Բ. ԱՌԱՍՊԵԼՆԵՐ

Հայկական առասպելաբանության մասին որոշ հիշատակումների ու կցկտուր դրվագների ենք հանդիպում նաեւ Եզնիկ Կողբացու (Ե դ.) “Եղծ աղանդոց”ևում, պատմիչ Սեբեոսի (Է դ.) աշխատության սկզբում՝ “Հայոց նախնական պատմություն” բաժնում, գիտնական Անանիա Շիրակացու (Է դ.) երկերում, Թովմա Արծրունու (ԹևԺ դդ.) “Պատմութիւն տանն Արծրունեաց” գրքում եւ ավելի աննշան չափով՝ ուշմիջնադարյան մի քանի այլ մատենագիրների աշխատություններում։ Հայոց առասպելների վերաբերյալ բուն ժողովրդից բանահյուսական բնույթի առանձին գրառումներ են կատարել բանահավաքները եւ ուղեգիրները ԺԹ դ. երկրորդ կեսին։ Այդ բոլոր պատումների ու հիշատակումների համադրական ուսումնասիրությամբ եւ հին արեւելքի ժողովուրդների ու հունական առասպելաբանության հետ բաղդատման ճանապարհով է, որ քիչ թե շատ ամբողջական պատկերացում ենք կազմում հայկական առասպելների մասին, որոնց գլխավոր հերոսները, ըստ Խորենացու շարադրանքի ու վերաիմաստավորման, որքան միֆական, նույնքան էլ պատմական կերպարներ են։ Պատմահայրը առասպելներն ընկալել է նրանց պատմական նշանակության դիտակետից իբրեւ հայոց պատմության այլաբանական վկայություններ՝ ծանրանալով նրանց պատմական ատաղձի վրա, միայն երկրորդաբար խոսելով նաեւ նրանց միֆական բնույթի մասին։

Առասպելները պատմում են Հայկ դյուցազնի, Արամ նահապետի, Տորք Անգեղի, Արա Գեղեցիկի ու Շամիրամի եւ Վահագն Վիշապաքաղի մասին։ Գեղապատշաճ ու թիկնեղ, խայտակն ու հաստաբազուկ Հայկը նետ ու աղեղ բանեցնող մի հսկա է, իր նկարագրով հար եւ նման հունական Օրիոնին, որը որսի աստված է համարվել եւ Պոսեյդոնի որդին։ Սեբեոսի պատումում Հայկը եւս ներկայացված է որպես որսի աստված։ Հետաքրքիր է, որ հին հայերը նրան համեմատել են նույն Օրիոնի հետ, եւ պատահական չէ, որ Օրիոն համաստեղության անունը Աստվածաշնչի հայկական թարգմանության մեջ փոխարինված է Հայկ անունով։ Նույն համաստեղության համար Հայաստանի մի քանի կողմերում եւս ժողովուրդը գործածել է Հայկ (“Խեկ”) անունը։ Բայց առասպելի խորենացիական պատումում Հայկի՝ որսի աստված լինելու իրողությունը մթագնած է. նա հանդես է գալիս որպես հայ ժողովրդի հիմնադիր մեծ նահապետ՝ իր անունը տալով ոչ միայն ժողովրդին, այլեւ այն երկրին, որ հազարամյակներով կոչվել է Հայաստան (Հայկ և Հայք և Հայաստան)։

Պատմականը, ի հակակշիռ առասպելականի, ընդգծված է նաեւ մյուս դյուցազունների մասին դրվագներում։ Խորենացու պատումներից առանձնապես մեծարժեք է ամպրոպ և կայծակի աստված Վիշապաքաղ Վահագնի մասին դրվագը նրանով, որ պատմիչը, գուսաններից լսելով, անփոփոխ բերում է նրա ծննդի մասին երգը՝ “Երկնէր երկին…”։ Դա մի փոքրիկ հատված է, ընդամենը ինը չափածո տող, բայց իր բանաստեղծական գեղեցկությամբ ու նախաստեղծ բնականությամբ համաշխարհային բանահյուսության մեծարժեք գոհարներից է։

Առասպելները հայ ավանդական բանահյուսության զարգացման առաջին հասուն շրջանն են ներկայացրել։ Հայ ժողովրդի պատմության հաջորդ դարերում վիպական բանահյուսությունը հանգում է այն վեպի ստեղծմանը, որը հայտնի է “Վիպասանք” կամ “Երգք վիպասանաց”, ինչպես նաեւ “Թուելեաց երգք” անվանումներով։ Այդ վեպում որոշակի շերտ է կազմել եւ առասպելական տարրը. իզուր չէ, որ Փավստոս Բուզանդ պատմիչը, երեւի այդ հանգամանքից ելնելով, բայց հատկապես քրիստոնյայի իր հեգնանքն արտահայտելով “Վիպասանքի” հեթանոսական և աշխարհիկ բովանդակության վերաբերմամբ, այն բնութագրում է որպես “առասպելաց վիպասանութիւն”, իսկ Խորենացին նույն միտումով՝ պարզապես “առասպել”։