ՄԱՅՐԵՆԻ ՀՈՂ

Մայրենի հող, տաք, կենդանի մարմնի պես,
Դու չմեռնող արյունակից դարավոր.
Սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ
Ինչպես քրոջ, ինչպես կնոջ, ինչպես մոր:
Քո մեջ կա հին այնքան արյուն և աճյուն՝
Իմ արյունից, քո բույրից եմ զգում այդ.
Քո աղբյուրներն իմ լեզվով են կարկաչում,
Դու հավերժ մայր, գեղեցկուհի մանկամարդ:
Ծաղիկներդ շշնջում են, բուրում սեր,
Ավանդում են հին կտակդ քարերն ինձ.
Այգիներդ, ուր սիրում եմ երազել,
Հյութն ու համը բերել են հին դարերից:
Դու իմ սերը հատուցում ես քո սիրով.
Ես՝ քեզանով, ինձանով ես դու մնում.
Ես իմ կյանքով, իմ իղձերով, հույսերով
Սնում եմ քեզ, ինչպես դու ես ինձ սնում:
Ես քո մեջ եմ գտնում կյանքում ամեն բան
Քեզանով եմ ես երջանիկ և հարուստ.
Ես՝ անցավոր, դու՝ հավերժող աներկբա,
Սոսկ քո մեջ է անմահությունս անկորուստ: