Հրաժեշտ

Բաժանման ահն ու թախիծը ծածկած 
Շինծու ժպիտով`շիկնող, գեղեցիկ,
Իմ քաղաքն իր հայացքը հառած 
Իմ ճանապարհին`մշուշի միջից
Մեր հրաժեշտի եղյամն էր մաղում:
Ուշ երեկո էր: Կասկադից ներքև
Լույսերի խաղը նոր էր կատաղում,
Եվ հրաժեշտի մեղեդին թեթև
Անուրջների ու տպավորության
Խառնափնջեր էր ճամփեքիս փռում:
Տխուր էր պահը: Բայց ողբերգության 
Ոչ մի հետք չկար կիսախավարում:
Մեկն ինձ շշնջաց."Մեկնումը մահ չէ,
Իսկ կյանքում դու ինձ չես մոռանալու:
Կարոտի ձայնով ես քեզ կկանչեմ,
Եվ ուր էլ լինես ետ ես դառնալու":