Սուրբ Մեսրոպ (ՆԵՐԲՈՂԱԿԱՆ)



Օշականի ամենասուրբ գերեզման,
Հանճարի հող´ ուրկեց այսօր,
Տասնևհինգ մրրիկյան դարերու,
Պատմություն մը պերճաշուք,
Արևելքեն Արևմուտք, երկու Հայքն բովանդակ,
Դեպի զքեզ, ազատորե՜ն աղոթելու կը շարժե...

Օշականի անհո՜ւն մեռյալ,
Դուն բյուրավոր ճյուղերով,
Ոսկեհոս գետ գիտության,
Մտքի փրկիչ, հույսի Հսկա, կյանքի կեդրոն,
Դուն անվախճա՜ն փոշիացյալ,
Ուրկեց ուղեղս, մանկությանս օրերուն,
Ե'ս աղքատորեն եկա վառել...

Օշականի վսեմական վարդապետ,
Դուն վեհիմաստ վանական եվ Աստծո բաժակ,
Դուն Հիսուսի բազմաբուրյան պատմուճան,
Խոսքի´ աղբյուր, բանի բարձունք,
Կարողությանց անվե´րջ կատար,
Դուն իմաստի ավազան եվ աղոթքի կապույտ անձրև,
Ափ մը հողեդ ամբողջ երկինք մը դեռ կը բուրե...

Օշականի դուն անկորուստ կրոնական,
Անապատին մե´ջ մխրճվող ճգնավոր,
Դուն անբասիր և մեհյանական մենակյաց,
Խունկի՜ անտառ, Կնդրուկներո՜ւ բուրաստան,
Քրիստոսի ազնիվ խոսքին դուն տիրական տարածիչ
Եվ գրանիտյա ուղղափառ սյուն,
Եվ մտքի գմբեթ և հոգիի անծայրածիր հորիզոն,
Դո´ւն շնորհքի աշնանային շտեմարան,
Քու հավատքե´դ հավատացյալ' ես ալ լացի...

Օշականի մեջ անմահորե՜ն մահացյալ,
Անճառելի և անդրանիկ դաստիարակ,
Ե'ս երազային երեխա մը վեցամյա,
Այբբենարանդ ի ձեռին, անմեղորեն զայն հեգելով
Առաջին խաչը, ճակտես սրտիս,
Հավատա ինձ ո՜վ հայությո´ւն...
Պատկերիդ դեմ է որ հաներ եմ...
Եվ լսե´ այսօր, թոթովախոս ծաղկոցի
Շուշանմարմին մանուկներեն`
Մինչև ծերերն հողաբույր,
Քու սուրբ անունդ կ´օրհներգեն... :
Օշականի հանճարանի՜ստ հողակույտ,
Եկեղեցվո խորանին քով անշուքորե՜ն մրափող`
Եվ Եհովայի պատգամախոս մեծ մատյանին
Դուն սրբագիր թարգմանիչ,
Ոսկեդարու ադամանդյա՜ բանալի,
Դուն հայ դպրությանց անշրջանակ լուսամուտ,
Դուն լեզվի կաճառ, գեղեցկության իջևան,
Դուն ճեմարան մարմարային մտածումի,
Ներե´ որ քու աշակերտդ արբեցյալ,
Տասնևհինգ դարեր նետո զքե´զ պաշտե...

Օշականեն մեզի հսկող Մտքի Աստված,
Դուն հասողության հիմնաքար,
Աստղերեն մեզ լույս լեցնող ոսկեհասակ աշտարակ,
Ուր մեր ուղեղը մեզ կը ժպտի...
Դուն մտածման ծարավներու արծաթյա ծով,
Դուն Տարոնածին հսկա` Մովսես,
Դուն անհպելի մատենագիր մայր-բարբառի,
Թո´ղ իմ գանգս, վերջալույսիս,
Քնարիս հետ, մոխիրովս առլցուն,
Հուղարկավորներս` խնկատուփի մը փոխարեն
Հողակույտիդ վրա վառեն...:


Ս ՈՒ Ր Բ Ի Ն Ա Ղ Ո Թ Ք Ը

Լո´ւյս տուր ինծի, Սստվաօ անհերքելի
Տիեզերքի անմեկնելի ճարտարապետ,
Ճակատագրի և ճանաչման ստեղծի´չ,
Շունչի´ մրրիկ, կեդրոնական կարողություն,
Սուրբ սեղանիդ սարգավակն Մեսրոպ`
Իր մշուշապատ մեծ երազին`
Քու ձեռքերեդ հստակությու՜ն կ´աղերսե...

“Օգնե´ ինծի, մեծապարգև՜ իմաստություն,
Ես` անցուպ հովիվ մեծ քարոզիդ,
Ես` եղկելի մահկանացու,
Ես դժգույն տնտես
Հայկազնյան ահեղ ցեղին...
Ես` տգետ դպիր և անվավեր վարդապետ,
Ես անծածան դրոշ հավատացյալ ամբոխներուդ,
Ես` անօժիտ վերծանո´ղ և անանձրև այդգեպան,
Ես` կույր աղբյուր և կորաքամակ ճանապարհորդ,
Ես` անարժան օրհնաբան անվերջ փառքիդ,
Իմ անդպիր հոտիս համար լո՜ւյս կ´աղերսեմ...

“Օգնե´ ինծի, Աստվա՜ծ բյուրեղ...
Ես` ողորմելի որոնիչ և անհետևանք խուզարկու,
Ես անքանքար քննիչ և անբերրի հյուլե,
Ես անաստիճան ճգնավոր և անթռիչ հռետոր,
Դառնաժպիտ թափառական և աշակերտ անբանիբուն,
Երազատես մոլորյալ և անտաղանդ անրջող,
Ես սահմանփակ պատուհան և փակյալ դուռ,
Ես իմ հոգիիս հանդեպ փշրող երկա՜թ ալիք,
Ես գերեզմանի՜ պահապան և մեռելո՜ց հաշվակալ,
Ես հրեղեն հացիդ կարո՜տ ցորենաքաղ...
Ես աներդիք գիշերող և անսափոր ծարավի,
Ես մենավոր մշակ տատասկներու մեջ կորուսյալ,
Ես անճառագայթ աղջամուղջ, ես անլար քնար,
Դեռ անբարբառ Հայկազնյաց հոգիին`
Բացատրության Բանալի՜ մը կաղերսեմ...

“Օգնե´ ինծի, Տարրերու հայր,
Ես աչք աղոտ և տեսողություն անթափանց,
Ունայնամիտ ունկնդիր և չարալուր ականջ,
Աններդաշնակ երաժիշտ և մեղկաձայն երգիչ...
Ես անհողագործ դաշտօրա, շտեմարան թափուր,
Աեղանասպաս անհաց և ցամաքյալ գինեբաշխ,
Ես անկոչ հրավիրյալ Հիսուսական հարսանիքին,
Ես անձեթ լուսարար և անմատյան մտածող,
Եվ անգորով գգվիչ և սիրազուրկ սիրահար,
Ես անհրապույր քարոզիչ և քարկոծյալ քրիստոնյա,
Օժիտաբեր աղքատ և անոսկի հարուստ...
Ես անհամբույր շրթունք և հոգեզուրկ հեծեծող,
Ես սի´րտ անսեր և կուսություն անկատար,
Ես անբևեռ քալող և երերուն ուղեվոր...
Քու փրկության փարոսներեդ կաթի՜լ մը լույս տուր
Ինծի...
Եվ երկնային դուռներուդ հետ հոգեկան
Կյանքին դռները դրախտին պես թող բացվին...

“Օգնե´ ինծի, անծի՜ր Աստված...
Ես անկարկաջ առվակ և խափանյալ ջրվեժ...
Ես ուսուցիչ անուս և վարանյալ վարդապետ,
Ես դպրությանց դեռ անպսակ տնօրեն,
Ես խղճերու հանդեպ ինկո´ղ վարագույր...
Ես որմ մթաշեն, գեհենական բանտարկյալ,
Ես շյուղ կորուսյալ, հո՜ւնդ անպարգև...
Մացռապատ կածան, օձապտույտ գետնուղի...
Ես անհյուրնկալ օթևան և անբազմոց մահամերձ...
Լապտերիդ լույսը մի´ մերժիր ինձ...

“Օգնե´ ինծի, համագումար Սկզբունք,
Մկրտության ես անմյուռոն ավազան,
ես աղոթքի կիսակործան գավիթ,
Ես արորազուրկ հողագործ, անգերանդի հնձող,
Ես անբույր օծանող և դառնահամ յուղ,
Ես անբալասան բժիշկ և անբեհեզ վիրակապ,
Ես կոտրած կանթեղ և պապագյալ պատրույգ,
Ես հողմակոծ անտառ և արտասվաթոր ուռենի...
Ես անտաշ ատաղձ և բորբոսյալ գերան,
Ես հողաշեն բուրվառ և անծխելի խունկ,
Ես անողկույզ որթատունկ և վարակյալ վարսակ,
Ես անճշմարիտ ճակատ և անուղիղ ձեռք,
Ես անկարող կարգավոր և աննշխար քահանա,
Ես մենությանս մեջ մխացող անկարավան անապատ,
Այցելո՜ւթյուն տուր ինծի...

“Օգնե´ ինծի, ո՜վ անբաղդատ Օրենք,
Ես վարանոտ մարդ և հուսահատ անձ...
Ես ահաբեկ անհատ և շվարած շնչավոր,
Ես տարակույսին մեջ տատանող հողմահալած,
Անլսելի աղաղակ և անարձագանք շեփոր...
Ես գոս տերև` աշուններեն վա՜ր ինկող...
Ես չորացյալ ճյուղ և անհոտավետ վարդենի,
Ես ուշիմության ուրվական,
Ես կարճիմաստ իմացական և խոնարհած խելք,
Եկեղեցիիդ կամարներուն տակ հեծեծող`
Քրիստոնյան ժողովորւրդիդ դեմ հանդիման
Ես Աստվածաշունչ մեծ Մատյանիդ
Օտարալեզու ընթերցող և անհարազատ թարգմանիչ...

“Օգնե´ ինծի, անծայրածիր Ծանոթություն,
երազոր Տեր, անհուն հնարիչ,
Լույսի զենիթ, անկնճիռ իմաստ,
Ջուր երկնային, անանջրպետ հոգի,
Անհաշիվ բաշխող, երազներու սահանք,
Ճանաչումի քու ծածկոցդ լուսեղեն,
Իմ կործանյալ ուսիս վրան թող ծածանի,
Եվ` հսկումներու, հեծեծանքի, աղոթքներու
Այս իրիկվան, քառասներորդ գիշերին`
Աստվա՜ծ անհեղլի, Աստվա՜ծ անափունք
Արարչագործ ձեռքդ իմ ուղեղիս երկարե,
Հոն իմ գյուտս խմորելու...”


Տ Ե Ս Ի Լ Ք Ը

Ո՜Վ հրաշալիք, ո՜վ հավատքի աննյութական հուր,
Ո՜վ զարմանագործ զորություն,
Ո՜վ բոցեղեն բժժանք, ո´վ անլույծ խորհուրդ,
Ահաւասիկ Քերովբե մը մրափին մեջ Մեսրոպին,
Իր աջ ձեռքո´վն լուսագիծ՝
Ակնթարթ մը՝ մենաստանին որմին վրա
Հայկազնյան Այբբենարանը տառագրեց...:
Հանկարծ՝ Սուրբը, մեծ Տեսիլքեն ցնորաշարԺ՝
Մեռյալի մը պես ընդոստ ոտքի,
Փետուր գրիչն և տախտակն ի ձեռին,
Հրաշքին տակ արտասվելով,
Որմին առջև անհունորեն ծնրադրեց...:


Գ Յ ՈՒ Տ Ի Ն Փ Ա Ռ Ք Ը

Մեսրո´պ, հայ դարերուն դիմաց կեցող
Դուն ադամանդյա ապառաժ,
Դո´ւն մանուկներու մերկ ուղեղեն
Մինչև հանճարը ցոլքեր ցանող,

Գիտակցությանց անգյո´ւտ փարոս...
Դուն որուն կոփյունը կռանին,
Ժամերուն պես, րոպեին հետ անդադար,
Իմացական թանգարանի՜ն արձանները մեզ կը ձուլե,
Դուն աննինջ հսկող, դուն տիտանյան Տեսանող,
Դուն, օրորոցեն մինչ գերեզման,
Մեր մեն մի խոսքին մեն մի շունչին,
եղեցկաձայն բացատրիչ...
Դուն բարբառի արարաիչ, Բանի իշխան,
Դուն անբավ բավիղ տեսողության,
Դուն գոյացության արգավանդ հայր,
Դուն լույսի անիվ, դուն հավատքի հրավեր,
Դուն հայրենի հողին վրա մրրկին պես բարձրացող
Անտա՜ռ անհուն, անտա՜ռ սրտի,
Որուն մեն մի հաստատաբուն ծառերն հսկա,
Մեկ մեկ քնար, մեկ մեկ փանդիռ են մեր շունչին...
Մեկ մեկ շեփոր մեր հագագին ռազմական,
Մեկ մեկ պատնեշ ճակատագրի պատուհասին...
Դուն անվատնելի ցորյանի դաշտ, դուն ձրի հաց,
Դուն հունձք հարուստ, և դուն հնձան հրաշեկ,
Դուն արբեցությանց և գինիի ավազան,
Որուն մեջ ե´ս ալ ոսկի սափորս եմ մխրճեր...
Արևներու ծարավես խենթ...

Դուն մեծաթափանց նայվածքներով առաքյալ,
Դուն էիր որ զքեզ երգող ցեղդ այսօրվան,
Հելլեներեն և հանճարեղ և հրավառ
Ու աշխարհակալ մեծ Հռովմի որդիներեն,
Ու հրապաշտ Պարսիկներեն դրացի,
Մայր-բարբառիդ հիմնաքարովն հակինթ,
Հայկազնյանց մեր շառավիղն ազատեցիր...
Դուն երկրո´րդ Աստված,
Եվ մտածման դուն առաջի´ն արարիչ...
Դուն բեղո´ւն բարիք, սրտի´ աղբյուր,
Գույներու գանձ, գրությա´նց գահ,
Դուն թռչող դարերն մեկզմեկու կամարող
Կամուրջ անգիծ, ուրկից ցեղդ միլիոններով
Կամ պերճորեն կամ վատաբար,
Կյանքեն ի մահ կուգա կ´անցնի...

Դուն Հելլեներեն հռչակված,
Մեծատիտղոս Ակումիտ,
Ո՜վ մենակյաց, ո՜վ Մագիստրոս, ահավասիկ
Երկու Հայքերն, “Ովսաննա՜ քեզ” կը գոռան...
Եվ ովսաննա Վաղարշապատի Հայրապետին`
Սահակ Պարթև զուգակշիռ արբանյակիդ,
Եվ Վռամշապուհ Արքային,
Որովհետև քու մեծ գյուտիդ զորավիգ,
Մեկն իր խաչին, մյուսն իր Սուրին համազոր
Քու քայլերուդ հետ քալելով`
Արարատյան արշալույսին,
Դպրությանց դուռը մեզ բացին...

Ա´հ, ամբողջ արյունը քու ուղեղիդ,
Ի՜նչ տենդերե որպիսի՜ տենդ,
Եվ սարսուռներե ի՜նչ սարսուռ,
Ի՜նչ գեհենական գալարումե գալարում,
Եվ վարանքե վարանք և վարկածե ի վարկած,
Եվ ծովային ծփանքներեն ի ծփանք,
Այլակերպիչ նժարե մը ուրիշ նժար,
Եվ կշիռե ի կշիռ, զքե՜զ տարավ,
Եվ մեն մի հյուլեն քու հոգիիդ,
Մեն մի ճաճանչը քու աչքերուդ,
Մեն մի կաթիլը քու հանճարիդ կայծերուն,
Հողմային հևքդ և խոլ թափը թռիչներուդ,
Աղոթքներուդ հորձանքներն հրեղեն,
Քառասուն օր` տիվ և գիշեր,
Մենությանդ մեջ, Մեռյալի մը պես մենավոր,
Զքեզ դեպի Տեսիլքդ տարին...
Եվ անուրջի մեջ ծնանող ծաղկի ծիլեն,
Ու բողբոջեն դեռ անբույս,
Դուն մարող լույսեն, դուն տեսլական ստվերեն,
Անգույն գծեն և երազի վսեմ վարդեն,
Դուն ոլորտեն, անձայն շեշտեն, անգույն բառեն,
Դուն ծածանող և անարմատ ծվեններեն,
Դաշնակցությանց Ալփաբետան ստեղծեցիր...
Եվ Չորրորդ դարու Ոսկի սեմեն,
Մինչև մեր օրը, մեր արյունովը մթին`
Ահավասիկ Հայ Հանճարը բազմալար,
Քու ձևերուդ մեջ կը ձուլվի...

Ո՜վ անլուծելի առեղծված,
Ո՜վ ջղերո´ւ կայծակե խուրձ,
Արյան հնոց, անուրջներու անբիծ ծավալ,
Ո՜վ զարմանալի և տևական զգայախաբ,
Քնարական ահեղաբի´բ քիմեռատես,
Դուն Աստվածագիծ ծիածան...
Հաշտության հուրը մեզ բերող,
Դո´ւն, տարակույսին և տարտամին տիրապետ,
Դո´ւն տարօրինակ և տարագիծ գմբեթ...
Դո´ւն մեծ կրքերու կրոնավոր,
Ա´յր Աստուծո, մտքի´ եղբայր, քնարի´ քույր,
Քու բաժակեդ թո´ւյլ տորւ որ ես ալ ըմպեմ...

Եվ այսօր, քու սրբությամբդ սնած`
Ես ապաժաման քնարահար,
Եվ անվճար ու անարժան երախտագետ,
Ես` քու ցեղիդ հոգիին հայելին քեզ կը բերեմ...
Աչքերուս մեջ անոր աչքեն հուր առի...
Ու իմ խոսքերս անոր սրտեն եմ քաղեր,
Եվ ի´նչ որ կարդաս ճակտիս վրան,
Ի´նչ որ կարդաս ժպիտիս մեջ,
Անոր Հույսո՜վն եմ ես գրած...
Եվ թույլ տուր այսօր, ո՜վ Մեսրոպ,
Որ Հայոց հողեն մինչև աստղերը հասնող
Քու ոսկիե սանդուխեդ վե´ր բարձրանամ,
Եվ հաստատաքայլ, աստիճանե աստիճան
Ու պսակե ի պսակ և լույսե ի լույս,
Իբր զավակը մտածումիդ,
Ես ի քե´զ գամ, իմ այս երգս երգելու...