Ժ. ՈՒՇ ՄԻՋՆԱԴԱՐ - ԺԷ դ.

ԺԵ-ԺԶ դդ. քնարերգուներից առավել նշանավոր են Մկրտիչ Նաղաշը եւ Գրիգորիս Աղթամարցին։ Նաղաշը հայ քնարերգության մեջ Ֆրիկից հետո երկրորդն էր, որ խորն ապրեց ներքնախավի սոցիալական վիշտը, հեգնող ու ցասկոտ խոսքով խարազանեց անհոգի ու անկուշտ հարստահարիչների շահատակությունները (“Վասն ագահութեան” բանաստեղծությունը), մյուս կողմից “Վասն ղարիբի” երկու բանաստեղծությամբ հայ քնարերգության մեջ հաստատեց պանդխտության մոտիվը, որի բարձրակետը դարձավ ԺԶ դ. երկրորդ կեսին անհայտ բանաստեղծի գրած “Կռունկը”՝ համազգային հռչակ ձեռք բերած եւ հանճարեղ Կոմիտասի մշակմանն արժանացած երգը։

Գրիգորիս Աղթամարցին, որ նաեւ մանրանկարիչ էր, ինչպես Մկրտիչ Նաղաշը, անհամեմատ ավելի գնահատելի է իր բանաստեղծական բարձր ձիրքով։ Թեեւ հաճախ այլաբանական ձեւի մեջ՝ նա բոցավառ սիրո արտահայտիչ է՝ կյանքի ու բնության կարոտով, քնարերգական ազդու եւ գունեղ պատկերներով։ Թլկուրանցու պես փոխադարձ սիրո չարժանացած՝ նա եւս անկեղծ բռնկում է ապրում, չի վարանում սիրուհուն բնութագրել.

Ուներդ է քաշած քան զթափած թուր,

Թարթափդ է քո թեք քան զնշտար սուր,

Սպանանես գերիս օրն հազար բիւր:

Աշխարհի ունայնության եւ կյանքի կարոտի հակադիր զգացումներից է ծնվել նրան վերագրվող “Յամէն առաւօտ եւ լոյս” սկսվածքով բանաստեղծությունը՝ կյանքի հավերժության եւ մարդուս օրերի անցողիկության մասին, փիլիսոփայական խոհ, որի մեջ իրար են հակադրված կյանքի եւ մահվան գաղափարները։ Մեծախորհուրդ, բայց ծավալով հակիրճ ու անզարդ այդ բանաստեղծությանը մեծ ճանապարհ է վերապահված։

ԺԸ դարը հայ քաղաքական ու մտավոր կյանքում խմորման շրջան էր։ Շավիղներ էին ծրագրվում լուսավորության ու ազգային արթնացումի համար։ Վենետահայ (Ս. Ղազար Մխիթարյան միաբանություն), հնդկահայ (Շահամիրյաններ) եւ այլ շրջաններում հայոց լուսավորության գաղափարակիրները մտասեւեռ գործում էին ազգի նոր զարթոնքի համար, մշակույթի մեջ սերմեր ցանում՝ հայության կյանքը նոր ժամանակներին պատշաճ ընթացքի մեջ դնելու։

Այդ հարյուրամյակը նաեւ գեղարվեստական խմորումների դար էր, հնից դեպի նոր գրականություն նախապատրաստման եւ անցման շրջան, երբ գրաբարի, միջին հայերենի տարրերով լեցուն խառը լեզվի եւ բարբառի հետ բանաստեղծությունը խոսում է նաեւ նորելուկ աշխարհաբար գրական լեզվով։ Նույնիսկ գրվում ու տպվում են նաեւ աշխարհաբարի քերականություններ, եւ դա թերեւս տարերայնորեն այն գիտակցությամբ, թե նորացվող գրականության լեզուն աշխարհաբարը պետք է լինի։ Բազում քերթողների մեջ (Մխիթար Սեբաստացի, Հակոբ Նալյան, Պետրոս Բերթումենց, Պետրոս Ղափանցի, Գրիգոր Օշականցի եւ ուրիշներ հատկապես ուշարժան անուն է Պաղտասար Դպիրը (1683և1768 թթ.) իր սիրո եւ կարոտանաց տաղիկներով։

ԺԸ դարը, սակայն, իմաստավորվում է մանավանդ մեծ բանաստեղծ ՍայաթևՆովայով, որ բացի հայերենից (թիֆլիսահայ բարբառ) ստեղծագործել է նաեւ վրացերեն եւ թուրքերեն լեզուներով։ Նրա գրական և աշուղական կյանքը ծավալվել է ընդամենը երկու տասնամյակ, դարի 40 և 50ևական թթ. մեջ։ Հայ հին բանաստեղծությունը կնքում էր իր ավարտը, եւ նորը փորձում էր իր լինելիության շավիղը մտնել։ ՍայաթևՆովան կանգնած է հնի ու նորի այդ ճամփաբաժանում եւ իր աշխարհընկալումով ու բանաստեղծական մտածողությամբ ավելի պատկանում է նոր շրջանին։