ՍԻՐԵՐԳ

Տրցակ մը հուսամ ու տրցակ մը ուրց
Բե՜ր, ձեռքերովըդ դիր զույգ քունքերուս
Խուցիս մեջ ցանե յուղեր հինավուրց:

Դափը ձեռքս առնեմ նորեն այս գիշեր,
Ու ձյուն լույսին հետ հոգվույս ցրցքնե
Բամբիռի ծափեր, վարդի թերթ ու շեր:

Բամբիռի ծափեր, վարդի թերթ ու շեր,
Բուրյան շոգիներ համպար ու մուշկի,
Որ կ’երփնազօծեն երեկվան հուշեր:

Քիչ մը թեֆարիգ, քիչ մը վարդի ջուր,
Արև ծիծաղի, ծաղիկ ծամերու,
Զարդոսկիներու բազմաճաճանչ հուր:

Եվ համբույր աննյութ, և համբույր անանց
Վարդով գծգծված անհուպ շուրթերու
Կուսածին այգեր` փաղփուն լուսացանց:

Անուրջի ցայտքեր, ըղձակաթ գիծեր,
Դո՜ւք, շարժուձևեր կաքավ ու պարի`
Հոգիս բանտեցիք դղյակին մեջ ձեր:

Հոգիս բանտեցի՜ք դղյակին մեջ ձեր,
Ճերմակ ըստեղներ հուր դաշնամուրին,
Պըղինձի թույրեր, ոսկեցոլ կայծե՜ր…