“ՍԱՄՈՒԷԼ”

Պատմական Վէպ (364-400).
1888

( հատուածներ )

Ա . Ի Ր Ք

1. Երկու սուրհանդակները
2. Տարօնի առաւօտը
3. ուժկան
4. Մի աղօտ միտք ծագում է նրա մէջ
5. Մայր եւ որդի

 

5. ՄԱՅՐ ԵՒ ՈՐԴԻ                      

Առաւօտեան մառախուղը չքացել էր։ Դրսում տիրում էր ջերմ, լուսապայծառ օր։ Օդի մէջ բուրում էր շրջակայ եղեւինների բալասանական խնկահոտութիւնը։ Ամէն ինչ ժպտում էր, ամէն ինչ ուրախութիւն էր շնչում, միայն Սամուէլի սիրտը լցուած էր խորին, անմխիթար տրտմութեամբ։

[ ... ]

   Այդ միջոցին կանանոցի շքեղ դահլիճներից մէկում, մի կին կանգնած էր մետաղեայ յղկած հայելիի առջեւ, եւ ինքն իր վրայ սիրահարուածի նման, նայում էր, ժպտում էր, եւ մի առանձին հրճուանքով ուղղում էր գլխի զարդերը։ Արդէն մի քանի անգամ նա մօտեցել էր այդ հայելիին եւ, չհաւատալով իր աչքերին, այդ վերջին փորձն էր անում, ստուգելու համար, արդեօք այնքան սա՞զ էին գալիս այդ նոր զարդերը, որքան նա կարծում էր։

[ ... ]

   Այդ փառահեղ տիկինը Սամուէլի մայրն էր, որին կոչում էին Տաճատուհի։

   Ներս մտաւ երիտասարդը բռնի ժպիտը երեսին։

- Բարի լո՜յս, սիրելի մայրիկ, - ասաց նա եւ, իր սովորութեան համեմատ, մօտեցաւ ձեռքը համբուրելու։

[ ... ]

   Որդու ողջագուրանքը, մօր սիրալիր փաղաքշանքը բոլորովին անկեղծ էր։ Մայրը ունէր սիրող սիրտ, մանաւանդ դէպի իր զաւակները. իսկ որդին հնազանդ, ծնողասէր զաւակ էր։ Այժմ այդ անարատ սիրոյ մէջ մտել էր մի դեւ, մի չար միտք, որ պիտի երկպառակէր ընտանեկան խաղաղութիւնը, որ պիտի գժտութիւն, ատելութիւն եւ, գուցէ աւելի աղէտաւոր թշնամանք սերմանէր որդու եւ ծնողների մէջ։ Ամէն անգամ, որ այդ մտածումները պաշարում էին Սամուէլին, նա ամբողջ մարմնով դողում էր։

   Նոյն մտածութիւնները ոչ սակաւ սաստկութեամբ յուզում էին եւ մօր սիրտը։ Նա գիտէր Սամուէլի ամուր հաւատը, գիտէր նրա կրօնական ջերմեռանդութիւնը, նրան ծանօթ էին իր որդու հայրենասիրական ջերմ զգացմունքները։ Այժմ ի՛նչպէս յայտնէր որդուն, թէ նրա հայրը ուրացել է իր կրօնը եւ պարսից զօրքերով գալիս է ոչնչացնելու ամէն ինչ, որ հայկական է։

[ ... ]

- իտե՞ս, Սամուէլ, քեզ ինչո՛ւ համար կանչեցի։

- Ես ոչինչ չգիտեմ…

- Հօրիցդ նամակ ստացայ, կանչեցի, որ յայտնեմ քեզ։

- Նամա՞կ ստացար, - բացականչեց Սամուէլը , - այդ ուրախալի՜… է շա՜տ ուրախալի… Ե՞րբ ստացար։

- Այս գիշեր։ Սուրհանդակ եկաւ։

( ... ) Նա տուեց մագաղաթը որդուն, ասելով.

- Հօրդ նամակն է ։

   Սամուէլը ուրախութեամբ բաց արեց մագաղաթի փաթոթը եւ, նայելով նրա վրայ, ասաց.

- Դա պարսկերէն է գրուած…

   Մայրը կիսախրատական եւ կիսայանդիմանական եղանակով նկատեց նրան.

- Ա՜յ, քեզ որ միշտ ասում էի, որդի, սովորի՛ր այդ լեզուն, դու ինձ ականջ չէիր դնում, խելքդ ու միտքդ տուել էիր այն անիծուած յունարէնին եւ ասորերէնին։ Հիմա տեսնո՞ւմ ես, հօրդ նամակն էլ չես կարողանում կարդալ։ Դու մինչեւ անգամ աշխատում էիր՝ քո փոքր եղբօրը, Վահանին եւս դժբախտացնել, արգելում էիր նրան պարսկերէն սովորել։ Բայց նա այժմ ո՛չ միայն խօսում է, այլ եւ գրում է։

   Մօր յանդիմանութիւնը սաստիկ վրդովեցրեց Սամուէլին, բայց նա, զսպելով իրեն, ասաց.

- Դու, ի հարկէ, կարդացած կը լինես, պատմի՛ր, ի՞նչ է գրում հայրս։

   Տիկինը պատմեց այն, ինչ որ արդէն գիտէր Սամուէլը. թէ Շապուհ արքան շնորհել է իր ամուսնին հայոց սպարապետութիւնը, իսկ իր եղբօրը, Մերուժանին, խոստացել է հայոց թագաւորութիւնը, եւ իր քոյր Որմիզդուխտին արքան կնութեան է տուել Մերուժանին։ Եւ այժմ թէ՛ Մերուժանը, եւ թէ՛ իր ամուսինը ճանապարհի վրայ են, պարսից զօրքերով գալիս են, մէկը հայոց թագաւոր դառնալու համար, միւսը՝ հայոց սպարապետ։

   Այդ պատմութեան բոլոր ժամանակ տիկնոջ դէմքը փայլում էր անսահման ուրախութեամբ, իսկ Սամուէլը խորին վրդովմունքով լսում էր նրան, աւելի եւ աւելի պինդ գալարելով իր ձեռքում մագաղաթի թերթը, որ բերել էր աղէտաւոր լուրերը։ Բայց Սամուէլը նախապատրաստուած էր այդ բոլոր դառն եւ ամօթալի եղելութիւնները լսելու, որոնց մէջն էր տեսնում իր հայրենիքի կործանումը։

   Տիկինը իր ստացած տեղեկութիւնների մի մասը միայն պատմեց, եւ նամակի մէջ այնքանը միայն գրուած պէտք է լինէր։ Բայց նա թագցրեց Սամուէլից, թէ նրա հայրը եւ Մերուժանը ուրացել են քրիստոնէութիւնը, ընդունել են պարսից կրօնը եւ խոստացել են Շապուհին նոյնը մտցնել եւ Հայաստանում, եւ այդ մտքով բերում են իրենց հետ մոգերի ահագին բազմութիւն, որ եկեղեցիների փոխարէն ատրուշաններ հիմնեն, եւ ամէն տեղ բաց անեն պարսից դպրոցներ, նախարարների, եւ ազնուականների թէ՛ տղաներին, եւ թէ՛ աղջիկներին պարսկական ոգւով եւ պարսկական կրօնի հրահանգներով կրթութիւն տալու համար։ Նա ծածկեց Սամուէլից եւ նրա հօրեղբօր, Վասակի չարաչար մահը Շապուհից, - այդ բոլորը, անտարակոյս, բերանացի հաղորդած կը լինէր նրան նամակը բերող սուրհանդակը։

   Տիկինը նկատեց այն վատ տպաւորութիւնը, որ իր պատմութիւնը գործեց որդու վրայ, բայց իրեն չգիտենալ ձեւացնելով, գրկեց որդուն եւ, սեղմելով իր կրծքի վրայ, ասաց.

- Դու այժմ կարող ես շնորհաւորել ինձ, սիրելի Սամուէլ , - եղբայրս՝ հայոց թագաւոր, իսկ քո հայրը՝ հայոց սպարապետ…

   Սամուէլի դրութիւնը աննախանձելի էր։ Նա կա՛մ բացարձակ կերպով պէտք է յայտնէր իր զզուանքը հօր եւ Մերուժանի վարմունքի դէմ, պատմելով բոլորը, ինչ որ ինքը գիտէր նրանց դաւաճանութիւնների մասին, եւ կա՛մ պէտք է լռէր, որ մի՛ գուցէ իր անզգուշութեամբ գործը փճացնէր, եւ իր արդէն խորհած, վճռած նպատակները մնային անկատար։ Բայց լռել չէր կարող նա, պէտք էր մի բան պատասխանել։ Այդպիսի դժուարին րոպէներում նրան օգնութեան էր հասնում իր սովորական թերահաւատութիւնը մի կողմից, եւ իր կծու հեգնութիւնը, միւս կողմից։

- Այդպէս շուտ ուրախանա՜լ, դեռ վաղ է, սիրելի մայր, - ծիծաղելով պատասխանեց նա, դուրս պրծնելով մօր գրկից։

- Ինչո՞ւ, - հարցրեց մայրը եւ նրա ձայնը դողաց սրտի յուզմունքից։

- Դեռ հայոց թագաւորը կենդանի է…

   Տիկինը չկարողացաւ իրեն զսպել, յայտնեց այն, ինչ որ ծածկել էր աշխատում.

- Հայոց թագաւորը աքսորուած է Անյուշ բերդում, որտեղից մարդիկ այլ եւս չեն վերադառնում։

- Այդ ես գիտեմ, որ այնտեղից մարդիկ այլ եւս չեն վերադառնում, բայց հայոց թագաժառանգը Կ. Պոլսումն է, քրիստոնեայ կայսրի մօտ…

- Նրան ո՞վ կը բերէ եւ իր հօր գահը կը նստացնէ։

- Յունաց զօրքերը եւ հայոց նախարարները…

- Մինչեւ նրանց գալը, հայոց երկիրը գրաւուած կը լինի պարսից զօրքերով, իսկ իմ եղբայրը՝ - թագաւոր։

- Յաջողութիւն եմ ցանկանում…

- Դու չես հաւատում, Սամուէլ, բայց շուտով կը տեսնես, որ այդ բոլորը կը կատարուի, - ասաց մայրը, աշխատելով համոզել որդուն։ - Դու ասում ես, որ հայոց թագաժառանգը կայսրի մօտ է, յունաց զօրքերով կը գայ եւ իր հօրը գահը կը ժառանգէ։ Բայց գիտե՞ս, ո՛վ է յունաց այժմեան կայսրը։ - Հայերին թշնամի Վաղէսը։ Նա արդէն հայոց քահանայապետ Ներսէսին, որ գնացել էր Կ. Պոլիս կայսրից օգնութիւն խնդրելու, ոչ միայն մերժել է իր երեսից, այլ աքսորել է Միջերկրականի Պատմոս կղզում։ Այդ դու գիտե՞ս։

- Առաջին անգամն եմ լսում…

   Բայց նա գիտէր հալածասէր Վաղէսի անիրաւ վարմունքը Ներսէս Մեծի հետ։ Նա ամենայն ուշադրութեամբ հետեւում էր բոլոր աղէտաւոր անցքերին, որ այդ ժամանակ կատարուում էին իր հայրենիքի վերաբերութեամբ։ Եւ նրա զգայուն սիրտը բազմաթիւ վէրքերով խոցուած էր կատարուող չարիքներից։

   Նա մտածեց կշտամբել մօր հակակրութիւնը դէպի Վաղէսի վարմունքը։ Նա մտածեց յայտնել իր խորին տհաճութիւնը դէպի իր հօր եւ Մերուժանի գործողութիւնները, բացատրելով, թէ որպիսի՛ ազգակործան հետեւանքներ կարող էին ունենալ նրանց ձեռնարկութիւնները եւ, վերջապէս, նա մտածեց, խոստովանուել մօր առջեւ, թէ ինքը, որքան կարող է, ամէն հնարներ գործ կը դնէ ոչնչացնելու հօր դիտաւորութիւնները։ Բայց նա գիտէր իր մօր անսահման փառասիրութիւնը։ Նա ցանկանում էր հայոց սպարապետի տիկին լինել եւ հայոց թագաւորի քոյր։ Ամէն մի ապացոյց այդ մոլեգին ցանկութեան առջեւ կը կորցնէր իր ազդեցութիւնը։

   Խոհեմութիւնը փականք դրեց նրա լեզուին։