ՁՄՌԱՆ ԳԻՇԵՐ

Ձյո՜ւն է գալիս դրսում... Եվ որքան լավ է այս
Գիշերի մեջ նստել ու անրջել,
Խորհել, որ կյանքը կա, որ աշխարհում դու կաս,
Որ գարուն կա պահված հողի մեջ ջերմ...
Որ դու իջնող ձյունի քնքշությունը հագած
Այս գիշերով խաղաղ կարող ես տունն իմ գալ,
Ներշնչանքի նման սպասված և սակայն
Ներշնչանքի նման անակնկալ:
Որ դու կարող ես գալ այս գիշերով խաղաղ՝
Թարթիչներիդ վրա ձյունն սպիտակ,
Քո մատներով քնքուշ՝ մազերիս հետ խաղալ
Ու մեղմորեն շոյել ճակատս տաք:
Որ կարող է քո սև թարթիչներին իջած
Ձյունափոշին հալվել իմ տաք շնչից,
Ու կարող ես դու ինձ գիշերի մեջ ժպտալ
Սիրո մաքուր-մաքուր արտասուքի միջից:
Ձյո՜ւն է գալիս դրսում... Եվ որքան լավ է այս
Գիշերի մեջ նստել ու անրջել,
Խորհել, որ կյանքը կա, որ աշխարհում դու կաս,
Որ գարուն կա պահված հողի մեջ ջերմ: