ՍԻՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ

Սև հագնիմ
Ամպ հագնիմ անձրև հագնիմ
Ցավը սրտիկս է այրեր
Աշնան չոր տերև հագնիմ

Հուր ժողվեմ
Իմ սիրածես լուր ժողվեմ
Հուրը գողնան ու երթան
Ես նստիմ փրփուր ժողվեմ

Լուռ քալեմ
Ցավը սրտիս ծուռ քալեմ
Երբ հանդիպեմ սիրածիս
Ալ հարց չտամ ու քալեմ

Լույս իյնա
Աչքերուն թող լույս իյնա
Այդ աչքերովն երբ նայի
Նայվածքը հոգվույս իյնա

Հով ըլլամ
Հովուն պես գինով ըլլամ
Սիրտս զարնե խենդի պես
Երբ սիրածիս քով ըլլամ

Տոն ըլլա
Իմ սիրածս հոն ըլլա
Ծաղիկը շուտ կթոռմի
Սիրածս կոկոն ըլլա

Գինի տամ
Մարդ չտեսնե գաղտնի տամ
Վարդ այտերը կարմրնան
Համբուրեմ երանի տամ

Տուն մտնեմ
Տան սեմեն ժպտուն մտնեմ
Գլուխս դնեմ ուսին
Ու երջանիկ քուն մտնեմ

Երազիս
Աստղ մը գա նստի սազիս
Ես այդ սազով տաղ ըսեմ
Աստղերը թող լսեն զիս

Յար ըսեմ
Սիրածիս գոհար ըսեմ
Թե մեռնիմ լա ետևեն
Ողջննամ մի լար ըսեմ