ԵՐԵՎԱՆԻՆ

Ա
Նա փոխվում է ամեն վայրկեան՝
Արբունքահաս պատանու պես ,
Ե'վ դեռ մանուկ, և' առնական,
Արբունքահաս պատանու պես:
Երեկ՝ խաղում փոշիներում
Լվացվում է այսօր նա, տե'ս,
Հայելակերպ ավազանում
Արբունքահաս պատանու պես:
Ինքն իր աչքում երեկ տգեղ,
Ինքն իրենից դժգոհ այնպես,
Հիմա հրճվում է իրենով՝
Արբունքահաս պատանու պես:
Արբունքահաս պատանու պես
Նոր է միայն նա կյանք մտնում,
Նա ինքն իրեն նոր է գտնում
Արբունքահաս պատանու պես:
Բայց և հիմա պա՜րզ է այնպես
Նրա գալիքն ու ապագան՝
Երբ որ դառնա նա առնական
Արբունքահաս պատանու պես:
 
Բ
Սա պատմելու բան չէ,
Սա զգալո՜ւ բան է...
Ա'խ, ինչքա՜ն է տանջել
Ինձ իմ Երևանը:
Շենքերին ես նայում,
Պալատներին վսեմ
Եվ ուզում ես անվերջ
Խոսե՜լ, խոսե՜լ, խոսե՜լ:
Եվ ուզում ես խոսել
Ինչ-որ ուրի՜շ ոճով,
Բայց կորչում է ասես
Հայերենը քո ճոխ:
Մի "չքնաղ" է մնում,
Մի "հոյակապ", մի "պերճ",
Մի մեծ "չնաշխարհիկ",
Մի "վեհ" փոքրիկ և՝ վե'րջ:
ՈՒ ծով հիացումը
Քարանում է, լռում:
Քարանում է այնպես,
Ինչպես հեքիթներում:
Լեզուդ համրանում է,
Լոկ հայացքդ է խոսում,
Կարծես մոռանում ես
Քո մայրենի լեզուն...
Սա պատմելու բան չէ,
Սա զգալո՜ւ բան է:
Դրա համար պիտի
Տեսնել Երևա՜նը:
 
Գ
Քաղաքամերձ անտառն իր կանաչին
Դանդաղ և աննկատ
Դեղին ոսկեթել է ընդելուզում:
Նորքի կտուրներին դդում ու չիր
Արեգակի վերջին
Լիցքերն են ծուլորեն կորզել ուզում:
Ցածում՝
Արարատյան տաք հովտի մեջ,
Հորդ անձրևից հետո, Երևանն է շողում
Աշնանային շոյող արեգակի ներքո:
Եվ կամարնե'րը կոր,
Եվ լորինե'րը մայթամերձ
Շողշողում են, զինում մի նոր կախարդանքով՝
Անձրևաթաց փողոցների հայելու մեջ
ճանաչելով իրենք իրենց
ՈՒ մնալով խիստ գոհ:
Ցածում Երևանն է,
Որ թռչելով Զանգուն և անցնելով այն կողմ՝
Կանգ է առել մի պահ,
Որ շունչ առնի, ապա
Նորից ձգվի դեպի Էջմիածին, Փարպի.
Նա', որ իր ձեռքը Քանաքեռին հպած,
Մյուս թևը իր բաց
Տարածվում է դեպի այն լեռը, որ
Հին լեգենդից բացի՝ հայտնի է նոր
Մեր հայկական գերբից:
Երևանն է շողում իբրև հսկա մագնիս,
Իր կողերից կախած բազում նոր ավաններ՝
Փոքրիկ Երևաններ,
Որոնք իրար հանդեպ, իբրև հարևաններ,
Նախանձո՜տ չեն, սակայն նախանձախնդի՜ր են.
Ասֆալտ ու տուֆ հագնել,
Երևանի կողքին ինքնավայել կանգնել -
Նրանց համար ահա թե ո'րն է խնդիրը:
Իսկ այդ ավանների անուննե՜րը խոսուն.
Նոր Կիլիկիան ահա,
ահա Արաբկիրը,
Ահա Նոր Արեշը,
Նոր Զեյթունը:
Յուրաքանչյուր ավան
տարբեր մի երկիր է.
Եվ ամեն մի երկիր
Աժանացել հարկի,
Լոկ այստեղ է գտել
վերջին հասցեն,
տունը:
Կարելի է կարծել, որ աշխարհը համայն
Սեղմվել է փոքրացել
Եվ ձգվելով թովիչ այս քաղաքից՝
Նրա շուրջն է սիրով խմբվել հիմա:
Ի՞նչ է, արտառո՞ց է, զարմանալի՞:
Մի մոռացեք սակայն, որ այս հարցում
Քար զարմանքի բոլոր փակ դռներն է բացում
Տխուր մեր անցյալը -
հին բանալին:
Մինչդեռ նորը, խնդրե'մ՝
Իբրև արվեստագետ և իսկական, և մեծ,
Խոսում է ո'չ այնքան, որ ցույց է տալիս.
Երևանն է շողում
Արարատյան բեղուն տաք հովտի մեջ:
Երևանն է շողում
իբրև հսկա՜ մագնիս...


6.07.1946թ.
Չանախչի