած, ահարկու դռներով: Ահա՛ Կաւկաւ քաղաքը... ահա՛ սպիտակ Ձիւնակերտը...:

    Արածանին կէս է կիսում Մուշի լայնատարած դաշտավայրը: Նրա արգաւանդ ափերի մօտ, բացի բնիկներից, ապրում էր մի ժողովուրդ, որ ասպնջականութիւն էր գտել այստեղ անգէսի ափերից, եւ հնդիկ ժողովրդի արօրի խոփը փայլում էր հայոց արեգակից, եւ հնդիկ հերկավարի հայկական երգը հնչեցնում էր Տարօնի լուսապայծառ առաւօտի լռութիւնը:

    Արածանիի ափերի մօտ ապրում էր եւ մի այլ ժողովուրդ, որ հիւրասիրուել էր այստեղ Հօանգօի ափերից, եւ դեղնակաշի սինէացին, բոլորովին հայկական դէմք ստանալով, մշակում էր հայոց երկիրը: Նրանց բազմաթիւ անասունները արածում էին Արածանիի շամբուտ ափերի մօտ, նրանց գեղեցիկ կանայքը քորոցներով “որդան կարմիր” էին հաւաքում կանաչ, ցօղազարդ մարզագետիններից, որ իրենց նուրբ ձեռագործներով զարդարեն հայոց իշխանազունների ապարանքները:

    Զայրացած է այս առաւօտ Արածանին: Բայց նրա զայրոյթը մայրական է, չէ վախեցնում հարազատ որդուն: Ահա նրա զօրեղ կոհակները տանում են իրենց հետ մի ամբողջ նաւատորմիղ - նախնական մարդու նաւատորմիղը: Բարեկամները ափերի մօտ կանգնած, “յաջողութիւն” են բարեմաղթում: Նաւորդները գետի միջից “մնաք բարեաւ” են ասում: Եւ թեթեւ մաշկապատ նաւակների խումբը, բեռնաւորուած հայոց երկրի բարիքներով, լողում են դէպի հեռաւոր աշխարհ, դէպի Բաբելոն: Նաւորդների երգը, նրանց ուրախաձայն աղաղակները, միախառնուելով գետի խուլ որոտման հետ, թնդեցնում են շրջակայքի խորին անդորրութիւնը:

    Մուշի դաշտավայրը, չորեքկողմից շրջապատուած լինելով բարձր լեռներով, այդ բնական ամրութիւնները, հսկայական շրջապարիսպի նման, պաշտպանում էին երկիրը թշնամու յարձակմունքներից: Բացի բնական ամրութիւններից, նոյն լեռների բարձրաւանդակների վրայ դրած էին Տարօնի իշխանները անմատչելի բերդերը եւ նրանց ահռելի ամրոցները, որպիսիք էին՝ Եղնուտը, Մեծամօր ամրոցը, Աստղաբերդը, Այծից բերդը եւ Ողականը:

    Աշտիշատի վանքից շատ հեռու չէր Ողական ամրոցը. նա կանգնած էր Քարքէ լերան ապառաժների վրայ, եւ խրոխտ, վեհապանծ դէմքով նայում էր դէպի իր ստորոտով հոսող Արածանին: Զանազան գաղտնի անցքեր, ստորերկրեայ ճանապարհներով, իջնում էին ամրոցի բարձրութիւնից կա՛մ դէպի գետը, պաշարման ժամանակ ջուր ստանալու համար, եւ կա՛մ տանում էին դէպի անտառի խորքերը, դրսի հետ գաղտնի հաղորդակցութիւն ունենալու համար: Այդ անցքերի մուտքերը յայտնի էին միայն ամրոցի տէրերին: Ամրոցի բարձր շրջապարիսպը, ահագին բուրգերը, բարձր աշտարակները դարերով մարտնչում էին բնութեան արհաւիրքի եւ թշնամու յարձակման դէմ, եւ միշտ մնում էին անպարտելի: Նա հովանաւորուած էր հին, հսկայ կաղնիներով, որոնց վերամբարձ կատարները մրցում էին ամպերի հետ:

    Այդ ամրոցը ամենահին ժամանակներում, Քրիստոսից շատ դարեր առաջ, պատկանում էր Սլկունեաց իշխաններին, որոնք Տարօնի նախկին տէրերն էին: Իսկ Վաղարշակ Ա.ի օրերում, Քրիստոսից 150 տարի առաջ, Սլկունիները աւելի նշանակութիւն ստացան, որովհետեւ Վաղարշակը, հայոց բոլոր նախարարութիւնները կարգի դնելով, Սլկունիների քաջ եւ որսորդութեան մէջ յաջողակ իշխաններին եւս նախարարութեանց կարգն անցուց եւ նրանց յանձնեց արքունի որսորդութեան գլխաւորութեիւնը: Բայց Տրդատի օրերում, 320 թուին Քրիստոսից յետոյ, Սլկունիները ապստամբուեցան թագաւորի դէմ: Տրդատը խոստացաւ, թէ Սլկունիների ամբողջ ժառանգութիւնը, Տարօնը, նրան կը նուիրէ, եթէ մէկը կը ձերբակալէ ապստամբ Սլուկին: Ճենացի Մամգուն իշխանը յանձն առեց կատարել թագաւորի ցանկութիւնը եւ դաւաճանութեամբ սպանեց Սլուկին: Նրա բոլոր տոհմը սրի ճարակ եղաւ Ողական ամրոցի մէջ: Իսկ Մամգունը այդ ծառայութեան համար ստացաւ, որպէս ժառանգութիւն, թէ՛ Ողական ամրոցը, եւ թէ՛ Տարօնը: Մամգունից առաջ եկաւ Մամիկոնեան մեծ նախարարութիւնը, որոնք որդոց որդի ժառանգեցին Տարօնը:

    Այս առաւօտ, դեռ լոյսը չծագած, երկու անձինք մուտք գործեցին Ողական ամրոցում: Մէկը առջեւի մեծ դռնից, միւսը անտառի մէջ թագնուած գաղտնի անցքից: Առաջինը սեւ ձիաւորն էր, իսկ երկրորդը՝ կապուտակ ձիաւորը: