ՏԵՐԵՎՆԵՐԸ Կ’ԸՍԵԻՆ…

Ոսկի շաղով օծեցիր
Կապույտ ծաղիկն ակերուն,
Լիճերու պորտը սարսռուն,
Ու գետակներն ափնածիր:
Արև՜, մե՜զ ալ ոսկեզօծե, արև՜, մե՜զ ալ, ա՜հ, մե՜զ ալ…

Ոսկի թույրեր սրսկեցիր
Բըլուրներու կողն ի վար.
Փայփայեցիր հողմավար
Դաշտերուն վարսքը ցանցիր:
Արև՜, մե՜զ ալ գգվե մոտեն, արև՜, մե՜զ ալ, ա՜հ, մե՜զ ալ…

Ոսկի մատիկդ հըպեցիր
Եվ համբույրիդ դըրիր բոց,
Իրիկվան մեջ այս հեշտին,
Մարիներուն ու մարդոց,
Աղջիներուն կաթնաձիր
Ու վարդ մըշուշ ճակատին:
Արև՜, մե՜զ ալ ողջագուրե, արև՜, մե՜զ ալ, ա՜հ, մե՜զ ալ…

Ոսկի կյա՜նը մեզ տըվիր.
Եվ առանցքը դուն եղար
Մեր ավիշին հոծ տենչին.
Տակավին մի՛ բաժնըվիր
Եվ հնչեցուր ոսկելար
Անհուն քընարդ` հե՜ղ մըն ալ.
Ուզե քիչ մը համենալ,
Համբուրե՛լ մեզ վերըստին:
Ու չը ծագած դեռ ջնջին,
Բայց անգորով ու ցրտին
Լույսն անհունեն մոլորած
Լուսավորին առաջին
Կենսավետե մեզ ամենս ալ, արև՜, ամե՜նս, ամե՜նս ալ…