ՕՏԱՐ, ԱՄԱՅԻ

Օտա՜ր, ամայի՜ ճամփեքի վըրա
Իմ քարավանըս մեղմ կը ղողանջե.
Կանգնի'ր, քարավանս, ինձի կը թվա,
Թե հայրենիքես ինձ մարդ կը կանչե:

Բայց լուռ է շուրջըս ու շըշուկ չը կա
Արևա'ռ, անդո'րր այս անապատում.
Ա՜խ հայրենիքըս ինձ խորթ է հիմա,
ՈՒ քնքուշ սերըս ուրիշի գրկում:

Կընոջ համբյուրին է'լ չեմ հավատա,
Շուտ կը մոռանա նա վառ արցունքներ.
Շարժվի'ր, քարավանս, ինձ ո՞վ ձայն կըտա,
Գիտցի'ր, լուսնի տակ չըկա ուխտ և սեր:

Գընա', քարավանս, ինձ հետդ քա՜շ տուր
Օտար ամայի ճամփեքի վրա.
Որտեղ կհոգնիս` գըլուխըս վար դիր,
Ժեռ-քարերի մեջ, փըշերի վըրա....