Դ. ԵԿԵՂԵՑԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՔԱՌՄԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երրորդ դարը հայ իրականության մեջ քրիստոնեական քարոզչության տենդագին շրջան էր, որը Տրդատ արքայի ժամանակ (298 և 330 թթ.) պսակվեց հաղթանակով. 301 թ. Հայաստանում մերժվեց հեթանոսական հավատքը, եւ հաստատվեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Դա վճռական շրջադարձ էր հայության ոչ միայն գաղափարական աշխարհում, այլեւ քաղաքական կյանքում։ Քրիստոնեության թափանցմանը եւ հաստատմանը զուգահեռ՝ հայ Արշակունյաց պետությունը կտրուկ փոփոխություն ապրեց նաեւ արտաքին հարաբերություններում, քաղաքական կողմնորոշման մեջ։ Մինչեւ Գ դ. առաջին քառորդը հարեւան Պարսկաստանում իշխում էր Պարթեւական հարստությունը, որի մի ճյուղն էին հայ Արշակունիները։ Ահա թե ինչու երբ 996 թ. Պարսկաստանում սպանվեց Պարթեւ վերջին արքա Արտավանը, եւ երկրի իշխանությունն անցավ Սասանյաններին, անհաշտ պատերազմներ սկսվեցին Արշակունյաց Հայաստանի եւ Սասանյան Պարսկաստանի միջեւ։ Այդ թշնամանքն ու պատերազմները տեւական դարձան ամբողջ Գ-Դ դդ. ընթացքում։ Հայաստանն իր հայացքն ուղղեց արեւմտյան հարեւանին՝ հույներին, Հռոմեական կայսրությանը, ուր “Միլանի էդիկտից” (314 թ.) հետո քրիստոնեությունն ազատորեն պաշտվելու իրավունք էր ձեռք բերել, իսկ Դ դ. վերջին քառորդում, Թեոդոս Մեծ կայսեր ժամանակ (379 և 395), հեթանոսության դեմ տոնել իր հաղթանակը։

     Քրիստոնեական եկեղեցին Հայաստանում ամրապնդեց ավատատիրական կարգը, ինքն էլ, կենտրոնական թագավորական իշխանության կողքին, դարձավ հզոր ուժ՝ նպաստելով ինչպես թագավորական տան կայունացմանն ու ամրապնդմանը, բայց հաճախ էլ իր շահերով բախման մեջ մտնելով Արշակունի գահակալների հետ՝ խրախուսելով եւ օժանդակելով հայ իշխանական տների ապստամբ ընթացքին եւ կենտրոնախույս ձգտումներին։ Ավելի քան 150ևամյա մի շրջանում հայ ժողովուրդը մաքառեց պարսկական ծավալման, մյուս կողմից՝ Արեւելա և Հռոմեական կայսրության դեմ, որն ամեն կերպ ձգտում էր Հայաստանը պահել իրեն ենթակա վիճակում։ Ուժերն անհավասար էին, եւ ամեն ինչ ավարտվեց Արշակունյաց Հայաստանի բաժանմամբ երկու մասի՝ Բյուզանդիայի եւ Պարսկաստանի միջեւ (387 թ.), ըստ որում փոքր մասն անցավ առաջինին, իսկ անհամեմատ մեծ բաժինը՝ Սասանյան Պարսկաստանին։

     Այդ երկարատեւ մաքառման շրջանում կյանքի կոչվեց մեր հաջորդ ժողովրդական վեպը, որ ընդունված է անվանել “Պարսից պատերազմ”։ Այն եւս բանավոր ճանապարհով է ստեղծվել, բայց գրառվել է համեմատաբար կարճ ժամանակ անց, Ե դարում։ Նրա ամբողջությունը պահպանվել է հայ վաղ պատմիչների գործերում՝ “Ագաթանգեղա պատմության” եւ, մանավանդ, Փավստոս Բուզանդի “Հայոց պատմության” մեջ։ Վերջինը բուն ժողովրդական վեպին հարազատ է մնացել այնքան, որ “Ագաթանգեղա պատմության” մի շարք հատվածների հետ՝ ավելի մեծ համարձակությամբ Աբեղյանն ազատ բանաստեղծության սկզբունքներով չափածո տողատմամբ է ներկայացրել նրա ավելի բազմածավալ մասերը։ Վեպին քաջածանոթ է եղել եւ նրանից գիտնականի իր զուսպ չափավորությամբ օգտվել է Մովսես Խորենացին։ Հետագայում Է դ. պատմիչ Սեբեոսն իր աշխատության մեջ ուշադրության է արժանացրել այնպիսի հերոսական դրվագներ ու էպիկական հերոսների (Մուշեղ Մամիկոնյան, Սմբատ Բագրատունի, Թեոդորոս Ռշտունի), որոնք թեպետեւ ուղղակիորեն կապվում են Զ-Է դդ. պատմության հետ, սակայն ակնհայտորեն վիպական գունավորում ու հերոսական բնավորություն են ստացել Գ-Դ դդ. բանահյուսական պատումների ազդեցությամբ։ “Պարսից պատերազմ” վեպի հետքերն ու նրա հետ նմանությունները նկատելի են նաեւ ավելի ուշ ձեւավորված “Տարոնո պատերազմ” վեպում, որի գրավոր աղբյուրը Հովհան Մամիկոնյանի (Ը դ.) “Պատմութիւն Տարօնոյ” գիրքն է։

     “Պարսից պատերազմը” մեզ տալիս է որքան ողբերգական, նույնքան էլ հերոսական ժամանակների հայ կյանքի պատկերը։ Նրա մեջ իշխում է հայրենասիրության ոգին։ Նույնքան տիրական է ու զորեղ եւ քրիստոնեական գաղափարախոսությունը։ Վեպի վաղ շրջանը, որ իր անդրադարձն է գտել “Ագաթանգեղա պատմության” մեջ, առավելապես հեթանոսության (հանձին Տրդատ արքայի) եւ քրիստոնեության (հանձին Գրիգոր Լուսավորչի) բախումն է արտահայտում, որն ավարտվում է նոր, ճշմարիտ հավատքի հաղթանակով։ Վեպում հայ ժողովրդի հայրենասիրության եւ հերոսականության կրողը Մամիկոնյան քաջակորով սպարապետներն են, հայ պետականության պահպանմանն ու ամրապնդմանը նախանձախնդիր այն գործիչները, որոնց համար անձնազոհությունն ու նվիրումը բարձրագույն բարոյական պարտականություններ են։ Նրանք անդավաճան ծառայում են իրենց “բնակ” տերերին՝ Արշակին, Պապին եւ Արշակունի մյուս թագավորներին։ Խաղաղ պայմաններում մեռնելը նրանց համար վատթար մահ է։ Նրանց երազն է զոհվել ձիու վրա, ռազմի դաշտում, հայրենական կռվի մեջ։ Այդպիսիք են առանձնապես Վասակ Մամիկոնյան սպարապետը, նրա հետնորդներ Մուշեղ եւ Մանվել զորավարները։

     “Պարսից պատերազմ” վեպում, առանձնապես փավստոսյան պատումներում, կան էպիկական այնպիսի վիպասքեր, որոնք աչքի են ընկնում գործողությունների դրամատիկ լարվածությամբ, սուր բախումներով, հերոսների արարքների հոգեբանական պատճառաբանությամբ։ Այդպիսիք են Տիրանի սքանչելի նժույգի հետ կապված պատումը, Գնել և Տիրիթ և Փառանձեմ և Արշակ վեպը, Շապուհի կողմից Արշակ թագավորին փորձելու, Վասակին սպանելու եւ հայոց թագավորին անդառնալի աքսորի դատապարտելու պատմությունը, Պապի եւ Մուշեղի նկատմամբ արյունոտ դատաստան տեսնելու դրվագները եւ այլն։

     “Պարսից պատերազմ” վեպը, զարմանք հարուցող բանահյուսական հիպերբոլիզմով հանդերձ, “Վիպասանքի” համեմատությամբ ավելի իրապատում ստեղծագործություն է եւ հեռու առասպելական տարրերից։

     Հայոց Ե դարն սկսվեց ժողովրդի կյանքում եկեղեցական ու մշակութային գործունեության համար մեծանշանակ իրողությամբ. ստեղծվեց հայկական գիրը (405և406 թթ.)։ Հանճարեղ Մեսրոպ Մաշտոցի գյուտը, ինչ խոսք, կյանքի է կոչվել անմիջականորեն հայ եկեղեցու պահանջով ու խթանումով՝ ավարտի հասցնելու համար ժողովրդի քրիստոնեական լուսավորությունը, բայց նրա դերը շատ ավելին եղավ, քան կանխամտածված էր։ Հայ միտքը, բանավոր խարխափումներից ձերբազատվելով, ձեռք բերեց հաստատագրման իր զորավոր միջոցը՝ գրով առարկայանալու եւ սերունդների բանական զարգացմանն ու ընթացքին ծառայելու հնարավորությունը։ Հետագայում Մաշտոցի գիտական սխրանքն այսպես պիտի գնահատեր Ներսես Շնորհալին.

Զբանին ակոսն պատառեալ,

Զիմաստութիւնն սերմանեալ:

Գյուտից քիչ անց գոյություն ունենալուց իսպառ դադարեց Արշակունյաց թագավորությունը նաեւ Հայաստանի՝ Պարսկաստանին ենթակա բաժնում (428 թ.)։ Այդ պայմաններում հայալեզու գրավոր խոսքը, դպրոցը, գիրքը, մատենագրությունը հանձնառու եղան արթուն պահելու հայի ոգին, բորբոքելու նրա ազգային ինքնագիտակցությունն ու քաղաքական զգոնությունը, պահպանելու հայրենի հինավուրց ավանդները, ամրապնդելու քրիստոնեական հավատը՝ ազգին ծառայելու եւ նրա հոգեւոր ինքնուրույնությունն ապահովելու դիտակետից։

Մատենագրությունն սկզբնավորվեց թարգմանության ճանապարհով։ Իրագործվեց թարգմանաչական աշխատանքի մի լայնարձակ ծրագիր՝ եկեղեցու հսկողությամբ եւ հայ կյանքի պահանջներով։ Առաջին մատենագիրները (Մաշտոց, Սահակ Պարթեւ, Եզնիկ Կողբացի, Կորյուն եւ ուրիշներ) նաեւ մեր առաջին թարգմանիչները եղան, որոնց գործն ըստ ամենայնի արժեւորեց եկեղեցին, սրբացրեց նրանց անունը եւ սահմանեց “Սուրբ թարգմանչաց տոնի” օրեր (տարվա մեջ երկու անգամ)։ Հինգերորդ դարի թարգմանական հարուստ գրականությունը ասորական եւ, հատկապես, հունական մշակույթի ավանդները փոխանցեց հայ մատենագրությանը եւ էապես կանխորոշեց նրա բովանդակային ընդգրկումներն ու ժանրային համակարգը։ Փոխառվածը դպրոց եղավ հայ գրչի մշակների համար, բայց հայ գրականությունն արգասավորվեց հայ կյանքի իրողություններով ու հայկական աշխարհընկալման յուրահատկությամբ։ Սուրբ Գրքի կրկնակի թարգմանոթյունը (նախ՝ ասորական Պեշիտտայից, ապա Եփեսոսի 431 թ. տիեզերական ժողովից անմիջապես հետո՝ հունական “Յոթանասնից” կոչված խմբագրությունից) դասական հայերենի տոհմիկ ու ճոխ բառապաշարի եւ ոճական և արտահայտչական հնարավորությունների քննությունը եղավ՝ հիրավի ոսկեդարյան մակարդակով։ Աստվածաշնչի՝ մեզ հասած գրաբար ընկալյալ բնագիրը զարմանք է հարուցում հայերենի իր կատարելությամբ եւ իզուր չէ, որ արեւելագետ Լակրոզը, նկատի ունենալով Ծննդոց գրքի եւ մի քանի այլ բաժինների թարգմանությունը, այն անվանել է “Թագուհի թարգմանությանց”։

Ե դարում ստեղծված թարգմանական եւ ինքնուրույն մատենագրական մեծահարուստ ժառանգության մեջ իր ճոխությամբ ու նշանակությամբ առաջնային դերը, անշուշտ, պատկանում է հայ պատմագրությանը։ Պատմությունը այն համապարփակ ժանրն էր, որի մեջ համատեղում էին մատենագրական տարբեր տեսակներ, ի թիվս որոնց եւ՝ գեղարվեստական ու ճարտասանական տեսակները (թուղթ և ուղերձ, վարք ու վկայաբանություն, չափածո հորինվածք ու ոտանավոր, բանահյուսական մեջբերումներ, աղոթք ու ողբ, բնության, ռազմական գործողությունների ու բնակատեղիների գեղարվեստական նկարագրություններ եւ տեսարաններ, ճառեր, բանաստեղծականևփիլիսոփայական խորհրդածություններ եւ այլն)։ Պատմագիրքն այդ առումով համադրական ստեղծագործություն է՝ առավելապես պատմական սեւեռումով, իսկ պատմիչն էլ՝ միաժամանակ գեղագետ ու գրող։ Գեղարվեստական բաղադրիչներն ու միջոցները նպաստել են կենսունակություն ու զգացմունքային լիցքեր հաղորդելու պատմությանը եւ պատմական դեմքերին, որոնք նույնիսկ կցկտուր ու հապճեպ ներկայացվելու դեպքում անգամ հանդես են բերում կերպարային հատկանիշներ։