Թ. ՄԻՋՆԱԴԱՐ - ԺԵ դ.

ԺԴ դ. վերջերից հայ հին գրականությունը մտավ իր զարգացման ուշմիջնադարյան շրջանը։ ԺԵ-ԺԷ դարերը աղետալի ժամանակներ էին։ Հայաստանը դարձել էր թուրքական սուլթանության եւ պարսից միջեւ անվերջանալի պատերազմների թատերաբեմ, եւ ժողովուրդը մատնված էր անլուր կեղեքումների, կոտորածի ու պանդխտության։ Մայր հայրենիքում թե գաղթավայրերում (Ղրիմ, Վալախիա, Ռումինիա, Լեհաստան, Կոստանդնուպոլիս եւ այլուր) մտքի մշակներն անօրինակ մաքառումով ջանում էին ոչ միայն պահպանել հայ գրավոր մշակույթի ձեռագիր մատյանները, այլեւ ժողովրդի կյանքն ու ճակատագիրն արտահայտել շարունակվող գրականության մեջ։ Այս շրջանում եւս խորանում աշխարհականացման միտումը, բանաստեղծությունն ընթանում է դեպի անձնականացում, հակվում կենցաղային թեմատիկային ու մանրամասներին՝ ձեռք բերելով տեղական կոլորիտային նկարագիր։ Իրեն զգացնել է տալիս մանրաթեմայնությունը, երեւում է եւ երգիծանքը՝ հյուսված կենցաղային և զավեշտական արտառոց դիպվածների շուրջ։ Երեքհարյուրամյա այս շրջանի քնարերգությունն ստեղծվել է մասամբ բնաշխարհում, մասամբ էլ օտարության մեջ։ Քիչ են բանաստեղծական անհատականությունները՝ Առաքել Սյունեցի (ԺԴ-ԺԵ դդ.), Առաքել Բաղիշեցի (վախճ. 1453 թ.), Մկրտիչ Նաղաշ (ԺԵ դ.), Գրիգորիս Աղթամարցի, Հովասափ Սեբաստացի (ԺԶ դ. առաջին կես), Դավիթ Սալաձորցի (ԺԷ դ.), Հովնաթան Նաղաշ (1661 և 1722 թթ.) եւ ուրիշ մեկ և երկուսը, որոնք շատ դեպքերում շարունակում կրկնում են նախորդ բանաստեղծներին, օգտվում նրանց պատկերներից ու համեմատություններից, կիրառում նրանց մակդիրներն ու արտահայտչական միջոցները։ Հովնաթան Նաղաշը, տաղերգության ավանդները շարունակելով, միաժամանակ հակվոմ է դեպի աշուղական երգը։

ԺԶ-ԺԷ դարերում գրչագրված տաղարանների շնորհիվ այդ ժամանակներից ավելի շատ բանաստեղծների անուններ են հասել մեզ՝ իրենց երգերով հանդերձ։ Վերեւում թվածներից բացի հիշենք նրանցից մի քանիսին՝ աշուղ Քուչակ Վանեցի, Ղազար Սեբաստացի, Մարտիրոս Խարասարցի, Վրթանես Սռնկեցի, Սարկավագ Բերդակացի, Գրիգոր Վանեցի, Ստեփանոս Վարագեցի, Մինաս Թոխաթցի (ԺԶ դ.), Սիմեոն Ապարանեցի, Ներսես Մոկացի, Ստեփանոս, Հակոբ եւ Խաչատուր Թոխաթեցիներ (ԺԶ-ԺԷ դդ.), Մարտիրոս Ղրիմեցի, Երեմիա Քյոմուրճյան, Քոսա Երեց Բասենցի (ԺԷ դ.)։ Նրանք շատ են։ Մեծաթիվ են նաեւ այն տաղերգուները, որոնց գործերը մասամբ պահպանվել են, բայց նրանց անունները անհայտ են մնում։

Հատկապես ԺԷ դ. արձակում, պատմագրության կողքին, որոշակի նշանակություն են ձեռք բերում մեմուարային բնույթի երկու ժանրեր՝ ուղեգրությունը եւ օրագրությունը։ Ուղեգրության տեսակը, որ քիչ ավելի վաղ էր սկզբնավորվել, ԺԷ դ. առաջին կեսում հայտնի է Խաչատուր Թոխաթեցու “Պատմութիւն Վէնէտիկոյ քաղաքին”՝ երգիծական երանգներով հյուսված գործով (շարադրված չափածո) եւ Սիմեոն Լեհացու “Ուղեգրութիւն” երկով։ Օրագրություններ են գրել Երեմիա Քյոմուրճյանը, Զաքարիա Ագուլեցին եւ Մինաս Ամդեցին։