ՀԱՅՈՑ ԱՂՋԻԿ

Դու տեսե՞լ ես երկընքումը
Պայծառ լուսին ծագելիս,
Կամ թե՝ կանաչ տերևի մեջ
Կարմիր ծիրան փայլելիս:

Դու տեսե՞լ ես ծաղկոցումը
Կարմիր վարդը փըթըթած,
Շուշան, մեխակ ու նունուֆար
Չորս բոլորքը պար բըռնած:

Նազուք մեջքը ծառի նըման
Տատանում է գեղեցիկ,
Մե'կ թռչում է նա անգուման,
Մե'կ գընում է խիստ հեզիկ:

Հալվում է խեղճ կարիճների
Սիրտը՝ նորան տեսնելով,
Ծերը իրան անիծում է,
Որ ծերացավ խիստ շուտով:

Բայց լուսինը խիստ խավար է
Հայ աղջկա առաջին,
Ծիրան, մեխակ ու նունուֆար
Չարժեն նորա մեկ պաչին: