Ա. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հայ հին գրականությունը համաշխարհային գրավոր մշակույթի հետաքրքիր եւ ինքնատիպ բնագավառներից է։ Նրա ակունքները խոր հնադարում են, այն ժամանակներում, երբ հայկական լեռնաշխարհում տոհմերի եւ ապա ցեղերի միավորման ճանապարհով ձեւավորվել է հայությունը իբրեւ ժողովուրդ ու ազգ։ Այդ գործընթացն ունեցել է մի քանի հազարամյակի տեւողություն, եւ գեղարվեստական միտքն իր արտահայտությունն է ստացել բացառապես բանավոր ճանապարհով՝ որպես նախնական աշխարհայեցողություն ու հավատալիք։ Վաղնջական այդ պատկերացումները վերաբերում են չար ու բարի ոգիներին, հոգու հավատքին, բնության պաշտամունքին եւ տարերային ուժերի աստվածացմանը, օդերեւույթքին ու երկնային լուսատուներին։ Նրանց մեջ երեւան է եկել անիմիզմը, ըստ որի բոլոր առարկաներն ընկալվել են մարդկային էությամբ ու բնավորությամբ։ Լուսատուների եւ օդերեւութային շարժումների պատճառ համարվել են դեմոններն ու աստվածները։ Նախնի հայերի պաշտամունքի դրսեւորումներից մեկն էլ եղել է տոտեմիզմը՝ սրբազան համարված որեւէ կենդանու, բույսի կամ բնության երեւույթի աստվածացումը։ Աստվածացնելով՝ պաշտողները նրանց դիտել են որպես իրենց նախնիներ եւ իրենց էլ կոչել նրանց անունով։

     Հայկական հնագույն հավատալիքներն ու պաշտամունքը, իբրեւ աշխարհայեցողություն ու կյանքի գեղարվեստական պարզ ընկալում, խոր հետքեր թողնելով բարքերի ու կենցաղի մեջ, շարունակել են հարատեւել ու պահպանվել ոչ միայն քրիստոնեական միջնադարում, այլեւ հասել են մինչեւ նոր ժամանակներ՝ անշուշտ շատ բան կորցրած իրենց նախնական ամբողջականությունից ու անաղարտությունից, լեզվով նորոգված, կերպարանափոխված ու խավավորված ըստ քրիստոնեական աշխարհայեցողության, միահյուսված պատմակենցաղային բնույթի այլեւայլ դրվագների։ Մինչեւ հինգերորդ դար կենցաղավարելով որպես ավանդական բանահյուսություն՝ այնուհետեւ նրանք ամբողջ միջնադարում այս կամ այն չափով տեղ են գտել հայ մատենագրության մեջ՝ սովորաբար ժխտման ու մերժման վերաբերմունքով, իսկ հատկապես ԺԹ-Ի դարերում ժողովրդական զրուցաբանների ու բանասացների բերանից գրառվել են ու հավաքվել բանահյուսական և ազգագրական ժողովածուներում։ Այդպիսով, բանահյուսական վաղեմի նմուշները, նրանցում արտահայտված հավատալիքներն ու պաշտամունքը միջնադարում եւ նոր ժամանակներում իրենց գոյությունը պահպանել են որպես վերապրուկներ։ Անհիշելի ժամանակներից հարատեւող հավատալիքների ու պատկերացումների մասին են վկայում հմայական աղոթքները (այսպես կոչված “կապքի աղոթքները”, որոնք հետագայում եւս կենցաղավարել են բերանացի ճանապարհով, գրավոր “հմայքները”, “հմայեկները” կամ “հմայիլները”), հմայական բանաձեւերն ու երդմնեցումները, նաեւ սնահավատական զրույցները։ Դրանք միաժամանակ հայ ժողովրդի գեղարվեստական մտածողության ամենահին դրսեւորումներն են։

     Հավատալիքների ու աշխարհի մասին նախնական պատկերացումների համեմատությամբ ավելի հասուն աշխարհընկալման արդյունք են հայ ժողովրդական առասպելները, որոնց պահպանման համար պարտական ենք, մանավանդ, պատմահայր Մովսես Խորենացուն։ Հայկական առասպելաբանության առկա ամենահին գրավոր աղբյուրը Խորենացու “Հայոց պատմությունն” է, հատկապես նրա առաջին գիրքը։ Խորենացին նշում է այն սկզբնաղբյուրները, համաձայն որոնց ներկայացրել է առասպելներն ու դիցաբանական զրույցները. դրանցից մեկը ասորի Մար Աբաս Կատինայի անունով (կամ թերեւս նրան վերագրված) մի մատյան է եղել, իսկ մյուսը՝ հայ ժողովրդական գուսանական երգերը, հայոց նախնիների, նահապետների ու դյուցազունների մասին հերոսական պատումները, որ կատարել են գուսանները փանդիռի նվագակցությամբ։