ՄՈԽՐԱԳՈՒՅՆ ԱՉՔԵՐ

Ինձ չի տվել հողը հայոց
Հնոց գեղերը հայուհու,
Ոչ սեգ հասակ, ոչ հուր հայացք,
Ոչ հյուսքերի բոցեր հլու.
Պարգեւել է նա ինձ խորունկ
Զույգ մոխրագույն աչքեր միայն
Լցված մոխրով իրդարերի,
Խորքում՝ անթեղը ներշնչման...
Հայկական աչքեր
Ու'ր էլ լինենք, ինչ դեմքի վրա՝
Խորշոմած մի մոր, թե մանկան մի թուխ,
Հոգնած հարսների դեմքին արեւհար,
Հայկակա'ն աչքեր, գեղեցի՜կ եք դուք:
Դուք, տեսած այդքան լաց ու արհավիրք,
Ինչպե՞ս կարեցաք դարերից այն հին
Մնալ այսքան մե՜ղմ, այսքան գեղեցի՜կ,
Այսքան գեղեցի'կ նայել աշխարհին...