Զ. ՎԵՐԱԾՆՆԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈԻՆ - ԺԱ-ԺԲ դդ.

Ժ դ. երկրորդ կեսին եւ ԺԱ դ. առաջին հիսնամյակում Բագրատունյաց նշանավոր մայրաքաղաք Անին, որն ընկած էր արեւելք և արեւմուտք տարանցիկ առեւտրի մայրուղու վրա, ոչ միայն հայոց տնտեսական կյանքի մեծ վերընթացն էր նշանավորում, այլեւ, իբրեւ թագավորանիստ, իրեն էր ձգում երկրի ազդեցիկ խավերին՝ իշխանական տներին եւ առեւտրի մեջ փարթամացած հարուստ պարոններին։ Այս կյանքում բախտավորված կուշտ ու հարուստ մեծատունները նաեւ չէին անտեսում աստվածապաշտությունը, ուզում էին լինել բարեպաշտ, զարկ էին տալիս եկեղեցաշինությանը, սատար կանգնում մշակույթի զարգացմանը, դպրոցին ու լուսավորությանը, հովանավորում արհեստավոր շինարարին, գրչին, նկարչին ու գրական մարդուն։ Այդ մշակույթը, հավատի ու առ Աստված նվիրումի թելադրանքով կյանքի կոչված, սակայն ավելի ցայտունորեն դրսեւորում էր քաղաքական ու աշխարհիկ տենչեր, վկայում հայ մտքի ու արվեստի աշխարհականացման միտումները։ Դրա լավագույն օրիակն են Գրիգոր Մագիստրոսի (վախճ. 1058 կամ 1059 թ.), Վարդան Անեցու (ժԱ դ.) եւ Հովհաննես Սարկավագի (վախճ. 1129 թ.) գործունեությունն ու ստեղծագործությունը։

Գրիգոր Մագիստրոսը՝ Պահլավունյաց մեծագործ տոհմի վերջին ականավոր ներկայացուցիչներից մեկը, բազմակողմանի զարգացման տեր անձնավորություն է եղել, աստվածաբանական գիտությունների, իմաստասիրության, պարսկական, հունական եւ արաբական մշակույթի մեծ գիտակ, հմուտ մի քանի լեզուների։ Այդ է վկայում թվով ավելի քան 8 տասնյակ թղթերի՝ մեզ հասած նրա ժողովածուն։ Հայ համաշխարհային մտքի գնահատման նրա ելակետը ոչ թե քրիստոնեական կրոնի ընդգծման գաղափարն է, այլ յուրաքանչյուր երեւույթի գիտական և իմացական նշանակությունը։Զուր չէ, որ նա, ի թիվս այլ բնագավառների, կարեւորում է եւ առասպելավարժությունը (այսինքն՝ առակը, առասպելը) ուսումնական ծրագրի մեջ մտցնելու անհրաժեշտությունը եւ ինքն էլ իր նամակներում սիրում է իր մտքերը հիմնավորել ու կենդանի դարձնել ժողովրդական առասպելների, ավանդությունների ու բանահյուսական հին նմուշների հատվածների մեջբերմամբ։ Մագիստրոսն է մեզանում առաջին անգամ միահանգ ու կանոնավոր չափով ծավալուն գործ գրել, այսպես կոչված “Հազարտողեան” (իրապես 1016 տողից բաղկացած) քերթվածը, որը Ս. Գրքի բովանդակության համառոտ վերապատումն է՝ ուղղված արաբ ոմն իմաստուն Մանուչեի, ի հեճուկս Ղուրանի համար վերջինիս սնապարծ կեցվածքի։ Բայց Գրիգոր Մագիստրոսի բանաստեղծական տաղանդն ու քաղաքացիական բարձր նկարագիրը գեղարվեստական մեծ շնչով ի հայտ են եկել այն բանաստեղծության մեջ (“Լուաք, թէ եկն…”), որը հայրենիքի համար մարտնչելու հրավեր է, ուղղված է իր որդիներից մեկին եւ իրապես ռազմական և հայրենասիրական երգ է ու ոգեկոչում։

Թերեւս նրա ժամանակակիցն է եղել Վարդան Անեցին, որի կենսագրությունն իսպառ անծանոթ է։ Հայտնի է բանաստեղծական միակ գործով՝ “Վասն աստուածութեան ներբող” խորագրով։ Ցավոք, ձեռագրերը չեն պահպանել նրա վերջին մասը։ Սակայն թերի վիճակում անգամ այն աչքի է ընկնում իր կոթողայնությամբ, կորովի համեմատություններով ու պատկերներով, վեհաշունչ հայերենով։ Ներբողը ի դեմս եզեկիելյան տեսիլի կառքի՝ փառաբանումն է մարդու ուժի եւ կարողությունների, խնդրվածք, որ Աստված բարձրացնի ու երջանկացնի նրան։ Հայր Ալիշանը եւ ուրիշներ Վարդան Անեցուն իր տաղանդի ուժով չեն վարանում համեմատել Գրիգոր Նարեկացու հետ։

Հանձին Հովհաննես Սարկավագի մենք գործ ունենք գիտական մտքի մի փայլուն ներկայացուցչի հետ, որն իր որոշ լուսավոր գաղափարներով առաջ է անցել դարից ու ժամանակից։ Իր ճոխ ժառանգությունից զգացվում է, որ նա իսկական բնախույզ է եղել, ունկնդիր ու հայեցող բնության գաղտնիքներն իմանալու եւ թափանցելու տիեզերքի առեղծվածների մեջ։ Նա առաջ է քաշել փորձի, իբրեւ կարծիքների ու գիտության ճշմարտացիությունն ստուգելու միջոցի, նշանակությունը՝ այդ հարցում կանխելով եվրոպական միտքը։ Բանաստեղծությանը եւս տվել է գործեր, մասնավորապես “Բան իմաստութեան” գեղագիտական ծավալուն քերթվածը, որը բնության գովքն է՝ որպես երաժշտական արվեստի ու բանաստեղծության ոգեշնչման աղբյուր, որին միայն կարելի է հետեւել եւ արգասավորել՝ ստեղծելու անմահ գործեր։ Դա մի նոր հայացք էր արվեստի ու բանաստեղծության ծագման մասին, տարբեր միջնադարում իշխող “հայտնության” գաղափարից։

ԺԱ դ. կեսերից հայ ժողովրդի կյանքում սկիզբ առավ եղերական մի շրջան։ Արեւելյան քրիստոնյա աշխարհը կարծես անպատրաստ էր եւ անկազմակերպ դիմակայելու արեւելքից սպառնացող սելջուկ թուրքերի նվաճողական արշավանքներին։ Հայկական թագավորություններն ու իշխանությունները մեկը մյուսի հետեւից տեղի տվեցին։ Պարտության պատճառներից գլխավորը, թերեւս, Բյուզանդական կայսրության անհեռատես քաղաքականությունն էր, որն արեւելյան քրիստոնեության հովանավորի դիմակի տակ՝ փաստորեն անվստահություն հանդես բերեց Հայաստանի նկատմամբ, կեղծուպատիր խոստումներով տեղահան արեց ու կայսրության սահմաններում վերաբնակեցրեց հայ թագավորական ու իշխանական շատ տների՝ իրենց ժողովրդի մի հոծ մասով հանդերձ, թույլ տալով, որ մինչ այդ բարգավաճ ու պաշտպանունակ երկիրը հեշտությամբ նվաճվի արեւելյան հորդաներից։ Հայոց հողում նրա բնիկ տերերը նոսրացան, ավերն ու գաղթը համատարած էին։ Տարագնաց հայությունը հաստատվեց Եփրատից արեւմուտք՝ Սեբաստիայի կողմերում եւ, մանավանդ, Կիլիկիայում։ Այստեղ կազմավորվեցին հայկական ուժեղ իշխանություններ, որոնց մաքառումը, սկսած ԺԱ դ. վերջերից եւ ամբողջ ԺԲ դ. ընթացքում, պսակվեց Ռուբինյան հայկական թագավորության հաստատմամբ (1198 թ.), այնուհետեւ Հեթումյանների (1220ևական թվականներից), իսկ թագավորւոթյան կործանումից (1375 թ.) քիչ առաջ՝ նաեւ Լուսինյանների գահակալությամբ։ Դա հայոց պատմության անակնկալ հրաշքներից էր. բուն հայրենիքում թագավորությունից զրկվելով՝ անկախության ու թագավորության հասնել Տավրոսում, ավելի ճիշտ է ասել՝ Հայկական Տավրոսում։

Ներսես Շնորհալու (1102 և 1173 թթ.) ամբողջ ստեղծագործությունը Կիլիկիայում հայոց քաղաքական բարձրացման արտահայտությունն է՝ հայ հոգեւոր ու մշակութային ավանդների վերականգնման կենսական բաղձանքով։ Նրա թե՛ բանաստեղծական ժառանգության եւ թե՛ արձակի (հրապարակախոսություն, դավանաբանություն, նամականի) թեմատիկան գերակշիռ մասով հոգեւոր և եկեղեցական է, բայց եւ հայ կյանքի ու պատմության մյուս երեսը եւս առկա է նրա ստեղծագործության մեջ։ Հայրենական ավանդները նա կրում է երդման նման. այդ է նրա “Շարադրութիւն հոմերական վիպասանութեամբ” պոեմի ոգին։ Աստվածաշնչյան (“Յիսուս Որդի” կամ “Ողբերգութիւն վիպասանական”), դավանաբանական (“Բան հաւատոյ”) եւ ընդհանրապես հոգեւոր և եկեղեցական պոեմներում, աղոթերգերում (“Առաւօտ լուսոյ”, “Աշխարհ ամենայն” եւ այլն), տաղերում ու շարականներում նա Աստծու խոսքը գեղարվեստի լեզվով ժողովրդին մատուցողն է, մեծասքանչ բանաստեղծը, որ խորհրդապաշտի ինքնամոռացումով ոգեւորվել գիտի սուրբ գաղափարներով։ Հիշատակության ու գնահատանքի են արժանի նրա հանելուկները (300 և ի հասնող), որոնց մեջ նրա նպատակն ուսուցողական է, ինչպես եւ մի շարք բանաստեղծություններում։ Հանելուկներով Շնորհալին կամեցել է խորացնել ու ընդարձակել հայի աշխարհաճանաչողությունը։

Բանաստեղծի ժառանգության մեջ գեղարվեստական ուժով ամենանշանավորը “Ողբ Եդեսիոյ”-ն է՝ նվիրված իր օրերում կատարված պատմական մի իրադարձության՝ 1144 թ. մահմեդական զորաբանակի կողմից Եդեսիա քաղաքի գրավմանը, թալանին ու ավերին։ Ողբը մեծ կրքի ու զգացմունքի արտահայտություն է, կոչ քրիստոնյա աշխարհին՝ սթափվելու, գոտեպնդվելու եւ միավորվելու ընդդեմ մահմեդական սպառնալիքի։ Բանաստեղծն իր հայացքն ուղղում է նաեւ իր փառազուրկ հայրենիքին՝ Անիին, Վաղարշապատին, ստեղծում հայրենասիրական խոհերով առլեցուն կարոտի պատկերներ, եղերական ու անփառունակ ներկային հակադրում հայոց անցած հին փառքն ու մեծությունը։ Մորմոքում է կորսված քաղաքական ազատության համար։ Հանձին Շնորհալու, հայ բանաստեղծության մուսան առաջին անգամ թեւածում է հայրենի եզերքի վրայով։ Ողբն ավարտվում է Խաչակրաց երկրորդ արշավանքի սպասումով, որի հետ բանաստեղծը կապում էր արեւելյան քրիստոնեության եւ Հայաստանի ազատագրումը։ Շնորհալու ողբը տեւական ազդեցություն է գործել հայ հետագա ողբերգության, հատկապես պատմական թեմայով ողբի զարգացման վրա։ Նրա հետքերով են ընթացել Գրիգոր Տղան (1124 և 1193), Ստեփանոս Օրբելյանը (վախճ. 1305 թ.), Առաքել Բաղիշեցին (վախճ. 1454 թ.), Սիմեոն Ապարանեցին (վախճ. 1614 թ.), Մինաս (ծնվ. 1507 թ.), Ստեփանոս (ծնվ. 1558 թ.) եւ Հակոբ (ծնվ. 1573 թ.) Թոխաթցիները եւ ուրիշներ։

Շնորհալին հավասարակշիռ բանաստեղծական անհատականություն է։ Նրա ստեղծագործության մեջ պատկերը, զգացմունքի պոռթկումը միշտ ենթարկված են ռիթմի ու ոտանավորի կարգավորիչ ուժին։ Հետամուտ է ձեւի արտակարգ մշակվածությանը։ Ռիթմը, ոտանավորի չափը նրա գործերում հանդես են գալիս որպես թե՛ արտասանական եւ թե՛ երգային սկիզբ, որովհետեւ Շնորհալին միաժամանակ երաժիշտ է ու բանաստեղծ։ Չափ ու հանգավորումով հայ միջնադարյան պոեզիայում նա մնում է անմրցակից։