ՂՈՂԱՆՋ ԱՐԹՆՈՒԹՅԱՆ

Եվ վարանումից, վեճերից հետո,
Իբրև եզակի մի բացառություն,
Կանոնագրքի մի զանցառություն,
Անհայտ օրենքի չգրված կետով`
Լոկ ձայնի համար –
Համարվեց նա սան:

Դեռ չեկած ամառ`
Նոր բոթեր հասան:

Սուլթան Համիդը, ի փառս ալլահի,
Ի նշան ահի
Ամեն մի հայի
Եվ իր գիտության
Իր երկար քթով ամեն տեղ մտնող
Այդ Եվրոպայի,-
Սուլթան Համիդը տարավ ու բերեց
Եվ –
Ապտակի տեղ,
Ապտակի նման –
Շրը՜խկ`
“Հայաստան” բառը արգելեց –
Լեզվի՜ց, քարտեցի՜ց, գրքերի՛ց քերեց.
-Ջնջում եմ, չկա՛,
Ալլա՜հը վկա:

Եվ չի՛ էլ եղել,-
Այդ ո՞ւմ եք նեղել:
Եվ չի՛ լինելու,
Եվ չի՛ լինելու,-
Քանդողը ես եմ,
Ո՞վ է շինելու…

Իսկապե՛ս. քանդածն ո՞վ պիտի շիներ,
Թե Ալեքսանդր ցարն էլ իր հերթին`
Սուրբ խաչելության նշանը սրտին,
Քրիստոնեական ժպիտը շրթին`
Իր „ամենագութ“ ձեռքով ցարական
Հայոց պատմությունն, իբրև առարկա,
Արգելեց բոլոր դպրոցներում.
-Չկա՛, չի՜ եղել…

Սուլթանն ու արքան
Ձեռք-ձեռքի տվին
Միևնույն թվին…

Իսկ Ճեմարանում…
Թուրքախոս սանի կարոտ բերանում
Անուշ մրգի պես, բայց չհալվելով,
Ի՜նչ բառեր էին հիմա քաղցրանում,
Անհայտությունից հանկարծ բարձրանում
Քանի՜ չջնջվող, քանի կարծր անուն`
Քաջն Հայկ, Արամ,
Տիգրան Մեծ, Արա,
Մաշտոց, Եղիշե,-
Ո՞ր մեկին հիշել…

Եվ չժանգոտած հին բանալիքը մեսրոպյան տառի
Նախ` դժվարությամբ,
Բայց հետզհետե մի լուրջ բարությամբ`
Ուրախ զնգոցով անվերջ պտըտվեց կողբեքում բառի
Ու բացեց դռներ`
Սխրագործության,
Դարպասներ բացեց`
Ահեղ փորձության,
Եվ զարմանալի՛, անհավատալի՛, ճշմարի՜տ դեպքեր`
Մահադարձության…

Իր այդ բանալուն հավետ պարտական`
Ընկել էր տղան մի կախարդական,
Մի հեքիաթային վիթխարի դղյակ:
Որին մինչև այդ ինքն էր անտեղյակ:
Ե՛վ սերտարանում, և՛ իր պաղ խցում,
Աղոտ լույսի տակ իր նավթավառի,
Մինչև իսկ եթե ականջն էր խցում`
Փանդիռն էր հնչում Գողթան գավառի
Մարտ ու սեր երգող ձայնեղ գուսանաց.
Ե՛վ խրախճանքը հին Վարդավառի,
Ե՛վ մեհյաններում մորթվող տավարի
Բառաչը խռպոտ, բոռոցը հորդուն
Դիսոնանսվում էր արդեն կուսանաց
Քրիստոսասեր թախծոտ մեղեդուն.
Հետո խուժում էր, մեղեդուն խեղդում
Վայրի աղմուկը վայրի քուշանաց,
Դոփ ու տրոփը բարբարոս հոնաց
Ու քաղաքակիրթ –
Նույնքան բիրտ
հունաց...
Ծակող դիսկանտը հռովմեական մարտափողերի
Եվ կոնտաբասը պարսից ահավոր մարտափղերի,
Տեգ, նիզակ, աշտե,
Ասես թմբուկի վիթխարի փայտեր,
Թմբուկի տեղակ գլուխ են ջարդում,
Պատռում են այտեր.
Է՛լ սելջուկական սրերի շառաչ,
Է՛լ կտրիճների մահազդու հառաչ,
Է՛լ մոնղոլական աղեղից պոկված երկաթե նետեր`
Ասես թշնամու հեռավոր մատեր,
Որ աչք են հանում մի աջ ու մի ձախ.
Ե՛վ վահանների ծնծղան անծիծաղ,
Ե՛վ շեփորումը զոհապետերի,
Խոլ ելևէջը արյան գետերի,
Հրդեհի ձեռքում հողմերի ֆուգան,-
Արձագանքում են նրա ականջում
Եվ ինքնամոռաց.
“Մարե՛ ջան, կուգա՜ն”,-
Տեղից ցատկելով` ակամա կանչում,
Ճչում է ձայնով փոքրիկ գազանի
Եվ արթնացընում մի քնած սանի,
Որ վեր է թռչում, նույնպես վախեցած,
Աչքերն է ճմլում, մազերն է խառնում,
Վերակացուի անվամբ սպառնում
եվ մինչև անգամ իր տված հարցի
Պատասխանի դեմ ականջը խցած`
Հակում է նորից իր գլուխը ցած`
Մագնիսի նման ձգող չոր բարձին…