ՎԱՐԴ ԿՈՇԻԿՍ

Վարդ կոշիկըս, վարդ կոշիկըս,
Վարդից գեղեցիկ մաշիկըս:

Աղջ.
- Մեր տան մեջը քնող տղա,
Կարմիր խնձոր ծախող տղա,
Վարդ կոշիկըս գտնող տղա,
Տըղա', ղըրկե' վարդ կոշիկըս:

Տղա
- Ձեր տան մեջը քնել չեմ ես,
Կարմիր խնձոր ծախել չեմ ես,
Վարդ կոշիկըդ գտել չեմ ես,
Իմ մոտ չէ քո վարդ կոշիկը:

Աղջ.
- Լավ օրս եկավ ա՜խ ու վա՜խ,
Կորցուցի կոշիկըս, ավա՜ղ,
Հայի տղա հոգուդ մատա՜ղ
Տըղա, ղըրկե' վարդ կոշիկըս:

Տղա
- Որ մոտս չէ` ուրտի՞ց ճարեմ.
Ազնիվ աղջիկ, հոգիդ սիրեմ,
Եթե գտնեմ, հետ կուղարկեմ,
Իմ մոտս չէ վարդ կոշիկըդ:

Աղջ.
- Մի' մնար ինձի պարտական,
Աղջիկ եմ, տասնչորս տարեկան.
Ես կըլինեմ քեզ սիրեկան,
Տըղա', ղըրկե' վարդ կոշիկըս:

Տղա
- Ինչո՞ւ մընամ քեզ պարտական,
Կամիս` տամ հազար դահեկան,
Եթե կըլնես ինձ սիրեկան,
Ես կըճարեմ վարդ կոշիկըդ: