ԿԱՆԹԵՂ

 Իմ սրտիս մեջ բյուրեղ կանթեղ,
Նշուլեցավ բոցը սիրույդ,
Եվ կանթեղին մեջ, յուղի տեղ,
Հոսեցուցի կյանքըս պուտ - պուտ


Հոն, խորանին մեջ հոգիիս,
ժամանակե ի վեր անհուշ,
Գամված է քու, ո'վ պաշտելիս,
Քու ոսկեգիծ պատկերն անուշ:
Այդ պատկերին առջև ահա,
Որ հրեշտակի ունի անուն,
Սիրույս կանթեղը կմխա
Բոցով մը փոքր ու պլպլուն։
Իմ մարմինիս թաց սպունգեն
Քամված կյանքը երբ որ ցամքի՞
Սիրույս կանթեղն ալ այն ատեն,
Լոկ այն ատեն մարի' պիտի։
 
* * *
Ավազին մեջ ես կխրիմ ամեն օր
Եվ որչափ վար իջնեմ, այնչափ մսիս մեջ
Կզգամ խայթվածքը տենչերու նորանոր,
Այնչա'փ կայրե ծխոտ սիրտըս սերդ անշեջ:
Գիշերին մեջ ես կցատկեմ անկողնես
Եվ փարվելով ճերմակ բարձիս, կարտասվեմ,
Կպաղատիմ ունենալու համար քեզ
Վերմակին տակ, փայփայանքով, կուրծքիս դեմ:
Եվ կդողդղամ, ա՛լ անկարող ննջելու...
Հիմա անզիղջ մեղավորն եմ ես՝ հլու
Ծանրությանը տակ մեղքին և ա՛լ ոչինչ
Պիտի բանա կույր այս աչքերը լույսին.
Կըռկռացող հիվանդ գորտն եմ ճահիճին,
Օր կանարգե աղբյուրներուն ջուրը ջինջ: