ԻՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ


Բարձրացնում եք Ձեր պարիսպը, նախագահ,
Ես ի՞նչ ասեմ և Ձեր, և' իմ թարս բախտին,
Դուրս եմ գալիս ես պատշգամբ և ահա
Աչքս իսկույն դեմ է առնում պարսպին:
Այս տանն ապրել, սակայն չեմ էլ նկատել,
Որ իմ կողքին մեր Խորհուրդն էր Գերագույն,
Գերագույնին ոչ սիրել եմ, ոչ ատել,
Անտես, անշուք մի պատ էր մեր արանքում:
Հիմա... Հիմա Ձեր նստավայրն է շքեղ,
Դուք նախագահ մեր դեմոկրա՜տ պետության,
Ամեն անգամ, երբ ժամանում եք այստեղ՝
Խառնվում են ազդալույս ու ոստիկան:
Դատարկվում է մեր հին նրբանցքը իսկույն,
Դուք եք անցնում ավտոների շիք շարքով.
Մոտ աղբարկղի մուրացկանը ընկրկում,
Կանգնում ու Ձեզ ուղեկցու՜մ է հայացքով...
Բարձրացնում եք Ձեր պարիսպը, նախագահ,
Բայց դեռ հնուց իմաստուններն են ասում՝
Ի'նչ էլ անենք, ահաբեկիչը կգա՝
Նա մեր մեջն է, մեր հոգում է, մեր ներսում:
Բարձրացնում եք Ձեր պարիսպը... Նույն պահին
Մարդն է, մա'րդը աղբի արկղը քջջում:
Նայում եմ ես այս անանուն պատկերին,
Եվ Ձե՜զ համար, և ի՜նձ համար ամաչում...
2001թ.