Է. ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - ԺԲ-ԺԳ դդ.

ԺԲ դ. վերջերից եւ հատկապես ԺԳ դարից սկսած հայ գրականությունը որակական նոր թռիչք ապրեց շնորհիվ աշխարհիկ ոգու խորացման, եկեղեցուց անջատ նրա ինքնակայության միտումի։ Իրականության հետ գեղարվեստական մտքի շփման սերտացումը ընդլայնեց գրականության թեմատիկան, հարստացրեց այն՝ բովանդակային և գաղափարարական առումով։ Այդ շրջանում հայկական առակագրության, իբրեւ գեղարվեստական արձակի մի նոր բնագավառի, ծաղկումը մեծապես նպաստեց գրականության աշխարհականացմանը։

Շնորհիվ անվանի իրավագետ Մխիթար Գոշի (վախճ. 1213 թ.), ավանդական բանահյուսության հնօրյա այնպիսի մի տեսակ, ինչպիսին առակն էր, բարոյախրատական որոշակի սկզբունքներով մշակվեց եւ ներառվեց արձակի ոլորտը՝ գրական ժանրի լիարժեք իրավունքով։ Բարեբախտաբար Գոշի առակագիրքը, որի մեջ ժողովված են 190 առակներ՝ իրենց խրատական մասերով եւ հեղինակային առաջաբանով, ձեռագրերով անկորուստ պահպանվել է եւ հրատարակությունների արժանացել։ Գոշն ստեղծագործել է գրաբարով։

Հայոց առակագրության հաջորդ փուլի խոշորագույն դեմքը Գոշից մեկ սերնդով փոքր Վարդան Այգեկցին է (ԺԲ դ. երկրորդ կես և 1230ևական թթ.), որը գրել է միջին հայերենով՝ դրանով իսկ լիովին հասկանալի դառնալով ընդհանուր ժողովրդին։ Եվ դա ունեցել է իր ներգործուն նշանակությունը առակագրության հետագա զարգացման վրա։ Այդ բնագավառում ԺԳ-ԺԷ դարերում ինչ ստեղծվել է՝ վերագրվել է մեծ վարդապետ Վարդանին, ու այդ կարգի ժողովածուներն էլ կոչվել են ոչ միայն “Աղուէսագիրք”, այլեւ “Առակք Վարդանայ”, “Վարդագիրք”։ Կենդանիների “կերպարներով” առակները ենթադրել են տալիս, որ հնագույն շրջանում Հայաստանում կենցաղավարել է, այսպես կոչված, կենդանական վեպը, որի բեկորներն են պահպանվել առակներում՝ իբրեւ երբեմնի ամբողջական վեպ և համապատումի գերապրուկներ։

Գոշը եւ Այգեկցին, անշուշտ, հետեւել են հունական առակագրության ավանդույթներին, մշակել նրա որոշ օրինակները։ Նրանք ծանոթ էին եզոպոսյան որոշ առակների՝ դեռեւս վաղ միջնադարում հայերեն թարգմանված Ողիմպիանի առակների միջոցով։ Գիտեին եւ “Բարոյախօս” առակավոր ժողովածուն (նույն ժամանակներում դարձյալ հունարենից թարգմանված)՝ բույսերի եւ կենդանիների հատկանիշների ու սովորույթների մասին։ Բայց հայոց առակագրությունը սնուցող հիմնական երակը ժողովրդի մեջ դարերով պատմված առակները, զրույցները, ծիծաղական պատմություններն ու անեկդոտներն են եղել՝ սրամիտ շեշտադրումով, լիաթոք ծիծաղով, անխնա քննադատությամբ։ Ըստ այդմ, նման բնույթ ու նկարագիր ունի նաեւ առակագրությունը՝ երեւան հանելով հայ կյանքի սոցիալական հարաբերությունները՝ իշխանավորի, մեծատունի, փարթամ քաղաքացու, քահանայի ու կրոնավորի եւ, մյուս կողմից, աշխատավոր գեղջուկի, տնանկի ու ռամիկի հակադրությամբ։

Ժամանակի ժողովրդախոսակցական լեզուն՝ միջին հայերենը, ԺԳ դ. երկրորդ կեսից իր կիրառության ոլորտը ներառավ նաեւ բանաստեղծությունը։