7. ՕՁԸ

 Իսկ ապրող Հայերն ալ` այսպես ապրեցան

Լերան կողին, նըման վերքի մը լայնշի
Հեղեղատն այն կը տեսնա՞ք.
Ջուրեն բացված, այսօր ջուրի ծարավուտ
Ան ճամբա մ'է կարմրորակ:

Տըղա կյանքիս, օգոստոսի մ'արևով,
Կ'ելլեի ես անկե վեր,
Դեպի լեռն այն, դեպ իր դաշտերն ընդարձակ`
Ուրկե ինծի դյուրին էր

Քաղել աստղեր ու անոնցմով պըսակվիլ,
Շընչել ամե՛ն երկրի հով,
Եվ հետևիլ արծիվներուն ընթացքին
Մատղաշ հոգիս պարզելով:

Ու կ'ելլեի ես այդ կարմիր ճամբայեն...
Հոն ո՛չ սյուք կար և ո՛չ խոտ.
Թիթեռնիկներն այտեղ ինկած դիպվածով`
Կը փախչեին հևհևկոտ:

Արևն էր լոկ, իմ ուղեկիցս արև՜ն էր`
Որ մըխած գլուխն հըրաբոց
Ավազին մեջ` կը խըմեր հողն, ու հազար
Պատիճներովն ոսկեզօծ``

Կը ճաթեցներ ապառաժները` սնելով
Անոնց ծածկած տամկությամբ:
Ու կ'ելլեի ես այդ կարմիր ճամբայեն
Շուքս ետ թողած, միակ ամպ:

Կեցա՛ հանկարծ, ու արևն հետըս կեցավ
Խարըսխըված գըլխուս վրա.
Վերեն` խրամատ ժայռե մը դուրս սըլացիկ`
Վա՛ր կու գար օձ մը հըսկա:

Ալիք ալիք օղակներով իր ճապուկ
Դահանակի և լալի,
Ու շըչելով` իբրև եղեգ մ'հողմակոծ`
Ան կ'իջներ, ես կ'ելլայի:

Տեսանք զիրար, կեցանք, զիրար չափեցինք...
Իր բոլոր զենքը անի
Բերանին մեջ հավաքեց, ես` աչքերուս,
Ես, դեռ անզեն պատանի:

Ոստում մ'ըրավ նավածքներուս ուղղությամբ`
Զերդ շանթը դեպ լըսնոսկին`
Որուն վախճանն հորն է մաքո՜ւր և նվաճո՜ղ...
Ոստում մ'ըրավ մոլեգին,

Եվ փաթթելով ինքզինք մատղաշ իրանիս
Իբրև բաղեղ` վարդենվույն,
Կուրծքը կուրծքիս դըրավ, ուղղեց շըրթներուս
Կոր գըլուխն իր լիաթույն:

Ես պարուրված ոլորտներուն մեջ իր ցուրտ
Մահվան դողով դողացի.
Մինչդեռ աչքերս իր աչքերուն խըմցուցին
Թովչանքն հոգվույս մըտացի.

Դըրին անոնց բոցերուն մեջ դեղնորակ
Իմաստությունը մարդուն,
Ըղեղին լույսն` որ քընացուց կամ սանձեց
Բընազդը նենգ կենդանվույն:

Խայթն ամփոփեց. ու ես կյանքի, մահվան մեջ,
Կյանքի, մահվան արցունքով
Արտասվեցի: Ան բերանն իր բացած լայն
Կըզակիս տակ, անվըրդով,

Խըմեց շիթ շիթ կաթող արցունքն արտերես,
Քամեց բիբերըս բերրի,
Եվ մարեց մեջն օգոստոսի արևն հուր
Օձն այդ ծարավ արտոսրի:

Հետո շըչաց ու նոր օղակ մ'ընելով
Շուրջը վըզիս` զայն սեղմեց.
Մինչ պոչն իր նո՛ր քաղցով ետևը ճոճուն`
Կը ջախջախեր քար մը մեծ:

Քընթըռնոցներն ամփոփելով իրար մեջ`
Կոկորդըս պինդ պըրկեցին,
Ու ես վայրկյան մ'ըզգացի մեջըս փակված
Չորս ճամբաները կյանքին:

Ու ունչերես ու աչքերես բըխեցավ
Արյունըս դուրս սորսորուն,
Եվ ըզգացին, կարծես, շըրթունքըս դողդոջ
Սըրտիս ամբողջ ջերմությունն:

Իսկ ան հեցած կըզակն ուղիղ կըզակիս
Խըմեց արյունս անդեղյա:
Մեն մի կըլլված շիթ, որ կ'իջներ` կը զգայի
իր մարմնույն մեջ, մարմնույս վրա:

Ինչպես շողերը արևուն կը սուզին
Հին ջըրհորներուն մեջ ցամքած`
Ա՛յսպես կարծես երակներս իմ քամվեցան
Որկորեն վար թըխպամած:

Կըշտացած էր. վիզես, մեջքես, ծունկերես
Լուծեց օղերն համրաբար,
Միշտ հիշատակն իր օձ – ձևին թողելով
Շուրջն իրանիս դալկահար:

Կըշտացած էր իմ արցունքով, արյունով...
Ա՛լ, զերդ ոճիր կենդանի,
Արփվույն ներհակ, միշտ այդ կարմիր ճամբայեն`
Ան կ'ջներ, ես կ'ելլա՜յի....