ԵՐԱԶԻ ՊԱՀԵՐ

Լույսը մարած սենյակիս մեջ,
Ուր կը հոսին գալար գալար
Հորդ ալիքները մութին,
Ու կ’անհետին
Արծաթ շողերն երազի.
Ես կը փնտռեմ մըտամոլար
Ըղձանույշի ձեռքն այն փափուկ, երկնային`
Որ պիտի տար ինծի ծաղիկն ըսփոփանքին:

Ես կը փնտռե՜մ,
Ըսպասումեն հոգիս համակ պատրաստած,
Ու տենչանքով մշտահած.
Ես կը փնտռեմ,
Հորիզոնին վըրա նսեմ,
Լույսի շող մը` զոր կը մարեն անդուլ վարանքն ու կասկած:

Ու տակավ,
Կ’իջնե ձանձրույթն երազանքիս,
Հանդիսավոր ու տրտում,
Ու կը պատե իր մըշուշե պարուտակին մեջ հոգիս
Անձկությունով անպատում:

Մըտածումը, ինչպես ճամփորդ ուղեկորույս,
Կ’անցնի փութով, անձկագին,
Երկարաձիգ, մերթ լուսավոր ու մերթ անլույս,
Ճամբաներեն իմ մտքին:

Ա՜հ, կը շտապեն, կը փախչի՜ն
Ճամբաներու լույսերն ամեն,
Հանկարծական խուճապի մը մատնըված.
Ճառագայթի հազիվ վերջին
Բիծ ու խաղեր կը համեն
Քովը ճամբուն մթամած`
Ուր համագրավ կը տարածվի վեհունի ցայգն համորեն:

Ես կը փնտռե՜մ,
Պատըշգամբին վրա կանգուն,
Զույգ մը աչքեր` մեղեսիկե, որոնց ճըրագը վառի
Հոգվույս մեգ ու խավարի
Անդոհության մեջ դժխեմ:

Պատըշգամբին վրա կանգուն,
Ձեռքս հոգնաբեկ ճակատիս,
Մինչ կը հոսի գիշերն ինչպես ծով անհուն
Դեպ ի ափունքն երազիս`
Ես կը սպասեմ հորդ ու վըճիտ լույսերուն`
Որոնց բոցը պիտի ցոլա անծիր ցայգուն մեջ հոգվույս: