Ճերմակ հեքիաթ

Ճերմակ կատուն
Գնաց ասաց ճերմակ սագին,
Ճերմակ սագը
Գնաց ասաց ճերմակ այծին,
Ճերմակ այծը
Գնաց ասաց ճերմակ շանը,
Ճերմակ շունը
Գնաց ասաց ճերմակ ձիուն
- Մի լավ տղա
Նստել տանը լաց է լինում.
"Ձյուն եմ ուզում,-
Ասում է նա,-
Ձյուն եմ ուզում..."
- Ձյուն կլինի,-
Խոստացավ ձին,-
Ձյուն կլինի:
Թող նա գնա,
Պարկի անհոգ,
Մու՜շ-մու՜շ քնի...
Եվ այդ գիշեր
Ձին խրխնջաց երկինքն ի վեր:
Եվ այդ գիշեր
Շունը հաչեց երկինքն ի վեր:
Այծը ելավ
ՈՒ մկկաց երկինքն ի վեր:
Սագը ելավ
ՈՒ ֆսֆսաց երկինքն ի վեր:
Ելավ կատուն
ՈՒ մլավեց երկինքն ի վեր...
Եվ ձյուն իջավ
Օրո՜ր-շորո՜ր,
Փաթի՜լ-փաթի՜լ,
ճերմա՜կ-ճերմա՜կ,
Փրփուրի պես ճերմակ կաթի...