ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՉԳԻՏԵՄ ԻՆՉԸ

Շա՜տ սպասելով,
Զո՜ւր սպասելով հարմար պաշտոնի
Ես ինքս եմ ահա ինձ նշանակում
Լուսավորության նախարա՞ր ասեմ,
թե՞ կատարածու լուսավորության,
Այսինքն՝ լույսի,
Լամպերի,
Ջահի,
Որպեսզի... նույնիսկ կույր քարանձավի
Խուլ մթությունը դահլիճ դարձնեմ
Կա´մ համերգային,
Կա´մ հարսանեկան...
Սեղմե՜մ մի կոճակ՝
Եվ մարդկանց հոգում
ծաղիկների պես լույսերը՝ ծաղկեն...
Հու՜պ տամ մի կոճակ՝
Եվ ստվերները
Դառնան ցայտաղբյուր ճառագայթների...
Աջ կամ ձախ պտտե՜մ մի երրորդ կոճակ՝
Եվ մութը իսկույն
Հին չարքի նման
Չքվի-չքանա,
Ու թե մութ մնա,
Մնա ի´մ կամքով,
Ու մնա միայն իբրև վարագույր
Համբյուրի համար սիրահարների,
Իբրև ծածկատեղ փակ կրծքի բացման
Եվ իբրև պայման մանկահղացման....
Ու եթե լինի՜,
Հենց այսպե´ս լինի,
Իզուր չեմ գոչի ես. "Եղիցի լո՜ւյս",
Այլ կշշնջամ արդեն. "Եվ եղև´":
Եվ լինի՜,
Լինի՜...