ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վաղարշակ Նորենց
(1903-1973)

 

<< Մորս ասելով <<,Անդրանիկի կռվի տարին>>, այսինքն` 1904-ին, ես մի տարեկան եմ եղել>>, գրում է բանաստեղծը: ՈՒրեմն ծնվել է 1903-ին (Սեպտեմբերի 9-ին), Սասունի Շենիկ (այժմ Թուրքիայում) գյուղի քահանա տեր Տոնապետի նահապետական ընտանիքում: Իսկական ազգանունը Երիցյան է: Նրա մանկությունն անցել է հայրենի լեռնաշխարհում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի և ապա հայրենի իշխանաձոր գյուղի դպրոցներում: Եղեռնի տարին ականատես է եղել Սասունի չորսամյա (ապրիլ-հուլիս) հերոսական դիմադրությանն ու զարհուրելի կոտորածին: Ջարդից մազապուրծ` ավագ եղբայրներից մեկի հետ յոթ ամիս <<ապրել>> է քարանձավներում, մինչև ռուսական բանակը կգրավեր Մուշ քաղաքը: 1919 թվականի գարնանը հազարավոր որբերի հետ Մուշից գաղթել է Անդրկովկաս: Վ. Նորենցի պատանեկությունն անցել է միջնակարգ Ալեքսանդրոպոլի և ապա Թիֆլիսի որբանոցներում: Թիֆլիսում էլ ստացել ե միջնակարգ կրթություն` սովորելով նախ որբանոցային դպրոցում, ապա` հայկական գիմնազիոնում և ի վերջո` Ներսիսյան դպրոցում:

Վ. Նորենցը գրել սկսել է վաղ պատանեկան տարիներին: Առաջին բանաստեղծություններից մեկը <<Սասնո սարերին>> խորագրով տպագրվել է 1917 թվականի ամռանը Թիֆլիսի <<Հայաստան>> թերթում: Այդ ժամանակ էլ Հովհաննես Թումանյանի կամեցողությամբ դարձել է Կովկասյան հայ գրողների ընկերության որդեգիրը:

Բանաստեղծի առաջին գրական փորձերց սկսած` Հովհաննես Թումանյանը եղել է նրա դաստիարակը:

Անդրկովկասում սովետական իշխանություն հաստատվելու առաջին օրերից Վ. Նորենցի բանաստեղծությունները սպագրվել են Թիֆլիսի և Երևանի հայկական թերթերում և հանդեսներում: 1922 թվականին բանաստեղծը ծանոթացել է Եղիշե Չարենցի հետ, որը բախտորոշ ազդեցություն է ունեցել նրա գրական գործունեության վրա:

1925 թվականի աշնանը Չարենցը կազմակերպել է <<Նոյեմբեր>> գրական միությունը, որի հիմնադիր անդամներից մեկն էր Վ. Նորենցը:

Վ. Նորենցի բանաստեղծությունների առաջին համաքածուն <<Օրերի ճամփին>> խորագրով լույս է տեսել Դիլիջանում 1925 թվականին: Մի տարի հետո Եղիշե Չարենցի խմբագրությամբ լույս է տեսել <<Իրիկուն>> պոեմը:

Հայաստանի պետական հրատարակչությունը 1930-ին լույս է ընծայել Վ. Նորենցի

<<Երկրորդ գիրքը>> և 1932-ին <<Լիրիկական ֆրոնտ>> ժողովածուները: 1936-ին լույս է տեսել <<Բանաստեղծություններ>> հատորը, 1945 թվականին` <<Գիրք քնարական>> ժողովածուն, որին հաջորդել են <<Իմ ճանապարհը>> (1956), <<Իմ աշխարհը>> (1958), <<Պոեմներ>> (1960) և երկու հատորով <<Երկեր>>-ը:

Բանաստեղտցը բազմաթիվ թարգմանություններ է արել եվրոպական և ռուսական դասական հեղինակներից և ժամանակակից բանաստեղծներից:

Վաղարշակ Նորենցը մահացել է 1973 թվականի հունվարի 20–ին: