Գաղափարագրություն

Ձեռագրերում եւ հնատիպ գրականության մեջ մեկ-մեկ հանդիպում են նաեւ գաղափարանշաններ (հիերոգլիֆ նշաններ): Այդպիսիք մեծ մասամբ գործ են ածված տոմարական, տիեզերագիտական, ալքիմիական եւ ախտարական գրականության մեջ: Այդ գաղափարանշանների մեծ մասի նշանակությունը պարզված է, հայտնի են նրանց վերծանությունները, իսկ մյուս մասի` գլխավորապես ախտարական գրականության մեջ գործածված նշանագրերի, իմաստը դեռ մնում է չբացահայտված:

   Տոմարական եւ տիեզերագիտական բովանդակություն ունեցող հայկական բնագրերում գրեթե միշտ նշանագրերով են գրվում “արեգակի”, “լուսնի”, “աշխարհի”, “երկրի”, “երկնքի”, “աստղի”, հինգ մոլորակների (Հրատ, Փայլածու, Լուսաբեր, Լուսնթագ, Երեւակ) եւ տասներկու համաստեղության անունները (Խոյ, Ցուլ, Երկվորյակ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ, Աղեղնավոր, Այծեղջույր, Ջրհոս եւ Ձուկ): Քիչ կարելի է հանդիպել տիեզերագիտական եւ տոմարական ձեռագրի կամ հնատիպ բնագրերի, որոնց մեջ նշված անունները գրված չլինեն գաղափարանշաններով: Տարվա չորս ժամանակները ցույց տվող գաղափարագրերը (գարուն, ամառ, աշուն եւ ձմեռ), աշխարհագրական չորս կողմերի գաղափարագրերը (արեւելք, արեւմուտք, հարավ, հյուսիս) եւ մի քանի ուրիշները բնագրերում, համեմատաբար քիչ են օգտագործված:

   Դժվար է ասել, տիեզերագիտական ու տոմարագիտական այս գաղափարանշանները երբ են մուտք գործել հայ մատենագրություն: Առկա մատենագրական տվյալները, դժբախտաբար, հնարավորություն չեն տալիս պատասխանելու այս հարցին: Սակայն պետք է ենթադրել, որ նրանց գործունեությունն հայ իրականության մեջ վաղ ժամանակներից է սկսվում, հավանաբար` հեթանոսական ժամանակաշրջանից, իսկ հետագայում ավանդաբար անցել եւ մուտք է գործել մաշտոցյան մատենագրություն:

   Ենթադրություններ են եղել, որ Հայաստանում հեթանոսական շրջանում քրմերի համար օրացույց են ծառայել բրոնզե գոտիները: Նման մի գոտի հողային աշխատանքների ժամանակ գտնվել է 1946 թ. Սանահինում: Գոտու վրա փորագրված են արեւի, լուսնի, ձիու եւ թռչունների պատկերներ, եռանկյունիներ, ռոմբեր եւ այլ գծանկարներ: Աստղագետ Բ. Թումանյանը եւ հնագետ Հ. Մնացականյանը հանդես են եկել հատուկ հաղորդումով եւ անվերապահ ընդունել այս գոտու օրացույց հանդիսանալը1, թեեւ մեր անձնական կարծիքով, այդ գոտին օրացույց համարելը թեական է:

   Հայաստանում աստղագիտական նշանագրության` վաղ շրջանում գործածության մասին դրական կարծիք են հայտնել աստղագետ մի շարք մասնագետներ (ֆրանսիացի հայտնի աստղագետ Կ. Ֆլամիրոնը, անգլիացի տոմարագետ Ա. Բերրին, ռուս աստղագետ Վ. Ռոսովսկայան եւ ուրիշներ): Նրանցից ոմանք նույնիսկ ենթադրում են, որ աստղագիտական գաղափարանշանների, մասնավորապես համաստեղության գաղափարանշանների, նախնական հայրենիքը պետք է փնտրել պատմական Հայաստանում:

   Այսպես, աստղագիտության լավագիտակ մասնագետ Վ. Տ. Օլկոտտը, խոսելով համաստեղության նշանագրերի գործածության մասին վաղ շրջանում, գրում է. “Աստղաբաշխության տվյալները համապատասխանում են պատմական ու հնագիտական ուսումնասիրություններին այն բանում, որ համաստեղությունների հնագույն ձեւերը հորինող մարդիկ, հավանաբար, ապրել են Եփրատի հովտում, ինչպես նաեւ` Արարատ լեռան մոտիկ շրջաններում”: Այնուհետեւ քննության առնելով համաստեղության նշաններն առանձին-առանձին, նա եկել է հետեւյալ եզրակացության. “Նկատելի է, որ համաստեղությունները պատկերող ձեւերի թվում բացակայում են հետեւյալ կենդանիները` փղերը, ուղտը, գետաձին, կոկորդիլոսը եւ վագրը. դրա համար էլ մենք կարող ենք հաստատել, որ ոչ Հնդկաստանը, ոչ Արաբիան, ոչ էլ Եգիպտոսը չեն կարող լինել այն վայրը, ուր ծնվել է երկնային սֆերայի գաղափարը: Հունաստանը, Իտալիան եւ Իսպանիան մենք կարող ենք դուրս հանել այդ ցանկից այն պատճառաբանությամբ, որ համաստեղությունների թվում գոյություն ունի առյուծի պատկերը: Այսպիսով, հարցին զուտ տրամաբանորեն մոտենալով, մենք կարող ենք հաստատել, որ աստղային պատկերների հայրենիքը կարող են լինել Փոքր Ասիան եւ Հայաստանը, այսինքն այն վայրը, որը սահմանափակված է Սեւ, Միջերկրական, Կասպից եւ Էգեյան ծովերով”2:

   Տոմարական եւ տիեզերական գաղափարանշանները մեզանում միատեսակ չեն. ժամանակի ընթացքում նրանք ենթարկվել են զգալի փոփոխությունների, թեեւ նրանց հիմնական կմախքը մնացել է անփոփոխ եւ քիչ է տարբերվում մյուս ժողովուրդների մատենագրության մեջ գործածված նույն գաղափարանշաններից: Հայկական այդ գաղափարանշանների նմանությունն առանձնապես մեծ է հունական նշանագրության հետ:

   Հայ մատենագրության մեջ պահպանված տոմարական եւ տիեզերագիտական նշանագրությունը բազմիցս հրատարակված է եւ հայտնի մասնագետներին: Վերջերս դրանց փոքրիկ մի ցանկ հրատարակվեց աստղագիտության պատմաբան Բ. Թումանյանը: “Նշանագիրք իմաստոցների” մեջ ավանդված գաղափարագրերի մեծ մասը հրատարակվել է Հ. Աճառյանի եւ այլ հեղինակների կողմից: Այդ մասին խոսք կլինի ստորեւ:

   Այստեղ անհրաժեշտ ենք համարում բերել մոլորակների եւ կենդանակերպերի գաղափարագրերը:

Մոլորակների գաղափարագրերը:

Փայլածու

Արուսյակ

Լուսին

Հրատ

Լուսնթագ

Երեւակ

Արեգակ

Տասներկու կենդանիների գաղափարագրեր:

Խոյ

Ցուլ

Եկաւոր


Խեցգետին

Առիւծ

Կոյս

Կշիռ

Կարիճ

Աղեղնաւոր

Այծեղջիւր

Ջրհոս

Ձուկն

   Ալքիմիական, քիմիական եւ արհեստագործական բովանդակություն ունեցող բնագրերում սովորաբար գաղափարագրված են լինում հետեւյալ յոթը նյութերի անուններ.

Ոսկի

Արծաթ

Երկաթ

Սնդիկ

Պղինձ

Անագ

Արճիճ

   Այս գաղափարանշանների գործածության հիմնական նպատակը գաղտագրությունն է: Հաճախ պատահում է, որ արհեստագործական որոշ բնագրեր գրի են առնվում նույնիսկ ծածկագիր նշաններով: Մասնագետ վարպետը չի ցանկանում, որ իր արհեստի գաղտնիքները հայտնի դառնան բոլորին: Ալքիմիքկան մի ձեռագրում գրիչը արվեստի գաղտնապահության մասին թողել է հետեւյալ դիտողությունը “Վարդապետք եւ երգողք արուեստիս այս մթին եւ տարակուսանօք խօսեալ են, զի եթէ յայտնի եւ պարզ խօսեալ էին` ամենեքեան իմանային եւ ուսանէին, եւ արուեստս այս անարժան լինէր: Եվ կամ պատճառ մի այլ կա. զի մի ոք զկնի իմաստասիրացն ընթեռնոյր եւ իմանայր եւ ուսանէր, եւ վասն նախանձու այրեր կամ կորուսանէր եւ զինքն իմաստուն ցուցանէր”3:

   Մի այլ հեղինակ անդրադառնալով արհեստագործությունը գաղափարանշաններով ու ծածկագրերով գրելու պատճառին, հետեւյալ բացատրությունն է տալիս. “Եթե զգաղտնիս բնութեան, որով ծածկեալ կայ ամենայն իմաստասիրութին աշխարհիս, ամէն ոք գիտեր` դադարէր զդպրութիւն, վարդապետութիւն, իմաստութիւն եւ անուն, վասն որոցս ամենայն ոք տանջի՛ եւ ջանայ, զի այսոքիկ ընկալցի եւ ստասցի: Զնոյն եւ արհամար[հ]ելի լիննայր իմաստութիւն աշխարհիս, եւ իմաստունն եւ անիմաստն մի լինայր, եւ ոչ կամենայր ուսանիլ, եւ այսպէս կորընչէր համբաւն, անուն, եւ փառք, եւ հարգիքն աշխարհիս եւ ամենայնքն հաւասար լինէին”4:

   Ալքիմիական որոշ բնագրերում արհեստագործական նշված յոթը նյութերը գործ են ածված ո՛չ թե գաղափարանշաններով, այլ` Արեգակի, Լուսնի եւ յոթը մոլորակների փոխադարձված անուններով` հայերեն կամ արաբերեն: Նրանք ունեն հետեւյալ հոմանիշները.

Ոսկի

Արեւ

Շամս

Արծաթ

Լուսին

Ղամեր

Երկաթ

Հրատ

Մառեխ

Սնդիկ

Փայլածու

Օտարիտ

Պղինձ

Արուսեակ

Մուշտարի

Անագ

Լունթագ

Զոհրե

Արճիճ

Երեւակ

Զոհալ

   Գաղափարանշանների չորրորդ խումբը հանդիպում է ախտարական բնագրերում, մասնավորապես հմայիլների5 մեջ: Այստեղ նրանք հանդես չեն գալիս միայն առանձին նշանագրերով, այլ ամբողջական բնագրերով, որոնց իմաստը դեռ չի բացահայտված:

   Հայտնի է, որ վաղ քրիստոնեական մի շարք գործիչներ քիչ ջանք ու եռանդ չեն գործադրել հեթանոսական վերապրուկները արմատախիլ անելու ուղղությամբ, այդ թվում նաեւ արգելելու հմայագրությունը: Հայ եկեղեցու մի քանի աչքի ընկնող գործիչներ հատուկ աշխատություններ են գրել ընդդեմ բախտագուշակների, կախարդությամբ ու մոգական բժշկությամբ զբաղվողների եւ հմայագրությամբ պարապող գրբացների:

   Եղիշեն իր “Արարածոց մեկնության” մեջ սպանիչ քննադատության է ենթարկել հեթանոսական նշանագրերով “փիթիկներ” գրող կախարդներին, որոնք “նշանագրեր են գծում”, գուշակություններ անում եւ խաբեությամբ զբաղվում:

   Հովհան Մայրավանեցին (Մայրագոմեցին) իր մի ճառում, որն ունի “Թուղթ վասն Հմայից դիւթականաց եւ անօրէն յուռթողաց” վերնագիրը, դատապարտում է հմայիչներին, դյութերին, թովիչներին եւ բախտագուշակներին, որոնք գրում են “գիր պահարանաց” այսինքն` հմայիլներ, եւ բժշկություններ անում:

   Վարդան Այգեկցին “Վասն կռապաշտութեան” քարոզում անդրադառնալով հեթանոսական շրջանից եկած որոշ սովորությունների, նրանցից հատկապես նշում է “Ուսումն ծրարագործութեան եւ այլ փաթեթք սատանայական”, որոնցով գրբացները խաբում են խավարամիտներին եւ զանազան չարագործություններ անում:

   Հմայիլների նշանագրությամբ ի մասնավորի զբաղվել է Լ. Խաչիկյանը: Նա ուսումնասիրել է Մաշոտցի անվան մատենադարանի ութը հմայիլների պարունակած նշանագրերը եւ շուրջ 160 նշանագիր հրատարակել իր “Նախամեսրոպյան գրի հարցը եւ հմայագրեր” հոդվածում9: Մատնացույց անելով վերոհիշյալ երեք մատենագիրների վկայությունները հմայագրերի մասին, նա հանգել է հետեւյալ եզրակացության. “Դրանք (այսինքն` հմայագրերը) Եղիշեի, Հովհան Մայրավանեցու, Վարդան Այգեկցու եւ այլ հեղինակների մեզ արդեն ծանոթ վկայությունների լույսի տակ` դադարում են ախտարական անիմաստ մտացածին խզբզանքներ համարվելուց եւ ստանում որոշակի հայ ժողովրդի գրավոր մշակույթի սաղմնային վիճակի մասին շոշափելի տվալներ պարունակելու առումով”:

   Հմայագրերի ուսումնասիրությունը Լ. Խաչիկյանին բերել է հավանական այն հետեւության, որ այդ հմայագրերը նախամեսրոպյան հայկական նշանագրերն են. “Այդպիսի պրիմիտիվ մտքեր գրանցելու համար հեթանոսական ժամանակներում Հայաստանում կային, ուրեմն, ինչ-որ նշանագրեր (հավանաբար գաղափարագրեր), որոնց դեմ երկար դարեր պայքարում էին հայոց եկեղեցու գաղափարախոսները”11:

   Մատենադարանի “Հմայիլ”-ները, դժբախտաբար, շատ հին չեն. հնագույնը` 1499 թվականից է12, մյուսները 17—18-րդ դարերից, ուստի եթե անգամ անվերապահ ընդունելու լինենք, որ նրանք նախամեսրոպյան գրության նմուշներից են, դարձյալ դժվար կլինի նրանց մասին ճիշտ պատկերացում կազմել, քանի որ այս նույն “Հմայիլ” գրող անձինք եւս չեն հասկացել նշանագրերի նշանակությունը եւ դարերի ընթացքում ձեռքից ձեռք արտագրելու ժամանակ զգալի փոփոխությունների են ենթարկվել: Ընդ որում, հմայագրության մեջ ուշ դարերում մուծվել են հայկական տառանիշեր:

   Հրապարակելով հմայագրերը, Լ. Խաչիկյանը չի փորձել նրանք համեմատության մեջ դնել “Նշանագիրք իմաստնոցի” գաղափարագրերի հետ, որը կարեւոր է նրանց ազգակցությունը եւ փոխազդեցությունը պարզաբանելու տեսանկյունից: Մեր ուսումնասիրությունից պարզվեց, որ հմայագրերի մեջ կան երեսուներեք նշանագրեր, որոնք իրենց նմանաձեւ երկվորյակներն ունեն “Նշանագիրք իմաստոցներում”: Այդ նմանությունների հիման վրա չի կարելի, իհարկե, հապճեպ եւ անվերապահ եզրակացություններ անել նրանց նույնության մասին, քանի որ որոշ նշանագրերի նմանությունը կարող է պատահական եւ խաբուսիկ լինել: Տարբեր կարող է լինել նաեւ նրանց իմաստը: Բացառված չէ, որ հմայագրերի եւ “Նշանագիրք իմաստնոցի” պարունակած գաղափարագրերի միջեւ գոյություն ունեցած լինի որոշ ազգակցություն:

   Հայոց գաղափարագրության համար ուշագրավ են “Նշանագիրք իմաստնոցի” նշանագրերը, որոնց ծագումը պարզելու համար անհրաժեշտ համարեցինք նրանք համեմատել Արեւելքում գործածված գաղափարագիր գրությունների հետ:

   Առաջին համեմատությունը կատարեցինք հեթիթականի հետ: Ժամանակին համեմատության այդպիսի փորձ կատարել է պրոֆեսոր Հ. Աճառյանը: Նա նմանություն է տեսել հետեւյալ նշանագրերի մեջ14(տե՛ս ցանկը):

   Մեր ձեռքի տակ եղած հայկական նշանագրերի բնագիրը հնարավորություն է տալիս ընդարձակելու հնդկական եւ հայկական նմանվող նշանագրերի ցանկը: Անկարելի էլ չէ, որ հեթանոս հայերը կարող էին իրենց նշանագրությունը վերցրած լինել տեղիս նախաբնիկներից: Սակայն ներկա դեպքում անկարելի է վճռական խոսք ասել, քանի որ համեմատության մեջ դրված նշանագրերը նմանվելով իրար, իմաստով բոլորովին տարբեր են:

   Մենք փորձեցինք հայկական նշանագրերը համեմատել եգիպտական հիերոգլիֆների հետ: Պարզվեց, որ նրանց մեջ կան ոչ քիչ թվով նշանագրեր, որոնք նմանվում են եգիպտականին. մի մասը նմանվում է ձեւով եւ իմաստով, իսկ մյուս մասը` միայն ձեւով:

   Ավելի ապշեցուցիչ եղան Երզնկայի հայկական նշանագրերի համեմատության արդյունքները Հնդկաստանի Մոխենջո-Դարոյի պեղումներից հայտնաբերված նշանագրերի հետ. պարզվեց, որ այս սիստեմի նշանագրերի մեծ մասը հեռավոր կամ մոտավոր նմանություն ունի մեր նշանագրերի հետ:

   Ծանոթության կարգով ասենք, որ արեւելագետներից ոմանք փորձեր արել են կարդալու Մոխենջո-Դարոյում եւ Խարապայում (իսկ հետագայում պեղված նաեւ Չանխու-Դարոյում եւ Ջուխուկարում) հայտնաբերված էին հին հնդկական գրերը: Այսպես, Landon-ը եւ Hunter-ը այս գրությունը փորձել են կարդալ բրահմական գրության հիման վրա, Gadd-ը փորձել է կարդալ սանսկրիտերենով, Լոուկոտկան` Պասխա կղզու գրությամբ եւ այլն: Սակայն այդ փորձերը, ինչպես իրավացի նշել է նշանավոր չեխ արեւելագետ Հրոզնին, ո՛չ մի դրական արդյունքի չեն հասցրել եւ “մինչեւ այժմ հայտնի չէ այդ նշանագրերից ոչ մեկի ընթերցանությունը16:

   Նախահնդկական այդ գրության վերածնությամբ զբաղվել է նաեւ պրոֆեսոր Հրոզնին17: Նա գտել է, որ հին հնդկական այդ գրությունը հանդիսանում է վանկային, նրանց մեջ գտել է հեթիթական նշանագրերին նմանվող գրեր եւ փորձել վերածնել հեթիթական գրությամբ: Հրոզնու հին հնդկական այդ գրության վերածնությունը ընդունված է արեւելագիտության մեջ: Այսպես, ռուսերեն թարգմանությամբ վերջերս լույս տեսած "ՀՈջՉՌՑՌպ տՌրՖՎՈ" աշխատության մեջ հեղինակը` Լոուկոտկան, գտնում է, որ Հրոզնու վերծանությունը անվիճելի է:

   Մենք ծանոթ են Հրոզնու “Նախահնդկական գրությունը եւ նրա վերծանությունը” խորագրով աշխատությանը, որ լույս է տեսել 1940 թվականին "ԹպրՑվՌՍ ՊՐպՉվպռՌրՑՏՐՌՌ"-ի N 2-ում: Նա այստեղ ցույց է տվել այն նմանությունը, որ գոյություն ունի հեթիթերենի, հնդկերենի մեջ: Բայց, պետք է ասել, ավելի քան զարմանալի է հայկական նշանագրության նմանությունը Մոխենջո-Դարոյի գրությանը:

   Պետք է նկատի ունենալ, որ հին ժամանակներում հայերը եւ հնդիկները տնտեսական եւ մշակույթային սերտ փոխհարաբերությունների մեջ են գտնվել: Այդ մասին տեղեկություններ կան Քսենոֆոնի, Պրոկոպիոս Կեսարացու, Զենոբ Գլակի եւ այլ հեղինակների մոտ: Զենոբի տեղեկություններից հայտնի է, որ Հնդկաստանից Հայաստան են գաղթել եւ Տարոնում բնակություն հաստատել ստվարաթիվ հնդիկ բնակչություն, որոնք կուռքեր են կանգնեցրել եւ “..զոր ի հնդիկս պաշտեին”19: Անհնար չէ, որ հնդկական գաղթականությունն իր հետ բերել եւ քաղաքացիություն տալ իրենց գրությանը: Չենք կասկածում, որ հայ-հնդկական մշակույթային հարաբերությունների ուսումնասիրությունը գալու է լուծելու մեզ համար մութ շատ առեղծվածներ, գուցե նաեւ հայ նշանագրության սկզբնաղբյուրների առեղծվածը:

   Կանգ առնենք մի հարցի վրա եւս. ի՞նչ գիտական արժեք ունի հայկական նշանագրությունը մեզ համար, ինչո՞ւ մեզ անհրաժեշտ է ծանոթանալ գրության այս սիստեմի հետ:

   Հայկական նշանագրերի հետ ծանոթանալը, ամենից առաջ, կարեւոր է հայկական ձեռագիր աղբյուրների վերծանության համար: Տոմարական տեքստերում գրեթե բոլոր համաստեղությունները, աստղերը, երկինքը, երկիրը, աշխարհը եւ տիեզերական մյուս մարմինները ո՛չ թե գրվում են, այլ նշանագրվում: Ալքիմիական տեքստերում գրեթե բոլոր մետաղների եւ ալքիմիայի մեջ գործածվող մյուս կարեւոր նյութերի անունները, ընթերցողների լայն շրջանից հեռու պահելու համար, գաղտնագրվում են նշանագրերով: Եվ, վերջապես, պատահում են ձեռգրական տեքստեր, ուր հայկական ներկա գրության հետ խառը գործ է ածվում նշանագրությունը: Մենք դեռ չեն խոսում այն նշանագրերի մասին, որոնք մտել են միջնադարյան գրեթե բոլոր ձեռագրեր եւ լայն քաղաքացիություն ստացել: Պարզ է, որ հայկական նշանագրերը չճանաչող մասնագետը չի կարող ճիշտ վերծանել ձեռագիր տեքստերում հանդիպող գործածությունները:

   Այս նշանագրերը արժեքավոր են նաեւ հայ ժողովրդի եւ նրա հարեւան ժողովուրդների մշակույթային փոխհարաբերությունների պատմության համար: Մենք նկատի ունենք հայկական նշանագրերի որոշ մասի նմանությունը արեւելյան գաղափարագիր սիստեմ ունեցող նշանագրերին:

   Բոլոր դեպքերում, հայկական նշանագրերը անցյալի հայ մատենագրության արժեքավոր փշրանքներից են եւ անհերքելի ցուցանիշը հայ լուսամիտ մատենագրերի որոնող, ստեղծագործող մտքի: