ՍՏՈՐԱԿԵՏ [,]

Դրվում է
ա. շաղկապավոր բարդ ստորադասական նախադասության գերադաս և ստորադաս նախադասությունների միջև:

Օրինակ`

Երբ արքան իր զորախմբով տեղ հասավ, քաղաքն արդեն ծխացող հանգած հրդեհի էր նման:

բ. Շաղկապով կապված համադաս նախադասությունների միջև, շաղկապներից առաջ (բացի և, ու, կամ շաղկապներից):

Օրինակ`


Երնքում ամպրոպ էր որոտում, բայց անձրև չէր գալիս:

գ. և, կամ, ու շաղկապներից առաջ, եթե շաղկապվող երկրորդ նախադասության ենթական առաջինից տարբեր է:

Օրինակ`

Գարունը բացվեց, և չվող թռչունները վերադարձան:

դ. շաղկապներով չմիացած համադաս (բազմակի) անդամների միջև:

Օրինակ`

Հնչում էր հինավուրց եկեղեցու զանգերի տխուր, մելամաղձոտ ձայնը:

ե.
միջանկյալ բառերը և նախադասությունները հիմնական նախադասությունից անջատելու համար (դրվում է մեջբերվող միավորներից հետո, առաջ կամ երկու կողմից` նայած դիրքին):

Օրինակ`

Իհարկե, հեշտ չէր համակերպվել անարդարության հետ:

զ. տրոհվող ձայնարկությունները նախադասության անդամներից անջատելու համար:

Օրինակ`

-Հե՜յ, ո՞վ կուզի թել ու ասեղ: (Հովհ. Թումանյան)

է. կոչական բառը կամ բառակապակցությունը նախադասության անդամներից անջատելու համար:

Օրինակ`

-Արա՛քս, ինչո՞ւ ձկանց հետ պար չես բռնում մանկական: (Ռ. Պատկանյան)

ը. շեշտվող կրկնադիր շաղկապներից առաջ (և՛և՛, թե՛… թե՛, կա՛մկա՛մ, ո՛չո՛չ)

Օրինակ`


Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացիր ինձ հավետ: (Վ. Տերյան)

թ. տրոհվող միջադաս դերբայական դարձվացքից առաջ և հետո:

Օրինակ`

Գրությունը, գրված լինելով անընթեռնելի ձեռագրով, անհասկանալի էր:

ժ. բացահայտիչից հետո, եթե նախադասության վերջին բառը չէ:

Օրինակ`

Մեր ազգային էպոսի գլխավոր հերոսը` Սասունցի Դավիդը, մարմնավորում է հայ ժողովրդի ազգային բնավորության լավագույն գծերը: